Չորեքշաբթի, Ապրիլի 01, 2020

Շաբաթվա անցուդարձ

7-14 դեկտեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մոտ մեկ միլիոն դոլար գումարի հափշտակության կազմակերպման գործով առաջադրված մեղադրանքի շուրջ բուռն արձագանքները ամենաքննարկվող թեմաներից մեկն էին նաեւ այս շաբաթվա ընթացքում: Մեղադրանքի համաձայն՝ 2013-ի հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած օրերին Սարգսյանը կազմակերպել էր պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակման կատարումը:

Ըստ ՀՔԾ-ի, վերը նշված ժամանակահատվածում գյուղատնտեսական կարիքների համար հատկացված վառելանյութի իրացման մի ծրագրով բաշխվել էր ավելի քան 12 միլիոն լիտր վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել էր ավելի քան 1 միլիարդ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 միլիոն դրամ, այսինքն՝ դիտավորությամբ վատնվել էր ավելի քան 423 միլիոն դրամ ավելի վճարված գումարը:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

…Եվ այսպես, «թավշյա» հեղափոխությունից հետո հայտարարված` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը որքան անսպասելի, նույնքան էլ կանխատեսելի էր: Երկրի առաջին դեմքի կարգավիճակում Սարգսյանի 10-ամյա կառավարման օրոք դժգոհությունների մեծ բեռ էր կուտակվել նրա ուսերին, թերեւս` ամենամեծը անկախության տարիների բոլոր երեք ղեկավարների մեջ: Ժողովրդի մեծամասնության գնահատմամբ` Հայաստանի հետանկախական շրջանի առաջնորդների հարցում մեր բախտն ուղղակի չի բերել: Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը մեծապես քննադատվում է «մութ ու ցուրտ» տարիների, զանգվածային աղքատության հանգեցրած «թալանչիական» սեփականաշնորհման, ինչպես նաեւ Արցախի խնդրում թուլակամ վարքագծի կամ պարտվողական տրամադրությունների համար: Երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի կերպարն ավելի շատ մտազուգորդվում է պաշտոնեական կեղծիքի, չարաշահումների, հակաօրինական գործողությունների եւ ընդդիմախոսների նկատմամբ կոշտ վերաբերմունքի դրսեւորումների հետ: Իսկ Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների հանդեպ հանրության ատելությունը գագաթնակետին էր հասել վերջինիս պաշտոնավարման երկրորդ ժամկետում, մասնավորապես` 2013-ի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների մրցավազքում իրապես ընտրված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը յուրացնելուց հետո: Սարգսյանը ստեղծել էր անխափան աշխատող կոռուպցիոն բուրգ, որում վերից վար ընդգրկված էր կառավարման գրեթե ողջ համակարգն` իր օղակներով, իսկ իշխող ՀՀԿ-ն վերածվել էր օլիգարխների եւ մյուս խոշոր փողատերերի ակումբի: Սերժին ժողովուրդը չսիրեց ոչ միայն դրա համար, այլ նաեւ այն պատճառով, որ քաղաքացիների հետ երբեք անկեղծ չեղավ եւ, բացի դրանից, ուներ անառողջ հակումներ:

Նկարագրված իրավիճակի համատեքստում ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը, դատելով որոշ արձագանքներից, կարող է «թեթեւ ժանրի» ներկայացում թվալ: Օրինակ` քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ` երեսուն տարի իշխանության բարձրագույն մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած եւ վարչապետի պաշտոնից անփառունակ հեռացված գործչին ընդամենը նման մեղադրանքի առաջադրումը, թերեւս, ժողովրդին մատուցվող էժանագին ներկայացում է. «Մի ներկայացում, որ Սերժ Սարգսյանին պատժելու տեսիլք է ստեղծելու եւ երկարատեւ ակամա բեմականացում է ապահովելու: Իրականում դա կարող է եւ հնարք լինել` իբր թե պատասխանատվության կանչելու գործողությամբ, իսկ որոշ ժամանակ անց ազատել նրան հնարավոր առավել մեծաքանակ եւ առավել լուրջ մեղադրանքներից»,- կարծիք է հայտնել քաղաքագետը: Ըստ նրա, մեղադրանքի որակական կողմն օգտագործելով` ՀՀԿ-ն դա ներկայացրել է որպես քաղաքական հետապնդում: Նույն տեսակետին է նաեւ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը, որի համոզմամբ` ՀՀ երրորդ նախագահի ազատ տեղաշարժի սահմանափակումը հետապնդում է նրա զագրեբյան ելույթի կարգի հետագա հնարավոր ելույթները կանխելու նպատակ: Սարգսյանի որոշ այլ կողմնակիցներ էլ հայտարարում են, թե խափանման միջոցը` երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, հատուկ է ընտրված, որպեսզի Սարգսյանը հնարավորություն չունենա որեւէ մասնակցություն կամ դերակատարություն ունենալ Արցախում 2020-ի սկզբներին նախատեսված նախագահական ընտրություններում: Այս պնդումն ամեն ինչից զատ` վերահաստատում է ավելի վաղ մամուլում շրջանառված լուրը, թե նախկին նախագահը մտադրություն է ունեցել (եւ ունի) արցախյան ընտրություններում դնելու իր թեկնածությունը կամ սատարելու թեկնածուներից մեկին:

Եվս մեկ ուշագրավ նկատառում. մեղադրանքի առաջադրումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է: «Տվյալ գործը ոչ միայն արագացնում է հականիկոլական քաղաքական դաշտի կոնսոլիդացումը, այլ նաեւ ավարտին է բերում ՀՀԿ վերակառուցման գործընթացները»,- ասել է նա` ցուցաբերած «օգնության» համար նույնիսկ շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին: Աշոտյանն անդրադարձել է հատկապես Սարգսյանի` արտերկիր կատարելիք առաջիկա այցերին, որոնք, նրա ներկայացմամբ, պետականամետ առաքելություն ունեն: Հետեւաբար` առաջադրված մեղադրանքի համատեքստում հանրապետականները տեսնում են նախկին նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը կանխելու փորձ, ինչը, Աշոտյանի խոսքով, երբեք հաջողություն չի ունենա:

ՀՀԿ փոխնախագահի լավ տրամադրությունն ու ինքնավստահությունը, կարծես թե, խոսում են այն մասին, որ նախկին իշխող կուսակցությունում, այնքան էլ մտահոգ չեն իրենց առաջնորդին ներկայացված մեղադրանքով: Տեսականորեն սա կարող է առնվազն երեք պատճառ ունենալ. ա/ համարում են, որ ընդամենը մեկ միլիոն դոլարի յուրացումը հազիվ թե լուրջ հետեւանքներ ունենա, բ/ չեն բացառում, որ այն ներկայացում է Փաշինյան-Սարգսյան փոխհամաձայնությամբ, որը շուտով կավարտվի, գ/ գտնում են, որ տվյալ պահին իրենց ձեռնտու է առաջնորդին «փուռը տալը»: Չնայած վերջին տարբերակը կարելի է բացառել, որովհետեւ առաջնորդից իշխանությունը վերադարձնելու հույսեր նրանք դեռեւս փայփայում են: Մնում են առաջին երկու տարբերակները, եթե, իհարկե, հանկարծ չպարզվի, որ իրականում ոչ մի հետին միտք կամ պայմանավորվածություն էլ չի եղել, եւ քրեական գործի վարույթն անշեղորեն ընթանում է իր բնականոն հունով:

Ամեն դեպքում՝ առաջիկա զարգացումները ցույց կտան, թե տարբերակներից որ մեկն ավելի կենսունակ դուրս կգա:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին՝ ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում: Բանաձեւը, որն այս անգամ քվեարկության էր դրել դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը, պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչում Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների իրադարձությունները: Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ բանաձեւն ընդունվել է միաձայն, բայց` չորրորդ փորձից հետո:

Սենատի այս քվեարկությունը պատմական է, գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ Սենատում մեծամասնություն են կազմում նախագահ Թրամփի կուսակից հանրապետականները: Մինչ այս պահը Սպիտակ տունն այս քվեարկությանը չի արձագանքել, եւ առայժմ հստակ չէ` նախագահը կստորագրի՞, թե՞ կօգտվի վետոյի իր իրավունքից:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին ու զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ որպես մեր երկրի զարգացման ընթացքի եւ տեսլականի շուրջ մտքերի փոխանակության արդյունավետ հարթակ: «Ուրախ եմ` քննարկելու բոլոր հնարավոր խնդիրները, որոնք այսօր էական են ե´ւ մեր երկրի, ե՛ւ մեր ժողովրդի համար, ինչպես նաեւ Ձեզնից լսել կառավարության հաջողությունների մասին»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատել է. «Մեր աշխատանքային հանդիպումները կրում են պարբերական բնույթ, եւ վերջին ամիսներին, կարծում եմ՝ ե՛ւ Դուք, ե՛ւ ես բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, եւ շատ կարեւոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ»։

Դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը եւ պաշտոնական այլ անձինք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2015-ի սեպտեմբերի 11-ին ընդունված 69/323 բանաձեւը, որը դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, ՄԱԿ-ում ընդունվել էր միաձայն` այդ կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցչության առաջարկով: Այն խրախուսում է միջազգային հանրությանը՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին» կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու եւ ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:

Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ին քվեների 83 կողմ եւ 33 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում քննարկվեց եւ ընդունվեց հաջորդ օրը` դեկտեմբերի 11-ին:  Օրենքին կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 34։ Թեեւ լուսատախտակին գրվեց, որ օրենքը չի ընդունվել, գործուղման մեջ եղած 7 պատգամավորի՝ նամակով թողած քվեարկությունը որոշիչ եղավ: Ըստ օրենքի՝ եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը ՍԴ դատավորները` այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել օրինագծին:

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ-առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենի նկատմամբ: «Նախաքննությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ տնօրենը 2019-ի դեկտեմբերի 1-ին ժամը 13:15-ի սահմաններում «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մարտի 28 2020
Մարտի 21 2020
Մարտի 14 2020
Փետրվարի 29 2020
Փետրվարի 21 2020
Փետրվարի 14 2020
Փետրվարի 08 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: