Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Ապրիլի 5-ից սկսյալ՝ Կոտայքի մարզի Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները գրեթե ամենօրյա պայմանակարգով մի քանի ժամ անընդմեջ փակ են պահում Երեւան-Աշտարակ մայրուղին։ Մարդիկ բողոքում են մայրաքաղաքի հետ տրանսպորտային կապն ապահովող թիվ 25 եւ 59 ավտոբուսների կրճատման ու դրանց փոխարեն ավելի թանկ արժեցող երթուղայինների գործարկման դեմ։ Բնակիչների խոսքով՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, ընդ որում՝ ուղեվճարը ներկայիս 150-ի դիմաց նախատեսվում է 200-250 դրամ, իսկ երթուղու երկարությունն՝ ավելի կարճ, համայնքից մինչեւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ՝ ընդամենը 7 կմ:
Թվում է՝ առանձնապես դժգոհության առիթ չպիտի որ լիներ ուղեվճարի 50-100 դրամ տարբերության պատճառով, բայց էականը միայն այդ տարբերությունը չէ: Մարդիկ 25 եւ 59 համարի փոխադրամիջոցներով իրենց գյուղից Ավան-Զեյթունով հասնում են մինչեւ Հաղթանակի զբոսայգու մերձակայքը, եւ այդ գիծը շատ հարմար է մնացած ճանապարհը ոտքով կտրելու եւ ուզած տեղը հասնելու համար: Բացի դրանից, այդ համայնքներից 2-րդ հերթ սովորող մեծաթիվ ուսանողներ այլեւս չեն հասցնի դասերից հետո նոր՝ 277 համարի միկրոավտոբուսով վերադառնալ տները, քանի որ տրանսպորտի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 7:00-ին եւ ավարտվում 19:00-ին: Գոնե մինչեւ 20:00-ն աշխատեր:
Երկու համայնքների բնակիչների դժգոհություններն այսքանով չեն ավարտվում, եւ բողոքի գործողությունները շարունակելու հարցում նրանք անդրդվելի են: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ համայնքների բնակիչների՝ ավելի քան 2.5 ժամ տեւած հադիպումը հիասթափությունից բացի ոչինչ չտվեց՝ Կառավարությունն իր որոշումը փոխելու միտք չունի: Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով՝ «Մուլտի տրանսպորտի» շահերն ավելի շատ են պաշտպանված, քան՝ ժողովրդինը… Ընտանիք կա 4 ուսանող ունի, ամեն օր 1.600 դրամ գնալ-գալը ֆինանսական մեծ բեռ է տվյալ ընտանիքի համար»,- ասաց նա:
Չգիտես դիտավորյալ, թե չիմացությամբ՝ իշխանությունները պարբերաբար իրենց ձեռքով ուղղակի խաթարում են ժողովրդի առտնին կյանքի հարմարավետությունը՝ հարուցելով զանգվածային դժգոհությունների, ընդհուպ մինչեւ սոցիալական բունտի այնպիսի նախադրյալներ, ինչպիսիք են հարաճուն գնաճը, տույժ-տուգանքների ու հարկերի ավելացումը, եկամուտների համատարած հայտարարագրումը եւ այլն: Ժողովրդի կեղեքման հաշվին արվող այսօրինակ քայլերը, բնականաբար, ինչ-որ խմբերի, կլանների, յուրային անհատների նյութական բարեկեցության համար են, ինչի ականատեսն ենք Հայաստանի անկախության շրջանից ի վեր, իսկ վերջին 7 տարվա ընթացքում՝ առավելապես:
Իրավիճակը լարված է եւ ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ցույցի մասնակիցներից մեկն ասաց, որ ոստիկանն իրեն հայհոյել է. «Ոստիկանն ինձ հայհոյեց ու սպառնաց, թե կտանեմ ճակատագիրդ կխեղեմ»,- հայտնեց պռոշյանցի ցուցարարը: Դե, ինչ կա զարմանալի: Եթե Նիկոլ Փաշինյանը եկած օրից սպառնում էր, թե ասֆալտին կփռի, պատերով կտա չհնազանդվողներին, իսկ օրեր առաջ երկրի նախկին երեք նախագահներին էր սպառնում ոտնատակ տալ եւ քաղաքական դիակները փոշի դարձնել, ուրիշ ի՜նչ կարելի է սպասել հոխորտացող ինչ-որ ոստիկանից:
Շաբաթվա լրահոսի կիզակետում էր ադրբեջանցի հայտնի բլոգեր եւ ֆիթնես-մարզիչ Քյամիլ Զեյնալիի աղմկահարույց պատմությունը, որի շուրջ թեժ կրքեր էին բորբոքվել՝ պայմանավորված 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութում անզեն մի հայ ծերունու գլխատելու եւ դաժանության դրվագներ պատկերող տեսանյութը սոցցանցերում սփռելու հանգամանքով: Սառնասիրտ մարդասպանի կամ «Ռամիլ Սաֆարով-2»-ի նկատմամբ ՀՀ-ն միջազգային հետախուզում էր հայտարարել, բայց դեպքերի հետագա զարգացումների տեղեկատվական շղթան միառժամանակ ընդհատվել էր:
Թեմայի համատեքստում լռությունը խախտվեց անցած տարվա փետրվարի 21-ին, երբ հայտնի դարձավ, որ Բաքու վերադառնալիս՝ ազերի ոճրագործը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանում ձերբակալվել է, բայց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության միջամտությամբ՝ ժամեր անց, ազատ արձակվել: «Մեր թշնամիների կողմից հայտարարված հետախուզումը մեր պետության ձեռնարկած ջանքերի շնորհիվ չեղարկվեց»,- արդեն Բաքվում հպարտացել է Զեյնալին իրեն դիմավորելու եկած հոծ ամբոխի առջեւ ելույթում: Այս դիպվածից ավելի քան մեկ տարի անց Հադրութի երկու խաղաղ բնակչի դաժան սպանության մեջ մեղադրվող ազերի թուրքն Ադրբեջանում հեռուստաաստղ է դարձել:
Մասնակցում է տարբեր հեռուստահաղորդումների, որոնցից մեկի ժամանակ էլ օրերս Ալիեւին մեծարելու տեքստի շրջանակում խոսեց իր դեմ հայտարարված միջազգային հետախուզման դադարեցման մասին՝ նվաստացնելով ՀՀ-ին: Զրույցի այդ հատվածը նա կտրել եւ առանձին հրապարակել է իր ՖԲ էջում: Լավ, մեր իրավապահները, օրինակ՝ դատախազությունը, ՌԴ-ում մեր դեսպանությունը՝ ի դեմս Գուրգեն Արսենյանի, ԱԳՆ-ն, մյուս-մյուսները ասելիք չունե՞ն: Գլխավոր դատախազությունից մամուլին հայտնել են, որ Զեյնալիի ձերբակալման մասին պաշտոնական տեղեկատվություն չունեն։ ՆԳՆ-ն էլ ընդամենը տեղյակ է, որ Զեյնալիի նկատմամբ սպանության մեղադրանքով հետախուզում է հայտարարված: Այդքանը:
Ամեն դեպքում գլխավոր հարցը, թե իսկապե՞ս Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզումը Հայաստանը հետ է կանչել, ինչպես պնդում է ազերի բլոգերը՝ մնում է անմեկին: Էլ չասած հետեւյալ ածանցյալ հարցերը, որ հնչեցրել է «Ազատություն»-ը. ա/ անցած տարի նրա ձերբակալությունից հետո հայկական կողմն իրավական ի՞նչ քայլեր է ձեռնարկել, բ/ ի՞նչ փաստաթղթեր են ուղարկվել Ռուսաստան, գ/ արդյո՞ք մարդասպանի նկատմամբ այժմ հետապնդում է իրականացվում եւ դ/ ինչո՞ւ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձը չարտահանձնվեց Հայաստանին, այլ առոք-փառոք վերադարձվեց Ադրբեջան:
Եվ, որ ամենահետաքրքիրն է, Զեյնալին պնդում է՝ ինքը միակը չէ Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտարարված ադրբեջանցիներից, որոնց հաջողվել է թոթափել այդ կարգավիճակն ու անգլխացավանք ապրել սեփական հայրենիքում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվեցին ապրիլի 9-10-ը, խաղաղ բնույթ են կրում, ըստ իրանական IRNA գործակալության՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի փոխհրամանատար Վալիոլլահ Մանին՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։ Նրա խոսքով՝ դրանք տեղի են ունենում հայ-իրանական սահմանի Նորդուզ շրջանում՝ սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին նախօրեին հաղորդել էր նաեւ Հայաստանի Պնախարարությունը:
Ապրիլի 10-ին Ստամբուլում մեկնարկել է ՌԴ-ԱՄՆ պատվիրակությունների միջեւ խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ խորհրդակցությունները տեղի են ունենում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիեւը, ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Մոսկվան «բովանդակալից» ու «գործնական» էր որակել հանդիպումը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 11-13-ը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին. այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ը։ Նշվում է, որ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա: Նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մանրամասնում։ Ֆորումին մասնակցելու նպատակով Անթալիա է գործուղվում նաեւ ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական կարգավորման հարցով ՀՀ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Անթալիայի դիվանագիտական ֆորումին ապրիլի 12-ին կմիանա նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բաքվի ռազմական դատարանում ապրիլի 7-ին ցուցմունք է տվել Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ՝ Բաբայանը պնդել է, թե Արցախում որեւէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ ինքը, Ադրբեջանի հետ ինտեգրումը հեռանկարային չէր համարում։ Պաշտոնական Երեւանի համոզմամբ՝ Ադրբեջանն ապօրինի, այդ թվում՝ հոգեներգործուն միջոցներով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ցուցմունքներ է կորզում՝ տարածագոտում սադրանքի հող նախապատրաստելու համար:
Ստեփանակերտի համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ ավելի քան 44 երկրների ներկայացուցիչների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում, որտեղից էլ մասնակիցները տեղափոխվել են Ստեփանակերտ։ Թե, մասնավորապես, որ երկրներից են ֆորումի մասնակիցները, լրատվամիջոցները չեն նշում։ Միջոցառումներն ապրիլի 9-ին շարունակվեցին Բաքվում: