Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հովհաննավանքում անցած կիրակնօրյա պատարագը, որը Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ ու հովանավորությամբ կատարում էր կազմալույծ քահանա Ստեփան Ասատրյանը, անցնող շաբաթվա ամենաաղմկահարույց թեման է: Հանրությունը տեղի ունեցածը բնորոշում է որպես Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն ուղղված պղծություն: Հենց պատարագի եռուն պահին եկեղեցում գտնվող՝ Հայկ Դորունց անուն-ազգանունով մի երիտասարդ՝ ապօրինի արարողությունից ազդված, բացականչեց. «Ստեփան Ասատրյան, դուք կարգալույծ եք, չե՛ք կարող պատարագ մատուցել…» Բայց Հայկը չհասցրեց ավարտել խոսքը: Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը վրա պրծավ, պինդ փակեց նրա բերանն ու դուրս հանեց եկեղեցուց։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքացուն հեռացրել են եկեղեցու տարածքից, եւ այդտեղ նա մինչեւ արարողության ավարտ չի երեւացել: Հայկ Դորունցը ոչ մի սխալ բան չի արել. նա իր կարծիքն ազատ արտահայտել է, որի իրավունքն ունի: Չմոռանանք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիմանում էր Մայր Աթոռին՝ պնդելով, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ էր հռչակվել ազատ կամարտահայտության համար: Ուրեմն՝ ինչո՞ւ չկշտամբեց իր թիկնազորի անդամին, երբ վերջինս նույն ազատ խոսքի համար ֆիզիկական ճնշում գործադրեց քաղաքացու վրա եւ կոպտորեն խախտեց նրա խոսքի իրավունքը: Թե հայկական ժողովրդավարության յուրահատկությո՞ւնն է այդպիսին՝ ընտրողաբար:
Այն, ինչ հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի զորակցությամբ տեղի ունեցավ Հովհաննավանքում, մեծ հաշվով, կանխատեսելի էր: Ավելին՝ ոլորտի մասնագետները կանխավ զգուշացրել էին հնարավոր զարգացումների բարոյական եւ, հատկապես, իրավական հետեւանքների մասին: Սակայն Փաշինյանի պես կամակոր անձը ավելի շուտ անունը կփոխեր, քան կհրաժարվեր ՀԱԵ-ն արատավորելու եւ Ամենայն Հայոց Հայրապետին անվանարկելու սեւեռուն գաղափարից: Հանուն դրա կամ իրականում հանուն իշխանական աթոռի՝ նա պատրաստ էր անգամ ծնկի գալ կարգալույծ, իր օրինակարգությունը սպառած, անհասկանալի մի գոյանքի առջեւ:
Հայաստանն իրավական, հիրավի՝ ժողովրդավարական պետություն լիներ, հազիվ թե մեզանում տեղ գտնեին այնպիսի պղծություններ, որոնց ականատեսը եղանք կիրակնօրյա Հովհաննավանքում: Բազմաթիվ դիտորդների գնահատանքով՝ այդ օրը կատարվածը, ըստ էության, Փաշինյանի ձախողումն էր: Այդչափ գովազդելուց, վարչական ռեսուրսներ կիրառելուց հետո հազիվ 600-650 մարդ էր հավաքվել, այն էլ՝ բարձրաստիճան պետական ծառայողներ, նիկոլական «սեկտայի» մի քանի ներկայացուցիչներ, քաղաքացիական հագուստի մեջ «ծպտված» ուժայիններ, եւ վերջ: Այսուհանդերձ՝ պետք է հստակ գիտակցել շատ կարեւոր մի բան՝ Փաշինյանի ձախողումն այն ամենը չէ, ինչն անհրաժեշտ է մեր երկրին ու ժողովրդին:
Սփոփվել դրանով՝ կնշանակի խաբել ինքնիրեն կամ ուղղակի նիրհել «հաղթանակի» դափնիների վրա, մինչդեռ Հովհաննավանքի եկեղեցում մենք ականատես եղանք խիստ մտահոգիչ մի երեւույթի: Հայ ոստիկանը խոչընդոտում էր օրինական քահանայի մուտքը եկեղեցի, որն այդ օրը պիտի իրականացներ պատարագի ծեսը, եւ «կանաչ լույս» էր վառում կարգալույծ հռչակված նախկին հոգեւորականի առջեւ՝ ակամա դառնալով մասնակիցը քրեորեն պատժելի մի արարքի, որն իրեն պարտադրում են: Լուրեր էին պտտվում, որ Փաշինյանի պարտադրված «շոուին» մասնակցելուց հետո ոմանք իրենց տները չէին մտնում, գնում էին ծանոթ քահանայի մոտ՝ մեղքերի թողություն հայցելու գործած սրբապղծության համար:
Փաշինյանը հազիվ թե մեղքերի թողություն ստացած լիներ: Ընդհակառակն՝ նա մտադիր է Հովհաննավանքի եկեղեցի այցելել նաեւ հաջորդ կիրակի՝ նոյեմբերի 2-ին: Այս անգամ նրան չհաջողվեց բավարար թվով համախոհներ հավաքագրել, միգուցե հաջորդիվ բախտը ժպտա: Նրան աջակիցների մեծ բանակ է հարկավոր Մայր Աթոռի վրա գրոհելու համար: Առջեւում խորհրդարանական ընտրություններն են՝ արտահերթ կամ հերթական, եւ մինչ այդ, պետք է հասցնի Վեհարանն իրենով անել, որպեսզի տիրապետի եկեղեցու ունեցած ցանցային լայն հնարավորություններին: Բոլոր նախանշանները կան, որ նա ուզածին չի հասնի: Մնացածը ցույց կտա ժամանակը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հոկտեմբերի 27-ին լրացավ 20-րդ դարավերջի հայտնի ոճրագործության 26 տարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ ու հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների հիշատակին: 1999թ.-ին Նաիրի Հունանյանի հանցախումբը՝ ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին, Ռուբեն Միրոյանին, եւս 4 գործիչների: 8 հոգի վիրավորվեց: 2003թ. դեկտեմբերին դատարանը Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի մեկ անդամի՝ 14 տարվա ազատազրկման: Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուները:
Միացյալ Նահանգների կառավարությունը նախատեսում է մինչեւ այս տարեվերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ. Այս մասին ադրբեջանական «Report»-ին տեղեկացրել են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից. «ԱՄՆ-ը հանձնառու է իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը»,- փոխանցել են Պետդեպից՝ ողջունելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող վերջին բովանդակային երկխոսությունը եւ գործնական քայլերը։ Պետդեպը նաեւ բարձր է գնահատել իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն արտոնելու Ադրբեջանի վերջին որոշումը, ինչպես նաեւ երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երեւանում։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր։ Այցի շրջանակներում ՀՀ վաչապետը մասնակցել է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին եւ մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցել։ Իսկ հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը հանդիպել էին նաեւ այս ամսվա սկզբին՝ Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթաժողովի շրջանակներում: Նրանք քննարկել էին տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ՀՀ-ում վայրէջք կատարելուն պես կալանավորվեց: Այս մասին լրագրողներին ասել է նրա հետ օդանավում գտնվող ընդդիմադիր Նարեկ Մալյանը. «Միանգամից հենց ինքնաթիռի դռան մոտից եկան կալանավորեցին, տարան, էլի, էդ կարամ ասեմ»: Դատարանը օրերս Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչեց 2018թ. հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման: Դավիթն այդ ժամանակ գտնվում էր ՌԴ-ում, հետո հայտարարեց, որ, այնուամենայնիվ, վերադառնալու է: «Զվարթնոց»-ի VIP սրահին կից հատվածում մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքված՝ ինչպես Համբարձումյանի քաղաքական թիմը, այնպես էլ Մասիսի բնակիչներ, որոնք եկել էին՝ սատարելու իրենց քաղաքապետին:

