Երկուշաբթի, Փետրվարի 02, 2026

Շաբաթվա անցուդարձ

13-20 դեկտեմբերի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ

 

Դեկտեմբերի 15-ի լրահոսի տեղեկացմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններից վեցուկես ամիս առաջ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը, ինչի մասին Բրյուսելում հայտարարել է այդ կառույցի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների եւ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար: Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»,- ասել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան։ Նրանք, ովքեր տիրապետում են հիշյալ երկրում կատարված քաղաքական անցուդարձին, անշուշտ, կիմանան, թե ինչի մասին է խոսքը, չիմացողների համար էլ կներկայացնենք մի փոքրիկ տեղեկանք:

Մոլդովայում առաջատար համարվող երկու կուսակցություն, որոնց հանրագումարային հավանական արդյունքը շուրջ 40 տոկոս էր հաշվվում, մրցապայքարից դուրս թողնվեցին: Մեկին ուղղակի չգրանցեցին ԿԸՀ-ում, իսկ 2-րդի մասնակցությունը, որի անունն արդեն կար քվեաթերթիկում, անհիմն պատճառաբանությամբ ճանաչվեց անվավեր: Այդպիսով՝ ընտրությունների ելքը որոշվեց ԵՄ երկրներում ապրող մոլդովացիների «աննախադեպ ակտիվության» շնորհիվ: Ի դեպ՝ էլ ավելի ուշագրավ ընթացք ունեցան նախագահական ընտրությունները Մոլդովայի հարեւան Ռումինիայում, որտեղ ընտրությունը չեղարկվեց այն բանից հետո, երբ Ջորջեսկուն ջախջախիչ հաղթանակ տարավ հենց առաջին փուլում:

Ե՛վ Մոլդովայում, ե՛ւ Ռումինիայում նման գործողությունների «հիմնավորումը» մեկն էր՝ իբր վերոհիշյալ քաղաքական ուժերը ֆինանսավորվել են Ռուսաստանի կողմից: Որեւէ լուրջ ապացույց, սակայն, չի ներկայացվել: Ռումինիայի դեպքում չեղարկման որոշումը կայացվել էր երկրի անվտանգության ծառայության տեղեկանքի հիման վրա: Ճիշտ է՝ հետագայում այդ ծառայությունը սխալմունք համարեց կատարվածը, բայց արդեն «բանը բանից» անցած էր: Եվրոպան աչք փակեց հակաժողովրդավարական այդ քայլերի վրա, ինչի համար, ի դեպ, արժանացավ Թրամփի վարչակազմի սուր քննադատությանը, որը ԵՄ-ին մեղադրեց ժողովրդավարական նորմերի ոտնահարման, գրաքննության, ինչպես նաեւ այլախոհության ճնշման մեջ:

Հիմա՝ որտեղ պետք է, կույր ու համր ձեւացող Եվրոպայից նույն «աջակցությունն» են աղերսում հանրային վստահության պաշարամիջոցները սպառած ՀՀ իշխանությունները՝ լավ հասկանալով իրենց գլխների գալիքը: Բրյուսելյան հանդիպման մասին, որին ներկա է եղել Արարատ Միրզոյանը, ՀՀ արտգործնախարարությունից ժլատ տեղեկություններ են հաղորդվել: Լրագրողների հետ զրույցում հանդիպումից շատ մանրամասներ չփոխանցեց նաեւ ԱԳ նախարարը. նա հպանցիկ նշեց, որ քննարկել են հիբիրդային սպառնալիքները: Թե ինչ է սա նշանակում եւ որ երկրից կամ երկրներից են գալիս այդ վտանգները, նա չի բացահայտել:

«Քննարկել ենք Եվրամիություն-Հայաստան համագործակցության ոլորտի հիմնական ձեռքբերումները՝ սկսած տնտեսությունից, դիմակայունության ամրապնդումից, մինչեւ անվտանգության հետ կապված հարցեր՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքներն ու ԵՄ-ի խաղաղության մեխանիզմի շրջանակներում աջակցությունը»,- անփորձ ականազերծողի զգուշավորությամբ,- հանկարծ «չպայթի»,- ասել է Միրզոյանը: Բնականաբար՝ ՀՀ-ին ԵՄ-ի ֆինանսական օժանդակության մասին՝ ոչ մի խոսք, չնայած տեղեկատվության բաց լինելուն: Փաստորեն՝ պաշտոնական Երեւանի ներքին գործերին Ռուսաստանի կամ այլ երկրների միջամտության անթույլատրելիության մասին հոգացող Եվրամիությունն՝ ինքը, այժմ հենց դա է անում:

Թե՞ իրեն թույլատրելի է խառնվել այլ երկրների ներքին գործերին, իսկ Ռուսաստանին՝ հակացուցվա՞ծ: «Եվրոպան, ըստ էության, աջակցում է ավտորիտարիզմին, դրա գռեհիկ ձեւին, որտեղ երկրի ղեկավարն է միանձնյա որոշում, թե ով է բանտ նստելու, իսկ ով՝ ոչ։ Երկրի բոլոր կառույցները սպասարկում են մեկ անհատի քմահաճույքները»,- NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Եվրոպայի նպատակը, ըստ վերլուծաբանի, Հայաստանում եւ մյուս երկրներում ժողովրդավարության հաստատումը չէ, այլ արտաքին քաղաքականության հարցերի լուծումը, որը կապված է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ցանկության հետ։

 

Որքան էլ Փաշինյանն ուշադրության կիզակետում է պահում եկող խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու հրամայականը, որն իր համար կենացմահու խնդիր է՝ որոշել է նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) նկատմամբ վերահսկողություն հաստատելու օրակարգից հետքայլ չանել: Տեսնելով, որ կիրակնօրյա պատարագներին իր պայմաններով պարբերաբար մասնակցելու տարբերակն արդյունավետ չէ եւ գնալով նվաղում է, փորձում է այս անգամ ձեռքի տակ եղած 10 տիրադավ սրբազանների միջոցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ուղղակի պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը, ինչը միաժամանակ Բաքվից հնչած հրահանգ է:

Եվ դեկտեմբերի 17-ին Փաշինյանին աջակցող 10 եպիսկոպոսները հայտարարություն են տարածում՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին միանալ իրենց ակցիային՝ Մայր Աթոռից հեռացնելու Վեհափառ Հայրապետին: Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ապօրինաբար կալանավորված բարձրաստիճան հոգեւորականների շարքում է, հայտարարություն տարածեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղափոխելու մասին: Ոչ մի տարակույս չկա, որ այս ձեռնարկի հետեւում Նիկոլ Փաշինյանն է՝ թեեւ հերքում է, թե ինքը չի ուղղորդել, բայց աջակցում է կաթողիկոսի հրաժարականը պահանջող սրբազաններին:

Դեկտեմբերի 18-ին, նշված ժամին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջը ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացած: Ի պաշտպանություն ՀԱՍԵ-ի եւ Հայոց Հայրապետի՝ հավաքված մարդկանց թիվը հազարներով էր հաշվվում, Փաշինյանի աջակիցներինը՝ անգամներով պակաս: Ոստիկանական շղթայի աջ կողմում Կաթողիկոսի հեռացումը պահանջողներն էին, ձախ կողմում՝ նրան աջակցողները: Առաջին խումբը բացականչում էր՝ «Կտրիճ Ներսիսյան, հեռացի՛ր», իսկ երկրորդը վանկարկում էր՝ «Վե՛-հա՛-փա՛ռ, Վե՛-հա՛-փա՛ռ…»: Կաթողիկոսի գլխավորությամբ թափորը դուրս է գալիս վեհարանից եւ շարժվում դեպի Մայր Աթոռ, որտեղ էլ ելույթով հանդես է գալիս Վեհափառը:

Իրենց մասնակցության մասին կանխավ հայտարարել էին եւ ներկա էին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Գարեգին Երկրորդն իր ելույթում նշեց, որ առկա խնդիրները լուծվում են կանոնական կարգով. «Այսօր տագնապալի օրեր ենք ապրում. այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողականության, միասնության ոգին զորացնելու, ընդհակառակը՝ շարունակվում են հարձակումները մեր եկեղեցու դեմ: Սուրբ Էջմիածնի հանդեպ հերթական ոտնձգությունը կատարվեց նաեւ այսօր՝ ցավոք մեր որոշ եկեղեցականների միջոցով»,- հայտարարեց Վեհափառը՝ նշելով, որ եկեղեցում բարձրացվող աղմուկը երբեք չի կարող խաթարել Մայր Աթոռի ծրագրերը, «որոնք կոչված են երկրի շինության համար»:

Տխրահռչակ 10 եպիսկոպոսները, որոնք հրավիրել էին հավաքը, դրա մեկնարկից կես ժամ անց դուրս եկան Մայր Աթոռի մոտ հավաքված հազարավոր հավատացյալների առջեւ՝ տեղեկացնելով, որ Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն. «Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգեւոր դասի ամրապնդման եւ պայծառության համար»,- հեռանալուց առաջ ասել է Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Նրա ելույթի ժամանակ հավատացյալներից շատերը սուլում էին, ոմանք գոռում էին՝ «Հուդա»:

Վարչակարգի հերթական ձախողումն ակնհայտ էր. նա պարտվեց եւ հանրությունից ստացավ եւս մեկ շառաչյուն ապտակ: Նույնիսկ վարչական պաշարամիջոցները Նիկոլ Փաշինյանին չօգնեցրին՝ ջարդել հանրային դիմադրությունը: «Եկեղեցու պաշտպանները գիտեն, թե ինչու են եկել Էջմիածին, եկել էին մոտիվացված ու գաղափարականացված: Թշնամի ճամբարը մոտիվացված չէր, հիմնականում պատանդի կարգավիճակով էր մասնակցում հայտնի Մոլագարի նախաձեռնությանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Դե, ինչ, հուսանք՝ հանրության հաջորդ շառաչյուն «ապտակը» համակարգը կստանա 2026-ի խորհրդարանական ընտրություններում: Եվ դա կազդարարի նիկոլականության ավարտը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գեւորգ եկեղեցում Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 14 մասնակցեց հերթական պատարագին: Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանա Տեր Մաշտոց Ստեփանյանը թեեւ ներկա էր պատարագին, բայց նա չմատուցեց պատարագը, այլ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Ներկա էին նաեւ Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Արմավիրի թեմի քահանա Մկրտիչ Մուշադյանը, ով նախորդ կիրակի Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում էր պատարագ մատուցել: Այգեշատի Սուրբ Գեւորգ եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում զեղչվեց Գարեգին Երկրորդի անունը:

Դեկտեմբերի 18-ին Երեւան այցելեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան: Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախատեսված էին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Շեկերինսկան հանդիպեց նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների ու ՆԱՏՕ-ում դաշնակից երկրների դեսպանների հետ:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեկտեմբերի 16-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն եւ այժմ անցնում է բժշկական հետազոտություններ։ Այս մասին հայտնում է նրա փաստաբանական թիմը։ Ավելի վաղ հայտնել էին, որ երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, պաշտպաններն ահազանգել էին՝ վիրահատական միջամտության կարիք կա։ Նախատեսվում էր, որ Սրբազանը դեկտեմբերի 15-ին պետք է ՔԿՀ-ից տեղափոխվեր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման։ Վերաքննիչ դատական նիստի պատճառով այդ օրը հետաձգվել էր Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն:

Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ դեկտեմբերի 16-ին Երեւանում ՌԴ դեսպանությունը հնարավորություն է ստացել հյուպատոսական այցելություն իրականացնել «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին։ «Վերջին անգամ մեր դիվանագետները Կարապետյանին այցելել են դեկտեմբերի սկզբին։ Նա հայտնում է բավարար ինքնազգացողության մասին, լավատեսություն է ցուցաբերում եւ մարտական է տրամադրված»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ 4-րդ դեպարտամենտի ղեկավարը։ Խոսելով Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի հետեւանքների մասին՝ Կալուգինն ընդգծել է. «Կարապետյանն արդեն կես տարի է, ինչ բանտում է գտնվում առանց դատարանի որոշման։

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Կառույցում դեկտեմբերի 18-ին ընդունված բանաձեւը նաեւ քննադատել է Ադրբեջանի գործող վարչակազմին՝ ազգային անվտանգության պաշտպանության քողի տակ ընդդիմախոսներին ճնշելու, լրագրողներին, խաղաղության պաշտպան ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատազրկելու համար։ «Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շաղկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ»,- հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորները։ Փաստաթուղթը մատնանշում է հատկապես ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման վաղեմի կողմնակից, գիտնական Սամեդովի եւ թալիշ հետազոտող Աբիլովի ձերբակալությունները՝ դրանք որակելով ապօրինի:

Դատարանը եւս երեք ամսով երկարացրեց կաշառք ստանալու պաշտոնական կեղծիքի համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը: Նման միջնորդություն ներկայացրեց դատախազը: Գորիկ Հովակիմյանը ընդգծեց՝ ազատության մեջ Ղուկասյանը կխոչընդոտի գործի քննությանը, կազդի վկաների վրա՝ օգտագործելով իր հեղինակությունն ու ազդեցությունը: Դատարանն, ըստ էության, հաշվի չառավ պատգամավորների երաշխավորությունը: Փաստաբան Զարուհի Փոստանջյանը անօրինական է համարում այս որոշումը: Գյումրիի քաղաքապետը մեղադրվում է 4 միլիոն դրամ կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նա մեղքը չի ընդունում եւ դատարանում հայտարարեց, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Հունվարի 31 2026
Հունվարի 24 2026
Հունվարի 17 2026
Հունվարի 10 2026
Դեկտեմբերի 27 2025
Դեկտեմբերի 20 2025
Դեկտեմբերի 13 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: