Չորեքշաբթի, Ապրիլի 30, 2025

Շաբաթվա անցուդարձ

15-22 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Մյունխենյան Անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը, որից հետո անցկացվեց Լեռնային Ղարաբաղի թեմայով քննարկում՝ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Քննարկումը տեւել է մոտավորապես 45 րոպե, այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը եւ Ալիեւը հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով հակամարտության կարգավորման մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատեւ հանդիպումներ, սակայն, շատ են եղել:

Նախօրեին աշխատանքային այցով Գերմանիա էր մեկնել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում` որպես բանախոս, նա ներկայացրել է քվանտային քաղաքականությանն առնչվող իր տեսությունը` խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի մասին։

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Մյունխենի Անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Անվտանգության խնդիրների, ներկա եւ ապագա մարտահրավերների արծարծման առաքելությամբ ամեն տարի փետրվարին ֆորումը մեկ հարկի տակ համախմբում է ողջ աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների:

Հայ հանրության ուշադրության կենտրոնում, բնականաբար, Փաշինյան-Ալիեւ հանդիպումն էր, եւ դա հասկանալի է` հաշվի առնելով, որ Հայաստանի ու Արցախի քաղաքական օրակարգում այժմ ավելի նշանակալի հարց, քան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է, չկա: Այդուհանդերձ` հասարակության հետաքրքրությունը պայմանավորված էր ոչ միայն դրանով, այլեւ Արցախի հարցում անբարենպաստ զարգացումների մտավախությամբ, որոնց նախանշաններն ակնհայտ են: Բանն այն է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե բանակցային գործընթացը սկսվելու է զրո կետից, ինչը նշանակում է գիծ քաշել նախորդ գրեթե երեք տասնամյակում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վարվող բանակցությունների, այդ տարիներին ձեռք բերված պայմանավորվածությունների, փորձի, գործադրված ջանքերի, փոխհամաձայնեցված գաղափարների վրա եւ մեկեն հայտնվել «ամայի» դաշտում:

Բանակցային փորձի պակասի դեպքում երբեմն առաջին հայացքից տպավորիչ թվացող որոշ տարրեր, հարցադրումներ, հայտարարություններ կարող են իրականում վնասաբեր ու սնանկ լինել: Այդպիսին էր, օրինակ, վարչապետի այն արտահայտությունը, թե պետք է ընդունել արցախյան կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա բավական խոցելի հայտարարություն է այն պարզ պատճառով, որ գործնականում չկա բոլոր երեք կողմերին բավարարող լուծում` մոտեցումները խիստ տարամերժ են: Հայաստանը միանշանակ պնդում է, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանի համար ԼՂՀ-ի ու հայկական վերահսկողության տակ գտնվող 7 շրջանների վերադարձը եւ իր տարածքային ամբողջականության վերականգնումը կենացմահու խնդիր է, ինչի մասին բոլոր ամբիոններից նա պաշտոնապես հայտարարում է: Եթե վարչապետին հայտնի է միաժամանակ Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին գոհացնող տարբերակ, ուրեմն թող ներկայացնի, այլապես ասածը կհնչի իբրեւ «ձայն բառբառո յանապատի»:

Այժմ հիշենք, թե Մյունխենում Փաշինյանն ինչ պատասխանեց բանավեճը վարողի այն հարցին, թե ինչ են ակնկալում երկու ղեկավարները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից: Մեր վարչապետի ակնկալիքը հետեւյալն էր` հայտարարել, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Եվ սա այն դեպքում, երբ սույն դրույթը ԵԱՀԿ-ի պաշտոնական փաստաթղթերում բազմիցս շրջանառվել է: Ալիեւի ակնկալիքն ավելի պրագմատիկ էր` համանախագահները թող ճնշումներ գործադրեն Հայաստանի վրա, որպեսզի զորքերը դուրս բերի «գրավյալ» տարածքներից, եւ ադրբեջանցի տեղահանվածները վերադառնան իրենց տները: Քննադատության չի դիմանում նաեւ խնդրի կարգավորման այն թեզը, որը Մյունխենում Փաշինյանի կողմից անվանվեց «նախ` միկրո-հեղափոխություններ, մինի-հեղափոխություններ, ապաեւ` ճեղքում»: Սա ոչ այլ ինչ է, քան վաղուց մերժված հայտնի «փուլային» տարբերակի մի փոքր քողարկված տարատեսակ:

Այս ամենը գալիս է նրանից, որ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ Հայաստանը չունի հստակ մշակված հայեցակարգ: Մինչդեռ այդպիսի ռազմավարության մշակումը խիստ կարեւոր է: Հանպատրաստի, անօրակարգ բանակցություններն ու հանդիպումները վերջին շրջանում հանգեցրել են նրան, որ Ադրբեջանը` հմտորեն օգտվելով հայկական կողմի անխոհեմ մոտեցումից, արդյունավետ քայլեր ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքին սուբյեկտայնության կարգավիճակ տալու եւ այդ «համայնքի» ղեկավարների հետ Բաքվում հավատարմագրված` ԵԱՀԿ երկրների դեսպանների հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Ադրբեջանն ուզում է այդ գործընթացի խորացմամբ, այսինքն` գոյություն չունեցող համայնքի ճանաչմամբ, նվազեցնել Արցախի խնդրի կարեւորությունը` այն եւս հասցնելով ընդհուպ համայնքի մակարդակի, եւ խնդիրն աշխարհին ներկայացնել որպես միջհամայնքային վեճ:

Թող ոմանց չթվա, թե իրադարձությունների` այս դիպաշարով զարգացումը շատ է հեռու իրականությունից: Այդպես մտածողները լավ կանեն եւս մեկ անգամ ուշադիր դիտեն արցախյան խնդրի շուրջ փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած` Փաշինյան-Ալիեւ բանավեճի տեսագրությունը: Արժանին չմատուցել Ադրբեջանի նախագահի հարուստ երեւակայությանն ու դիմացինին գլխավորից (օրինակ` ինքնորոշման իրավունքի հարցից) շեղելու եւ պատմության բավիղներում մոլորեցնելու տաղանդին` կնշանակի թերագնահատել հակառակորդին կամ չհասկանալ, թե ում հետ գործ ունենք:

 

Երկուշաբթի օրը` փետրվարի 17-ին, մեկնարկեց Սահմանադրական դատարանի նախագահի եւ 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցով հանրաքվեի քարոզարշավը, թեպետ այն, ըստ էության, ավելի վաղ էր սկսվել: Սա իշխանությունների արդեն երրորդ փորձն է լուծել սահմանադրական ճգնաժամը եւ, միեւնույն ժամանակ, առաջինն է, երբ հայաստանցիները պետք է հանրաքվեի գնան որոշելու համար Սահմանադրության մեջ փաստորեն միայն մեկ փոփոխության անհրաժեշտությունը:

…Նախ` մի կարճ անդրադարձ նորանկախ Հայաստանի Հիմնական օրենքների ընդունման պատմությանը: Այսպես` 1995 թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերջին 25 տարում երեք անգամ Մայր օրենքը փոխելու ջանք էր գործադրվել: Առաջինը 2003 թվականի տապալված փորձն էր, որ նախաձեռնել էր Ռոբերտ Քոչարյանը: Նույն տարում նա նախագահ վերընտրվեց կեղծված, վիճահարույց ընտրությունների միջոցով, ինչպես արձանագրել էին ընդդիմությունը եւ ընտրությունները դիտարկած միջազգային կառույցները: Եվ ամիսներ անց խորհրդարանական ընտրություններին զուգահեռ` քվեարկության դրված Սահմանադրության փոփոխությունների փաթեթն արժանացավ ավելի քան 550 հազար քաղաքացիների միահամուռ «Ոչ»-ին եւ, չստանալով անհրաժեշտ քանակի ձայներ, չընդունվեց:

Բայց այն, ինչ չէր ստացվել 2003 թվականին, ստացվեց երկու տարի անց` 2005-ին: Ի տարբերություն նախորդ հանրաքվեի, որի քարոզարշավի ընթացքում իշխանություններն առանձնապես ջանքեր չէին գործադրել «Այո»-ի համար, այս անգամ ակտիվ քարոզիչներ էին դարձել նախագահին սատարող քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն, ինչպես նաեւ մտավորականների ճնշող մեծամասնությունը: Ընդդիմությունը սխալ մարտավարություն էր որդեգրել` երկու տասնյակի չափ ընդդիմադիր կուսակցություններ միասնաբար «Ոչ» ասացին հանրաքվեին, ապա «Ոչ»-ը փոխեցին բոյկոտով` մտածելով, որ այդկերպ իշխանությունը հազիվ կարողանա հանրաքվեի համար անհրաժեշտ քվորում ապահովել: Հետեւանքը եղավ այն, որ իշխանությունը հնարավորություն ստացավ հանրաքվեի մասնակիցների անհավանական թիվ «նկարել»` մեկուկես միլիոն ընտրող, որից ընդամենը 82 հազարն էր «Ոչ» ասել փոփոխություններին: 2005-ի հանրաքվեն պատմության մեջ մնաց «ուրվականների հանրաքվե» անվամբ։

Եվ, վերջապես, 2015 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր երկրի կառավարման մոդելի փոփոխություն` կիսանախագահականից խորհրդարանականի։ Չնայած տասնամյա նախագահությունն ավարտող Սարգսյանի հավաստիացումներին՝ ընդդիմադիրները վստահ էին, որ այս փոփոխությունների նպատակը 2018-ից հետո էլ նրա` իշխանության ղեկին մնալն էր։ Այս քարոզարշավի նորարարությունը եթերում էր. հեռարձակվում էր հեռուստաշոու, որում «Այո»-ի եւ «Ոչ»-ի արշավախմբերը համատեղ քարոզի էին մեկնում մարզեր։ «Այո»-ի թիմում նաեւ Հրայր Թովմասյանն էր` ներկայիս ՍԴ նախագահը: Ընդդիմադիրների` ՀԱԿ-ի, «Նոր Հայաստան ազգային փրկության ճակատ»-ի, ՀԺԿ-ի ջանքերը հաջողությամբ չպսակվեցին` ընտրակեղծարար մեքենան կատարեց իր «սեւ» գործը: Հանրաքվեի պաշտոնական արդյունքը՝ ընտրությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն 302 հազար քաղաքացի, «այո» են ասել 825 հազար 292-ը:

Ինչ վերաբերում է ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին, պետք է նկատել, որ վերջինս` հետհեղափոխական գործընթաց լինելով հանդերձ, խիստ տարբերվում է իր երեք նախորդներից, ընդ որում` ոչ լավագույն հատկանիշներով եւ հասարակական-քաղաքական ոչ ավելի բարվոք մթնոլորտով: Շատ դիտորդների կարծիքով` ընթացիկ սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման ողջ ընթացակարգն անցել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտումներով, իսկ ապօրինի այդ ձեռնարկի նպատակը իշխանությանը հլու-հնազանդ ծառայող Սահմանադրական դատարան ունենալն է: Դատապարտող հայտարարություններով եւ, ի նշան բողոքի, հանրաքվեին չմասնակցելու կոչով հանդես են եկել Ազգային ժողովում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերից` ՀՀԿ-ն, «Ժառանգություն»-ը եւ այլք:

Հանրապետական կուսակցության տարածած հայտարարության մեջ, ի մասնավորի, ասված է. «Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարեւոր խնդիրներից շեղելու եւ իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է»: Սահմանադիր ժողով գումարելու եւ նոր, օրինակարգ Սահմանադրության նախագիծ մշակելու կարեւորությունն է իր պաշտոնական խոսքում ամրակայել «Ժառանգություն»-ը` գրելով. «Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական եւ նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ»:

Հանրաքվեին բոյկոտ հայտարարած քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, ակտիվ քաղաքականությամբ զբաղվող բազում անհատներ ու շարքային քաղաքացիներ համոզված են` հանրությանը գույների բաժանելու եւ ատելություն քարոզելու արատավոր երեւույթների հենքին «Այո»-ի եւ «Ոչ»-ի հանրաքվեն կարող է նոր ջրբաժան դառնալ: Այդ պատճառով «Ոչ»-ի դրոշը ոչ մի քաղաքական ուժ չվերցրեց: Մինչդեռ իշխանությունները հուսով էին, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կձեւավորեն «Ոչ»-ի միասնական շտաբ, որի առանցքի ներքո էլ կհավաքվի ընդդիմադիր ողջ ռեսուրսը` լեգիտիմացնելով գործընթացը: Բայց նման բան տեղի չունեցավ, փոխարենը ձեւավորվեց 61 քաղաքացու նախաձեռնած «Ոչ»-ի շտաբը, ինչի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է:

Եվ այսպես, իշխանությունն ամեն կերպ կջանա ապրիլի 5-ին շուրջ մեկուկես միլիոն մարդ դուրս բերել ընտրատեղամասեր` ապահովելու «Այո»-ի համար պահանջվող 650 հազար հաղթական քվեն: Ամենայն հավանականությամբ` իշխանության երազանքն ի կատար կածվի: Մնում է միայն պարզել հետեւյալ հարցը. իրականում ի՞նչ խնդիր է կոչված լուծելու բազմաչարչար այդ «Այո»-ն` հանրային շահի՞, թե անձնական ամբիցիայի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Փետրվարի 20-ին նշվեց Արցախի վերածննդի օրը: 32 տարի առաջ` 1988-ի այս օրը ԼՂԻՄ-ի Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջանում ընդունեց որոշում` դիմել Ադրբեջանական ու Հայկական ԽՍՀ-ների եւ ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին միացնելու խնդրանքով։ Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվել էր մի ամբողջ օր: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Այդ պահին դրսում հանրահավաքի հազարավոր մասնակիցներ ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության եւ ազատության առաջին րոպեներն ու ժամերը:

Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը: Այդ օրը դարձավ հայ ժողովրդի սխրանքի, վճռականության, տոկունության եւ մեր համազգային միասնականության խորհրդանիշը: Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ մտքեր են փոխանակել նախագահ Արմեն Սարգսյանը եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին փետրվարի 18-ին նախագահի նստավայրում կայացած հանդիպման ժամանակ։ Զրուցակիցները

հեռանկարային են համարել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Սահմանադրությունում փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի շուրջ:

Բոննում գործող BICC միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն, որը հրապարակվել է փետրվարի 20-ին, Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված 154 երկրների շարքում եւ առաջինը՝ Եվրոպայում: Երեւանը, ըստ հետազոտական կենտրոնի տվյալների, ռազմական ծախսերին տրամադրում է ՀՆԱ-ի 6,5 տոկոսը՝ անցած տարվանից մի փոքր ավելի: Ընդ որում` այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին, որը դիտարկված երկրների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Ուսումնասիրության մեջ, ի մասնավորի, նշված է. «Ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պատճառով կողմերը շարունակում են էական միջոցներ ներդնել բանակում, թե՛ Երեւանը, թե՛ Բաքուն արդիականացնում են սպառազինությունները` մեծածավալ համաձայնագրեր կնքելով Ռուսաստանի հետ»:

Ապրիլի 26 2025
Ապրիլի 19 2025
Ապրիլի 12 2025
Մարտի 29 2025
Մարտի 22 2025
Մարտի 15 2025
Մարտի 07 2025

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: