Ուրբաթ, Օգոստոսի 07, 2020

Շաբաթվա անցուդարձ

6-13 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Շաբաթը սկսվեց աղմկահարույց մի լուրով եւ դրա շուրջ թեժ բանավեճերով: Հունիսի 6-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին: «Ես դեռ մեկ տարի առաջ ասել էի, որ նման կազմով հնարավոր չէ ժողովրդին տված խոստումներն իրականացնել։ Այն ժամանակ ասել էի, որ պետք է 97 տոկոսին փոխել, բայց հիմա ասում եմ` պետք է փոխել բոլորին։ Ժողովուրդը փորձադաշտ չէ»,- ասել է Ծառուկյանը: Նա, մասնավորապես, անդրադարձել է մի շարք ոլորտներում արձանագրված ձախողումներին` COVID-19 համավարակի դեմ Կառավարության անարդյունավետ քայլերին, արցախյան խնդրի կարգավորման ոչ հայանպաստ զարգացումներին, տնտեսության անմխիթար վիճակին, երկրի բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին եւ այլն:

Տեսանյութը ԲՀԿ առաջնորդի ֆեյսբուքյան էջում հրապարակված է հետեւյալ կոչի ներքո` «Դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող եւ առողջ ուժերին` համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի»:

…Կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստում Գագիկ Ծառուկյանի ելույթը ցավագին ընդունվեց իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառումն իր մեջ շանտաժի տարրեր էր պարունակում: Նա գրել է. «Կարծում եմ` պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի, այդ թվում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առջեւ, որով մտահոգվելու առիթ եւս պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»: Փաստորեն հրահանգը տրված էր, որին հետեւեցին «Իմ քայլի» պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք եւ շարքային համախոհներ: 

Բայց սա դեռ բոլորը չէ: ԱԺ խմբակցության` նույն օրը տեղի ունեցած նիստը, մամուլի փոխանցմամբ, անցել է բուռն քննարկումների ոգով: Նիստն անցկացնելու հիմնական առիթը ԲՀԿ նախագահի հայտարարությունն էր, որով նա իշխանություններին մեղադրում է Կառավարության գործունեությունը տապալելու մեջ եւ պահանջում վերջինիս հրաժարականը: Երկար ժամանակ լուռումունջ, ոչ մի բանի առանձնապես չխառնվող Ծառուկյանի կոշտ քննադատությունը իշխող քաղաքական ուժի համար ամպրոպ էր պարզկա երկնքում, եւ «իմքայլական» պատգամավորները հավաքվել էին քննարկելու խմբակցության առաջիկա մարտավարությունը: ԶԼՄ-ներին շուտով հայտնի դարձավ, որ նիստում որոշում է ընդունվել «արժանի հակահարված» հասցնել Ծառուկյանին` հիշեցնելով իր անցյալի մութ էջերը եւ նրան մերժելի դարձնել, ինչպես Սերժ Սարգսյանին։ Մի շարք պատգամավորներ, ըստ լրատվամիջոցների, ստանձնեցին Գագիկ Ծառուկյանին հնարավորինս բացասական լույսով ներկայացնելու որոշակի հանձնառություն: Հակածառուկյանական պայքարին լծվեցին նաեւ մարզպետները: 

Անշուշտ, այսպիսի արձագանքներն անսպասելի չէին: Ծառուկյանը, ով բավական ազդեցիկ գործիչ է եւ տիրապետում է ֆինանսական, քաղաքական ու մարդկային մեծ պաշարամիջոցների, Կառավարության փոփոխության հարց էր առաջադրում: Ամիսներ առաջ, երբ վարչապետի հրաժարականի եւ ազգային համաձայնության կառավարության ձեւավորման անհրաժեշտության մասին առաջին անգամ բարձրաձայնեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, այդպիսի հակազդեցություն չեղավ` Վանեցյանը, թերեւս, պակաս վտանգավոր էր իշխանության համար, քան Ծառուկյանը, որի բարեգործական ձեռնարկներից բազմահազար երախտապարտ օգտվողներ կկանգնեն նրա կողքին, եթե դրա կարիքը լինի: Այստեղից է գալիս իշխանության մտավախությունը, չնայած ԲՀԿ առաջնորդին «իր տեղը դնելու» միջոցների պակաս իշխանության զինանոցում չկա: 

Մյուս կողմից, սակայն, կոշտ միջոցների դիմելն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Ամեն այդպիսի ակնհայտ միջոց իշխանության եւ, հատկապես, վարչապետի վարկանիշի կորուստ է` դրանից բխող բացասական հետեւանքներով: Բայց կա էլ ավելի վտանգավոր մի գործընթաց, որի շնչառությունն արդեն զգացվում է եւ որից իշխանությունն ամենաշատն է զգուշանում: Դա Հայաստանում օր-օրի հասունացող ներքին դիմակայությունն է: Խոսքը ոչ միայն ի դեմս իշխանափոխության հայտեր ներկայացնող ուժերի մասին է, այլեւ` մամուլի, սոցցանցերի հարթակներում եւ առօրյա կյանքում հստակ տեսանելի նախանշանների: Միգուցե Ծառուկյանի հաշվարկը կամ, ավելի պատկերավոր ասած, ներշնչանքը հենց դրանո՞վ էր պայմանավորված: 

Ամեն դեպքում իշխանության ներսում նորահայտ մի խուճապ է նշմարվում, որը վատ քողարկված ձեւով մատնում է կառավարող կուսակցության որոշ կարկառուն դեմքերի ներքին տագնապները: «Ես կարծում եմ, որ տեղի է ունենում մեծ համախմբում նախկին իշխանությունների, նրանց հետ փոխկապակցված ուժերի, նրանց շարքերը համալրած ուժերի միջեւ: Նրանք ունեն մի պարզ հաշվարկ՝ «կա համաճարակ, եկեք օգտագործենք համաճարակը քաղաքական ոչ ստաբիլություն ստեղծելու եւ մեր կաշին փրկելու համար»,- հայտարարել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա խոսքում համավարակի հիշեցումը պատահական չէ: Իշխանություն-ընդդիմություն կողմերից յուրաքանչյուրը ջանում է COVID-19-ը շահարկումների նյութ դարձնել` հօգուտ իր քաղաքական նպատակների: 

Իշխանությունները ժամանակ առ ժամանակ համավարակի գործոնն օգտագործում են քաղաքական հակառակորդներին «նեղը գցելու» համար` երբեմն կորցնելով չափի զգացումը եւ հրահրելով խուճապ: Ահա մեջբերումների մի փոքրիկ փունջ վարչապետի խոսքերից. «Հասել ենք կրիտիկական վիճակի եւ արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով», «Բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսից մարդիկ են մահանում», «Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը ծանր է եւ շարունակում է ծանրանալ»: Այսօրինակ խուճապային տրամադրությունների վրա իրենց սոցցանցային գրառումներում հղում են կատարում իշխանության կողմնակիցները, ավելի հաճախ` «ֆեյքերը», տպավորություն ստեղծելով, թե տեսեք, ժողովուրդ ջան, ինչպիսի օրհասական իրավիճակ է երկրում, Կառավարությունը «քափ ու քրտինք» մտած` աշխատում է, իսկ սրա՞նք ինչով են զբաղված… 

Կորոնավիրուսային իրավիճակի տրամաբանության շրջանակում, իր հերթին, հակաիշխանական ուժերի վրա «մատ թափ տվեց» ՀՀ առաջին նախագահը` այս անգամ ներկայացնելով 3 կետից բաղկացած մի «պարզագույն սիլլոգիզմ». ա/ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բ/ պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին եւ գ/ ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա, դավաճանում է ազգին: Ասել է թե` «ազգի դավաճան»: Հետաքրքիր է` իսկ ի՞նչ պիտակ կպցնել այն ապիկար իշխանությանը, որի կառավարումը կարող է ազգին կործանման տանել… 

 

Հաջորդ աղմկոտ իրադարձությունը, որը տեղի ունեցավ հունիսի 8-ին, ուժային երեք կառույցների ղեկավարների պաշտոնանկություններն էին: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու, Օնիկ Գասպարյանին` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ Վահե Ղազարյանին` ոստիկանապետ նշանակելու մասին հրամանագրեր: Ավելի վաղ Նախագահի աշխատակազմը ստացել էր վարչապետ Փաշինյանի առաջարկությունը` պաշտոններից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանապետ Արման Սարգսյանին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

Գնդապետ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ընդամենը երեքուկես ամիս առաջ` մարտի 19-ին, իսկ մինչ այդ նախորդ տարվա սեպտեմբերին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, երբ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը սկանդալով թողեց այդ աթոռը։ Նույն օրն էր ոստիկանապետ նշանակվել նաեւ գնդապետ Արման Սարգսյանը, որը մինչ այդ` դարձյալ անցած տարվա սեպտեմբերից, ոստիկանության պետի պաշտոնակատարն էր` Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունից հետո։

…Մի փոքր այլ է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի` գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի պարագան, որն աղմկոտ մերկացման կիզակետում էր հայտնվել` թագավարակի եւ արտակարգ դրության պայմաններում 100 հոգու չափ հրավիրյալների մասնակցությամբ որդու հարսանյաց հանդեսի պատճառով։ Պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ պարետատունը կուսումնասիրի գեներալի որդու հարսանյաց հանդեսի հանգամանքները, եւ եթե արտակարգ դրության պայմանակարգի խախտում արձանագրվի, խախտողները պատասխանատվություն կկրեն։ Զբաղեցրած պաշտոններից մյուս երկու ուժայինների ղեկավարների ազատման պատճառները, հնարավոր է, մենք երբեք էլ չիմանանք, չնայած հանրության առջեւ թափանցիկ լինելու մասին «թավշյա» կառավարության բազում հավաստիացումներին: 

Օրեր առաջ զբաղեցրած պաշտոնից անսպասելիորեն ազատվեց որոշ առումով ուժային համարվող եւս մեկ կառույցի ղեկավար` Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, որի աշխատանքից վարչապետն, ըստ էության, դժգոհ չէր, նույնիսկ հրապարակավ գովասանքի էր արժանացրել նրան: Թե ինչու պաշտոնանկ արվեց իր գործի լավագույն մասնագետը, դարձյալ անհասկանալի մնաց: Միայն շշուկների, ենթադրությունների մակարդակով խոսակցություններ տարածվեցին, որ Անանյանը հրաժարվել էր կատարել փորձառու հարկայիններից մեկին համակարգից հեռացնելու` վարչապետի հանձնարարությունը եւ նախընտրել էր ինքը հեռանալ: Հանրության համար մինչ օրս անհայտ են նաեւ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանի եւ պատասխանատու էլի շատ կադրերի պաշտոնաթողությունների պատճառները: 

Ժողովուրդն իրավունք ունի ճանաչելու երկրում քաղաքականություն իրականացնող իր ընտրյալներին, իմանալու ու գնահատելու նրանց կարողությունները, թույլ եւ ուժեղ կողմերը: Թափանցիկ աշխատող իշխանությունը երբեք չի թաքցնի պաշտոնեական վերադասավորումների պատճառները, չի զլանա բացատրել նոր նշանակումների տրամաբանությունը, ազատվածների թերացումներն ու նորերի արժանիքները: Նման տվյալների իմացությունը հիվանդագին հետաքրքրասիրություն չէ, դա պետության կառավարման գործերին քաղաքացու մասնակցության անկապտելի հատկանիշ է: Փորձը ցույց է տալիս, որ կադրերի տեղաբաշխման, պաշտոնանկության եւ նրանց հետ կապված շատ հարցերում դատարկ տեղ (վակուում) առաջանալու դեպքում այն, որպես կանոն, լցվում է տարաբնույթ ասեկոսեներով, ենթադրություններով, ստահոդ լուրերով: Այդ ամենից զերծ մնալու լավագույն միջոցը հանրային իրազեկումն է: 

Վերջին պաշտոնանկությունների ու նշանակումների համատեքստում` հատկապես ուժայինների մասով, ընդդիմախոսները տեղի ունեցածը մեծապես պայմանավորում են վարչապետի ու նրա թիմակիցների դիրքերի թուլացումը կանխելու, ներքաղաքական դիմակայությունը զսպելու եւ «Իմ քայլի» գահավիժող վարկանիշն ինչ-որ կերպ փրկելու մտահոգությամբ: Նրանց կարծիքով` կադրային հաճախակի փոփոխությունները միայն ապակայունացնում են այդ համակարգերը, ինչը խիստ վտանգավոր է: «Կարծում եմ՝ նման կտրուկ փոփոխությունների պատճառը սեփական ուժերի հանդեպ վարչապետի ներքին անվստահությունն է կամ ուժային կառույցների առջեւ դրված չափից բարձր պահանջներն ու հանձնարարականները, որոնք անհնար է կատարել»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: 

 Այն, որ վարչապետը չի հանդուրժում, երբ իր խոսքը «գետնով են տալիս», վկայում է նրա վերջին ելույթներից մեկը: Պաշտոնանկությունների թեման արծարծելիս` նա բավական թափանցիկ ակնարկել է. «Ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ եւ հստակ` չի կարող լինել այնպիսի վիճակ, որ բարձրաստիճան պետական պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին, եւ դրան չհետեւի կոնկրետ գործողություն»: Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը լիարժեք չէր վստահում նախորդներին եւ ուզում էր ուժային կառույցներում տեսնել անձամբ իրեն եւ իշխող վարչակարգին բոլորանվեր ծառայող պաշտոնյաների: Իզուր չէ, որ երեք նորանշանակ ուժայիններից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր համերկրացին է, ոստիկանապետ Վահե Ղազարյանը` իր համադասարանցին, իսկ ԱԱԾ տնօրեն, 29-ամյա Արգիշտի Քյարամյանը` իր ձեռքով «աճեցրած» կադրը, որը 24 օրում «թռիչքաձեւ» պաշտոնից պաշտոնի նշանակվելով` 25-րդ օրը հասավ ԱԱԾ ղեկավարի բաղձալի գահավորակին: Գնդապետի կոչումն էլ` վրադիր: 

Հիմա ինչ… կարո՞ղ ենք հանգիստ լինել, որ մեր երկրի ու մեր սերունդների անվտանգությունը հուսալի ձեռքերում է, եւ չկա այլեւս ոչ մի սպառնալիք: Այս հարցին սրամիտ պատասխան է տվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ասել է. «Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակելն ինքնին ազգային անվտանգության սպառնալիք է»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Հունիսի 12-ին Կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում կայացրեց եւս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Ըստ այդմ` այն կտեւի մինչեւ հուլիսի 13-ը ժամը 17-ը: Կառավարության որոշումը նույն օրը հաստատման ներկայացվեց Ազգային ժողովի հատուկ նիստում եւ ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր հունիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին:

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 281 է, որից բուժվել են 5 հազար 639-ը, հիվանդությունից մահացել է 258 մարդ: Սահմանափակումները մնում են ուժի մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Ղրղըզստանի նախագահը հետաքրքրվել է Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն եւ հաջողություններ: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Սոորոնբայ Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում եւ Ղրղըզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվության ծառայությունը: ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանի կարգադրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Ղուլյանի 2020 թվականի հունիսի 10-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2020 թվականի հունիսի 10-ից Աշոտ Ղուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»։

Հուլիսի 18 2020
Հուլիսի 11 2020
Հունիսի 27 2020
Հունիսի 20 2020
Հունիսի 13 2020
Մայիսի 29 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: