Կիրակի, Օգոստոսի 18, 2019

Շաբաթվա անցուդարձ

11-18 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Մայիսի 13-ին մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը, որտեղ բացառապես քննարկվում էր կալանքը նրա խափանման միջոց ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Պաշտոնաթող նախագահը 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Քոչարյանը 2008-ի փետրվարին եւ մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։ «Մարտի 1»-ի գործով անցնում են նախկին եւս երեք բարձրաստիճան պաշտոնյաներ. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են այլ անձանց հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանին նույն գործով մեղադրանք է առաջադրվել, որ տվյալ ժամանակաշրջանում զբաղեցնելով վերը նշված պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։ Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Գեւորգյանը` հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008-ի ապրիլին գործարար Սիլվա Համբարձումյանից Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաեւ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

…Մամուլի հաղորդմամբ՝ դատավարությունը տեղի է ունենում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ: «Կա Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, որի հիման վրա իրավական դիրքորոշում է հայտնվել առ այն, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս մեղադրյալի նկատմամբ կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությունը պետք է ապահովի մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը՝ առաջնորդվելով անձնական ազատության իրավունքով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը: Դատական նիստին ներկա էին անձամբ Ռոբերտ Քոչարյանը, նրա կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մեղադրյալի կարգավիճակում գտնվող 4 պաշտոնատար անձանցից, փաստորեն, կալանքի տակ է միայն Քոչարյանը: Արմեն Գեւորգյանի եւ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Յուրի Խաչատուրովի դեպքում՝ գրավը։

Շատ դիտորդներ «Մարտի 1»-ի գործով դատավարությունը, ոչ առանց հիմքի, համարում են «դարի գործ»: Եվ, իսկապես, երեւույթը հազվագյուտներից է թե՛ ընդգրկման ծավալով, թե՛ ամբաստանյալների նախկինում զբաղեցրած բարձր դիրքի առումով: Քոչարյանի չափն ու կշիռն ունեցող գործչի դատավարության ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել: Բայց գործի բարդությունը սոսկ դա չէ: Դատավորները տակավին նույն Քոչարյանի կամ նրա հետնորդի՝ Սերժ Սարգսյանի դրածոներն են, հետեւաբար հակված են կողմնակալության՝ հօգուտ Հայաստանի երկրորդ նախագահի եւ մյուս նախկին պաշտոնյաների: Բացի դրանից, Քոչարյանը կալանքի տակ է, բայց նրա փողերը, հազարավոր կապերը ազատության մեջ են եւ ըստ պատշաճի աշխատում են: Էլ չասած երկրորդ նախագահի ազատ արձակմամբ չթուլացող շահագրգռություն հանդես բերող պաշտոնական Մոսկվայի գործոնի մասին: Այս ամենի համատեքստում քրեական գործի արդար ու ամբողջական բացահայտումը, ըստ համակարգի որոշ փորձագետների, դառնում է խնդրահարույց: Չկա վստահություն, որ լուրջ քննության առջեւ կանգնած դատական համակարգն ի զորու կլինի անաչառ դատաքննության սկզբունքով կամ եվրոպական կոնվենցիայի պահանջների ոգով բավարարել բոլոր չափանիշները: «Մտավախություն ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք նշանակված դատավորները եւ նրանց շրջապատը կարող են մշտապես փոքր հարցերով խոչընդոտ հանդիսանալ արդար դատաքննության իրավունքի իրացմանը»,- Lragir.am-ին տված հարցազրույցում ասել է փաստաբան, «Մարտի 1»-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը՝ կարծիք հայտնելով, որ նոր կառավարությունը դատական բարեփոխումների մասին պետք է հոգ տաներ «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո։

Դատավարության վերջին օրերն անցան բավական լարված մթնոլորտում: Պատճառը դատարանի մուտքի մոտ հավաքված՝ Քոչարյանի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ անվերջ ծագող վիճաբանություններն ու դատարանի վրա երկուստեք ճնշումներ բանեցնելու փորձերն էին: Մայիսի 16-ին քննվում էր երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը: Այդ օրը դատարան էին եկել նաեւ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Վերջիններս միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ երաշխավորելով, որ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու դեպքում նա պատշաճ վարքագիծ կդրսեւորի եւ չի խոչընդոտի գործի քննությանը: Նախօրեին Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել էր, թե Արցախում Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան։ ԼՂՀ վերնախավի այս դիրքորոշումը որոշակի հակասություններ է առաջացրել Հայաստանում։

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Աշխատանքային այցով մայիսի 14-16-ը տիկնոջ հետ Չինաստան այցելած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները հեռանկարային են համարել գործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության եւ այլ ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով: Այցի շրջանակներում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպել է նաեւ Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ, մասնակցել Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Փաշինյանն այնուհետեւ Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը ներկա են գտնվել համաժողովի գալա համերգին, որը տեղի է ունեցել Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 16-ին մասնակցում էր Նուր-Սուլթանում բացված տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին, եւ հանդես է եկել ելույթով: Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում էր «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ղեկավարության, ինչպես նաեւ ֆորումին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն այցելած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում: Գործարար կապերի ակտիվացման նպատակով երկուստեք կարեւորվել են բիզնես ֆորումների անցկացումը: Փաշինյանի եւ Բեթելի համոզմամբ` երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, եւ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդայնել կապերն ու ավելացնել առեւտրաշրջանառության ծավալները: Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգից ժամանել է Բրյուսել` մասնակցելու Արեւելյան գործընկերության 10-ամյակի հանդիսավոր միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Բրյուսել ժամանած` Արեւելյան գործընկերության անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի որոշմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։

 

Միջազգային մամուլ

Պետքարտուղար Փոմպեոն այցելեց Ռուսաստան 

Bloomberg-ը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հանդիպել են Սեւ ծովի ափին եւ երկուստեք հավաստիացրել, որ պատրաստ են բարելավել իրենց ժողովուրդների միջեւ կապերը: Փոմպեոյի հետ Պուտինի 90 րոպեանոց հանդիպումը Սոչիի առողջարանային քաղաքում ներկայացվեց որպես նախնական քայլ` ուղղված երկու ժողովուրդների միջեւ առկա տարաձայնությունների լայն շրջանակի քննարկմանը եւ գործակցության ընդհանուր եզրերի որոնմանը: Bloomberg-ի հաղորդմամբ՝ Պուտինն ու Փոմպեոն նշել են, որ կա համագործակցության հետաքրքրություն մի շարք ոլորտներում, «օրինակ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի, ինչպես նաեւ Սիրիայի ու Աֆղանստանի հարցերում առաջ շարժվելու ուղիների որոնումը»:

The Guardian-ը գրում է, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում հույս է հայտնել, որ Ռոբերտ Մյուլերի հետաքննության եզրակացությունը հնարավոր կդարձնի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների աշխուժացումը: «Դուք պարտավոր եք Մյուլերին ըստ արժանվույնս գնահատել: Ընդհանուր առմամբ, նա անաչառ քննություն է իրականացրել եւ հաստատել Ռուսաստանի ու ներկայիս վարչակազմի միջեւ որեւէ դավադրության բացակայությունը»,- նշել է Պուտինը: Ըստ պարբերականի աղբյուրների, արծարծվել է նաեւ Օսակայում կայանալիք G20-ի գագաթաժողովում Թրամփի եւ Պուտինի հնարավոր հանդիպման հարցը:

Պատրաստեց Մարինա Մուրադյան

Օգոստոսի 16 2019
Օգոստոսի 09 2019
Հունիսի 28 2019
Հունիսի 21 2019
Հունիսի 14 2019
Հունիսի 07 2019
Մայիսի 24 2019

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am