Երկուշաբթի, Մարտի 30, 2020

Շաբաթվա անցուդարձ

8-15 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հաշվետու շաբաթը մեկնարկեց Սահմանադրական դատարանի շուրջ եռացող կրքերով: Ավելի վաղ` փետրվարի 6-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը որոշել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ վեց անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Ազգային ժողովը նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցության առաջարկությամբ քննարկեց Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշումը, որն էլ ընդունվել էր ձայների 88 կողմ եւ 16 դեմ հարաբերակցությամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր քվեարկել նախագծին, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ն ամբողջ կազմով չէր մասնակցել քվեարկությանը:

Մթնոլորտն ավելի էր շիկացել արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթից հետո, ինչպես նաեւ` հետագա օրերին, երբ փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

…Թերեւս` քննադատությունների թիրախ չդառնալու համար Նախագահի աշխատակազմը պարզաբանել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման առնչությամբ նախագահի գործառույթները` նշելով, որ դրանք ընթացակարգային են եւ սահմանափակվում են բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագրի ստորագրմամբ: «Հարկ ենք համարում նշել, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի ընդունած եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»,- ասված է պարզաբանման մեջ: Կարծում եմ` արդարանալու անհրաժեշտություն չկա: Կասկածից վեր է այն փաստը, որ Նախագահի ինստիտուտն այլեւս անատամ է: Ինչեւէ: Հիշեցնենք, որ առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերվում միայն վերոնշյալ ժամկետից հետո դատավոր նշանակված Արման Դիլանյանին եւ Վահե Գրիգորյանին, որոնք իշխանության հանդեպ ունեն լոյալ վերաբերմունք:

Եվ այսպես` չնայած նախագահի ստորագրությունը զուտ խորհրդանշական բնույթի էր, ինչպես պարզաբանել են Նախագահականից, բայց որոշակի խանդավառություն առաջ բերեց խորհրդարանական մեծամասնության շրջանում: ՖԲ-յան իր գրառմամբ այն կարեւորեց նաեւ վարչապետը` նշելով. «Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը: Ապրիլի 5-ին Հեղափոխությանն ասում ենք` «Այո», Ազատությանն ասում ենք` «Այո», Ապագային ասում ենք` «Այո» եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»: Այստեղ տեղին է խոստովանել, որ «դուռ շրխկացնելով»` մենք հեռու չենք գնա: Անցած շաբաթավերջին ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում նույնպես` եւ սա շատ ցավալի է, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր «դռներ շրխկացնել»` մասնավորապես մարդկանց «սեւ-սպիտակի» բաժանելու, ոմանց պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու` ի սկզբանե որդեգրած գործակերպի շրջանակում: Այս անգամ բաժանարար գիծն անցնում էր «հակաժողովրդական», «հակապետական» տարրերի եւ Հայաստանի ապագան կերտող «նվիրյալների» խմբերի միջով:

Վարչապետի ելույթի իրավական մասը, ըստ hraparak.am-ի, գրել է Սահմանադրական դատարանի` իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանը: Վերջինիս տեքստին Փաշինյանը ավելացրել էր միայն մի քանի իրեն բնորոշ արտահայտություններ, օրինակ` «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի ոհմակ»: «Այսպես ասած` «տեղայնացրել» է Գրիգորյանի գրած իրավական անհեթեթությունը` դրան հաղորդելով փաշինյանական բառապաշար»,- գրում է կայքը։ Բայց սա այլ թեմա է, որին կանդրադառնանք ավելի պատեհ առիթով: Գալով մեր թեմային` փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս ՍԴ-ի եւ անձամբ նրա նախագահի նկատմամբ «իմքայլականների», մեղմ ասած, հակակրանքը, ի՞նչ խնդիր է իշխանությունն ուզում լուծել ժողովրդի կամարտահայտությանը կամ, միգուցե, պատասխանատվությանը հանձնվող հանրաքվեի միջոցով, ինչո՞վ է գործող Սահմանադրական դատարանը խոչընդոտում իշխանությանը` իրականացնելու իր ծրագրերը: Հիմնական փաստարկը, որ բազմիցս հնչեցրել են վարչապետը եւ նրա թիմակիցները, Հրայր Թովմասյանի` կեղծիքով ընտրված լինելու հանգամանքն է, ինչը նրան հնարավորություն է տվել պաշտոնավարման 12 տարվա ժամկետին ավելացնել եւս 5 տարի եւ այն դարձնել 17 տարի: Օրենքի գիտակների համոզմամբ` սա դժվար չէ շտկել, պարզապես նրա պաշտոնավորումը սահմանափակելով 12 տարվա ժամկետում, եթե խանգարողը դա է, եւ բանը չհասցնել ահռելի ծախսեր ու ջանքեր պահանջող հանրաքվեի:

«Իմքայլականների» մեկ այլ պնդմամբ` ՍԴ-ն չի վայելում ժողովրդի վստահությունը, այնտեղ ճգնաժամ է եւ այլն: Նման Փաստարկները, շատ դիտորդների կարծիքով, ոչ մի քննադատության չեն դիմանում: Ավելին, ոմանց դիտարկմամբ` ճգնաժամն ավելի շուտ Ազգային ժողովում է, քան Սահմանադրական դատարանում: Եվ, ընդհանրապես, քաղաքագիտական ու հասարակական շրջանակներում ներհայաստանյան առկա իրավիճակի բնութագրման բոլորովին այլ հատկանիշներ են շեշտադրվում` ատելության ու թշնամանքի մթնոլորտի գեներացում, «հանրային պահանջ»-ի չարաշահում, ժողովրդի անունից խոսելու կամ «ժողովուրդ» տարողունակ հասկացության հետ նույնացվելու հակում, համատարած դժգոհություններ հարուցող անմիտ գործողությունների ու գործերի ձեռնարկում, Ազգային ժողովի ամբիոնից անբովանդակ, երբեմն մանկամտության հասնող դատողությունների սփռում եւ այլն: Միայն մեկ փաստ, որն ավելի քան խոսուն է. 88 պատգամավորից գոնե մեկը չընդդիմացավ իրավական նորմերի կոպիտ խախտումներով ուղեկցվող ընթացակարգերի դեմ: Իսկ միակ մարդը, ով սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկման հաջորդ օրը չկարողացավ զսպել հիացմունքը «Իմ քայլը» խմբակցության անդամների պահվածքից, Ն.Փաշինյանն էր: Ֆեյսբուքյան իր էջում վարչապետն արձանագրեց սույն իրողությունը. ««Իմ քայլը» խմբակցությունը երեկ պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում: Հպարտ եմ ձեզ համար, հարգելի´ գործընկերներ»: Ահա այսպիսի բաներ:

Այժմ տեսնենք` ինչպիսի տեսակետներ են շրջանառվում «սպիտակների» ճամբարից դուրս. Լարիսա Ալավերդյան, Մարդու իրավունքների առաջին պաշտպան- «Հանրաքվեով ժողովրդին ընդգրկում են այդ հակաիրավական եւ միջազգային բոլոր սկզբունքներին հակասող գործընթացում: Հետո կասեն՝ մենք չենք արել, ժողովուրդն է որոշել: Սիրելի ժողովուրդ, դուք մասնակցելու եք հանցագործության»; Գեւորգ Պետրոսյան, ԱԺ պատգամավոր (ԲՀԿ)- «Այսօր երկրում աննախադեպ թշնամանքի ու ատելության մթնոլորտ է, որի ամեն պահը հղի է իրար ոչնչացնելու վտանգով: Փաստորեն, իշխանության համար ժողովրդին սեւի ու սպիտակի բաժանելը քիչ էր, հիմա էլ բաժանում են «այո»-ի ու «ոչ»-ի...»; Արթուր Վանեցյան, ԱԱԾ նախկին տնօրեն- «Մահափորձ կատարվեց իրավունքի եւ օրենքի նկատմամբ: Հետեւանքները շատ ծանր են լինելու` խարխլելով երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»; Ավետիք Չալաբյան, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր- «Պարոնայք, դուք հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարհելու հետեւանքները։ Ի՞նչ է Հայաստանը շահելու, եւ ի՞նչ կարող է կորցնել ձեր գործելակերպի արդյունքում; Աղասի Ենոքյան, քաղաքագետ- «Եթե իշխանությունները հանկարծ չեղարկեն հանրաքվեն եւ դրանով հայ ժողովրդին զրկեն թավշյա իշխանափոխության պատեհությունից, ապա նրանք կվերածվեն «շնաբարո վնգստացող դուրսպրծուկների», ժողովրդի լավատեսությունը ծծող «շնագայլերի ոհմակի»; Լիլիթ Գալստյան, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ- «Կատարվածը բացասական իմաստով հեղափոխական վարքագիծ է, պետության ինստիտուցիոնալ կայացման մեջքը «ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի» կեղծ, բոլշեւիկյան լոզունգներով ջարդելու փորձ»: Ահա նաեւ այսպիսի բաներ:

Ամփոփելով` արձանագրենք, որ ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, երբ «Այո»-ն մտազուգորդվում է Նիկոլ Փաշինյանի, իսկ «Ոչ»-ը` Հրայր Թովմասյանի հետ: Եվ հանրաքվեն ինչ-որ իմաստով ջրի երես կհանի, թե ով ով է: Եթե, իհարկե, մինչեւ ապրիլի 5-ը հանրաքվեի հետ ոչինչ «չպատահի»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալա երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հորդանանի թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահ Սարգսյանի եւ թագավոր Աբդալա երկրորդի հանդիպումը: Այցի շրջանակում Հորդանանի թագավորը հանդիպում է ունեցել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նրան հյուրընկալել է Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Թե´ նախագահի, թե´ վարչապետի հետ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են են հայ-հորդանանյան տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարեւորությունը:

Աբդալա երկրորդը այցել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում ընդունեց փետրվարի 13-ին աշխատանքային եռօրյա այցով այդ երկիր ժամանած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ պաշտոնական Բեռլինի, հանդիպման ընթացքում Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական քաղաքականությանը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր: Այուհետեւ վարչապետը Բեռլինում հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ, ապա այցելել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի գրասենյակ եւ հանդես  եկել ելույթով:

Բեռլինից Փաշինյանը մեկնել է Մյունխեն` մասնակցելու Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին, որտեղ մի շարք հանդիպումներ են նախատեսված: Իր վերջին ասուլիսում Փաշինյանը չէր բացառել, որ համաժողովի շրջանակում շփում եւ զրույց կունենա նաեւ Իլհամ Ալիեւի հետ` օգտակար համարելով թեկուզ կարճ հանդիպումները:

Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին եւ կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ։ Այդ մասին փետրվարի 11-ին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ ԿԸՀ-ն հաստատել է ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Առաջիկայում կձեւավորվի «այո»-ի եւ «ոչ»-ի մեկական շտաբ։ Արդեն հայտնի է, որ «այո» շտաբը կղեկավարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ոչ» քարոզչական կողմ նախաձեռնելու համար կարող են դիմել նախագծին դեմ քվեարկած պատգամավորները, ինչի համար տրվում է 7 օր, իսկ չդիմելու դեպքում գործում է այլ տարբերակ։

Մարտի 28 2020
Մարտի 21 2020
Մարտի 14 2020
Փետրվարի 29 2020
Փետրվարի 21 2020
Փետրվարի 14 2020
Փետրվարի 08 2020

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: