29.11.2020

Свободная Платформа

Արցախյան պատերազմ. անթաղ դիակներ

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Ադրբեջանցիների դիակների խնդիրն ամեակարեւոր ու նշանակալից քաղաքական ցունամիի էֆեկտ առաջացնելու ներուժ ունեցող «ռումբն» է, որը մեզանում գրեթե չի ընկալվում եւ, հետեւաբար, չի օգտագործվում պատշաճ կերպով: Ուստի հարկ է որոշակիորեն մանրամասնել թե՛ տվյալ խնդիրը, եւ թե՛ այն արդյունքները, որոնք մենք կարող ենք ստանալ:

Վերջին օրերին ԼՂՀ բանակի ներկայացուցիչները` տարբեր առիթներով պատասխանելով սպանված հակառակորդների մարմինների մասին լրագրողների հարցերին, նշել են, որ հակառակորդը կապի դուրս չի եկել մեզ մոտ հայտնված կամ ամբողջ ռազմաճակատի երկայնքով ուղղակի նշանառության տակ գտնվող իրենց հարյուրավոր դիակները վերցնելու առաջարկով: Ոչ մի կարգին պատերազմում նման բան չի կարող տեղի ունենալ, քանզի դա զինվորի հանդեպ վերաբերմունքի հարց է: Անգամ առաջին ղարաբաղյան պատերազմում նման բան չի եղել, ստեղծվել են ռազմական գործողությունների դադարի առանձին պահեր` դիակներ հանձնելու կամ փոխանակելու համար:

Ենթադրենք սա ամենաանկարգ պատերազմն է, բայց այդքանով չսահմանափակվենք, քանի որ գործ ունենք Ադրբեջան անունով պետության հետ, ոչ թե, ասենք, ռազմական ինչ-որ խմբավորման: Դիակների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը պետք է բացատրություն ունենա: Նախ նշեմ, որ ադրբեջանցիները չեն կարող մտածել, որ հայկական կողմը կմերժի առաջարկը, քանի որ նախկինում մշտապես այդ հարցը դրականորեն է լուծվել: Ներկայում եւս մեր ներկայացուցիչներն ակնարկել են, որ սպասում են իրենց հետ կապի հաստատմանը: Բացի դրանից, այդչափ դիակների պահպանումը լուրջ բեռ է մեզ համար եւ դրանցից ազատվելու հարցում կա շահագրգռություն: Ստացվում է, որ ադրբեջանական ղեկավարությունը ցանկություն չունի ստանալու իր զինծառայողների դիակները:

Փորձենք հասկանալ, թե ինչից են նրանք վախենում: Ըստ էության, նրանց համար պարզ է, որ հարյուրավոր մարմինների վերադարձն ամբողջությամբ կկազմալուծի նախ բանակը, հետո` ադրբեջանական հանրությունը: Մարմինները ետ ստանալով` հարկ կլինի պարզել ինքնությունը, քանզի հագուստից առգրավված` անձը հաստատող փաստաթղթերը մեծամասամբ մնում են հայկական կողմի մոտ, ինչպես նաեւ անցկացնել մարմինների նույնականացում: Այդ ընթացքում դիակների հետ կշփվեն հարյուրավոր ադրբեջանցիներ: Հարկ կլինի որոշ ժամանակ դրանք պահել, տեղափոխել, ուղարկել հարազատներին: Այդ ամբողջ ընթացքում կրկին հոգեբանական ծանր բեռի տակ կհայտնվեն այդ գործընթացի մասնակիցները: Հետո քաղաքով ու գյուղով թաղումներ պետք է արվեն: Նույն ծանր հոգեբանական բեռի տակ կհայտնվեն հարազատները, հարեւանները, համայնքի ներկայացուցիչները:

Նույն վիճակը կլինի վարձկանների պարագայում, քանզի պարզ կդառնա, որ վարձկանների դիակներն Ադրբեջանի իշխանություններին պետք չեն, դրանք պետք է թաղվեն Ադրբեջանում, եղբայրական գերեզմանում` իրար վրա լցված: Եթե Ադրբեջանը ռազմաճակատի գծում որեւէ արդյունք ունենար, ապա ինչ-որ կերպ հնարավոր կլիներ հերոսի կերպարի տակ (հետմահու հերոսի կոչում, շքանշաններ եւ այլն) լռեցնել հանրային դժգոհությունը: Սակայն չկա անգամ չնչին արդյունք եւ, հետեւաբար, ցանկացած դիակ որակվելու է «էշ նահատակ»:

Դրանից հետո արագ ջրի երես է ելնելու Ալիեւի ռազմական արկածախնդրությունը: Դիակները պատերազմում Ադրբեջանի պարտության վկաներն են եւ դրանց մասին հիշել չեն ուզում թշնամու բանակում: Հայտնվելով ադրբեջանցիների ձեռքում` անկենդան մարմինները պայթեցնելու են բանակը, հետո` հանրությունը, ապաեւ` ամբողջ Ադրբեջան պետությունը: Դիակների հետ շփված տասնյակ հազարավոր ադրբեջանցիների մեջ ընկճախտ է առաջանալու:

Հոգեբանական այդ բեռի տակ ոչ մի զինվոր չի կարողանալու առաջ գնալ եւ հրաման կատարել: Այդպիսին է արկածախնդրության դիմած հարձակողական բանակի հոգեբանությունը: Հենց դա է պատճառը, որ Ալիեւը հույսը դրել է որեւէ հաջողության վրա, որը նրան հնարավորություն կտա հաղթանակի անվան տակ հետագայում այդ խնդիրը լուծել: Սակայն յուրաքանչյուր օր հարյուրներով ավելացնում է դիակների քանակը, փոշիացնում է ադրբեջանական ռազմական տեխնիկան եւ խորտակում Ալիեւի հույսի վերջին նշույլները:

Մեր խնդիրն է` դիակների խնդիրը դարձնել քաղաքական գործիք, առաջարկել «Կարմիր խաչին», «Կարմիր մահիկին» լուծել մարմիններն իրենց հարազատներին հասցնելու խնդիրը` թեկուզ Վրաստանի տարածքով, հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադարձնել իր մոտ եղած դիակները, պատրաստ է չխոչընդոտել ռազմաճակատի գծից դիակների հավաքման գործին, բարձրաձայնել, որ կան հարյուրավոր դիակներ, որոնք պատրաստ է որեւէ երրորդ երկրի օդանավերով հանձնել Ադրբեջանին եւ այլն: Սա մեր կողմից հումանիստական դրսեւորում կլինի, իսկ Ադրբեջանի համար` դժոխքի հետ առերեսում: Մենք պետք է արագացնենք մեր հաղթանակի ընթացքը:

 

Սարո Սարոյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

Тэги

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.