«Նիհիլիզմ» բառն առաջացել է լատիներեն nihil՝ «ոչինչ» բառից։ Փիլիսոփայական բառարաններում նիհիլիզմը բացատրվում է որպես մերժման աշխարհայացք։ Նիհիլիզմ աշխարհայացքը հատկապես տարածված է եղել 19-րդ դարում ու 20-րդ դարասկզբին եւ հատկապես ծաղկում է ապրել Ռուսաստանում։ Նիհիլիստները կասկածի տակ էին դնում ընդունված բարոյական նորմերը, համամարդկային իդեալները, եղած պետական կարգը, կրոնը, հայրենասիրությունը եւ այլն։ Դա ժխտման, մերժման աշխարհայացք է՝ քանդել հին աշխարհը, բայց թե տեղը ինչ պետք է կառուցվի՝ իրենց խնդիրների մեջ չէր մտնում։
Հայերենով նիհիլիզմը կարելի է ժողովրդական բառուբանով բնութագրել շատ կարճ ու խոսուն՝ «սաղ սութա» արտահայտությամբ: Կարճ ասած՝ նիհիլիզմը մերժում է այն ամենը, ինչը հնարավոր է։ Ռուսական նիհիլիզմը ծնեց ռուսական հեղափոխությունը։ Սկզբնական շրջանում այն մտավոր շրջանակների սեփականությունն էր ու ապրելակերպի նորմը, հետագայում դարձավ «խելագարված» ամբոխների սեփականությունը. չկա Աստված, չկան բարոյական նորմեր, կյանքը չունի որեւէ հիմնավորված իմաստ:
«Ռուսական նիհիլիզմը ոչ թե սովորական անհավատություն է, այլ չհավատալու քամի է, մերժման հավատք է»։
Սեմյոն Ֆրանկ
Ռուսական նիհիլիզմը ծնեց ռուսական հեղափոխությունը։ Առաջին նիհիլիստները ռուսական մտավորականներն էին, որոնք հիասթափվել էին իրենց երկրից, տենչում էին ազատության եւ չէին ընդունում տիրող կարգերը, որոնց հիմքում տեսնում էին սուտը, կոռուպցիան եւ երեսպաշտությունը։
Տուրգենեւի «Հայրեր եւ որդիներ» վեպը նկարագրում էր այդ երեւույթը։ Դա «Հին Ռուսաստանի» ու «Նոր Ռուսաստանի» («Հին Հայաստան» ու «Նոր Հայաստան») ապակառուցողական, ինքնաոչնչացնող պայքարն էր։
Նիհիլիզմը տարածվեց երիտասարդության մեջ ու քաղաքական դիրքորոշում ստացավ՝ ի դեմս նարոդնիկների շարժման։ Նիհիլիզմի դեմ պայքարում էր Դոստոեւսկին, որը նկարագրում էր այդ ժամանակաշրջանի նիհիլիզմի քայքայող էությունը: Նա իր ստեղծագործություններով պայքարում էր այդ երեւույթի դեմ: Դոստոեւսկին փորձում էր վեհ գաղափարներով հակադրվել նիհիլիստներին։ Այն ժամանակվա նիհիլիստները չստեղծեցին համաշխարհային բարձր մշակույթի ստեղծագործություններ, սակայն նրանց հակադրվող Դոստոեւսկին մտավ գրականության պատմության մեջ:
«Երիտասարդներն ուրախացել են. առաջ իրենք ընդամենը հիմարներ էին, իսկ հիմա՝ նիհիլիստներ»:
Իվան Տուրգենեւ
Համատարած մերժումը առաջ է բերում որոշակի տրամաբանական հետեւանքներ, օրինակ՝ «անիմաստ» կյանքում հաճույքների հետապնդում։ Պատահական չէր, որ այդ ժամանակաշրջանի ռուս գրողների, բանաստեղծների, նկարիչների եւ, առհասարակ, արվեստի գործիչների մեջ տարածված էր ազատ սիրո գաղափարը՝ բոլորը բոլորին «սիրում» էին, անգամ ստեղծվում էին սիրո խմբակներ՝ ապրում էին երեքով, չորսով եւ այլն։
Նիհիլիզմը ստանում է նաեւ նախահարձակ դրսեւորումներ, օրինակ՝ նիհիլիստ հեղափոխականները՝ նարոդնիկները, որոնք տոգորված էին ժողովրդի հանդեպ ինքնազոհ սիրով ու գնում էին հետամնաց գյուղերը գիտելիք տարածելու, սկսեցին ահաբեկչական շարժում։ Նիհիլիզմը ագրեսիայի աղբյուր է։
Նիցշեն նիհիլիզմի պատճառը համարում էր քրիստոնեական Աստծո «ոչ այս աշխարհից լինելու» գաղափարի տապալումը, իսկ Շպենգլերը համարում էր, որ դա եվրոպական քաղաքակրթության անկման սկիզբն է։
Սակայն դա ռուսական եւ արեւմտյան քաղաքակրթությունների անցած ուղին է, մեզ հետաքրքրում է առնվազն մեկ դար ուշացած հայկական նիհիլիզմը, որն, ի տարբերություն իր ավագ եղբայրների՝ արվեստի ու մշակութային գործեր չի երկնում, սակայն արտահայտվում է սոցցանցերում ու մամուլում դրսեւորվող հիստերիաներով, հայհոյանքներով եւ ամենին ու ամեն ինչի մերժումով։
(Շարունակելի)
Ստեփան Դանիելյան

