Էլիզաբեթ Ուեյն, «Ծածկանունը՝ Վերիթի», վեպ, 392 էջ, «Բիբլիոն» հրատարակչություն, 2026թ.:
Հակառակ այն տարածված կարծիքի, թե շատ դեպքերում կանանց միջեւ պարզ, անկաշառ եւ ազնիվ ընկերություն պարզապես հնարավոր չէ, 2012թ.-ին լույս տեսած այս հրաշք գիրքը գալիս է եւս մեկ անգամ հակառակն ապացուցելու։
Երկրորդ համաշխարհայինը… պատերազմի մեջ կանանց ոչ այնքան ցանկալի ներգրավվածություն, նրանց կարողությունների նկատմամբ տղամարդկանց թերահավատ վերաբերմունք եւ այս ամենի խորապատկերին երկու կնոջ՝ միմյանց աջակցելու, իրար լուռ հասկանալու եւ, սեփական «ես»-ի վրայով քայլ անելով, մյուսին անմարդկային տանջանքներից ազատելու՝ առաջին հայացքից պարզ թվացող, բայց իրականում շատ ավելի բարդ եւ անձնուրաց մի պատմություն։
Երբ նույն անմարդկային իրավիճակում գտնվող մյուս գերիներն անպատվում ու թքում են հերոսուհու վրա, նա շարունակում է անել այն, ինչի համար ժամանել էր Ֆրանսիա, բայց մշակութային մի հիմար սխալ թույլ տալու պատճառով հայտնվել էր Գեստապոյի շենքում, ենթարկվել կտտանքների ու գործարք կնքել նրանց հետ։ Գործարք, որ սեւացրեց նրա անունը մյուսների մոտ, բայց իրականում «դավաճանական խոստովանության» տակ թաքնված լիովին այլ բան ի ցույց բերեց։
Վեպը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին պատմող հուզիչ եւ բարդ ընկերության, կանանց անձնվեր պայքարի ու դժվարին ընտրությունների մասին է:

