Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Շաբաթվա անցուդարձ

Հոկտեմբերի 6-13

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հոկտեմբերի 7-ին Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոն հասարակական միջազգային կազմակերպությունների համաժողովը (OING), որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, դեսպաններ։ Բացման խոսքում Միկաել Ժանը նշել է, որ մեծագույն անհամբերությամբ են սպասում ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը. «Սա նոր դարաշրջանի սկիզբ է նախանշում»,- ասել է ՖՄԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ գագաթաժողովը Երեւանը դարձնելու է «Ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ մայրաքաղաքը»: Համաժողովում արծարծվել են մարդու իրավունքներին, անվտանգությանը, լեզվին, գործարար համայնքին ու քաղաքացիական հասարակության դերին վերաբերող հարցեր։ Մասնակցում էին 127 ասոցիացիաներ, 84 միջազգային եւ 83 տեղական հասարակական կառույցներ:

Նույն օրը կայացել է նաեւ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին ներկա էին կազմակերպության լիիրավ, ասոցացված եւ դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ու կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ 100 բարձրաստիճան պատվիրակություններ: Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի եւ 17-րդ գագաթաժողովի աշխատանքին ու օրակարգին առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ Երեւանի հռչակագրի, որոշումների ու գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծերը:

...Խոշոր հաշվով՝ երեւանյան միջոցառումը սոսկ պաշտոնական գագաթաժողով չէ, այլ նաեւ տոն է, ինչպես նկատել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: «Սա տոն է,- Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական բացմանն ասել է նա,- դրա միջոցով մենք փորձում ենք ցույց տալ, որ ֆրանսերենը հնարավորությունների լեզու է, որը միավորում է տարբեր երկրներ ու տարբեր ազգեր»: Տաղավարում կան ե՛ւ թվային տեխնոլոգիաներ, ե՛ւ արհեստներ, ե՛ւ կրթության մասին տեղեկություններ, որոնք Հայաստանի բնակիչներին թույլ կտան ծանոթանալ Ֆրանկոֆոնիային ու ֆրանսերենին: Գագաթաժողովին ընդառաջ եւ դրա շրջանակներում գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը», որտեղ տաղավար ունի նաեւ հյուրընկալ երկիրը: Ներկայացված է մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունն՝ իր բոլոր տարրերով: Մասնավորապես՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Երեւանի պատմության թանգարանի ցուցանմուշները: Երեւանի հիմնադրման 2800-ամյակի շրջանակներում հատուկ պատրաստվել են գրքեր չորս լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն, կան քաղաքի վերաբերյալ ձեռնարկներ ու քարտեզներ, սեպագիր արձանագրություններ եւ այլն: Բացի դրանից, Հայաստանի տաղավարը ներկայացնելու է տասը մարզերի եւ Արցախի մշակույթը, պատմությունը, բարիքները: «Հնարավորինս այնպես ենք արել, որ տաղավար այցելելուց հետո այս օրերին Հայաստանում գտնվող մեր ֆրանկոֆոն ընկերները հետագայում անպայման վերադառնան մեր երկիր՝ որպես զբոսաշրջիկ»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքետինգի ու խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը: Հայաստան ժամանած պատվիրակությունների կարծիքով՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպչական աշխատանքները, ընդհանուր առմամբ, հիանալի էին կատարված:

Մնում է հուսալ, որ խոստումնալից սկիզբը կարդյունավորվի գործնական հաջողություններով՝ խթանելով ժողովրդավարական ուղիով Հայաստանի անշեղ առաջընթացը, ավանդական բարեկամական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, ինչպես նաեւ մերձեցումը բազմամշակույթ ֆրանկոֆոն հանրույթի հետ: Ցավալի է միայն, որ այս հանդիսավոր օրերին մեզ հետ չէ աշխարհահռչակ մեր հայրենակիցը, մեծագույն Հայը՝ Շառլ Ազնավուրը: Նա պատրաստվում էր գալ, ուրախանալ նորացվող իր հայրենիքով, Ֆրանկոֆոնիայի երգչախմբի հետ երգել «Լա բոհեմ»-ը: Ավաղ: Չեկավ, բայց իր մահով անգամ ավելի սերտացրեց Ֆրանսիայի հետ Հայաստանի բարեկամական կապերը, ինչի մասին ասաց նաեւ Երեւան ժամանած Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նախագահը:

  

Անցած կիրակի առավոտյան Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զովունի գյուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում պարզվել է, որ տուժողը ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է, ում դին հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ, նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել։

Նախօրյակին Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ Ազգային ժողովի մեկ այլ նախկին պատգամավորի՝ Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։ Հոկտեմբերի 6-ին, Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետեւանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Կարո Կարապետյանը մահացել էր: «Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ»,- հաղորդել է Քննչական կոմիտեն՝ խոստանալով լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։

…Ոստիկանության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ որոշակի կապ կա Ղարագյոզյանի մահվան եւ նախօրեին Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների միջեւ, որոնց հետեւանքով սպանվել էր նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը: Ըստ հաղորդագրության, վերջինիս սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «Պիետրո–Բերետտա» մակնիշի ատրճանակ։ Պարզվել է, որ այն պատկանում է մյուս՝ մի փոքր ավելի ուշ սպանված Հարություն Ղարագյոզյանին, ով նշված ատրճանակով պարգեւատրվել է 2001 թվականի մարտի 22-ին՝ ՀՀ այն ժամանակվա վարչապետի որոշմամբ: Եվ այսպես, ժամերի տարբերությամբ կատարված երկու նախկին պատգամավորների սպանության նախնական վարկածի համաձայն՝ Ղարագյոզյանն այդ օրը ուշ երեկոյան «Այգի» ռեստորանում վիճաբանել է Կարո Կարապետյանի հետ եւ ատրճանակից կրակ բացել վերջինիս ուղղությամբ` մահացու վիրավորում պատճառելով նրան: Իսկ հաջորդ առավոտյան վերջ է տվել իր կյանքին: Անկախ նրանից, թե ինչպիսի վերջնական վարկած կհաստատի նախաքննությունը, մի բան հստակ է՝ նախկին օրենսդիրներն ընդհանուր հայտարարի չեն եկել ինչ-որ պարտք-պահանջի, փողի կամ տալիք-առնելիքի հարցում: Այսինքն` գործ ունենք Հայաստանի նախկին քաղաքական էլիտայի միջանձնային հարաբերություններին բնորոշ երեւույթի հետ: Ակնհայտ է, թե ինչպես իրենց կուտակած հարստությունը պահպանելու համար օլիգարխիայի եւ հանցաշխարհի ներկայացուցիչները, թաղային հեղինակությունները, որոնք թաթախված են զանազան կոռուպցիոն սխեմաներում, պատրաստ են մեկմեկու կոկորդ կրծել: Թե´ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) եւ թե´ Կարո Կարապետյանը (Յուվենցի Կարո) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երբեմնի գործընկերներ էին` մարդիկ, որոնք ի պաշտոնե կոչված էին տքնաջան կերպով աշխատել Հայաստանի օրենսդրական դաշտում, թանկ գնահատել ժողովրդից ստացած վստահության քվեն: Սակայն նրանց տարերքը օրինաստեղծ գործունեությունը չէր, քրեական «ռազբորկաներն» էին, ինչը շարունակեցին մինչեւ իրենց անփառունակ վախճանը: Դա վախճանի ազդականչն է նաեւ ՀՀԿ-ական ժամանակների ու ՀՀԿ-ական բարքերի, երբ երկրում իշխանություն եւ փող ունեցող յուրաքանչյուր ոք կարող էր լուծել ցանկացած հարց, իրականացնել ցանկացած անօրինական գործողություն, բայց մնալ անպատիժ: Այդպիսին էր մեր Ազգային ժողովի իրական դեմքը երեկ, այդպիսին է եւ այսօր` ի դեմս Հանրապետական խմբակցության, որի մնացուկներն անիմաստ ու անհա֏ջող փորձեր են անում ետ պտտելու իրենց համար երանելի անցյալի անիվը: Բայց անցյալն այլեւս հնարավոր չէ ետ բերել, ինչը հասկանում է անգամ Էդուարդ Շարմազանովը: 

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

Բողոքի ակցիա Ինգուշեթիայում՝ Չեչնիայի հետ տարածքների փոխանակման գործարքի առնչությամբ

Reuters -ը տեղեկացնում է, որ Հարավային Ռուսաստանի Ինգուշեթիայի շրջանում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ հարեւան Չեչնիայի հետ տարածքների փոխանակման գործարքի, որը ցույցի մասնակիցներն անարդարացի են որակել:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել Մագասում՝ տարածաշրջանային մայրաքաղաքում, եւ բազմաթիվ նկարահանումներ ցույց են տալիս, որ մի քանի հազար մարդ հավաքվել է շրջխորհրդի շենքի հարեւանությամբ, ու լսվում են անվտանգության ուժերի՝ օդ արձակվող կրակոցները՝ ցույցը ցրելու փորձով:

Գործակալությունը գրում է, որ տարածաշրջանային խորհուրդը սեպտեմբերի 26-ին հաստատել է նոր սահմանային գործարքը, որին իրենց համաձայնությունն են տվել մահմեդական մեծամասնություն ունեցող Ինգուշեթիայի եւ Չեչնիայի ղեկավարները:

Գործարքը նախատեսում է տարածքային փոխանակում, որը նպատակ ունի վերջ դնելու 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծված տարածքային սրացումներին: Սակայն Ինգուշեթիայում բողոքողները կարծիք են հայտնում, որ կատարվել է տարածքների հանձնման գործարք, եւ այդ պայմանավորվածությունը բխում է միայն Չեչնիայի շահերից՝ Ինգուշեթիայի տարածքների հաշվին:

Գործարքի ստորագրումից հետո, հոկտեմբերի 3-ին, Ինգուշեթիայում սպանվել է չորս ռուս ոստիկան: Հյուսիսային Կովկասում զինյալները հայտարարում են, որ Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող մարզերի մոտակայքում պայքարում են Իսլամական պետության համար: Իրավապաշտպանները նշում են, որ ապստամբությունը պայմանավորված է աղքատությամբ եւ անվտանգության զորքերի կողմից ուժի կիրառման մարտավարության առաջացրած զայրույթով:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 29 2019
Նոյեմբերի 22 2019
Նոյեմբերի 15 2019
Նոյեմբերի 08 2019
Հոկտեմբերի 25 2019
Հոկտեմբերի 19 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am