27.02.2021

Аналитика

Պարտության համը. ինչպե՞ս տանուլ տրվեց պատերազմը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի պարտության հանգամանքները, բնականաբար, դեռ կարոտ են մասնագիտական ուսումնասիրության: Ուստի պարտության պատճառների մասին կարելի է դատել միայն հրապարակի վրա եղած պաշտոնական նյութերից` հաղորդագրություններ, հայտարարություններ, թեման լուսաբանող հարցազրույցներ ու ասուլիսներ: Իրազեկ աղբյուրներից են նաեւ մարտական գործողությունների նախապատրաստման ու իրականացման գործին այս կամ այն կերպ առնչություն ունեցած շրջանակների` զինվորականների, ռազմական փորձագետների տեսակետները, հրապարակումները եւ այլն: Այս հիմքով է գլխավորապես ձեւավորվում հասարակական կարծիքը եւ դրա շուրջ են ծավալվում քաղաքագիտական միտքն ու հանրային խոսույթը:

Ընդհանուր առմամբ` պատճառները, որոնց մասին վերջերս որոշ «փակագծեր» բացեցին բարձրաստիճան զինվորական գործիչներ` գեներալներ Մովսես Հակոբյանը, Օնիկ Գասպարյանը եւ էլի ուրիշներ, հանգում են զինամթերքի ու մարդկային ռեսուրսների տեսակետից թշնամու բազմակի գերազանցությանը, Ադրբեջանի օգտին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմանը, դրսից նորագույն զենքի անխափան մատակարարմանը: Սրանք արտաքին գործոններն են: Իսկ ներքին գործոնների թվում են ադրբեջանաթուրքական ագրեսիային անբավարար նախապատրաստվածությունը, պատերազմի կառավարման մարտավարական սխալները, դաշնակիցների բացակայությունը եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անկարողությունը: Համենայն դեպս` հանրային կարծիքում, որպես ձախողումների հիմնապատճառ, այս փաստարկներն են գերակշռողը:

Պատերազմը ցույց տվեց, որ սին խոստումներով իշխանության եկած քաղաքական ուժը անզոր գտնվեց լուծել իրեն վստահած ժողովրդի անվտանգային խնդիրը, ավելին` ի վիճակի չեղավ կասեցնել քաղաքացիների ֆիզիկական, գոյութենական սպառնալիքը, որն այսօր կախված է մեր ժողովրդի գլխավերեւոււմ, ինչպես… 105 տարի առաջ: Դա ավելի քան ակնհայտ էր պատերազմի բոլոր օրերին, երբ հակառակորդը հատուկ թիրախավորել էր քաղաքացիական կառույցներն ու խաղաղ բնակչությանը, որի դեմ նույնիսկ զանգվածային ոչնչացման զենք կիրառվեց, սակայն տեղի ունեցածը ո´չ Հայաստանի, ո´չ միջազգային հանրության կողմից չարժանացավ համարժեք արձագանքի: Լուռ աշխարհի աչքի առջեւ այդպես անօգնական` հնամյա իր բնօրրանում բզկտվում էր արեւմտահայությունը Օսմանյան կառավարության կողմից` 1915-1923 թթ. ահասարսուռ օրերին:

Այս պատերազմում կրած անհաջողությունները մեծապես պայմանավորեցին նաեւ դիվանագիտական խայտառակ պարտությունը, ինչի արդյունքում մեր «շերեփը» դարձյալ թղթե դուրս եկավ` այս անգամ Մոսկվայում 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ համաձայնագրի տակ ՀՀ վարչապետի գաղտագողի դրած ստորագրությամբ: Հայոց շահը կրկին` այս էլ որերորդ անգամ, ստորադասվեց ռուս-թուրքական մութ գործարքին եւ դարձյալ մեր ներսի մատնիչի ձեռամբ: Արցախը ծվատվեց, նրանից հօգուտ Ադրբեջանի պոկվեցին ոչ միայն 1991-1994 թթ. Առաջին արցախյան պատերազմում ազատագրված եւ որպես անվտանգության գոտի ծառայող 7 շրջանները, այլեւ ամբողջ Շուշին ու Հադրութը, Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի շատ համայնքներ` գյուղատնտեսական նշանակության բերրի հողատարածքներով: Պաշտոնական տվյալներով` թշնամուն անցած արցախյան բնակավայրերի թիվը հասնում է 123-ի, մշակութային արժեքների թիվը` ավելի քան 150-ի, տարածքային կորուստը` Հայաստանի ընդհանուր տարածքի գրեթե կեսի չափ: Ցավալի է, բայց սա է պարտության տրամաբանությունը:

Ասում են` դառն է պարտության համը: Սա, իհարկե, փոխաբերական իմաստով է ասված եւ ընդամենը պատկերավոր արտահայտություն է: Իրականում պարտությունը կարող է տարեր կերպ ընկալվել` ոմանք պարտության մեջ հաղթանակի ներուժ են տեսնում, մյուսները հաղթանակի մեջ` պարտության վտանգ: Կան նաեւ այդ հասկացության խորքային ու մակերեսային ընկալումներ, նույնիսկ` մանիպուլյատիվ մեկնաբանության հակումներ: «Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել, եւ չկա հաղթանակ, որը նախ քո հոգում ու մտքում չի ծնվում»,- պատերազմի օրը` սեպտեմբերի 27-ին, ԱԺ հատուկ նիստում փիլիսոփայորեն ասել է վարչապետը եւ բավական հետաքրքիր գործնական հավելում արել․ «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի` մենք մեզ պարտված չենք համարի»: Սա բազմանշանակ, մտահոգիչ ու անպատասխանատու ձեւակերպում է: Ու հիմա` դատելով իշխող քաղաքական մեծամասնության, նրա աջակիցների ու սոցցանցերում սփռված հազարավոր վարձկան «ֆեյքերի» վարքագծից, կարելի է մտածել, որ 44-օրյա պատերազմում մենք հաղթել ենք եւ ձեւացնել, թե եռակողմ հայտարարության ստորագրման սեղանի շուրջ մեր արժանապատվությունը չի ոտնահարվել:

Համարո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը իրեն ու իր թիմին պարտված, թե` ոչ, էական չէ: Դա զուտ նրա սուբյեկտիվ ընկալումների տիրույթում է: Փաստն այն է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տանուլ տվեց պատերազմը եւ երկիրը կանգնեցրեց անլուր զրկանքների ու անդառնալի կորուստների առջեւ: Նա պարտված առաջնորդ է, ինչն էլ նրա հրաժարականը ներկայում պահանջող մեծամասնության հիմնական փաստարկն է: Բայց սա չի նշանակում, թե Փաշինյանը պարտվեց հենց այս պատերազում: Ո´չ, նա պարտվեց երկուսուկես տարի առաջ, երբ գործի էր դրել ստի ու ատելության մեքենան` հասարակությունը պառակտելու, հայաստանցի-արցախցի տարանջատում մտցնելու, քաղաքական հակառակորդներին ու իր իշխանության համար վտանգ ներկայացնող գործիչներին չեզոքացնելու, պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու, մեր ազգային ավանդույթներին ու ըմբռնումներին խորթ բարքեր սերմանելու համար: Բարձրագոչ խոստումները, որոնք նախընտրական շրջանում հորդում էին «թավշյա» հեղափոխության առաջնորդի շուրթերից` ինչպես առատության եղջյուրից, ի դերեւ ելան իշխանության գլուխ անցնելու առաջին իսկ օրերից ու ամիսներից:

Չտրվելով շրջանառվող «դավադրությունների տեսություններին», կարելի է պնդել, որ պատերազմի ելքը կանխորոշելու տեսակետից պակաս դերակատարում չունեցան վերը նկարագրված հակոտնյա գործողություններն ու երեւույթները: Սակայն որքան էլ անառարկելի են փաստերը` վարչապետը միշտ իրեն հեռու է պահում դրանցից: Ըստ նրա, մեղավոր են բոլորը` բացի իրենից: Բերենք տիպական մեկ օրինակ: Պատերազմից ամիսներ առաջ իշխանությունները շարունակ համոզում էին, թե վերջին երկու տարում ձեռք են բերվել նորագույն հակաօդային միջոցներ, որոնք հուսալիորեն կպաշտպանեն Արցախի օդային սահմանը` ինչպես երբեւէ: Սակայն պատերազմի ընթացքում պարզվեց թշնամու կիրառած մեծ քանակության ԱԹՍ-ների դեմ հայկական կողմի բացարձակ անզորությունը: Արցախի կապիտուլյացիան հայտարարելուց հետո վարչապետն ընդգծել է` պարտվեցինք, քանի որ նախկինում գողանում էին զինվորից: «Ո՞նց ենք կերակրել զինվորին… Զինվորին, կներեք արտահայտությանս, կերակրել ենք թերմացքներով, զինվորին պահել ենք 80-ականների զենքերով»,- ասել է նա` մեղքի սլաքներն ուղղելով «նախկիններին»: Իշխանության գալուց ի վեր վերջիններս նրա համար «քավության նոխազ» են, ինչ-որ տեղ` նաեւ փրկօղակ:

Ոչինչ, որ պատերազմում պարտվողը մեղադրում է պատերազմում հաղթողներին` դա բարոյական առաքինության խնդիր է: Իրականում, ինչպես վկայում են ռազմական փորձագետները, պարտության պատճառներն այլ տեղ պետք է փնտրել: Ըստ այդմ` զինատեսակների հավասարակշռությունն այս պատերազմում խախտել են ԱԹՍ-ները, որոնք մեր ամենախոցելի տեղն էին, քանզի չունեինք ՀՕՊ-ի արդյունավետ միջոցներ: Վերջին տարիներին Ադրբեջանը զինվում էր թուրքական «Բայրաքթար»-ներով, որոնք, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, կիրառեց Արցախի դեմ: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի պարզաբանմամբ` տվյալ զինատեսակների դեմ պայքարի միջոցներ գտնելը ոչ թե նախկին, այլ նոր իշխանության գործն էր: «Կոնկրետ «Բայրաքթար» հարվածային անօդաչուները ակտիվ սկսել էին աշխատել Սիրիայում, Լիբիայում 2018-2019 թվականներին: Երկուսուկես տարի ուներ ներկա իշխանությունը այդ մարտահրավերն ընդունելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Ինչո՞ւ չեն արել»,- ԶԼՄ-ներին ասել է Վրթանեսյանը:

Պարտության իրական պատճառների մասին նոյեմբերի 19-ին հրավիրված ասուլիսում հանգամանորեն խոսել է Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով` առաջին ամենամեծ բացթողումը Զինված ուժերը խաղաղ պայմաններից պատերազմական վիճակի բերելու եւ մարտական գործողությունները համակարգված ղեկավարելու ընթացքում եղավ: Բացի դրանից, կոպիտ սխալներ թույլ տրվեցին ԶՈՒ կատարելագործման պլանում, այդ թվում նաեւ զորքի օպտիմալացման շրջանակում, որտեղ փոփոխություններն ընթացան հակառակ ուղղությամբ, այսինքն` մարտավարական օղակը կրճատվեց, օպերատիվ օղակն` ավելացավ, իսկ Գլխավոր շտաբի եւ ՊՆ անձնակազմերը գրեթե կրկնապատկվեցին: Ըստ գեներալ-գնդապետի, համալրման գործում տեղ գտած անկազմակերպվածության պատճառով տապալվել է կամավորներին առաջնագիծ ուղարկելու գործընթացը: «Երկրի վարչապետը հրաման է արձակում` կանգնեցնել համալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ` պատերազմի երրորդ օրը: Տղերքը գալիս են զորամասեր, բայց այնտեղ չկան նրանց համար նախատեսված կապի համակարգ, սպառազինություն եւ հանդերձանք։ Մարդը ինչպե՞ս պետք է կռվի։ Եվ առաջին իսկ մարտի ժամանակ մի մասը կոտորվում է մարտի դաշտում, մյուս մասը` խուճապահար փախչում»,- նշել է Հակոբյանը:

Իր դիտարկումներն է ներկայացրել նաեւ Գլխավոր շտաբի գործող պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմից դեռ երեքուկես ամից առաջ էր Անվտանգության խորհրդին ներկայացրել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության մանրամասն վերլուծությունը` զգուշացնելով, որ թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն: Իրավիճակի լրջության խնդիրը գեներալը բարձրացրել է նաեւ պատերազմի չորրորդ օրը` ԱԽ նիստում ներկայացնելով մեր կորուստները եւ ահազանգ հնչեցնելով, որ եթե 2-3 օրվա մեջ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն պատերազմը կանգնեցնելու համար, մեր ռեսուրսները արագ կսպառվեն եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Փաշինյանը` անտեսելով Գլխավոր շտաբի զեկույցը, հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից եւ հնարավորություն կտար խուսափել մի քանի հազար զոհերից ու տարածքային մեծածավալ կորուստներից: Կան հիմնավոր տեսակետներ, որ եղել են պատերազմից մարդկային ու տարածքային նվազագույն կորուստներով դուրս գալու մի քանի հնարավորություններ, սակայն չեն օգտագործվել:

Բարձրաստիճան զինվորականների վերը բերված խոսքերից` որքան էլ դրանք զուսպ են, հասկանալի է դառնում, որ Գերագույն գլխավոր հրամանատարը, ըստ էության, «մոբ»-ի ու զորքի համալրման մասով միջոցառումները տապալել էր պատերազմի դեռ երրորդ օրը, իսկ մատակարարման գործը 44 օրվա ընթացքում ընդհանրապես չի կազմակերպվել: Այդ բացը ստիպված էին լրացնել ինքնակազմակերպված կամավորական խմբերն ու անհատները, ովքեր  փախստականների ու բանակի համար հավաքում էին սնունդ, շորեր եւ այլ իրեր, ինչպես նաեւ գնում էին գիշերային տեսանելիության սարքեր, նշանոցներ, բժշկական սարքավորում, ավտոմեքենաներ: Պետական կառավարման համակարգը, ցավոք, մեծամասամբ կոմայի մեջ էր: Մինչդեռ ռազմական դրություն մտցնելու հիմնական իմաստը զորահավաքի առավել արդյունավետ կազմակերպումն ու տնտեսության ռազմականացումն է։ Թե՞ ռազմական դրությունը բացառապես տեղեկատվական դաշտում սթափ ձայները լռեցնելու, մարդկանց տեղաշարժը սահմանափակելու եւ Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը երկարաձգելու համար է։

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության` ազգային համաձայնության կառավարություն կազմավորելու առաջարկին ի տրիտուր` Փաշինյանը ներկայացրել է 15 կետից բաղկացած «հակընդդեմ» ծրագիր` առաջիկա ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզ, որի առաջին կետով նախատեսվում է Արցախի հարցով բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Փաշինյանը մտադիր չէ հեռանալ` ասելով, որ չկա իր հեռացման հանրային պահանջ, իսկ հրապարակում պարբերաբար հավաքվող ժողովրդի ներկայացուցիչները, անժամկետ հացադուլ հայտարարած գործիչներն ու քաղաքացիները պարտված առաջնորդին այլեւս չեն տեսնում Հայաստանի ղեկավարի, առավել եւս Արցախի հարցով հետագա բանակցողի դերում: Պարտված առաջնորդը, բնականաբար, չի կարող շտկել այն սխալների հետեւանքները, որոնց պատճառով պարտվել է:

Ուշագրավ է, որ առաջիկա 6 ամսվա համար վարչապետի ներկայացրած անելիքների «ճանապարհային քարտեզում» Արցախի խնդիրն առաջին պլան է մղվել: Ի դեպ, պատերազմից 6 օր առաջ Փաշինյանը հանրության դատին էր հանձնել Հայաստանի` մինչեւ 2050 թվականի զարգացման ռազմավարությունը, որի մեջ Արցախի անունն ընդհանրապես չկար:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

Тэги

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.