Ուրբաթ, Մարտի 29, 2024

Շաբաթվա անցուդարձ

Նոյեմբերի 10-17

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, որի օրակարգում` ի թիվս մեկ տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին այլ հարցերի, ներառված էր նաեւ Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Խորհրդարանում այն ներկայացրել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

2019 թվականի բյուջեի քննարկմանը մասնակցել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Սա համարում եմ իներցիոն բյուջե, քանի որ հիմնված է այնպիսի պարամետրերի վրա, որոնք ստացել ենք որպես ժառանգություն»,- մասնավորապես ասել է Փաշինյանը, որի ելույթին հակիրճ կանդրադառնանք մեկնաբանության մեջ:

...Նախ՝ բերենք ընդհանուր պատկերը բնութագրող մի քանի տվյալներ: Այսպես՝ 2019 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 614 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 1 տրիլիոն 462.4 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 151.6 մլրդ դրամ։ Դեֆիցիտի մեծ մասը՝ 98.56 մլրդ դրամը, ֆինանսավորվելու է արտաքին պարտքի, 53 մլրդ դրամը՝ ներքին պարտքի հաշվին։ Եկամուտների մեծ մասը՝ 1 տրիլիոն 396.9 մլրդ դրամը, ապահովվելու է հարկային մուտքերի հաշվին։ Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշին, ապա եկող տարվա համար այն սահմանված է 4,9 տոկոս: Եվ այսպես՝  2018թ. հաստատված թվերի համեմատությամբ բյուջե-2019-ը բավական տեսանելի աճ ունի: Եկամուտների գծով այն կազմում է 154 մլրդ դրամ կամ մոտավորապես 12%, իսկ ծախսերի գծով՝ 148.8 մլրդ դրամ կամ 10%։

Ոլորտի մասնագետների հավաստիացումներով՝ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով մի քանի նոր հանգամանքներ: Առաջին՝ պետք է իրականացվի պարտքը կայունացելու միտում ունեցող հարկաբյուջետային քաղաքականություն, որի տրամաբանությունը հետեւյալն է՝ «պարտք վերցնել միայն կապիտալ ծախսերի համար, պարտք չվերցնել ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու համար»: Հաջորդ առանձնահատկությունը՝ 2019 թվականից պետական բյուջեն պետք է օրենքում ներկայացված լինի ծրագրային ձեւաչափով: Սա նշանակում է, որ բյուջեի շրջանակում օգտագործվող ֆինանսական միջոցները, ըստ էության, մղվում են երկրորդային պլան եւ կարեւորվում են արդյունքային ցուցանիշները: Ավելի պարզ ասած՝ առաջին պլան են մղվում այն միջոցառումները, որոնք նախատեսվում են իրականացնել վերջնական արդյունքներին հասնելու համար: Երրորդ՝ ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ շուրջ 44 տոկոս: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով՝ աշխատանքներ են տարվելու նաեւ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք, ըստ նրա, հանգեցնելու են ծախսային արդյունավետության:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին, նախեւառաջ բերենք նրա այն գնահատականը, թե շնորհիվ բյուջետային քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունների, մեր բյուջետային եւ տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն: «Մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում՝ որպես հանրային փոփոխությունների կարեւոր պայման, մենք համարում ենք անհատական ջանքը: Երկրում չեն կարող տեղի ունենալ դրական փոփոխություններ, եթե դրա հիմքում ընկած չէ անհատական ջանքը»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով յուրաքանչյուրի համար տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորության ստեղծման հրամայականը:

Այսուհանդերձ՝ պետք է նկատել, որ այս բյուջեից հանրության ակնկալիքներն այլ էին, քան Փաշինյանի բնորոշած «իներցիոն»-ը: Մարդիկ իրական աճ էին սպասում՝ մտածելով, որ ստվերի դեմ այժմ տարվող պայքարի արդյունքում հարկման բազան կտրուկ կմեծանա ու կբերի եկամուտների աճի: Բայց նման բան տեղի չունեցավ, եւ ժողովրդի սոցիալական խնդիրների՝ աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հույսերն ի դերեւ ելան: Առանց այդ էլ սոցցանցերում մեծ աղմուկ էր հանել Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված կշտամբանքը, թե վերջինս չի ուզում աշխատել, նախընտրում է ապրել պետության նպաստների հաշվին: Մարդիկ էլ, իրենց հերթին, աշխատատեղեր էին պահանջում նոր իշխանությունից:

Թերեւս՝ իշխանափոխությունից հետո սա կառավարություն-հասարակություն փոխադարձ դժգոհությունների առաջին բացահայտ արտացոլանքն էր: Տա Աստված՝ վերջինը լինի:

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ. այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների` պատշաճ մակարդակով անցկացմանը: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ:

…Եվ այսպես` ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը (ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (175 թեկնածու), ՀՀԿ-ն (125 թեկնածու), ՀՅԴ-ն (152 թեկնածու), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Գործող իշխանության «Իմ քայլը» դաշինքում միավորված են «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն», իսկ «Մենք» դաշինքում` «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից 4-ը նորաստեղծ են`«Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց» եւ «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:

Համընդհանուր կարծիքով`ընտրությունների ֆավորիտը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն է: «Քաղաքացիական պայմանագրի» մամլո խոսնակ Վահան Կոստանյանն իրենց ցուցակը բնութագրում է հեղափոխական: Կասկածից վեր է, որ «Իմ քայլը»  դաշինքը հաղթելու մեծ ներուժ ունի, որովհետեւ հասկանալի պատճառով վայելում է ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունը: Բայց ՔՊ-ի նախընտրական ցուցակը իրականում, կարծես թե, այնքան էլ «հեղափոխական»  չէ: Մամուլի որոշ հաղորդումների համաձայն` նրանում հայտնվել են նախկին հանրապետականներ կամ այդ կուսակցության երբեմնի համակիրներ ու այսպես կոչված` «տասովշչիկներ»: «Հրապարակ»-ի տեղեկացմամբ` ՔՊ-ի ցուցակում նախկին ՀՀԿ-ականներից ընդգրկվել են Սյունիքի մարզից գործարար Տիգրան Կարապետյանը, Արարատի մարզից` Ստեփան Հովհաննիսյանը եւ էլի ուրիշներ: Ավելին` խոսվում է այն մասին, որ ՔՊ-ի նախընտրական գործընթացների գլխին կանգնած է ոչ այլ ոք, քան առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ով տեղերում իրականացնում է ՔՊ-ի ռեյտինգայինների «տասովկաները»: Սրանք բավական հեղինակավոր պարբերականից վերցված տվյալներ են, որոնց շատ կուզենայինք չհավատալ:

Հաղթելու իրենց հույսը ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն կապում են հին համակարգից  «ժառանգություն» մնացած գյուղապետերի հետ: Մտածում են, որ վերջիններիս կվճարեն որոշակի գումար, եւ նրանք իրենց համար ձայներ կապահովեն` համագյուղացիներին ուղղորդելով դեպի այս կամ այն կուսակցությունը: Թե որքան կենսունակ է այս տարբերակը` դժվար է ասել, բայց որ ներկա իրավիճակում խիստ ռիսկային է` ոչ մի կասկած չի հարուցում: Իհարկե` 11 քաղաքական ուժերից խորհրդարան անցնելու ոմանց հնարավորությունը լիովին իրատեսական է, մյուսներինը` անհավանական կամ քիչ հավանական: Ամեն ինչ ցույց կտա դեկտեմբերի 9-ի քվեարկությունը, որը, անտարակույս, լինելու է ազատ, արդար եւ թափանցիկ, ինչի մասին երազել ենք տասնամյակներ շարունակ: Ուրեմն ապավինենք Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացմանը, թե` «Երրորդ Հանրապետության պատմության մեջ ունենալու ենք լավագույն ընտրությունները»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

The Washington Post-ը հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել «Համաս»-ի հետ հրադադարի ռեժիմի պահպանման հետեւանքով 2014-ից այս կողմ Գազայի հատվածում ամենավատ բախումներից հետո: Նրա հրաժարականը վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը կարող է հասցնել փլուզման եզրին եւ ստիպել արտահերթ ընտրություններ անցկացնել: Լիբերմանի «Յիզրայել Բեյտենուի» կուսակցությունը` կառավարող կոալիցիայից դուրս գալով, Իսրայելի խորհրդարանում Նեթանյահուի մեծամասնությանը հարվածի տակ է դնում: Լիբերմանը կոչ է արել հնարավորինս արագ անցկացնել ընտրությունները:

Աջակողմյան կուսակցության մեկ այլ առաջնորդ` Նաֆթալի Բեննետը եւս կոչ է արել ավելի ուժեղ պատասխանել Գազայի անկարգություններին: Նեթանյահուի հետ լարված հարաբերություններ ունեցող Բեննետը պահանջում է իրեն տալ պաշտպանության նախարարի պաշտոնը, այլապես սպառնում է, որ իր կուսակցությունը նույնպես դուրս կգա կոալիցիայից: «Վերլուծաբաններն ավելի հավանական են համարում, որ Նեթանյահուն արտահերթ ընտրություններ կանցկացնի, քան կընդառաջի Բեննետի պահանջին»,- գրում է The Washington Times-ը:

The Times of Israel-ի հաղորդմամբ` Ավիգդոր Լիբերմանը լրագրողներին ասել է. «Տեղի ունեցած հրադադարը՝ «Համաս»-ի հետ գործարքով մեկտեղ, ահաբեկչության առջեւ կապիտուլյացիա է: Դա այլ բացատրություն չունի»:

The Times of Israel պարբերականը գրում է, որ Նեթանյահուն պաշտպանում է Գազայում ահաբեկչական խմբի հետ զինադադարի ընդունումը: «Մեր թշնամիները աղաչում էին հրադադարի ռեժիմ կնքել եւ շատ լավ գիտեն, թե ինչու»,- ասել է նա:

Հայտնի է նաեւ, որ Իսրայելի կառավարությունը Քաթարից Գազայի հատված 15 միլիոն դոլար է փոխանցել՝ «Համաս»-ի ղեկավարած կառավարության քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը վճարելու համար՝ Գազայի հատվածում վատթարացող տնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով: Նեթանյահուն նշել է, որ նպատակն էր պահպանել Իսրայելի անվտանգությունը`խոչընդոտելով «Համաս»-ի կողմից «պատանդ վերցված» 2 միլիոն քաղաքացիների համար հումանիտար իրավիճակի փլուզմանը: Մինչդեռ Լիբերմանը նշում է, որ փողի փոխանցումը նրա համար «շրջադարձային կետ» էր: «Ամեն ոք, ով պնդում է, թե փողը կառավարելի է լինելու Գազայի հատվածում, մեղմ ասած՝ սխալ է»,- ասել է նա` հավելելով. «Փողը, առաջին հերթին, գնաց ահաբեկիչների ընտանիքներին»:

Գործարքը քննադատություն է առաջացրել ինչպես Նեթանյահուի կառավարության ներսում, այնպես էլ Գազայի հատվածում բնակվող իսրայելցիների շրջանում, ովքեր ցանկանում են հետագա քայլեր ձեռնարկել անկլավը կառավարող «Համաս» ահաբեկչական խմբի դեմ:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: