14.11.2018

Еженедельный Обзор

Հունվարի 6-13

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Նոր տարին հայաստանցիների համար սկսվեց թանկացումներով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացան բենզինի, դիզվառելիքի եւ ավտոմեքենաների լիցքավորման գազի գները: Եթե մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 390 դրամ, այսօր երեւանյան բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով: Թանկացել է նաեւ գյուղացիների համար անհրաժեշտ դիզվառելիքը՝ 390 դրամից հասելով 440-ի: Իսկ ավտոմեքենաները գազով լիցքավորող վարորդներն այսօր մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց արդեն վճարում են 210-220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին լիցքավորում էին 180-190 դրամով: Միկրոավտոբուսների ու տաքսիների վարորդների համոզմամբ՝ էներգակիրների թնկացումը շատ վատ ազդեցություն է ունենալու: «Դա ամեն ինչի թանկացման կբերի»,- «Ազատության» հետ զրույցում ասել է վարորդներից մեկը:

... Շարունակվող գնաճի պայմաններում արդեն մի քանի տարի է իշխանությունները հրաժարվում են բարձրացնել կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը: 2018-ին նույնպես դրանք կմնան նույն մակարդակում: Բարեկեցությունից ու որպես դրա արդյունք՝ մինչեւ 2040 թվականը 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի մասին բազմիցս հայտարարություններ արած Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրում նվազագույն աշխատավարձը վերջին անգամ աճել է ավելի քան երկուսուկես տարի առաջ՝ 2015-ի հուլիսի 1-ին, ու ցայսօր այն շարունակում է մնալ նույնը՝ 55 հազար դրամ: Այսինքն՝ ավելի պակաս, քան բնակչության նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշն է: Մասնագետների կարծիքով՝ դիզվառելիքի, բենզինի ու լիցքավորման գազի թանկացումները բացասական ազդեցություն կթողնեն հատկապես բնակչության սոցիալապես անապահով խավի վրա՝ լրացուցիչ բեռ հանդիսանալով սպառողների համար: Գազի թանկացումը նրանք պայմանավորում են նոր Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի ներդրմամբ, որը ԵԱՏՄ-ի պահանջն է: Դրա շրջանակներում էլ այսուհետ ավտոգազալցակայանների կողմից վաճառվող գազը հարկվելու է նաեւ ակցիզային հարկով: Հետեւաբար՝ այդ հարկի չափով, հերթական անգամ, վաճառողը հարկային լրացուցիչ բեռն ամբողջովին, դեռ մի բան էլ ավելի, «արտացոլում» է գնի մեջ եւ դնում վերջնական սպառողի ուսերին: Մի խոսքով՝ հաստատվում են այն կանխատեսումները, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեզ համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու: Սա, խոշոր հաշվով, Հայաստանի քաղաքական իշխանությունների կայացրած ոչ ադեկվատ ու անարդյունավետ որոշումների արգասիքն է: Ինչ վերաբերում է բենզինի թանկացմանը, ապա դրանում, ըստ դիտորդների, հարկային կամ մաքսային որեւէ փոփոխություն չի եղել: Ամենայն հավանականությամբ, այստեղ գործ ունենք փաստացի մոնոպոլ շուկայի հետ: Տնտեսագետներն առաջիկայում շուրջ 40 անուն արտադրատեսակների թանկացում են կանխատեսում: Ցավալի է, որ մեկնարկած գնաճին զուգահեռ՝ պետությունն իր քաղաքացիների սոցիալական պաշտպանությանն ուղղված համարժեք քայլեր չի ձեռնարկում: Անշուշտ` թանկացումների հետեւանքները մեղմելու վերաբերյալ հունվարի 10-ի խորհրդակցությունը, որին հրավիրված էին պատկան մարմինների ղեկավարներ, հեռու էր համարժեք քայլ համարվելուց: Իր ելույթում նախագահը մի քանի ցուցադրական ձեւակերպումներ արեց` խուսափելով «թանկացումներ» բառից եւ նախընտրելով «գնային տատանումներ» արտահայտությունը, հիշեցրեց, որ ՀՀ-ում գործում են շուկայական հարաբերություններ, «պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին» եւ, սովորության համաձայն, փորձեց տպավորություն ստեղծել, թե առանձնապես մեծ բան չի պատահել` «մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է»: Հետաքրքիր է, ո՞ւմ համար է Աշխատանքային նոր օրենսգիրքը սահմանել աշխատավարձերի ինդեքսացումը՝ որպես իրավական առանձին նորմ: Եթե գնաճին համընթաց աշխատավարձերը, կենսաթոշակները չեն ինդեքսավորվում, ուրիշ ինչպե՞ս մարդիկ կարող են դիմակայել թանկացումներին: Ո՞ւր մնաց ձեր հորջորջած «ապահով Հայաստանը», հարգելի տիկնայք եւ պարոնայք: Թե միայն ձե՞զ համար եք մտածում Հայաստանը դարձնել ապահով, իսկ բնակչության սոցիալապես խոցելի մեծամասնությանը կարելի է թողնել նաեւ «կարտոֆիլի» հույսին:

Մամուլի տեղեկացմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան, քաղաքացիական ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի հայցը եւ հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը։ Հայցվորն իր հայցը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման համար։ Ըստ այդմ, նա ոստիկանների կողմից բռնությունների է ենթարկվել բողոքի խաղաղ ցույցից Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկվելիս, նաեւ նրա գործով արդյունավետ քննություն չի իրականացվել։

… Նախ` հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքին միացած Արգիշտի Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել առ այն, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժանմունք տանելիս բռնություն են կիրառել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ հարուցվել էր ոչ թե Կիվիրյանի, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, իբր, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Նախաքննական մարմինը Կիվիրյանի դեմ մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) եւ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սուտ մատնություն) հատկանիշներով: 333 հոդվածի կիրառումը, պետք է ասել, շատ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ. այս հոդվածով նախատեսված մեղադրանքը հատուկ էր առաջադրվել, որպեսզի հետայդու մարդիկ վախենան բողոքել ոստիկանության ապօրինությունների դեմ: Ծանոթ դիպաշարեր են, այդպես չէ՞, իսկական աբսուրդի թատրոն, որը մեկ անգամ չէ, որ ներկայացրել է մեր քաջարի ոստիկանությունը: Փույթ չէ, թե բազմաթիվ ականատեսների վկայությունները, տեսաձայնագրությունները, ակնհայտ փաստերը այլ բան են ասում, նախաքննական մարմինը քաղաքացիական ակտիվիստի վերաբերյալ ունի համապատասխան պատվեր, եւ պետք է այն «բարեխղճորեն» ի կատար ածի: Հարկ չկա մեկ առ մեկ հիշատակել, թե ՀՀ քաղաքացիների քանի-քանի հայտեր է վերջին 20-25 տարում բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ որքան գումարի վնաս է փոխհատուցվել մեր բյուջեից՝ կամակատար դատարանների սխալ որոշումների պատճառով: Եվ դեռ շատ կփոխհատուցվի, մինչեւ որ այդ կարգի տուգանքների վճարումը չդրվի պատվերով վճիռ կայացնող, «գրպանային» դատավորների ուսերին:

Մեկնաբանեց
Գեւորգ Լալայանը

19 октября 2018
13 июля 2018
24 февраля 2018
12 января 2018
22 декабря 2017
15 декабря 2017
08 декабря 2017

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am