Կիրակի, Մայիսի 31, 2026

Շաբաթվա անցուդարձ

22-29 մարտի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա մեկնարկը հատկանշվեց մարտի 21-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ «Հ-1»-ին տված աղմկոտ հարցազրույցով, որի արձագանքները շարունակվեցին ոչ միայն հաջորդող շաբաթ-կիրակի օրերին, այլեւ շաբաթվա գրեթե ողջ ընթացքում: Զրույցից առաջին տպավորությունն այն է, որ բովանդակությունը ծայրեծայր՝ ներառյալ հնչեցված հարցերն ու պատասխանները, պատրաստված են մեկ մարդու ձեռամբ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Բայց սա չէ նույնիսկ էականը, այլ հարցազրույցի տեքստով մեկ սփռված մանիպուլյատիվ մտքերն ու դատողությունները, կեղծապատիր, ճշմարտությունը խեղաթյուրող մեկնությունները:

Երկու տասնյակի չափ հարցերից կանդրադառնամ միայն մեկին՝ ծովի ջրի աղիության չափը որոշելու սկզբունքով: Այդ սկզբունքը հետեւյալն է. ստուգելու համար՝ տվյալ ծովի ջուրն աղի է, թե՝ ոչ, պետք չէ խմել ամբողջ ծովը, մեկ կումը միանգամայն բավական է ջրի աղի լինել-չլինելը որոշելու համար: Բայց գանք հարցազրույցին: Բաքվին պարբերաբար արվող զիջումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանը պնդում է, թե ինքը թշնամուն ոչինչ չի զիջել, այդ թվում՝ Արցախը: Նրա խոսքով՝ «միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձեւով ԼՂ-ն ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս»:

Այս մարդու սուտը տեղում բռնելու համար կարելի է առնվազն իր պատասխանած հարցերի չափ հակափաստարկներ բերել: Բայց բավարարվենք մի քանիսով: Եվ այսպես՝ միջազգային կառույցների կողմից ընդունված փաստաթղթերն անառարկելիորեն վկայում են, որ միջազգային հանրությունը փաստաթղթավորված կամ որեւէ այլ ձեւով Արցախը երբեք չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս: Ստորեւ հակափաստարկների ներկայացումը՝ ըստ արցախյան հակամարտության գծով լավագույն փորձագետներից մեկի՝ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի: Եթե «ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձեւով ԼՂ-ն ճանաչել է եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում ՝ որպես Ադրբեջանի մաս», ինչպես պնդում է «Հ-1»-ի զրուցակիցը, ուրեմն.

  1. Ի՞նչ նպատակով է միջազգային հանրությունը ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա եռանախագահության ինստիտուտը: Դեռեւս 1992թ. միջազգային հանրությունը սկսել էր ուշադրություն դարձնել Ադրբեջան-Արցախ հակամարտությանը եւ փորձել է ձեռնարկել միջոցներ՝ կարգավորելու այն: Այդ նպատակով 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում հրավիրված ԵԱՀԽ խորհրդաժողովի Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշվել է հնարավորինս շուտ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հրավիրել խորհրդաժողով՝ 11 պետությունների մասնակցությամբ: Իսկ Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն՝ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ բանակցային գործընթացն ապահովելու եւ հակամարտության կարգավորման համապատասխան հիմք ձեւավորելու համար:
  2. Ինչպե՞ս հասկանալ Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության կողմից հակամարտության կարգավորման նպատակով կողմերին ներկայացված «Փաթեթային» (1997թ. մայիս-հունիս), «Փուլային» (1997թ. սեպտեմբեր), «Ընդհանուր պետություն» (1998թ. նոյեմբեր), «Մադրիդյան սկզբունքներ» (2007թ. նոյեմբեր) առաջարկությունները:
  3. Ինչպե՞ս հասկանալ 2009թ. հուլիսի 10-ին Իտալիայի Լակվիլա քաղաքում հրավիրված մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակում Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համատեղ հայտարարությունը, որտեղ հայտարարության կողմերն արձանագրել են, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքների համաձայն:
  4. Ինչպե՞ս հասկանալ 2022թ. փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը, որտեղ արձանագրվել է հակամարտության չկարգավորված լինելու փաստը՝ միաժամանակ նշվել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը եւ կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին. «կոչ է անում ԵՄ-ին, նրա անդամ երկրներին եւ Հանձնաժողովի փոխնախագահին/Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Միության Բարձր ներկայացուցչին՝ ակտիվորեն ներգրավվել ԼՂ հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական կարգավորում գտնելու, տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու գործում»:
  5. Ինչպե՞ս հասկանալ 2022թ. հունիսի 8-ին դարձյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած՝ «Անվտանգությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում եւ անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության դերը» վերտառությամբ բանաձեւը, որտեղ կրկին արձանագրվել է, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը չի կարգավորվել, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքը համարվել է «վիճելի տարածք» եւ այլն:

Այսպիսով՝ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ բերված այս փաստաթղթերը, ըստ էության, հիմնավորապես հերքում են Փաշինյանի պնդումները. միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձեւով Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի ճանաչել, ինչպես միտումնավոր, թե չիմացության պատճառով, կարծում է բռնազավթիչ եւ ցեղասպան պետության կազմում Արցախի Հանրապետությունը ճանաչած Նիկոլ Փաշինյանը: Հետեւաբար՝ վերջինիս հայտարարությունն առ այն, թե «…ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձեւով Լեռնային Ղարաբաղը ճանաչել եւ ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս», կատարյալ անհիմն ու սնանկ է, այլ կերպ ասած՝ ստախոսության գագաթնակետը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կառավարության տեղեկացմամբ՝ մարտի 26-ին հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը: Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Փաշինյանը եւ Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։ Հեռախոսազրույցի մասին ամերիկյան կողմը դեռ չի հաղորդել:

Երկօրյա պաշտոնական այցով մարտի 24-ին Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Սա ԱԳ նախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան: Արաղչին եւ Միրզոյանը աշխատանքային ընթրիքի ձեւաչափով քննարկել են երկկողմ տարածաշրջանային հարցեր, որից հետո տեղի է ունեցել նրանց առանձնազրույցը: Այցի 2-րդ օրն Իրանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները։ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության հաստատմանը եւ պատրաստ է օգնել այդ հարցում։ Իրանցի պաշտոնյան շեշտել է նաեւ Թեհրանի շարունակական աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու սահմանների անխախտելիությանը:

Խորհրդարանը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Սա Հայաստանի պատմության մեջ, թերեւս, ամենակարճ օրինագիծն է. այն 25 բառից բաղկացած միայն մեկ նախադասություն է: Օրենքը ԱԺ-ում ծայրից ծայր կարդաց Եվրաինտերգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «ՀՀ-ն՝ նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»,- նշել է Եղոյանը:

Վարչապետն աշխատանքային այցով մարտի 23-ին Վրաստանում էր, որտեղ առանձնազրույց ունեցավ իր պաշտոնակցի հետ: Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր, տարածաշրջանային նշանակության այլ թեմաներ: Երկու երկրների ղեկավարները ներկա գտնվեցին նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը, որն ավարտվեց խոշոր հաշվով՝ 6:1 հօգուտ տանտերերի: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյօֆ փուլում թիմերի երեւանյան հանդիպումը երկու օր առաջ ավարտվել էր դարձյալ վրացի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Ազգային ժողովի մարտի 26-ի նիստում քննարկվել է իշխող թիմի նախկին անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանին եւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Աղազարյանը կասկածվում է կոռուպցիոն գործարքների, իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ մանկապարտեզների ու դպրոցների տարածքներն ապօրինի օտարելու համար: Կասկածյալներն իրենց վերագրվող մեղադրանքները չեն ընդունում: Եթե ԱԺ-ը կողմ քվեարկի ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած՝ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, ապա երկու պատգամավորների նկատմամբ էլ քրեական հետապնդում կհարուցվի:

Մայիսի 30 2026
Մայիսի 23 2026
Մայիսի 16 2026
Մայիսի 09 2026
Ապրիլի 25 2026
Ապրիլի 18 2026
Ապրիլի 11 2026

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: