Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024

Շաբաթվա անցուդարձ

9-16 նոյեմբերի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում մեկնարկեց COP-29-ի` ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի հերթական համաժողովը, որը կտեւի երկու շաբաթ։ Ակնկալվում էր, որ միջոցառմանը կմասնակցեն 100-ից ավելի պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, սակայն ոչ բոլոր հրավիրվածներն էին ներկայացել։ Մեկնարկային օրվա դրությամբ՝ անգամ Հայաստանը չէր կողմնորոշվել՝ մասնակցելո՞ւ է դրան, թե՝ ոչ: «Ցավոք, Երեւանը ներկայացված չէ COP-29-ում, թեպետ հայկական պատվիրակությունը գրանցվել էր համաժողովին մասնակցելու համար»,- նոյեմբերի 12-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:

Ինչպես հայտնի է, գագաթաժողովի անցկացումը Երեւանն էր զիջել Բաքվին՝ փոխարենը ստանալով գերիների մի խմբաքանակ, բայց՝ ոչ բոլորին: Կարմիր խաչի տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ տակավին 23 հայ է պահվում, այդ թվում՝ անցյալ տարվա սեպտեմբերին Հակարիի անցակետից առեւանգված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչ, որոնց հայրենադարձման հանրային պահանջներն Ադրբեջանի բռնապետական վարչակարգը ականջի հետեւ է գցում՝ վերջիններիս հանիրավի մեղադրելով ծանրագույն հանցագործությունների մեջ: Ըստ չստուգված այլ տեղեկությունների՝ Բաքվում պահվող ռազմագերիների ու մյուս հայազգի անձանց թիվը շատ ավելի մեծ է:

Համաժողովի շրջանակներում հայ գերիների հարցը, անշուշտ, դեռ կարծարծվի, բայց առայժմ ավելի հետաքրքիր է, թե կլիմայի հարցում եւ, ընդհանրապես, աշխարհում նշանակալի դերակատարում ունեցող պետությունների ղեկավարներից ովքեր եւ ինչ պատճառով չեն մասնակցում COP-29-ին: Առաջ ընկնելով՝ ամրագրենք, որ դրանց թիվը բավական պատկառելի է: Այսպես՝ Բաքվում կլիմայի փոփոխությունների խնդիրը կքննարկվի առանց Եվրոպայի ամենազդեցիկ երկրներից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի: Բաքվի ու Փարիզի սրված հարաբերությունների խորապատկերին Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջան չի մեկնի։

Առաջին դեմքի մակարդակով Բաքու չմեկնեց նաեւ Եվրոպայի մյուս ազդեցիկ եւ, թերեւս, ամենահարուստ պետության ղեկավարը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ իր երկրում ահագնացող ներքաղաքական ճգնաժամի պատճառով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ COP-29-ից իր բացակայությունը պատճառաբանել է պաշտոնավարման երկրորդ ժամկետը ստանձնելու պատրաստություններով: Հո չէ՞ր զոհելու իր կարիերան հանուն Բաքվի հավաքի, որքան էլ «վստահելի գործընկեր» համարի Ալիեւին: Իսկ Ալիեւի համար ամենացավոտը ՌԴ նախագահի չմասնակցությունն էր: Բանն այն է, որ Ուկրաինայի ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ էր արել Պուտինի ներկա գտնվելու դեպքում բոյկոտել համաժողովը։

Իրենց մասնակցությունը չեղարկողների ցանկում անուններ էլի կան, որոնցից են, օրինակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Միացյալ Նահանգների ընտրությունների հետ կապված որոշ հանգամանքների բերումով, ինչպես նաեւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան եւ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը՝ երկուսն էլ առողջական խնդիրների պատճառով: Զանազան պատրվակներով այս տարվա կլիմայի գագաթաժողովը խոշոր պետություններից բաց են թողել նմանապես Հնդկաստանի, Կանադայի, Հարավային Աֆրիկայի ու Ավստրալիայի վարչապետները, Չինաստանի նախագահը եւ այլք: Այսինքն՝ BRICS անդամ երկրների մեծ մասը Բաքու չի մեկնել:

COP-29-ը, ըստ մի շարք դիտարկումների, չունի նախորդների փայլն ու բովանդակային եզրերը: Հնարավոր է՝ պատճառը հյուրընկալ երկրի աուրան է, պարզ ասած, նրա շուրջ ստեղծված էներգատեղեկատվական դաշտը: «Անընդունելի է, որ կլիմայի վերաբերյալ համաժողովը հյուրընկալում է Ադրբեջանը՝ մի երկիր, որը շարունակաբար ճնշում է քաղհասարակությանը, բռնաճնշումների ենթարկում իր բնակչությանը, ոտնահարում մարդու տարրական իրավունքները, երկիր, որ էթնիկ զտումներ է իրականացնում հայերի դեմ, երկիր, որի տնտեսությունը լիովին կախված է հանածո վառելիքից»,- սա Բաքվին ուղղված բազմաթիվ քննադատություններից մեկն է, որը պատկանում է շվեդացի բնապահպան Գրետա Թունբերգին:

Միջազգային մամուլի արձագանքներն էլ ավելի առարկայորեն են բացահայտում Ադրբեջանի ապօրինությունները, որտեղ փորձում են կլիմայի ու բնապահպանության թեմայով այս կարեւոր հանդիպումը վերածել նավթի ու գազի նոր գործարքներ կնքելու, արտաքին ներդրումների հաշվին հանածո վառելիքի նոր հանքավայրեր շահագործելու, ասել է թե՝ օդն ավելի ինտենսիվորեն աղտոտելու միջոցի, ինչը ներհակ է այս օրերին հենց Բաքվում քննարկվող հրատապ օրակարգի ոգուն ու տրամաբանությանը: Տարօրինակ բան է ստացվում՝ այդպես չէ՞…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Իշխող «Քաղպայմանագիր» խորհրդարանական խմբակցությունը նոյեմբերի 12-ին մերժեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը։ Փաստաթղթով ԱԺ-ի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար։ Ձայների 30 կողմ եւ 0 դեմ հարաբերակցությամբ ընդդիմության նախագիծը չընդունվեց: ՔՊ-ն ողջ կազմով չմասնակցեց քվեարկությանը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում այժմ 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է:

Նոյեմբերի 14-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ընտրել է հայամետ կոնգրեսական Թուլսի Գաբբարդին։ Նա 2022-ին դուրս էր եկել Դեմկուսից եւ աջակցություն հայտնել Թրամփին։ Գաբբարդի նշանակման մասին իր հայտարարությունում Թրամփը գովաբանել է նրան «երկրի եւ բոլոր ամերիկացիների ազատության նպատակով» պայքարելու համար։ Ի դեպ, Գաբբարդը 2017-ին Հայաստան էր ժամանել ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում: Նա այցելել էր նաեւ Արցախ, խոսել Արցախի ազատության իրավունքի մասին, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ու բռնության դեմ:

Բաքուն հաստատեց, որ իր ճնշման արդյունքում է Հորդանանը ետ կանչել Արցախի մասին պատմող հայ ռեժիսորի ֆիլմը «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունից։ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Հորդանանի կողմից «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացրած ժապավենի բովանդակությունը «հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։ Ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական կինոնկարը պատմում է Արցախի ու արցախցիների մասին։ Գլխավոր հերոսը 11-ամյա Վրեժն է, որին բաժին են հասել ծանր փորձություններ եւ ավերված հայրենիք:

Հնդկաստանը Հայաստան է ուղարկել Bharat Electronics Limited-ի արտադրած «Աքաշ» զենիթահրթիռային համակարգի առաջին մարտկոցը, ինչի մասին նոյեմբերի 12-ին հաղորդել է The New Indian Express-ը։ «Աքաշ»-ը Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության կողմից ստեղծված «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է խոցել մինչեւ 25 կմ հեռավորության վրա գտնվող կործանիչներ, թեւավոր հրթիռներ, ԱԹՍ-ներ եւ այլն։ The New Indian Express-ը նշում է, որ Հայաստանը 2022-ին շուրջ 710 մլն դոլար արժողությամբ 15 «Աքաշ» հրթիռային համակարգերի ձեռքբերման պայմանագիր էր կնքել Հնդկաստանի հետ։ Նաեւ նշվում է, որ Հայաստանն առաջին օտար երկիրն է, որը գնել է այս հրթիռային համակարգը։

Հայաստանից եւ Ադրբեջանից ջրաբանների (հիդրոլոգ) ու ինժեներների մի խումբ է աշխատում սահմանով անցնող գետերի ջրերի կառավարման միացյալ սխեմայի վրա. այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարություն է տարածել Բաքվի ամերիկյան դեսպանատունը: Այդ երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկ Լիբբին հավելել է, որ աշխատանքներն ընթանում են ամերիկյան կողմի աջակցությամբ։

Նոյեմբերի 30 2024
Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: