Ուրբաթ, Մարտի 29, 2024

Շաբաթվա անցուդարձ

4-11 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Երեւանի ավագանու մայիսի 8-ին տեղի ունեցած նիստի օրակարգում նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին աղմկահարույց նախագիծն էր, սակայն վերջին պահին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց այն հանել օրակարգից` պատճառաբանելով, թե հավելյալ քննարկումների կարիք է առաջացել: Նախագծի համաձայն` քաղաքապետարանի միջին եւ ստորին օղակների 1700 աշխատակիցների աշխատավարձերը պետք է ավելանային շուրջ 30 տոկոսով, իսկ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց պարագայում` կրկնակի: «Երեւանը որպես համայնք կազմավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է»,- տեղեկացնում է քաղաքապետարանի աղբյուրը: Հարկ է հավելել, որ համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով:

…Եթե նախագիծն օրակարգից չհանվեր ու հաստատվեր` Երեւանի քաղաքապետի աշխատավարձը կկազմեր 1 միլիոն 200 հազար դրամ` գրեթե այնքան, որքան ՀՀ վարչապետինը: Այդ առնչությամբ նիստի նախօրեին հետաքրքիր մեկնաբանություն էր արել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` հավաստիացնելով, որ քաղաքապետը ցանկություն է հայտնել հրաժարվել աշխատավարձի բարձրացումից, սակայն չի կարող, որովհետեւ օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս։ Պարզ ասած` բարձր վարձատրությունից պաշտոնյայի հրաժարվելը, որքան էլ դա տարօրինակ հնչի, օրինազանցություն է դիտվում եւ, միգուցե, դրա համար նաեւ պատիժ է սահմանված: Սա է Կարապետյանի մեկնաբանության աղը: Ավելի խճճված, անհեթեթ իրավական կազուս դժվար է պատկերացնել, նույնիսկ եթե դա նախորդներից մնացած ժառանգություն լինի: Ճիշտ այն օրենսդրության պես, որը Սերժ Սարգսյանի «հագով կարված» վարչապետական սուպերլիազորություններ էր սահմանել, որոնցից, հավանաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս «ցանկություն է հայտնել հրաժարվել, բայց չի կարող»: Ոչ իրավագետի համար հեշտ չէ հասկանալ` այդ ի՞նչ օրենսդրություն է, որ ընտրողաբար, սակայն բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների վզին այդպիսի «անողոք» պայմաններ է փաթաթում: Եվ ոչ մի առարկություն չի ընդունում: Մարդիկ չեն ուզում բարձր աշխատավարձ ստանալ կամ սուպերլիազորություններ ունենալ, բայց օրենսդրությունը նրանց «նման հնարավորություն չի տալիս»: Ավելին՝ ըստ խոսնակի, նախագծի հաստատման դեպքում աշխատավարձի բարձրացումը պարտադիր էր լինելու նաեւ քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների համար: Քաղաքապետի տեղակալները, ուզեն-չուզեն, այդուհետ պետք է հաշտվեին իրենց պարտադրվող 947 հազար դրամ աշխատավարձի անխուսափելի իրողության հետ։ Օրենսդրությունը չի շրջանցել անգամ Երեւանի թաղապետերին, ինչպես նաեւ նրանց տեղակալներին, որոնք, նախագծի համաձայն, պետք է ավելի բարձր վարձատրվեին, քան Հայաստանի մարզպետները: Կամ՝ մեկ ուրիշ համեմատություն. նախագիծը հաստատվելու դեպքում քաղաքապետարանի շատ պաշտոնյաներ ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը, Պետական եկամուտների ծառայության ղեկավարը եւ բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք: Ավագանու նիստի օրակարգից, թերեւս, ժամանակավորապես հանված նախագիծն անտրամաբանական է համարում ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որի խոսքով՝ աշխատավարձերի բարձացմանն իրենք կողմ են, բայց անհամաչափ բաշխմանը` ոչ։ «Այս փոփոխությունը, ուռճացումն ու աշխատավարձերի անհավասարաչափ բարձրացումը նաեւ կհանգեցնի նրան, որ քաղաքի ֆինանսական բեռը 2 միլիարդ դրամով կմեծանա»,- նշել է ավագանու ընդդիմադիր անդամը։ Այստեղ դարձյալ իր հեղինակավոր կարծիքն է բարձրաձայնել քաղաքապետի մամուլի քարտուղարը, որի աշխատավարձը եւս, հավանաբար, նոր նախագծով գերազանցում էր նախարարի ամսական վարձատրության չափը: Ըստ Կարապետյանի, քաղաքապետարանի աշխատակազմը չի ուռճացվել, պարզապես քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողները տեղափոխվել են քաղաքապետարանի աշխատակազմ։ Այսպես` անունը դնում են համայնքապատկան աշխատողների տեղափոխություն կամ էլ ավելի հնչեղ` հաստիքների օպտիմալացում, որոնց արդյունքում աշխատակազմը, չգիտես ինչու, տարբեր գնահատականներով, ավելացել է 40 տոկոսով, մայրաքաղաքի ֆինանսական բեռը` շուրջ 2 միլիարդ դրամով։

Հասկանում ենք` կողմնակի եկամուտ ստանալու զարտուղի ճանապարհները, զանազան կարգի «ատկատները», կարծես թե, անցյալում են: Բայց դա չի նշանակում, որ երբեմնի կոռուպցիոն սխեմաները պետք է փոխարինվեն օրինականությանն ավելի մոտ, ավելի քաղաքակիրթ թվացող նոր ձեւերով: Այդ ամենը աչք է ծակում՝ մախաթը պարկում չես թաքցնի:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ խորհրդարանական     համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մայիսի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ, որ իր հիմնադրած որեւէ առեւտրային կազմակերպությունում ոչ մի պաշտոն չի զբաղեցնում եւ դրանցից որեւէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում: Այդ մասին Ծառուկյանը գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որը նախորդ շաբաթ իր գրությամբ մտահոգություն էր հայտնել ԲՀԿ առաջնորդի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու առնչությամբ վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ եւ հորդորել ներկայացնել հրապարակային պարզաբանումներ:

…ԱԺ նախագահին ուղղված իր պատասխանում Ծառուկյանը ներկայացրել է փաստեր՝ հույս հայտնելով, որ դրանք լիովին կփարատեն բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները: «Պատգամավորի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելքի օրենսդրական ամրագրման պահից,- գրել է ԲՀԿ առաջնորդը,- առեւտրային կազմակերպություններում ունեցածս բաժնեմասերը հանձնել եմ հավատարմագրային կառավարման եւ ներկայում իմ բաժնեմասերը գտնվում են հավատարմագրային կառավարման ներքո»: Դրանից ելնելով` Ծառուկյանն անհամաձայնություն է հայտնել բարձրացված խնդրի առնչությամբ` պնդելով, որ այն արհեստածին է եւ նպատակ ունի առնվազն ստվեր գցելու իր հեղինակության ու բարի համբավի վրա: Այնուհետեւ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե «հանձնարարել եմ 10.000 դրամով էժանացնել ցեմենտի վաճառքի գինը», Ծառուկյանը վստահեցնում է, որ հայտարարությունն արել է որպես հանրապետությունում հռչակված տնտեսական հեղափոխության մեկնարկի առաջին քայլ: «Ուղղակի իմաստով հայտարարությունը նշանակում է, որ հրաժարվում եմ ցեմենտի արտադրությունից ակնկալվող շահույթից կամ որ նույնն է՝ համաձայն եմ արտադրության վնասաբերության հետեւանքներին, ինչը սեփականատիրոջ իրավունքն է: Այլ կերպ՝ այս հայտարարությունս չի կարող նույնացվել անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ»,- նշել է խոշոր ձեռնարկատերը` ցույց տալով ՀՀ տնտեսական, մասնավորապես ներդրումային քաղաքականության հաջողությամբ իր շահագրգռվածությունը եւ դրան ըստամենայնի աջակցելու պատրաստակամությունը: Պարզաբանումների ավարտին ԲՀԿ առաջնորդը հորդորում է չնույնացնել քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին եւ սեփականատեր Գագիկ Ծառուկյանին:

Թե վերը թվարկված կագավիճակներից յուրաքանչյուրում որքանով է Ծառուկյանի գործունեւթյունը համապատասխանում օրենքի տառին ու ոգուն` դժվար է ասել, բայց որ հանրության խորքում հասունանում է քաղաքականության եւ ձեռնարկատիրության սահմանը, ի վերջո, ճշգրտելու պահանջը, վեր է կասկածից: Գագիկ Ծառուկյանի օրինակը դրա վառ ապացույցն է:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախում մասնակցել է մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին: Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, քաղաքացիների հետ միասին, երթով շարժվել են դեպի Հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Փաշինյանն այնուհետեւ այցելել է Հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին: Նույն օրը կայացել է Հայաստանի եւ Արցախի ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել եւ Հայաստանի ու Արցախի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախօրեին` մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանն իր վարչապետ ընտրվելու մեկ տարվա առիթով Երեւանում հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է «100 փաստ Նոր Հայաստանի մասին», ինչպես նաեւ պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին:

Ազգային ժողովը մայիսի 8-ին ձայների 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախքան քվեարկությունը` «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նախագծին։

Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ իր վստահության քվեն տալիս է Կառավարությանը՝ «այս փոփոխությամբ իրականացնելու արդյունավետ կառավարում»։ Նշենք, որ այս փոփոխություններով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործունեության կարեւոր ուղղությունը հայրենադարձությունն է եւ Հայաստանի հետ Սփյուռքի հայրենակիցների կապի սերտացումը: Այդ մասին ասել են հիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանը՝ մայիսի 6-ին նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը՝ նշելով, որ այն կարեւոր գործ է իրականացնում արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Հայաստանում հաստատվելու եւ Մայր հայրենիքի հետ կապելու տեսանկյունից:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Արցախի առաջին նախագահ եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դիմումի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած պարզաբանման մեջ ասված է. «Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: