Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա ամենաքննարկված թեման Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու քրգործով Բաքվում ընթացող «դատավարություն»-զավեշտախաղն է՝ անտրոհելի իր բաղադրիչներով՝ պատանդառուների խոշտանգումներ, ստորացումներ, հոգեբանական ճնշումներ: Հիշեցնենք, որ Արցախի նախկին երեք նախագահները, պետնախարարը, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, եւս ռազմական երկու գեներալ՝ ընդամենը 8 առանցքային գործիչներ, 2023թ. սեպտեմբերին, տարբեր հանգամանքներում Ստեփանակերտից գերեվարվել ու ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղափոխվել էին Բաքու, որտեղ արդեն մեկուկես տարի ապօրինաբար պահվում են անազատության մեջ:
Լրահոսի վերջին նորություններով ցավալի էր տեսնել վայրագաբարո խոշտանգումների հետքերը Ռուբեն Վարդանյանի եւ Բակո Սահակյանի հյուծված դեմքերի վրա: Ռուբենի գլխին մետաղական օղակապ էին հագցրել՝ աջ եւ ձախ քունքերի կողմից գլուխը սեղմող հարմարանքով, իսկ Բակոյի ստորին ատամնաշարի մի մասում ուղղակի քաշել էին ատամները: Այսպիսի բանի ընդունակ կարող էին լինել բացառապես միջնադարյան վայրի ցեղի հատուկենտ ներկայացուցիչներ, որոնց կողքով քաղաքակրթության հովերը դեռ չէին անցել: Չգիտես էլ ինչ մտածել մի քանի տասնյակ տարի առաջ ձեւավորված այս՝ Ալլահի պատիժ ազգի էթնոգենեզի մասին:
Ամեն դեպքում՝ եթե թուրքի բնույթը ինչ-որ կերպ կարելի է բացատրել՝ հաշվի առնելով անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած՝ հայերի եւ քրիստոնյա այլազգիների զանգվածային ջարդերը՝ մասնավորապես Հայոց ցեղասպանությունը, ապա ավելի քան անբացատրելի է Բաքվում պահվող հայ պատանդառուների դառն ճակատագրի նկատմամբ ՀՀ իշխանությունների լռելյայն անտարբերությունը: Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը իշխանություններին կոչ է անում ավելի գործուն կերպով ներգրավվել բանտարկյալների ազատ արձակման գործում: Փաստաբանը հստակ պարզաբանում է, թե ինչ կարող է անել Փաշինյանը։
Ահավասիկ.
ա/ Բանտարկյալների ազատ արձակումը հայտարարել որպես առաջնահերթություն, հրավիրել ասուլիս, հոդված գրել առաջատար պարբերականում. բ/ Հանդիպել բանտարկյալների ընտանիքներին, խնդրել ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ-ին՝ դիտորդներ ուղարկել «դատավարություններին». գ/ Բաքվում դեսպանատներ ունեցող դաշնակից երկրներին կոչ անել ներկայացուցիչներ ուղարկել «դատավարություններին». դ/ Դիմել ԱՄՆ նախագահին եւ պետքարտուղարին, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդներին. ե/ Շարունակել դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պահանջել, որ ՄՔԴ դատախազը ԼՂՀ-ից Հայաստան 120.000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսի. զ/ Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ խնդրելով օգնել ազատ արձակել գերիներին:
Պատրա՞ստ են ՀՀ իշխանությունները՝ ընդունելու վերը հանգամանորեն նկարագրված առաջարկները: Վախենամ՝ ոչ: Իշխանական շրջանակներից դրական ազդակներ առայսօր չկան, բոլորն այդտեղ մեկ մարդու բերանին են նայում, իսկ այդ մեկ մարդու բերանից միայն հերթապահ, խուսափողական արտահայտություններ են դուրս գալիս, որոնք էլ մյուսները մանրից երկրորդում են:
Այսպես՝ մարտի 5-ի խորհրդարանական ճեպազրույցում ընդդիմադիր պատգամավորի հարցին ի պատասխան, թե ի՞նչ է արվում Բաքվի բանտերում խոշտանգվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար», Կառավարության ղեկավարն ընդամենը կարծիք է հայտնել, որ իրենք (իշխանությունը) հավատարիմ են խաղաղության օրակարգին՝ դրա համատեքստում տեսնելով հարցերի՝ ներառյալ բանտարկյալների վերադարձի խնդրի լուծումը: «Վարչապետի խնդիրն է՝ կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլեւ ՀՀ պետական շահերի եւ քաղաքացիների շահերի վրա… Մեր դիվանագիտությունը հնարավորն անում է, բայցեւ ղեկավարվում է, առաջին հերթին, չվնասելու սկզբունքով»,- ասել է Փաշինյանը:
Ալեն Սիմոնյանը, որ ընդդիմադիրների «դժվար» հարցերի դեպքում նրանց բարձրախոսն անջատելու թուլություն ունի, հնարավորություն չտվեց Խամոյանին՝ ավարտին հասցնելու գերիների մասին իշխանության համար տհաճ խոսույթը: Հավանաբար՝ վերջինս ուզում էր հակադարձել, որ խոսքը մեկ անձի մասին չէ, այլ՝ Բաքվում պահվող, ըստ պաշտոնական տվյալների՝ 23, իսկ ոչ պաշտոնական տեղեկությամբ՝ 80-ից ավելի հայ քաղաքացիների: Ալեն Սիմոնյանը կիսում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի տեսակետը՝ ասելով. «Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբեւիցե չվերադառնան»: Սա նույն «չվնասելու սկզբունքն է», որով իշխող ուժն արդարացնում է իր անզորությունը:
Մի բան ակնհայտ է՝ հայ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տունդարձի ճանապարհը մշուշապատ է: Տա Աստված՝ ես սխալվեմ, բայց Ադրբեջանի վերնախավի վարքաբանությունն այդ մասին է վկայում: Բաքուն ուզում է նրանց պահել՝ որպես լավագույն խաղաթուղթ կամ թանկագին գրավ՝ Հայաստանից էլ ավելի թանկագին բան պոկելու դիմաց: Եվ, որ ավելի վատթարն է, մեր իշխանությունները դրան նպաստում են: Կամա թե ակամա:
Բավական աղմկահարույց հաջորդ թեման Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է: Մոտավորապես սպասելի էր, որ Կիրակոսյանը լքելու է, եւ լքեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերից: Այդ մասին Կիրակոսյանը ՖԲ-ի իր էջում ծանուցեց մարտի 6-ին՝ նշելով, որ ցանկանում է «առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական եւ մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելու ՀՀ-ում միջազգային իրավունքի ամրապնդմանն ու իրավագիտական կրթության զարգացմանը»։
Նա երախտագիտություն հայտնեց վարչապետին՝ վստահության համար, եւ շնորհակալություն՝ պետհամակարգի բոլոր գործընկերներին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի իր թիմին՝ հույսով, որ «գրասենյակը կշարունակի պատշաճ ու արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական եւ արբիտրաժային գործընթացների շրջանակներում»։ Ավելի վաղ գործադիրից «Ազատությանը» հայտնել էին, որ Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն. նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ամիսներ առաջ: Թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը՝ Կառավարության լրատվականից չէին մանրամասնել:
Այսքան բան: Մինչդեռ հանրությունը ՄԻԵԴ-ի ներկայացուցչից տաք բացահայտումներ էր ակնկալում եւ մի քիչ էլ՝ ճշմարտությունն իր մեջ չպարփակելու խիզախություն: Բայց ավաղ, եղավ այն, ինչ եղավ: Դարձյալ մնացին անպատասխան հարցեր, չպարզաբանված, ճշմարտություններ, որոնք, վաղ թե ուշ, ջրի երես դուրս կգան: Արդեն այսօր գաղտնիք չէ, որ առկա է միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ-ի ներկայացրած հայցերի հետկանչի հերթական պահանջ Ալիեւի կողմից: Ընդ որում՝ վերջնագրային կարգով, որին Փաշինյանը, բնականաբար, համաձայնել էր:
Այդ մասին հանրությունն իմացավ 2024թ. նոյեմբերին, երբ «Հ1»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ Երեւանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հետ կանչել դատական հայցերը: «Փոխադարձության սկզբունք» ասվածը, ի դեպ, Ադրբեջանի օգտին է աշխատում: Ժամանակին այդ մասին հայտնել էին նույն Եղիշե Կիրակոսյանը, միջազգային իրավունքի այլ մասնագետներ՝ վստահեցնելով, որ դատական ատյաններում Ադրբեջանի ունեցած 2 «թույլ» գանգատի դիմաց Հայաստանն ունի միջպետական 5 «ծանրակշիռ» գանգատ. 4-ը՝ ՄԻԵԴ-ում եւ 1-ը՝ Հաագայի արդարադատության դատարանում: Ալիեւն ամենաշատը հենց դրանցից է վախենում:
Մամուլը գրում է, որ Կիրակոսյանի գրասենյակը տեւական ժամանակ դիմադրում էր, սակայն այլեւս որեւէ տարբերակ Նիկոլ Փաշինյանը գրասենյակին չի թողել. հայցերը պետք է հետ կանչել եւ վերջ, իբր՝ առանց դրա Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը չի ստորագրի: Է՛հ, լավ էլ գտնված ձեւ է. չանենք այսինչ բանը՝ Ադրբեջանը պայմանագիր չի ստորագրի, չանենք այնինչը՝ խաղաղություն չի լինի, չպահանջենք Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդառուների ազատ արձակումը՝ Ադրբեջանը կպատերազմի: Ու այսպես գնալով՝ ադրբեջանական սպառնալիքի տակ կկորցնենք ամեն ինչ՝ մեր արժանապատվությունը, ազատությունը, հայրենիքը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Գարնան առաջին օրը լրացավ մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 17-րդ տարին, ինչի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այդ օրը Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում ու դրա մերձակայքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ սկիզբ առած բախումների հետեւանքով զոհվեց 10 հոգի, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: 17 տարի անց զոհերից եւ ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ, թեեւ Փաշինյանը դեռ յոթ տարի առաջ էր հայտարարում, թե ««Մարտի 1-ի» գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»:
Ադրբեջանը փակում է իր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը: Կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը մարտի 5-ին հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց արդեն տեղեկացրել է այդ մտադրության մասին։ ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է, որի միջոցով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ընտանիքները հնարավորություն ունեն որեւէ տեղեկություն ստանալ կամ կապ հաստատել գերության մեջ գտնվող իրենց հարազատի հետ, նաեւ ծանրոց ուղարկել նրանց։ Բաքուն մարդասիրական կառույցի աշխատակիցներին մեղադրում է նաեւ Հայաստանի օգտին լրտեսության համար:
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։ Ակցիայի 3-րդ եւ 5-րդ օրերին տկն. Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, հետազոտվել ու, չնայած բժիշկների հորդորներին, հրաժարվել էր դադարեցնել հացադուլը եւ վերադարձել էր Ազատության հրապարակ: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վարդանյանն իր նկատմամբ դատական ֆարսի վրա է հրավիրում աշխարհի ուշադրությունը:
Քառունչորսօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հասանելի է լինելու 2025-ի Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում՝ «Ազատության» հարցին ի պատասխան, մարտի 5-ին հայտնել է խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Իշխող խմբակցության պատգամավորը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ երբ։ «Որպեսզի դա չշահարկվի, ժամկետ չեմ ասի, բայց անպայման 2025 թվականին զեկույցը հասանելի է լինելու ԱԺ լիագումար նիստում»,- արդեն որերորդ անգամ ԶԼՄ-ներին հավաստիացնում եւ հուսախաբ է անում Քոչարյանը:
Բաքուն Հայաստանին մեղադրում է Հարավային Կովկասում ականների խոշորագույն արտադրողը լինելու համար: Այդ մասին մարտի 1-ին Х-ի իր էջում գրառում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը՝ հրապարակելով վիճակագրություն, որի համաձայն՝ 2020-ի պատերազմից մինչ օրս Ադրբեջանում ականների զոհ է դարձել 70 մարդ, այդ թվում՝ 55 խաղաղ բնակիչ։ «Հայաստանը պատասխանատվություն է կրում սրա համար պետական մակարդակով»,- գրել է Հաջիեւը: