23.10.2021

Аналитика

Ինչո՞ւ երկրի կառավարումը վերաստանձնելու որոշում կայացրին նախկին երեք նախագահները

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մայիսի 26-ին ավարտվեց կուսակցությունների ու կուսդաշինքների գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, եւ ամբողջացավ քաղաքական այն ուժերի խճանկարը, որոնք պատրաստվում են «խաչելու սրերը» հունիսի 20-ին խորհրդարան մուտքի ուղեգիր նվաճելու համար: Հայտատուներն աներեւակայելիորեն շատ են՝ ընդհանուր առմամբ 27 մեծ ու մանր, հայտնի ու անհայտ քաղաքական միավոր: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի այդ մեծաքանակությունը մի տեսակ անբնական է, քանզի, ըստ փորձագետների, իրականում դրանցից մրցունակ է առավելագույնը 7-8 ուժ: Ինչեւէ, ընտրական գործընթացը թեւակոխեց նոր փուլ, եւ մեզ հասած տեղեկություններով, որքան ընտրությունների օրը մոտենում է, իշխանություններն այնքան ավելի են մտահոգվում օրեցօր անկում ապրող իրենց վարկանիշի համար։

Առաջինը, որ աչքի է զարնում այդ մեծ ցանկում, ընտրություններում ՀՀ նախկին երեք նախագահների ղեկավարած քաղաքական ուժերի մասնակցությունն է, ինչը աննախադեպ է մեր երկրի ընտրական գործընթացների ողջ պրակտիկայում: Սա, թերեւս, պայմանավորված է այն հանգամանքով, որ աննախադեպ է նաեւ առկա իրավիճակը, որի պայմաններում պետք է անցկացվեն ընտրությունները, եթե, իհարկե, այդ պայմանների անհաղթահարելիության խնդիրներ չառաջանան: Ընտրությունների մյուս առանձնահատկությունը, որի մասին շատ է խոսվել, հրաժարական տված վարչապետի կողմից ընտրությունների կազմակերպումն ու անցկացումն է, ընդ որում՝ պաշտոնեական լիազորությունների ողջ ծավալի պահպանմամբ ու վարչապետի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրմամբ: Սա ընդհանրապես իրավական կազուս է:

Այս ամենին գումարվել է ընտրությունների անցկացման ներկայիս ոչ բարեհարմար, գերլարված ու պայթյունավտանգ ժամանակահատվածը, երբ անհետաձգելի լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, երբ քաղաքական ղեկավարության անխոհեմության, ապիկարության ու անհեռատեսության պատճառով Հայաստանը հետպատերազմական անտերունչ օրեր է ապրում: Թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայից նույնիսկ 8 ամիս անց զգալ են տալիս պատերազմի ծանր հետեւանքները, բարեբեր Արցախն ու Հայաստանը կտոր-կտոր ծվատվում են, եւ ժողովրդի փրկության միակ ելքը ընտրությունների միջոցով ազգադավ իշխանությունների տապալումն է, քանի որ այսքան չարիքներ գործելուց հետո էլ ինքնակամ չեն հեռանում:

Քաղաքական փորձագետների ու տեխնոլոգների դիտարկումներով՝ նոր ձեւավորվող խորհրդարանում կլինեն 4-5 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք: Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը, օրինակ, նոր ԱԺ-ում տեսնում է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին եւ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ կուսակցություններին: Նրա խոսքով՝ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես «Լուսավոր Հայաստան»-ը, հիասթափեցրել է իր ընտրողներին եւ այս անգամ վերջինիս չի հաջողվի միայնակ հաղթահարել 5 տոկոսի շեմը: Տեղին է հիշեցնել, որ այդ կուսակցությունը նախորդ ընտրություններում նույնպես ՔՊ-ի հետ միասին էր հայտնվել ԱԺ-ում:

Պատահական չէ, որ հանրությունը ԼՀԿ-ին ընկալում է իբրեւ «Իմ քայլի» կցորդ, որը չունի սեփական դեմք, եւ առաջիկա ընտրություններում նրանից առանձնապես մեծ բան չի ակնկալում: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա նա եւս չկարողացավ ուժեղ ընդդիմություն դառնալ: Ամենավատ սովորությունը, որից ԲՀԿ-ն այդպես էլ ի զորու չեղավ ձերբազատվել, վճռական պահերին հետքայլ կատարելն է: Բայցեւայնպես՝ «Բարգավաճը», ի տարբերություն «Լուսավորի», տիրապետում է ե՛ւ մարդկային, ե՛ւ ֆինանսական ահռելի պաշարամիջոցների, ունի քաղաքական մեծ փորձառություն, կայուն ընտրազանգված, շնորհիվ որոնց՝ միշտ կարողանում է հայթայթել իր 10 տոկոսի կարգի քվեները: Այդ գործում պակաս կարեւոր դեր չեն խաղում նաեւ ԲՀԿ առաջնորդի եւ նրա ընտանիքի բարեգործական ձեռնարկները, որոնք ներառում են մի շարք ոլորտներ եւ լավ են ընդունվում հասարակության մի պատկառելի հատվածի կողմից:

Նախորդ հրապարակումներից մեկում առիթ ունեցել ենք բնութագրելու հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների առաջատար համարվող քաղաքական ուժերի ներուժը: Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» եւ այլոց մասին է, որոնց հնարավորությունները հայաստանյան քաղաքագիտական հանրույթի գերակշիռ մեծամասնությունը բավական բարձր է գնահատում: Եվ քանի որ ուժերի դասավորության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ մասնավորապես նկատի ունենալով նախկին երեք նախագահների մասնակցության գործոնը եւ քաղաքական նոր միավորների ընդգրկվածությունը, կշարունակենք տվյալ թեմայի շուրջ դիտարկումները նոր իրողությունների լույսի ներքո:

Նախեւառաջ փորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված ՀՀ հետանկախական շրջանի երեք նախկին նախագահների մասնակցությունը: Մինչեւ վերջերս պարզ էր, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրել էր նրանցից միայն Ռոբերտ Քոչարյանը, երբ դեռ նշանակված չէր անգամ արտահերթի օրը: Իր մասնակցությունը երկրորդ նախագահը հիմնավորել էր նրանով, որ չի կարելի ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին թողնել ապաշնորհ իշխանությունների ողորմածությանը. «Եթե նշանակվեն արտահերթ ընտրություններ, մենք մասնակցելու եւ կրելու ենք»,- ասել էր նա: Իսկ մայիսի 9-ին, երբ ընտրությունների օրն արդեն հայտնի էր, Ազատության հրապարակում Քոչարյանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի ծնունդը, որում ընդգրկված են ՀՅԴ-ն եւ նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

Ավելի ուշ՝ համապատասխանաբար մայիսի 15 եւ 16-ին իրենց դիրքորոշումները հստակեցրին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սարգսյանի գլխավորած Հանրապետականը դաշնակցային հուշագիր ստորագրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ՝ ծնունդ տալով «Պատիվ ունեմ» դաշինքին, իսկ Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը անցած կիրակի տեղի ունեցած համագումարի ավարտին կայացրեց ընտրություններին միայնակ մասնակցելու որոշում: Մինչ այդ, ՀՀ առաջին նախագահը գործող իշխանությունների վերարտադրությունը կանխելու նպատակով մայիսի 5-ին հրապարակային առաջարկ էր արել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին՝ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող միասնական ցուցակով:

Առաջարկը Ռոբերտ Քոչարյանը մերժել էր՝ նշելով, որ իր թիմն ընտրել է արտահերթին մասնակցելու այլ ձեւաչափ: Նմանատիպ պատճառաբանությամբ մերժում էր ստացվել նաեւ Սերժ Սարգսյանից: «Փաշինյանական ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման միակ միջոցը երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ»,- ափսոսանք էր հայտնել Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր սպառնալիքները: «Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի պարագայում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին»,- այսպիսի կարծիք է փոխանցել Տեր-Պետրոսյանը:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ բավական առաջացած տարիքում երկրի կառավարման ղեկը վերստին ստանձնելու պատրաստակամություն հայտնեցին ՀՀ միանգամից բոլոր նախկին ղեկավարները: Հաստատապես՝ դա լավ կյանքից չէ: Երկրի անվտանգության համակարգը քայքայված է, թշնամին մի քանի հատվածներում՝ խախտելով պետական սահմանը, ազատ ու անպատիժ ելումուտ է անում մեր ինքնիշխան տարածքում, նույնիսկ սահմանից հայ զինվորներ է գերեվարում: Մի խոսքով՝ համատարած անիշխանություն է, պետականությանը լրջագույն վտանգ է սպառնում: «Կարծում եմ՝ ճիշտը մասնակցելն է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատելու իրենց իշխանությունը»,- դեռ հունվարի 28-ին ՀՀ մի շարք կայքերի հետ զրույցում ասել էր երկրորդ նախագահը: Իսկ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի հուշագրում ասված է. «Գալիս ենք ահազանգելու մտահոգությունների մասին՝ ուղիղ ու շիտակ խոսելու կառավարության սնանկ ռազմավարության եւ գործելաոճի մասին»։

Կառավարության եւ նրա առաջին դեմքի անգործունակությունը եւ անկարողությունն աննկատ չեն մնում: Ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են սկսել չվստահել սուտասան եւ արկածախնդիր այս իշխանություններին, համոզվել, որ նրանք երկիրը տանում են վերջնական կործանման: Արժանահավատ աղբյուրից քաղված տվյալների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այսօր տատանվում է 23-25 տոկոսի սահմաններում։ Սա հազվագյուտ երեւույթ է։ Մարդը կարողացել է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ երեք տարվա ընթացքում գրեթե 90 տոկոսանոց ընտրազանգվածը մաշեցնել՝ հասցնելով այդքան ցածր նիշի: Ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ վարկանիշի հիմնական կորուստը պայմանավորված չէ պատերազմի արդյունքով։ Ըստ մասնագիտական հետազոտության, իշխանության գալուց հետո Փաշինյանը տարբեր ստերի, կեղծիքների, ձախողումների ու այլ անմիտ քայլերի պատճառով ամեն ամիս միջինը 1,5 տոկոս վարկանիշ է կորցրել։

Նույն աղբյուրի դիտարկմամբ՝ պատերազմն ընդամենը ավելացրել է կապիտուլյանտի նկատմամբ ատելությունը, որը «տրանսֆորմացվում է իբրեւ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշային ռեսուրս»։ Երկրորդ նախագահի հետ մեծ հույսեր են կապում հատկապես նրանք, ովքեր ավելի լավ են գիտակցում երկրի անվտանգային խնդիրները եւ դրանք հաղթահարելու ճանապարհին ուժեղ առաջնորդի կարիք են զգում։ Հետազոտությունը եւս մեկ կարեւոր բացահայտում է արել. Փաշինյան-Քոչարյան, պայմանական ասած, երկու «ծայրահեղությունների» միջեւ չափազանց մեծ ընտրազանգված կա, որն իր համար քաղաքական այլ առաջնորդներ է փնտրում։ Եվ այստեղ բոլորից շատ շահում է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ըստ մեր աղբյուրի, հենց «Պատիվ ունեմ» դաշինքին են բաժին հասնում ՀՀ-ում հարցված քաղաքացիների երկրորդային ձայները։

Դե ինչ, երեւի պատահական չեն իշխանական ճամբարից փոխանցվող ազդակները, որոնք ընտրությունների ենթադրյալ աննպաստ արդյունքների առնչությամբ լուրջ մտավախություններ են արտահայտում: Ոմանք զգուշացնում են, որ Տեր-Պետրոսյանն ընտրություններին մասնակցելով՝ ջուր լցնում Ռոբերտ Քոչարյանի ջրաղացին, քանի որ, ըստ նրանց, ՔՊ կուսակցության ձայների մի մասը ՀԱԿ-ին է գնալու, այլ կերպ ասած՝ փոշիացվելու է: Հետեւաբար՝ «Հայ ազգային կոնգրես»-ին խորհուրդ են տալիս դուրս գալ խաղից: Էլ ավելի «պրագմատիկ» առաջարկություն է անում Նիկոլ Փաշինյանին առընթեր քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Լսենք նրան ու սրանով ավարտենք. «Երկրում պետք է մտցվի ռազմական դրություն, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատական գործերը պիտի ուրիշ հոդվածներով շարունակել ու վերջացնել, որից հետո նոր ընտրություններ անել»:

Ահա թե ինչպիսի խորունկ հնարամտություններ կարող են ծնվել պարզ մարդկային վախերից:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.