Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Վերջին օրերի ամենաքննարկվող թեման, որը երկար ժամանակ չէր իջնում եթերներից ու մամուլի էջերից, օգոստոսի 7-ին Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացն էր: Պետք է խոստովանել, որ ամռան այս տապին փաթիլ-փաթիլ տեղացող ձյուն տեսնելը շատ ավելի հավանական էր, քան դատապարտյալի աթոռին նստած բարձաստիճան հոգեւորական տեսնելը, առավել եւս՝ կաթողիկոս: Նման տեսարանի, թերեւս, միայն Հայաստանում կարելի է հանդիպել եւ միայն փաշինյանական իշխանավարման օրոք: Պատահական չէ, որ շատերն առաջարկում են օգոստոսի 7-ը հռչակել «Ամոթի եւ խայտառակության օր»:
Բարեբախտաբար՝ ի դեմս տվյալ «գործով» նախագահող Հակոբ Մանուկյանի, ՀՀ-ում գտնվեց դատավոր, որն ինքնաբացարկ հայտնեց եւ հրաժարվեց շարունակել Փաշինյանի պատվիրած քրեական գործի քննությունը։ «Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- ասել է Վեհափառ հայրապետի փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա պարզաբանմամբ՝ Գարեգին Բ-ն մեղադրվում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ քահանա Սարոյանին կարգալույծ հռչակելու համար: Վեջինս, ի դեպ, կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից մեկն է, որը խախտել էր հոգեւոր խորհրդի գործող կանոնակարգը:
Տեղի ունեցածը, խոշոր հաշվով, ոտնձգություն է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու անկախության, հայկական ոգու, հավատի ու ինքնության դեմ, այլեւ Սահմանադրության նկատմամբ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ քաղաքական իշխանությունն իրավունք չունի միջամտել հոգեւոր Հայաստանի գործերին, քանզի եկեղեցին մեզանում անջատ է պետությունից: ՀԱԵ-ի հանդեպ թշնամանքի հասնող անբարյացակամությունը, ըստ որոշ աղբյուրների, գալիս է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեից, որը հայտնի է հակահայկական ու հակաարցախյան մի շարք հայտարարություններով:
Փաշինյանը, որպես կանոն, համարժեք արձագանք երբեք չի տալիս ինչպես Ադրբեջանի բռնապետ Ալիեւի, այնպես էլ նրա «ածանցյալ» հանդիսացող Ալլահշուքյուր Փաշիզադեի հոխորտանքներին: Ավելին՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Հայաստանի ոխերիմ հարեւաններից ոչ պակաս ատելություն ու մաղձ է տածում դեպի մեր ազգային արժեքները, այդ թվում՝ դեպի 1700-ամյա մեր ազգային մեծագույն հպարտությունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին: 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին փողոցից իշխանության գալու առաջին իսկ օրերից ՔՊ-ական խմբակը երեք հիմնական թիրախ էր առանձնացրել՝ բանակը, դպրոցը, եկեղեցին: Առաջին երկուսի «հարցերը», կարծես թե, շատ արագ «լուծեց», եկեղեցու դեմ կռվում մինչ օրս չի հաջողում:
…Վեհափառ հայրապետի եւ Հայ Առաքելական եկեղեցու 6 եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ մտահոգությունն են հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ինչպես նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ): Վերջինս՝ անթույլատրելի համարելով եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտությունը, խորհրդի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշում է. ԵՀԽ-ն՝ որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի եւ համաքրիստոնեական ընտանիքի հոգեւոր, մշակութային ու պատմական կյանքում»։
Փաշինյանն՝ ի դեմս եկեղեցու, տեսնում է ՀՀ-ում մնացած միակ կառույցի, որին դեռ չի կարողացել դարձնել «ձեռքի գործիք», ծառայացնել թալկացող իշխանության պահպանման նպատակին: Ամենայն հավանականությամբ՝ նրա «կիրթ, կառուցողական» գործընկերն է նման խորհուրդ տվել՝ բերելով իր իշխանության լավագույն զորավիգներից մեկի՝ Փաշազադեի օրինակը:
Նոր խորհուրդներ, ինչու չէ, նաեւ հրահանգներ ստանալու անհրաժեշտությամբ էր, հավանաբար, պայմանավորված օգոստոսի 8-ին «կիրթ» գործընկերոջը հասցեագրված հեռախոսազանգը Երեւանից Բաքու: Հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես հայտնվում է պաշտոնապես, կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահի աջակցությամբ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված՝ Խաղաղության գագաթաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի շրջանակում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հաստատվեց խաղաղություն եւ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագրի տեքստը։
Երկուստեք կարեւորել են խաղաղության գործընթացի առաջխաղացման հարցում Դոնալդ Թրամփի եւ Միացյալ Նահանգների կառավարության դերը, նշել են Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։ Հեռախոսազրույցի ժամանակ, ըստ տարածված պաշտոնական հաղորդման, ընդգծվել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսեւորում։ Այս համատեքստում կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաեւ տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից դեպի այլ ուղղություններ։
Բացի դրանից, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ընդգծվել է, ի մասնավորի, խաղաղության գործընթացի առաջմղման եւ տարածագոտում երկարատեւ խաղաղության, կայունության, փոխկապակցվածության ու տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարեւորությունը:
Ինչ ասել կուզի՝ հաղորդագրությունն աչքի է ընկնում ճոխ բովանդակությամբ, կուռ, գայթակղիչ ձեւակերպումներով եւ հյութեղ լեզվով: Բայց որքանո՞վ են կենացային այս ցանկություններն իրատեսական եւ, մանավանդ, հեռանկարային: Կա՞ն երաշխիքներ, որ ադրբեջանական նավթից ու ճանապարհներից կախվածությունն օրերից մի օր Հայաստանը չի տանելու սոցիալ-տնտեսական հետընթացի՝ դեգրադացման: Չպետք է անտեսել մեր ապուպապերի՝ դարերով այժմեականությունը չսպառած հայտնի ասացվածքը. «Թուրքի հետ ընկերություն արա, բայց մահակը ձեռքիցդ մի գցիր»:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Օգոստոսի 11-ին Ամենայն հայոց կաթողիկոսի եւ վեց բարձրաստիճան հոգեւորականների գործը մակագրվել է նոր դատավորի: Ըստ «Դատալեքսի»՝ գործը կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը: 29-ամյա դատավորը նոր նիստի օր դեռ չի նշանակել: Ռուշանյանը դատավոր նշանակվել է 2023 թ.-ին, մինչ այդ աշխատել է Արդարադատության նախարարությունում, դրանից առաջ էլ՝ 2017-2020 թվականները՝ «Արդարադատություն եւ իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահն է եղել: «Դատալեքսում» նաեւ հրապարակվել է անցած շաբաթ այս գործը քննելուց հրաժարված դատավոր Հակոբ Մանուկյանի բացատրությունը:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանը օգոստոսի 10-ին 53 կողմ ձայնով ընտրվեց խորհրդարանի երրորդ փոխնախագահի պաշտոնում: «Քաղպայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդեւանյանի ընտրության համար կտրամադրի բավարար ձայներ: Ընդդիմադիր «Հայաստան»-ն էլ հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի: Առանց ՔՊ-ի ձայների ընդդիմության թեկնածուն չէր կարող ԱԺ փոխնախագահ ընտրվել: ԱԺ մյուս երկու փոխնախագահներն են ՔՊ-ից Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Օրենքի համաձայն՝ երրորդ փոխնախագահի պաշտոնը հասնում է ընդդիմությանը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինեց Ալեն Սիմոնյանը: Վարչապետի՝ օգոստոսի 13-ին ստորագրած համապատասխան որոշումները հրապարակված են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում: Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հրաժեշտ տվեց գործընկերներին: Նիստին հաջորդած ճեպազրույցում Փաշինյանը հայտնեց, որ Գրիգորյանին աշխատանք է առաջարկել իր աշխատակազմում, նա չի ընդունել: Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2018-ի մայիսից: Ալեն Սիմոնյանը վերջին հինգ տարիներին Ազգային ժողովի նախագահն էր, նոր խորհրդարանի մանդատից նա հրաժարվել էր:
Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով. այս մասին հաղորդել է ՀՀ Պնախարարության մամուլի քարտուղարը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Ըստ հաղորդագրության՝ նախարարությունը «վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում: Սա ընթացիկ տարում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան 9-րդ դեպքն է: Նույն օրվա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կադրային փոփոխություններ կլինեն, մասնավորապես՝ Ռազմական ոստիկանությունում:

