Հինգշաբթի, Փետրվարի 13, 2025

Շաբաթվա անցուդարձ

7-14 դեկտեմբերի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 36-րդ տարելիցի օրը, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, շփումներ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկացի հայտնի միլիարդատեր Իլոն Մասկի եւ միջոցառմանը հրավիրված այլ երկրների առաջնորդների ու կառավարությունների ղեկավարների հետ: «Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,- ՖԲ-ի իր էջում զետեղած նկարն այսպես է մակագրել Փաշինյանը:

Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումը, անտարակույս, արժանահիշատակ իրադարձություն է, որին մասնակցելու պատիվը բաժին է հասել հինգ տասնյակից ավելի երկրների ղեկավարների, աշխարհի մեծաթիվ անվանի դեմքերի, հանրաճանաչ անձանց: Այնպես որ, Փաշինյանն ընտրության լայն հնարավորություն է ունեցել նշանավոր մարդկանց հետ լուսանկարվելու համար, բայց գերադասել է աշխարհի ամենահզոր երկրի ընտրված նախագահին: Եվ, քանի որ հյուրընկալը տվյալ դեպքում Ֆրանսիան է, պատշաճ է նկատվել լուսանկարում նաեւ «տանտիրոջ» ներկայությունը: Թեեւ չի բացառվում, որ միասին լուսանկարվելու նախաձեռնությունը հենց Մակրոնինն է:

Կամ՝ այսպես. երեքով լուսանկարվելու նախաձեռնությունը Մակրոնինն է եղել, իսկ միտքը նրան տվել է Փաշինյանը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ իր արժեքն ու նշանակալիությունը լավ իմացող Թրամփը չէր ցանկանա համատեղ լուսանկար ունենալ Հայաստանի պես աննշան մի պետության ոչ այնքան համակրելի ղեկավարի հետ, որն իր երկրում անգամ մերժված է, իսկ սեփական իշխանությունը պահում է բռնի ուժով կամ ընդդիմախոսների կալանավորման գնով: Պարզ է, որ Նիկոլն ինքնագլուխ չէր մոտենա, թե՝ արի նկարվենք, Թրամփ ջան: Գոնե այդքանը, անշուշտ, հասկանում է: Մնում է Մակրոնի տարբերակը՝ չնայած վերջերս նրա գործերն էլ խառն են:

Մեծ հաշվով՝ Փաշինյանը Թրամփին պետք չէ. իր բնույթին, աշխարհայացքին խորթ անձնավորություն է փոքրիկ Հայաստան երկրի այդ փոքրիկ ղեկավարը, որը հստակ որեւէ գաղափարախոսության կրող չէ, ավելի շուտ ծայրահեղ ազատականների դրածոներից է եւ առաջնորդվում է նրանց թելադրանքով՝ ուղղված ազգային, կրոնական ու ընտանեկան արժեքների ոչնչացմանը: Իսկ ա՛յ, Թրամփը Փաշինյանին շատ է հարկավոր: Ցանկացած թույլ արարած ուժեղի կարիք ունի՝ ոչ միայն իրեն անվտանգ ու պաշտպանված զգալու համար, այլեւ ցույց տալու ուրիշներին, որ ինքն ընդունված է աշխարհի մեծերի կողմից, կարող է նրանց հետ ազատ շփվել, նույնիսկ՝ լուսանկարվել:

Սխալվելու չնչին հավանականությամբ՝ կարելի է արձանագրել, որ Փաշինյանը Փարիզ էր մեկնել ամենաշատը հենց այդ լուսանկարի համար (ինչու չէ, նաեւ Իլոն Մասկի հետ արված լուսանկարի): Աստվածամոր տաճարի վերաբացումը նրա համար հետաքրքիր էր այնքանով, որքանով կարող է նպաստավոր լինել իր իշխանական դիրքերն ամրապնդելու առումով: Այդ գործում նրան օգնության հասավ վաղեմի բարեկամը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, նախաձեռնելով մոլորակի ամենաազդեցիկ երկու կերպարների՝ Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Հանդիպումը տեղի ունեցավ, լուսանկարների խնդիրը լուծվեց, բայց գործադրված ջանքերը չտվեցին եւ, վստահաբար, չեն տալու ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ակնկալած արդյունքը: Թրամփն ու Մասկը այլ աշխարհում են ապրում, Փաշինյանը՝ բոլորովին այլ: Նրանց աշխարհներն անհամատեղելի են:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Գյումրիի եռօրյա փրայմըրիզում ամենաշատ քվեն հավաքել է Սարիկ Մինասյանը, որն էլ վարչապետի կողմից կնշանակվի քաղաքապետի ԺՊ՝ մինչեւ ավագանու՝ 2025թ. մարտին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների անցկացումը: Մինասյանն անկուսակցական է, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը, նախկին պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ավելի վաղ աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում։ Երկրորդ առավելագույն ձայները ստացել է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ 220 քվե, 143 հոգի էլ իր ձայնը տվել է իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Կարեն Սարուխանյանին։

Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը քիչ առաջ «Ազատությանը» հայտնեց, որ դեկտեմբերի 9-ին Հալեպի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն են այդ մասին իրենց հայտնել։ «Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնալ, թեեւ որոշ տնտեսական դժվարություններ ունենք»,- ասել է Աշգարյանը:

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է. այդ մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ երկու հոդվածների վրա աշխատանքները շարունակվում են։ Բայրամովը դարձյալ կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում: «Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ»,- ասել է նա: Պաշտոնական Երեւանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարեւան երկրների նկատմամբ:

Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Հակոբ Ասլանյանը հեռացվեց ԱԺ խմբակցությունից. այս մասին դեկտեմբերի 11-ին ԶԼՄ-ներին հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կուսակցությունից Հակոբ Ասլանյանին հեռացնելու որոշումը կորոշվի վարչության առաջիկա նիստում: Ըստ խմբակցության քարտուղարի՝ Հակոբ Ասլանյանը չի ցանկանում մանդատը վայր դնել։ Ինքը՝ Ասլանյանը, հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալուց: Խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաեւ ՔՊ կուսակցության որդեգրած արժեքների ու քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»:

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինի պնդմամբ՝ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Միացյալ Նահանգների ազդեցությունը սկսել է նվազել։ Այս մասին Նարիշկինը նշել է դեկտեմբերի 10-ին “Разведчик” ամսագրին տված հարցազրույցում։ «Ադրբեջանն ու Հայաստանը առանձնապես չեն հետեւում խաղաղ կարգավորմանը վերաբերող Միացյալ Նահանգների եւ ԵՄ խորհուրդներին՝ գերադասելով բոլոր հարցերը ինքնուրույնաբար լուծել»,- պարբերականին ասել է Նարիշկինը:

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն դեկտեմբերի 10-ին մեղավոր ճանաչվեց. Այս մասին «Ազատության»-ը փոխանցել են Հակակոռուպցիոն դատարանից։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Դատարանը նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման, բայց Փիլոյանն անազատության մեջ կանցկացնի 4.5 տարի, քանի որ կես տարի եղել է կալանքի տակ։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Փիլոյանից բռնագրավել 860 հազար դրամ:

Փետրվարի 08 2025
Հունվարի 25 2025
Հունվարի 18 2025
Հունվարի 11 2025
Դեկտեմբերի 29 2024
Դեկտեմբերի 21 2024
Դեկտեմբերի 14 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: