Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Շաբաթվա անցուդարձ

9-16 նոյեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Երեւանում էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանցի իր պաշտոնակցի` Զոհրաբ Մնացականյանի հետ նա մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Երկօրյա այցի ընթացքում Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ բանակցություններ է վարել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Երեւանում գտնվելու առաջին օրը Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

…Այցի նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարարը բացառիկ հարցազրույց էր տվել «Մեդիամաքս»-ին` նշելով, որ Հայաստանի նոր իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերում են լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ գործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ` ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում: Դրա վկայությունը, ըստ նախարարի, ամենաբարձր մակարդակով անցկացվող քաղաքական երկխոսության կայուն դինամիկան է, միջգերատեսչական եւ միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը: «Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձեւավորել ապագայի համար»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Հավանաբար` դիվանագիտական վարքականոնը թույլ չի տալիս ըստ էության անդրադառնալ երկու երկրների հարաբերություններում առկա ստվերոտ կողմերին, ինչը իր հարցազրույցում նախարարը բնորոշել է «տարընթերցումներ» համեստ բառեզրով: Որոշ դիտարկումներով` ՌԴ իշխանությունները, ինչպես նաեւ ռուսական առանձին փորձագիտական շրջանակներ, մեղմ ասած, չեն վստահում ՀՀ նոր իշխանություններին: Նրանց կարծիքով` Հայաստանի իշխանական վերնախավը երկդիմի խաղ է խաղում` խուսանավելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Պաշտոնական Երեւանի աշխարհաքաղաքական «դեգերումներին» խանդով վերաբերվող մեծամասնության համար համոզիչ գործոն չէ նույնիսկ այն, որ 2019-ին Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի եւ վարչապետ Մեդվեդեւի հետ ունեցել է 4-ական հանդիպում, որոնցում միշտ մատնանշվել է, որ Հայաստանը վարում է հավասարակշռված ու պատասխանատու արտաքին քաղաքականություն: Փաստն այն է, որ անկախությունից ի վեր անցած ողջ ժամանակաընթացքում հայ-ռուսական հարաբերությունները` տարբեր գործոններով պայմանավորված, վերելքներ ու վայրէջքներ են ապրել, եւ դրանում արտասովոր ոչինչ չկա` շահերի բախումներն, ի վերջո, հարատեւ գործընթաց են:

Փոխարենը` արցախյան հիմնախնդրի անդրադարձում ՌԴ արտգործնախարարը բավական բացախոս էր: Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հարցի առնչությամբ, որն «ամենադժվարներից» է, Լավրովն ընդգծել է. «Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա»: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ կարգավիճակի հարցում մեր ռազմավարական դաշնակիցը երբեք ավելորդ լավատեսություն չէր արտահայտել, Լավրովի մոտեցումները լիովին դիտարկելի են դրական լույսի տակ` որպես մեծ առաջընթաց: Եվ սա դեռ բոլորը չէ: ՌԴ-ն իր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի շուրթերով եւս մեկ անգամ բարձրաձայնեց, կարծես թե, վաղուց մոռացված` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես նաեւ կարեւորեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկությունը: Մի բան, որը երկար ժամանակ գերակա չէր դիտվում ռուսական կողմի համար, եւ որն առաջ բերեց պաշտոնական Բաքվի վրդովմունքը:

Բայց ամենուշագրավը Նիկոլ Փաշինյանի այն բանաձեւի սրբագրումն էր, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների շահերը: Լավրովն ավելի դիպուկ եւ միանշանակ ձեւակերպեց կարգավորման ալգորիթմը. «Լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար»: Եվ վերջ:

 

Անցնող շաբաթվա ընթացքում ՀՅԴ Երիտասարդական միության անդամները եւ ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողներ շարունակում էին օրեր առաջ հայտարարած բողոքի գործողությունները` պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բողոքավորները երթով քայլում էին դեպի նախարարության շենք՝ շարունակելու նստացույցն ու դասադուլը եւ իրազեկման ակցիա անցկացնելու մայրաքաղաքում՝ բուհերի ուսանողներին կոչ անելով միանալ իրենց: Բողոքի մասնակիցների կարծիքով՝ Հարությունյանի կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն: Նոյեմբերի 13-ին ակցիային աջակցելու էին եկել նաեւ ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ:

Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

…Ավելի վաղ ակցիայի մասնակիցների հետ հանդիպել ու նրանց պահանջները լսել էին նախարար Արայիկ Հարությունյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն ո´չ վարչապետի հորդորները, ո´չ էլ նախարարի պարզաբանումները, ըստ երեւույթին, երիտասարդներին չէին համոզել: Բողոքավորները վարչապետին ասացին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տապալում է կրթական համակարգը, ինչին ի պատասխան Փաշինյանը հակադարձեց, թե «Հայաստանում Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական ծրագիրը, այլ՝ Կառավարությունը»: Քննադատության սլաքը, սակայն, հիմնական թիրախից՝ ԿԳՄՍ նախարարից չշեղվեց. աշխատանքային քննարկման դրված` «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ կրքերը  ոչ մի կերպ չհանդարտվեցին: Ինչպես հայտնի է, այդ նախագծի համաձայն՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Պետք է նկատել, որ երիտասարդների ակցիաներն անցնում են ոչ առանց հետաքրքիր դրվագների: Մի քանի օր առաջ ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ տղաները դատարկ արկղեր էին տեղադրել, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց հետո դրանցում դասավորի իր իրերը եւ հեռանա: Հումորին նախարարը պատասխանել էր սպառնալիքով. «Ես պատրաստվում եմ այդ արկղերը լցնել այդ ոլորտի վերաբերյալ տասնյակ քրեական գործերով եւ հետ ուղարկել իրենց»,- ասել է Հարությունյանը՝ նկատի ունենալով ՀՅԴ-ական նախարարի օրոք ԿԳ ոլորտում, իր կարծիքով, տեղի ունեցած խոշոր չարաշահումները:

Ընդհանրապես ասած՝ սպառնալիքների լեզվով խոսելը մշակված վարքագիծ է դառնում պաշտոնատար անձանց համար: Ապավինելով ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի ուժին, նրանք մի դեպքում սպառնում են անհնազանդներին «պառկեցնել ասֆալտին», մյուս դեպքում պատրաստվում են փորփրել բողոքավորների եւ նրանց համախոհների անցյալն ու դատական գործեր սարքել, երրորդ դեպքում մտմտում են ցրել անհաճո կառույցը, օրինակ Հանրային խորհուրդը՝ խաղալով մարդկանց հեղինակության ու արժանապատվության հետ: Սա արդեն վտանգավոր պահվածք է, որից վատ հոտ է գալիս: Սթափվել է պետք:

Իսկ բողոքի գործողությունները, կարծես թե, աճի միտումներ են դրսեւորում: Դրանց աջակցում են հակասորոսական «ՎԵՏՕ» շարժման խորհուրդը, «Կամք» հասարակական նախաձեռնությունը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը եւ մի շարք այլ կառույցներ ու անհատներ: Իսկ ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ «Ազգային օրակարգ» կուսակցությունը՝ կոչ անելով պաշտոնից ազատել նախարար Արայիկ Հարությունյանին, ինչպես նաեւ դիտարկել արհեստականորեն ձեւավորված ԿԳՄՍ նախարարությունը առնվազն երկու նախարարությունների վերակազմավորելու հնարավորությունը: Թե ինչ ավարտ կունենա դասադուլը դադարեցնելու մասին մի խումբ դասախոսների կոչերը, ցույց կտա մոտակա ժամանակը:

Եվ վերջում՝ ցուցարարների մի քանի հակիրճ արձագանք. Արծվիկ Մինասյան (ԿԳՄՍ նախարարի հնչեցրած այն հայտարարության առնչությամբ, թե մուտքի մոտ բերված դատարկ արկղերը լցնելու է ՀՅԴ անդամների նկատմամբ քրեական գործերով).  «Առնվազն երկու հոդված այստեղ կա. սուտ մատնություն եւ հանցագործության պարտակում։ Թող նախարար Հարությունյանն ինքն ընտրի Քրեական օրենսգրքի` իր համար առավել ընդունելի հոդվածը»: Լիլիթ Գալստյան. «Այս իշխանությունը պատերազմ է հայտարարել այն ամենին, ինչն ազգային է»: Էդվարդ Գալստյան. «ԼԳԲՏ-ի քարոզչությունը, հակաեկեղեցական գործողությունները, բուհերում աննախադեպ «գաղջ մթնոլորտի» ձեւավորումը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով»:

Խելացի իշխանությունը պետք է անսա իր քաղաքացիների ձայնին, այլ ոչ թե նրանց «փռի ասֆալտին»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-ին երկօրյա այցով մեկնեց Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։ Հաջորդ օրը` նոյեմբերի 12-ին, նա մասնակցեց Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը եւ միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես եկավ ելույթով։ Փարիզ այցի շրջանակում ՀՀ վարչապետն այցելեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ եւ հանդիպում ունեցավ ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Վարչապետը եւ նրա տիկինը այնուհետեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցեցին այդ կազմակերպության 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին, որի թեմատիկ քննարկման շրջանակում հանդես եկավ ելույթով։ Նա նաեւ հանդիպում ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ եւ հարցազրույց տվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։ Խաղաղության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ազգային ժողովում մեկնարկած՝ նոյեմբերի 12-ի հերթական նիստի օրակարգում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենքների նախագծեր` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին եւ այլն: Մեկնարկել է նաեւ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված 2020թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում: Այս բյուջեով տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ»,- ասել է Միքայել Մելքումյանը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգի շուրջ` դրանցում մեծապես կարեւորելով մշակութային, հումանիտար ոլորտներում սերտ ավանդական համագործակցությունը: Զրուցակիցներն արծարծել են միջազագային եւ տարածաշրջանային հրատապության թեմաների լայն շրջանակ, անդրադարձել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում ձեռնարկվող քայլերին ու առկա մարտահրավերներին, Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերին:

Շուշիում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում միաձայն որոշվել է գալիք տարվա գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ, Արցախի էքսվարչապետ Արայիկ Հարությունյանին: Ավելի վաղ նախագահական ընտրություններում իրենց թեկնածություններն առաջադրելու մասին հայտարարել էին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւս չի բացառել իր առաջադրումը։

Նոյեմբերի 29 2019
Նոյեմբերի 22 2019
Նոյեմբերի 15 2019
Նոյեմբերի 08 2019
Հոկտեմբերի 25 2019
Հոկտեմբերի 19 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am