Չորեքշաբթի, Մարտի 26, 2025

Շաբաթվա անցուդարձ

22 փետրվարի - 1 մարտի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Փետրվարի 26-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որին ներկա էին նաեւ գործադիրի անդամներ: Այս մասին տեղեկացրել են «Քաղպայմանագիր» խմբակցությունից՝ առանց մանրամասներ ներկայացնելու: Միայն հայտնվել է, որ դռնփակ հանդիպմանը քննարկվել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Թե ինչ է իրենից ներկայացնում, այսպես կոչված, Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, «Հայացքը» նախորդիվ անդրադարձել էր՝ այն անվանելով անհեթեթությունների հավաքածու:

Մի բան պարզ է՝ եթե Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով «իրական» է կնքվում 2018-ից այս կողմ գոյություն ունեցող մի քանի տարվա Հայաստանը, ինչպես փորձում է հանրությանը հասկացնել ՔՊ-ական «ուսապարկերի» խմբակը, նշանակում է պետք է ընդունել, որ այդ թվականից առաջ մենք ապրել ենք անիրական, անգո, երեւակայական Հայաստանում: Սա իր հերթին նշանակում է, որ, այդպիսով, 2018-ին հիմնադրվել է Իրականը՝ ՀՀ Չորրորդ Հանրապետությունը: Ուրեմն եւ՝ այն պետք է ունենա իր գաղափարախոսությունը, որի հենքի վրա էլ պիտի ընդունվեն նոր Սահմանադրություն եւ Անկախության նոր հռչակագիր:

Նոր Մայր օրենքի ընդունման ռազմավարական նպատակ է սահմանված «Անցումը պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ» բանաձեւը: Իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային թեզերից է նաեւ «Քչերից կախվածության փոխարինումը շատերից կախվածության» սկզբունքը, ինչը, ապագա Չորրորդ հանրապետության ապագա հիմնադիր-նախագահի համոզմամբ, իրական անկախության երաշխիքն է: Ամենայն հավանականությամբ՝ հենց այսօրինակ հարցեր էին ՔՊ-ականները քննարկման դրել փետրվարի 26-ի երեկոյան՝ 3 ժամ տեւած դռնփակ նիստում, օտար աչքից հեռու:

Փաշինյանը չի սիրում ուրիշի կիսատ թողած գործը շարունակել, նախընտրում է սկսել իր զրոյական կետից, ինչպես դա եղավ արցախյան կարգավորման բանակցությունների պարագայում, որի աղետալի արդյունքը բոլորիս հայտնի է: Հիմա նորից «զրոյական» իր կետն է սկզբնավորում՝ ի դեմս ՀՀ Մայր օրենքի եւ Անկախության հռչակագրի, որոնք, ըստ էության, ՀՀ-ի անձնագիրն ու ծննդյան վկայականն են: Ակնհայտ է, որ փոփոխությունները Ալիեւ-Էրդողան զույգի համառ պահանջով են իրականացվում, թեեւ Փաշինյանի պնդմամբ՝ դա իր նախաձեռնությունն է, որի մասին խոսել է տակավին 44-օրյա պատերազմից առաջ: Ավելին՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի խոսքով՝ «Ալիեւը փորձում է խափանել մեր սահմանադրական բարեփոխումները»:

Նույն օրը՝ փետրվար 26-ին, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը սոցիալական ցանցերի իր էջերում աշխատանքային կադրեր էր հրապարակել եւ տեսանյութերին կից մակագրել. «Աշխատանքային առօրյա»: Նստած է համակարգչի առջեւ, գրասեղանին թղթեր են եւ սուրճի կիսով չափ լցված բաժակը: Անհասկանալի է, թե ում են ուղղված «Աշխատանքային առօրյա» ոչինչ չասող, ինքնակրկնվող լուսանկարները: Ո՞ւմ է դա հետաքրքիր: Ավելի ճի՞շտ չէր լինի ցույց տալ ոչ թե աշխատանքային առօրյան, այլ աշխատանքի արդյունքը: Թե՞ ավելի գայթակղիչ է ժողովրդավարություն խաղալ:

 

Ժողովրդավարությունը դրոշ դարձրած ՔՊ-ական իշխանությունը շարունակում է մարդու իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու, հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը, իշխանության քիմքին անհաճո քննադատությունը լռեցնելու համար նոր, ավելի կոշտ ու ազդու միջոցներ կիրառել: Փետրվար 23-ին հայտնի դարձավ, որ դատարանը նախկին դեսպան եւ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ Youtube-ում «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդման հեղինակ, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին արգելել է արատավորող տեղեկություններ տարածել դատավորների, քննիչների եւ մի շարք այլ պաշտոնյաների վերաբերյալ:

Ի՞նչ է արել Հայաստանի ներքաղաքական-հասարակական դաշտի ընդդիմադիր հատվածի ամենագործունյա ու գրագետ ներկայացուցիչներից մեկը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով. այն նախատեսում է 2-ից 5 տարվա ազատազրկում: Իրավապահների թիրախում Ղազարյանը հայտնվել էր ՍԴ-ի մի որոշումից հետո, որը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման Կանոնակարգի քննարկման ժամանակ ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի դերին ու նշանակությանը Բարձր դատարանի դատավորների կողմից տրված գնահատականին:

Այնուհետեւ Մայր օրենքի ընդունած որոշումը «Հ1»-ի եթերում պարզաբանել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Ղազարյանն էլ իր հաղորդման շրջանակում եւ տարբեր ելույթներում անդրադարձել էր Գրիգորյանի մեկնաբանություններին՝ պնդելով, որ դատավորները չպետք է քննարկեին Անկախության հռչակագիրը, «բայց եթե դա արել են, կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան»: Ի դեպ՝ Ղազարյանը նույնը կրկնել էր նաեւ նախորդ շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին մեկնարկած դատական նիստից առաջ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Բարեբախտաբար (որքանով որ դա կարելի է բարեբախտություն համարել), հաջորդ օրը՝ կիրակնօրյա դատական նիստում, Ղազարյանի վերաբերյալ միջնորդությունը, հավանորեն, քաղհասարակության ճնշման տակ, դատարանը բավարարեց մասնակի, այսինքն՝ նրա խոսքի ազատությունը սահմանափակվեց մասնակիորեն։ Ղազարյանի փաստաբաններն, այդուամենայնիվ, մտադիր են այն բողոքարկել վերադաս դատական ատյանում։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյային զայրեցրել էր այն, որ ՍԴ-ն իր որոշման մեջ մեծապես անդրադարձել է Անկախության հռչակագրին եւ թուրք-ադրբեջանական կողմի համար ցանկալի ու դուրեկան դիրքորոշում արտահայտել:

Այսպիսով՝ դատարանը սահմանափակեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն, ինչը, ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի, նշանակում է, որ Էդգարն իրավունք չունի մինչեւ գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների,  հարկադիր կատարողների եւ նրանց ընտանիքի անդամների մասին: «Աբսուրդն այն է, որ Ղազարյանն այլեւս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար կգան ու կասեն՝ «Էդգար ջան, գնացինք»,- գործնականապես ներկայացնում է փաստաբանը:

Փաստորեն գործ ունենք նախադեպը չունեցող մի իրավիճակի հետ, երբ պաշտոնատար անձը կարող է դատական կարգով վիճարկել իրեն ուղղված որեւէ քննադատության կամ բացասական տեսակետի համար՝ չարաշահելով ՔՕ 490 հոդվածը: «Սա կոիտ ոտնձգություն է խոսքի ազատության դեմ՝ արհեստական քրեական փաթեթավորմամբ։ Առավել դատապարտելի է խափանման միջոցի տեսքով հարկադրանք կիրառելու նախաձեռնությունը… Սա վատ նախադեպ է, որ հարվածում է ժողովրդավարական հասարակության հիմքերին եւ խաթարում իրավունքի գերակայությունը»,- իր հերթին՝ նկատում է ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նախկին օմբուդսմենի դիտարկմամբ՝ այս հետապնդումն ու խափանման միջոցը ՔՊ-ի համար ռազմավարական-քաղաքական նշանակություն ունեն եւ անհրաժեշտ են, որպեսզի. ա/ լռեցնեն Էդգար Ղազարյանին. բ/ վախ ներշնչեն ՔՊ-ին հրապարակավ քննադատող մյուս քաղաքացիներին, թե՝ «տեսեք, նույնը ձեզ հետ տեղի կունենա, եթե խոսեք», եւ գ/ այս նախադեպը հետագայում օգտագործեն ի պաշտպանություն գործադիր իշխանության պաշտոնյաների ու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ նրանց հրապարակային քննադատողների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Եվ կհարուցեն, եթե, իհարկե, օրերից մեկ օր այս ամենը բումերանգի էֆեկտով չվերադառնա այնտեղ, որտեղից եկել էր:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Բաքուն որոշ մանրամասներ է հայտնել փետրվարի 25-ին շարունակված դատավարությունից, որին մասնակցել է 8-րդ օրը հացադուլ անող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է հացադուլի պատճառով, հրավիրվել է բժիշկ, ընդմիջումից հետո նիստը շարունակվել է: Իշխանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաեւ չի պատասխանել մեղադրողների որեւէ հարցի: Նա ընտանիքի միջոցով ավելի վաղ հայտնել էր, որ հացադուլի միջոցով բողոքում է դատական ֆարսի դեմ: Ըստ հավաստի տվյալների՝ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 24-25-ն աշխատանքային այցով Շվեյցարիայում էր։ Արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Անի Բադալյանը հայտնում է, որ Միրզոյանը Ժնեւում մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի ու Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին եւ հանդես եկել ելույթներով: Ծրագրված էին նաեւ երկկողմ հանդիպումներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջեւ փետրվարի 27-ին տեղի ունեցած բանակցությունները։ Հանդիպումը տեւել է 6,5 ժամ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բանակցությունների ավարտից հետո պատվիրակությունները մեկնաբանություններ չեն տվել մամուլին՝ փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը։ Այդ օրվա հանդիպման օրակարգում հիմնական հարցը Ուկրաինայի դեմ պատերազմից հետո սառեցված դիվանագիտական հարաբերությունների ու դեսպանատների աշխատանքի վերականգնումն էր: Նախորդ անգամ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն հանդիպել էին փետրվարի 18-ին՝ Սաուդյան Արաբիայում:

Բաքվից կրկին ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին են հայտարարում: «Այս պահին մենք սպասում ենք, որ Երեւանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- փետրվարի 24-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ տեղակալը։ Երեւանը բազմիցս պնդել է, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ: Նախորդ շաբաթ, այդուհանդերձ, Փաշինյանը ազդարարեց համաժողովրդական հանրաքվեի մասին: Իսկ անցյալ տարի՝ Մայր օրենքը փոխելու՝ Ադրբեջանի շարունակվող պահանջների հենքին նա հանձնարարել էր մինչեւ 2026թ.-ի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: