26.09.2018

Еженедельный Обзор

Նոյեմբերի 11-18

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Անցնող շաբաթ Երեւանում շարունակվում էին զինծառայության տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների բողոքի գործողությունները: Դասադուլավորները նոյեմբերի 13-ին շրջում էին Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետներով՝ դասերին ներկա ուսանողներին կոչ անելով միանալ իրենց բողոքի ցույցին։ Նոյեմբերի 14-ին հացադուլ էին սկսել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամներ՝ հայտարարելով, որ այն կդադարեցնեն, երբ կասեցվի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Հացադուլ հայտարարած ցուցարարները նոյեմբերի 15-ին միացան ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին, քանի որ, կազմակերպիչների խոսքով, իրավիճակ էր փոխվել: Այդ օրը Ազգային ժողովը ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Նույն օրը ուսանողներն ու իշխանությունները համաձայնության եկան դադարեցնել բողոքի գործողությունները եւ նոյեմբերի 22-ին անցկացնել կլոր սեղան-քննարկում՝ ընդհանուր հայտարարի գալու համար:

... Ակցիաները նախեւառաջ հատկանշական էին նրանով, որ Հանրապետականի կողմից բուհերի խստիվ կուսակցականացման պայմաններում ուսանողներն առաջին անգամ դուրս եկան հակաիշխանական ցույցի՝ պահանջելով չեղարկել խնդրո առարկա օրինագծում տարկետումը սահմանափակող դրույթը: Չդատենք, թե կողմերից որի պահանջն է արդարացի կամ որինն՝ անարդար. դա քննարկումների խնդիր է: Սկսենք նրանից, որ գործող իշխանությունները, մեծ հաշվով, բարոյական իրավունք չունեն նման խնդիր արծարծելու, առավել եւս՝ լուծելու: Դրա համար կա առնվազն երկու պարզ հիմնավորում՝ ա/ այս իշխանությունների օրոք տարկետմանն առնչվող ներկա կարգը գործում է ավելի քան մեկուկես տասնամյակ: Եվ այդ ամբողջ ընթացքում պատկան մարմինները, բարձրաստիճան իշխանավորները ոչ միայն չեն շտկել օրենքի բացը, այլեւ հենց իրենք են օգտվել դրանից՝ իրենց ու իրենց մերձավորների որդիներին ազատելով զինծառայությունից: Կամ էլ՝ այդ սողանցքը դարձնելով կոռուպցիայի աղբյուր; բ/ բանակում չծառայած իշխանական դեմքերը, փոխանակ այսօր գործնական քայլեր ձեռնարկեն՝ վերացնելու բանակում տիրող ոչ կանոնադրական բարքերը, հովանավորչությունը եւ կոռուպցիան, պահանջում են, որ բոլորն, առանց բացառության, ծառայեն բանակում: Թեկուզ դրանից տուժի գիտությունը: Արդեն փորձագիտական կարծիքներ են հնչում, որ սույն օրենքը նպաստելու է արտագաղթին եւ կոռուպցիային, ասել է թե՝ խթանելու է ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկը: Տեսեք, պարոնայք, «հոնքը շտկելու փոխարեն աչքը չվնասեք»:

Ազգային ժողովի շենքի մոտ այդ օրերին բողոքի ցույցի էր հավաքվել նաեւ Երեւանի տարբեր տոնավաճառներում աշխատող առեւտրականների մի հոծ բազմություն, որը նախօրեին ստորագրահավաքների հետ միասին նամակով դիմել էր Ազգային ժողովի չորս կուսակցություններին՝ պահանջելով փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում եւ կրճատել փաստաթղթաշրջանառությունը։ Ցուցարարները հայտարարում էին, որ Պետական եկամուտների կոմիտեն կոշտ վարչարարություն է իրականացնում իրենց նկատմամբ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն, ի պատասխան ցուցարարների բողոքի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե առեւտրականները փորձում են թաքցնել իրենց շրջանառությունը։ «Օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հարկերը բոլորը վճարեն... չի կարելի հարկ չվճարելով, միտինգ անելով, խուսափել հարկերից: Դա բացառվում է», - ասել էր ՊԵԿ նախագահը:

... Վարդան Հարությունյանն իրավացի է՝ հարկերը պետք է վճարեն բոլորը: Անխտի՛ր: Բայց արդյո՞ք այդպես է իրականում: Իհարկե՝ ոչ: Միայն անուղղելի միամիտները կարող են սրան հավատալ: Այնպես որ, փոքր ու միջին բիզնեսին պարբերաբար հալածելու, հարկային տեռորի ենթարկելու փոխարեն Պետական եկամուտների կոմիտեն թող իր համարձակությունը գործադրի քրեաօլիգախիկ համակարգի խոշոր ներկայացուցիչներին կամ, ինչպես ասում են, «շնաձկներին» հարկային դաշտ բերելու գործում: Եթե կարող է: Պետք չէ աչքը տնկել իրենց ընտանիքի համար օրվա հաց վաստակող մարդկանց գրպանին՝ չնայած, կրկնում ենք, հարկ վճարել պարտավոր են անխտիր բոլորը: Փոքր եւ միջին բիզնեսին «քամելով»՝ բյուջե չես լցնի, պետություն չես կառուցի, պարոն Հարությունյան: Ճիշտ հակառակը՝ եղածն էլ կքանդվի: Բացառվում է, որ ՊԵԿ նախագահը չիմանա մեզանում ստվերային շրջանառության իրական թիվը, որը հաստատ 50 տոկոսից ցածր չէ: Ուրեմն ինչո՞ւ բյուջեում միջոցներ հավաքագրելու համար, առաջին հերթին, չգնալ խոշոր հարկատուների շրջանում «ստվերը» գոնե նվազեցնելու ուղղությամբ: Կամ՝ ինչո՞ւ կառավարությունում չբարձրացնել, օրինակ, մենաշնորհների վերացման հարցը, ինչը տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտներից է, ուստիեւ՝ բյուջետային հոսքերը սահմանափակող գործոն: ՀՀ գործող նախագահը մի առիթով ասել է. «Մեծ ձկներին գլխից պիտի բռնել»: 4-5 տարի է անցել, սակայն այդպես էլ ոչ մի «մեծ ձուկ» չբռնվեց: Իսկ ժողովրդի այն հատվածին, որը դեռ հավատ ուներ նախագահի խոսքի հանդեպ, թվում էր՝ սա համապատասխան ատյաններին ուղղված խիստ հրահանգ է, եւ ուր որ է՝ «շնաձկները» խելքի կգան, կհարգեն օրենքի տառը կամ կստանան իրենց արժանի պատիժը: Ավա՛ղ...

Ազգային ժողովում շարունակվում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հաջորդ տարի կառավարությունը խոստանում է 4.5 տոկոս տնտեսական աճ՝ մեծամասամբ արդյունաբերության ու ծառայությունների հաշվին։

… Տնտեսական աճ մեր կառավարությունը խոստանում է, բայց կենսաթոշակների, նպաստների ու աշխատավարձերի բարձրացում` ոչ: Նախընտրական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացնում էր, որ գալիք տարում կբարձրացվեն թոշակներն ու աշխատավարձերը, մինչդեռ այսօր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում բարձրացում չի նախատեսվում: Հարց է ծագում` հապա ո՞ւր է գնալու չորսուկես տոկոս տնտեսական աճը, եթե Հայաստանի շարքային քաղաքացին սեփական մաշկի վրա չի զգալու այդ աճի առարկայական արգասիքը: Վարչապետի պատասխանն ավելի քան տարօրինակ է. «Տնտեսական աճը ով է զգում իր մաշկի վրա եւ ով չի զգում` դա շատ սուբյեկտիվ ու անչափելի գործոն է»,- ասել է նա: Կառավարության խոստումնազանց ղեկավարի խոսքին սրանից հետո ո՞վ կհավատա` որքան էլ 2018 թվականի պետական բյուջեում «ոսկե սարեր» խոստանա: Դատելով պետբյուջեի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների ելույթներից, 4.5 տոկոս տնտեսական աճը որեւէ էական հիմնավորում չունի: Արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները, որոնց հաշվին հիմնականում ենթադրվում է տնտեսական աճը, շատ քիչ վստահություն են ներշնչում: Իսկ վերջին տասը տարվա կարեւոր ցուցանիշները վկայում են, որ մեր կյանքը գնալով վատանում է: Ահավասիկ` եթե 2007 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմում էր բյուջեի միջոցների 14%-ը, ապա այսօր այն հասել է 60%-ի, ինչը վտանգավոր շեմ է համարվում: Նույն 10 տարում աղքատությունն աճել է 2,5 անգամ, գործազրկությունը` ավելի քան 3 անգամ եւ այլն: Ցավալի է, որ Բյուջե-2018-ը սոցիալական ուղղվածություն չունի: Նրանում էապես կրճատվել է այնպիսի առանցքային ոլորտների ֆինանսավորումը, ինչպիսիք են առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, սոցիալական համակարգը: Փոխարենը ավելացված են ոստիկանության, ազգային անվտանգության ծախսերը, ինչը անհասկանալի է: Նույնքան անհասկանալի է, թե ինչու ենք մենք պահում բնակչության մեկ շնչի հաշվով աշխարհում ամենից մեծաքանակ ոստիկանությունը: Ահագնացած արտագաղթի պայմաններում այսպես որ գնա` շուտով յուրաքանչյուր մարդու մեկ ոստիկան է բաժին ընկնելու: Իսկ առայժմ ՀՀ ոստիկանությունը, կարծես թե, մեկ մարդու անվտանգությունն է ապահովում:

13 июля 2018
24 февраля 2018
12 января 2018
22 декабря 2017
15 декабря 2017
08 декабря 2017

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am