Շաբաթ, Փետրվարի 27, 2021

Շաբաթվա անցուդարձ

5-12 դեկտեմբերի

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Դեկտեմբերի 7-ին թելեգրամյան ալիքներից մեկում տեղադրվել էր ձայնագրություն, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում նրան հայտնում է, որ Ալիեւը պատրաստ է 5 մլրդ դոլար տալ Արցախի հարակից 7 շրջանի դիմաց, ինչին ի պատասխան Սարգսյանն արձագանքում է․ «Ես 6 մլրդ կտամ Ալիեւին, եթե նա հրաժարվի այդ շրջաններից»։ Զրույցը տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի` նեղ կազմով նախագահների հանդիպման ժամանակ: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը չի հերքում տարածված ձայնագրության իսկությունը, սակայն կոռեկտ չի համարում մեկնաբանել այն, քանի որ դռնփակ ձեւաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն:

…Մոտ երկու րոպեանոց, ըստ երեւույթին, ոչ ամբողջական ձայնագրության վերջում երրորդ նախագահը հայտարարում է, որ չի կարող զիջել յոթ շրջանները, որովհետեւ 5 հազար մարդ է զոհվել դրանց համար մղված մարտերում: Տեսանյութն, անշուշտ, շատ հարցեր է առաջացնում, մարդիկ ցանկանում են իմանալ` արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ եղած քննարկումը, ինչո՞ւ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել, ինչպե՞ս է 2016-ին նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում եւ այլն: Բայց կա մի հարց, որն ամենաշատն է հուզում հանրությանը: Եթե ձայնագրության իսկությունը փաստ է` իսկ դա, կարծես թե, այդպես է, ուրեմն տրամաբանորեն հնարավոր է, որ նույն գործարքն առաջարկվել է նաեւ ՀՀ հաջորդ իշխանությանը, քանի որ Սարգսյանը հրաժարվել էր: Դա պարզ ֆիքսված է ձայնագրության մեջ:

Աղմկահարույց այս ձայնագրության համատեքստում տեղին է հիշատակել օրեր առաջ, իսկ ավելի ստույգ` դեկտեմբերի 1-ին, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանի կողմից առաջադրված 13 հարց-բացահայտումները, որոնք կապված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արցախյան պատերազմի ու հրադադարի հետ: Ներկայացնենք Վարդանյանի առաջին հարց-բացահայտումը ամբողջությամբ. «Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյա: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել` որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է սա փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»:

«Ուրիշը» զբաղվե՞ց, թե` ոչ, դժվար է ասել, բայց որ Վարդանյանի բացահայտման հետ ձայնագրության զուգադիպությունը բավական խոսուն է` պետք է խոստովանել: Միաժամանակ չի կարելի բացառել, որ ձայնագրությունը, հնարավոր է, կեղծված կամ կազմակերպված է: Ամեն դեպքում արժե, որ իրավապահ մարմինները դրանով զբաղվեն: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ձայնագրությունը պետք է քննության առարկա դառնա անցած ամիս իրենց առաջարկած պարիտետային հանձնաժողովում: «Այնտեղ պետք է կանչվեն ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիեւը, որի մասին մենք չենք իմացել: Կարեւոր հարցեր կան` այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Հայաստանի Հանրապետությանը, ի՞նչ պայմաններով է առաջարկվել եւ այլն»,- նշել է Մարուքյանը:

Նույնիսկ հնչեցին կարծիքներ, որ Սերժ Սարգսյանը լավ կաներ` այդ մասին խորհրդակցեր իշխանությունների եւ ժողովրդի հետ: Միգուցե իսկապե՞ս միտք ուներ Արցախի շուրջ անվտանգության գոտի հանդիսացող 7 շրջաններն այդքան խոշոր դրամական փոխհատուցման դիմաց վերադարձվեին Ադրբեջանին` ո´չ պատերազմ ու ավերածություններ կլինեին, ո´չ հավելյալ տարածքների կորուստներ եւ ո´չ էլ 5 հազար զոհ կունենայինք` այսպես էին դատում ոմանք: Բայց նման խորհրդածությունները չէին շեղում հանրության ուշադրությունը հիմնական հարցից. մի՞թե գործող իշխանությունը հանուն անձնական շահի գնացել է հողերի հանձնման գործարքի` ժողովրդին պատճառելով անասելի զրկանքներ ու մարդկային զոհեր: Տեղական եւ ռուսական լրատվամիջոցներում, հանրային քննարկումներում այդ մասին վկայող բավականաչափ փաստեր են արծարծվել:

Նմանապես կան կասկածահարույց մի շարք պատերազմական դրվագներ, որոնց մասին ռազմական գործիչներն ու փորձագետները բազմիցս խոսել եւ խոսում են: Բայց դավաճանական գործարքի իսկությունը հաստատել կամ հերքել հնարավոր է միայն համակողմանի մասնագիտական քննությամբ: Եվ միայն` նոր իշխանության պարագայում: «Պատերազմական» իշխանության օրոք նման կարգի գաղտնիքները փակված են լինում յոթ կողպեքով:

 

Անցած շաբաթավերջին Կառավարությունը` որպես անհետաձգելի ու չզեկուցվող հարց, իր նիստի օրակարգում ներառել էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն ու հապճեպ հավանություն տալով` ուղարկել Ազգային ժողով` հրատապության կարգով քննարկելու եւ ընդունելու առաջարկությամբ: Մինչ օրինագիծն իր հերթին է սպասում ԱԺ արագացված ռեժիմով քննարկվելիք հարցերի ցանկում, գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են նախագծում առկա այն վտանգավոր դրույթների մասին, որոնք լրջորեն սպառնում են բուհական ինքնավարությանն ու ակադեմիական ազատությանը, հայագիտական առարկաների, հետազոտությունների գերակայությանը եւ գիտության կառավարմանը:

Խնդրի առնչությամբ մտահոգություն են հայտնել ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ, հետազոտական կենտրոններ ու բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, որոնց կարծիքով` փաստաթուղթն իր հիմքում չունի ՀՀ-ում բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հստակ հայեցակարգ:

…Նախագծի շուրջ ընթացակարգային իրարանցումը, շտապողականությունը, հատուկ փութաջանությունը ինքնին կասկածի տեղիք են տալիս, որ ընդունվելիք փաստաթղթի մասով ինչ-որ բան այն չէ: Իսկ ավելի ստույգ` խոսքը «դրսից» ներմուծված եւ հեռահար նպատակներ հետապնդող ու քայքայիչ բնույթ ունեցող իրավական ակտի մասին է: Իր կարգավորումներով օրինագիծը, մասնագիտական գնահատականով, վտանգում է ոչ միայն հայագիտական առարկաների ու հետազոտությունների գերակայությունը, այլեւ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես: Փորձաքննության ընթացքում բուհական մասնագետների բազմաթիվ սկզբունքային դիտողություններ անտեսվել են, ավելին` վերջին պահին նախագծում տեղ են գտել առավել վիճահարույց դրույթներ, որոնցից մեկը, օրինակ, բուհերի կառավարիչներին ԿԳՄՍ նախարարի կողմից մինչեւ 5 տարի ժամկետով նշանակելու վերաբերյալ դրույթն է:

Սրանում ոլորտի գիտակները ռիսկեր են տեսնում: Խնդիրն այն է, որ նախարարի կողմից նշանակվող ռեկտորին տվյալ օրինագծով որեւէ պահանջ չի ներկայացվում, ինչը գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքների ու օրինական շահերի ոտնահարում է: Մյուս կողմից` գաղտնիք չէ, որ Հայաստանում տակավին կենսունակ է այսպես կոչված` «խնամի-սանիկական» մշակույթը, երբ բարձրաստիճան պաշտոնյան թափուր տեղի համար փնտրում է ոչ թե արհեստավարժ մասնագետներ, այլ մտերիմներ ու հավատարիմներ: Այնպես որ, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծում չկա որեւէ երաշխիք, որ ԿԳՄՍ նախարարը բուհի ռեկտորի պաշտոնում նշանակելու է իր մերձավոր շրջապատից դուրս այնպիսի անձի, ով կլինի ամենաարժանավորը: Նախարարի նշանակած ռեկտորն իր հերթին նույն սկզբունքով դեկաններ ու այլեւայլ աշխատակիցներ է նշանակելու` գիտության «հերն անիծելով»:

«Ես սա կհասկանայի, եթե վստահ լինեի, որ այդ նշանակումները կլինեն շատ օբյեկտիվ, բայց բոլորս էլ գիտենք, որ լինելու են լոյալ` սեփական թիմից, նույն կուրսից, նույն խմբից, նույն կուսակցությունից։ Դրա համար ես այնքան էլ չեմ հավատում, որ Հայաստանում սա [օրենքը] կարող է աշխատել»,- համոզմունք է հայտնել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Ոլորտի պատասխանատուները դժգոհում են, որ  չնայած նախագիծը ԵՊՀ գիտական խորհրդում եւ տարբեր ստորաբաժանումներում քննարկվել ու արժանացել է բազմաթիվ էական դիտողությունների, սակայն դրանցից ոչ մեկը հեղինակների կողմից հաշվի չի առնվել: Մասնագետները պահանջում են անհապաղ ետ կանչել այս նախագիծը Ազգային ժողովից եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ անցկացնել։

Իսկ քննարկումների անհրաժեշտություն իսկապես կա, որովհետեւ նոր նախագծի մի շարք դրույթներ ուղղակի սպառնալիք են հայագիտական առարկաների, հետեւաբար մեր պատմության, լեզվի, կրոնի եւ հոգեւոր մյուս արժեքների համար: Այդ մասին շատ է խոսվել, սակայն պատշաճ ուշադրության չի արժանացել: «Ոչ մի տրամաբանություն չկա, թե ինչու պիտի հայոց լեզու եւ գրականություն առարկան Հայաստանում օտար լեզվի, ասենք` անգլերենի կամ ռուսերենի կողքին դրվի որպես դիմորդի համար կամընտրական»,- իրավացիորոն մտահոգվում է ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը: Խնդիրն ունի նաեւ քաղաքական բաղադրիչ, որը չի վրիպել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի ուշադրությունից: «Այս քայլով ցանկություն կա քաղաքական վերահսկողության տակ վերցնել բուհերը։ Բուհերում կսկսվեն քաղաքական շատ ավելի լուրջ բախումներ, բոյկոտներ, հացադուլ, դասադուլ, անկանխատեսելի այլ գործընթացներ, որպեսզի մեր Կառավարությունը չփորձի այդ օրենքն ընդունել»,- «Ազատության» հետ զրույցում ընդգծել է Գոգյանը:

Ամփոփելով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ դիտարկումները, կարելի է արձանագրել, որ սույն փաստաթուղթն այս պահի դրությամբ հրատապ խնդիր չէ: Փոխարենը կան գերիների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման, անհայտ կորածների որոնման, սահմանազատման հետ կապված ավելի կարեւոր ու անհետաձգելի հարցեր, որոնցով պետք է լրջորեն զբաղվել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քան տողով

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ` դեկտեմբերի 8-ին, Արմեն Սարգսյանը նույն օրակարգով հանդիպել էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նախագահների հանդիպումների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը դեկտեմբերի 8-ին հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները` «կանխելու համար հասարակական կյանքում առկա ցնցումներն ու հնարավոր բախումների ողբերգական հետեւանքները», որոնք պայմանավորված են ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերներով եւ վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով։ Նույն օրվա իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի կոչով դիմել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը` Հայաստանում ստեղծված իրավիճակը նմանեցնելով «ահավոր փոթորիկի մատնված անղեկ նավի»:

Դեկտեմբերի 7-ին մեկնարկել է երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող` ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը Ռուսաստանի իր պաշտոնակցի` Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ երկկողմ կապերի ողջ շրջանակը: Բանակցությունների առանցքային թեման, այդուհանդերձ, ԼՂ վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման գործնական ասպեկտներն են եղել: Մոսկվայից Արա Այվազյանը մեկնել է Ֆրանսիա, որտեղ հակառակորդի տարածքում մնացած հայկական հուշարձանների հարցով խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ, ինչպես նաեւ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանիին։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն դեկտեմբերի 10-ին այցելել է ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ նախօրեին հայկական կողմին փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից եւ տարվել Բաքու։ Երեք գերիները տարեց մարդիկ են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ։ Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով: Միաժամանակ հայկական կողմին է փոխանցվել մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ` հայկական կողմին դեռեւս անհայտ հանգամանքներում։

Փետրվարի 20 2021
Փետրվարի 12 2021
Հունվարի 29 2021
Հունվարի 24 2021
Հունվարի 17 2021
Դեկտեմբերի 27 2020
Դեկտեմբերի 19 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Նիշքեր

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: