Երկուշաբթի, Մարտի 30, 2020

Շաբաթվա անցուդարձ

14-21 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Անցած շաբաթավերջյան լրահոսում ուշագրավ մի տեղեկություն էր շրջանառվում, որի բովանդակությունը տեսանյութի տեսքով տարածվեց նաեւ համացանցում: Սակայն նյութը հանրային լայն քննարկման չարժանացավ եւ, կարծես թե, արագ մոռացվեց` չնայած եղելությունը, որը նկարագրված էր տեսանյութում, լուրջ վտանգներով է հղի: Ըստ այդ լրատվության, Հայաստանում ի հայտ են եկել իրենց հեղափոխության պահապաններ կոչող երիտասարդների բավական ագրեսիվ մի խումբ, որն այցելում է վարչապետի հասցեին «վատ-վատ բաներ» ասողներին եւ պահանջում ներողություն խնդրել` սպառնալով հակառակ դեպքում ենթարկել պատժի: Տեսանյութը դիտած մի խումբ իրավաբաններ միջոցներ ձեռնարկելու հորդորով դիմել են իրավապահներին, իսկ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդագրություն է հասցեագրել դատախազությանը:

…Խնդրո առարկա տեսանյութում պատկերված են «հեղափոխության պահապան» մի խումբ անձինք, որոնք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր եւ նրան ահաբեկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար։ Նրանք քաղաքացուց պահանջում են «պատասխան տալ իր ասածների համար»։ Վերջինս սպառնալիքների տակ ստիպված ներողություն է հայցում վարչապետից, զղջում արածների համար: Տեսանյութում խմբի մասնակիցները նշում են, որ վարչապետը «երբեւիցե ոչ մի հրահանգ ոչ մեկին չի տվել, որ ինչ-որ մեկը վենդետաներ անի, բայց մենք` լինելով ՀՀ քաղաքացի եւ հարգելով մեր վարչապետին, գտնում ենք, որ նման արտահայտություններին պետք է արձագանքենք»։ Վերջում «պահապանները» հավելում են, որ «այս պահը թող բոլորի համար դաս լինի» եւ պնդում են, որ «հանգիստ ամեն ինչ չէր վերջանալու», եթե քաղաքացին չենթարկվեր։

Դատախազությանը հասցեագրված իր հաղորդագրության մեջ Անի Սամսոնյանը փաստում է, որ վերոհիշյալ խմբի գործողություններում առկա են Քրեական օրենսգրքով արգելված մի շարք արարքներ: Մասնավորապես, ըստ պատգամավորի, խախտվել է Սահմանադրության 162-րդ հոդվածը, համաձայն որի` ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: «Հեղափոխության պահապաններ» խումբն իր գործողություններով եւ կոչերով իրեն իրավունք է վերապահում պատժել բոլոր նրանց, որոնց վարքագիծը չի համապատասխանի իրենց պատկերացումներին: Դրանով խմբի անդամները, Սամսոնյանի փոխանցմամբ, ինքնակամ իրացնում են իրենց ենթադրյալ իրավունքները, ինչն առերեւույթ պարունակում է Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի հանցակազմի տարրեր (Ինքնիրավչություն):

Պարզ է, որ «Հեղափոխության պահապաններ» խմբավորումը դատարկ տեղում չծնվեց: Նմանօրինակ կառույցները սովորաբար գտնում են իրենց գաղափարախոսական հենքը, որից էլ «սնուցվում», ամրանում են: 2019-ի դեկտեմբերի 14-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի էր ունեցել հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների եւ անհատների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Հանդես գալով հավաքում, նախաձեռնության հեղինակը համոզմունք է հայտնել, որ հեղափոխությունը եւ նրա անշրջելիության գաղափարը վտանգված են. «Դա նշանակում է, որ հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք՝ ինչպես այն վտանգող նախկին ռեւանշիստներից, այնպես էլ իշխանության մաս կազմող շատ ու շատ անհատներից եւ համակարգերից` ՍԴ-ից, քոչարյաններից, սարգսյաններից, վանեցյաններից ու բոլոր գունավորումներից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել հեղափոխության անցնցում ընթացքը»,- նշել է նա:

Պնդել, թե Բաբաջանյանի այս նախաձեռնությունն է հատկապես «Հեղափոխության պահապաններ» խմբի հոգեւոր խարիսխը, չենք կարող, բայց միանշանակ է, որ երկու միավորման նպատակն էլ հեղափոխության շահերի սպասարկումն է. մեկինը` խոսքով, մյուսինը` բռնությամբ: Ի դեպ, ուղիղ 100 տարի առաջ մեր երկիրն արդեն մեկ անգամ ճաշակել է հեղափոխության նվաճումների պահպանման համար կոչված կառույցի` բոլշեւիկյան «ՉԷԿԱ»-ի հրամցրած դառն պտուղները: «ՉԷԿԱ»-ն հակահեղափոխության, սաբոտաժի եւ սպեկուլյացիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողով էր (1918-22 թթ.), որը բաժանմունքներ ուներ նաեւ խորհրդայնացված Հայաստանում եւ իր գոյության չորս տարիների ընթացքում բազում տառապանքներ բերեց ժողովրդին:

Մերօրյա «Հեղափոխության պահապանները», անշուշտ, «ՉԷԿԱ» չեն, բայց նրանց գործողություններում նկատելի են «չէկա»-ական ծիլեր, որոնք կարող են աճել, եթե մենք թույլ տանք: Խնդիրն անտեսելու դեպքում, հնարավոր է, անհրաժեշտություն առաջանա պահպանելու հեղափոխությունը հենց «Հեղափոխության պահապաններից»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Կառավարության որոշմամբ Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը սահմանվել է արտակարգ դրություն: «Արգելվում է միայն այն քաղաքացիների մուտքը, ովքեր առողջապահության նախարարի որոշմամբ գալիս են այն երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը ծանր է կամ վերջին 14 օրվա ընթացքում գտնվել են այդպիսի երկրներում, եւ պարետն առանձին դեպքերում կարող է սահմանել որոշ բացառություններ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի եւ համայնքապետարանի ներկայացուցիչները:

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Նախագահի տեղեկատվության վարչության հաղորդմամբ` սույն օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար կրթության համակարգի ներդրմանը:

«Ժամանակակից տեխնոլոգիաների եւ թվային լուծումների կիրառմամբ իրականացվող ուսուցումը կարեւոր քայլ է կրթական համակարգն առավել արդյունավետ ու ճկուն դարձնելու ուղղությամբ եւ մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ մեր կյանքի թվայնացումն այլընտրանք չունի: Սա նաեւ նոր հնարավորություն է՝ ավելի լուրջ եւ հիմնավոր ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների զարգացմանը դպրոցում, բուհում, աշխատավայրում եւ ընդհանրապես կյանքում»,- նշված է հաղորդագրությունում:

Մարտի 17-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված իրավիճակը: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների` նիստի մասնակիցները կարեւորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը եւ լրացուցիչ անվտանգության միջոցառումները: Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարեւորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում:

Նիստի մասնակիցները քննարկել են տնտեսությունն ակտիվացնելու եւ կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները։

Մարտի 28 2020
Մարտի 21 2020
Մարտի 14 2020
Փետրվարի 29 2020
Փետրվարի 21 2020
Փետրվարի 14 2020
Փետրվարի 08 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: