Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հունվարի 27-ն այլեւս Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է: Այդ մասին օրենքի նախագիծը հունվարի 20-ին ԱԺ-ում ընդունվեց նիստին ներկա պատգամավորների ձայների 69 կողմ եւ 15 դեմ հարաբերակցությամբ: Նախագիծը հեղինակել էին ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը: ԱԺ փոխխոսնակը նախօրեին տեղեկացրել էր, որ քվեարկությունից հետո օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման 10-րդ օրը, ինչպես սովորաբար, այլ՝ անմիջապես: Եվ այս հունվարի 27-ն արդեն օրենքի ուժով ոչ աշխատանքային օր էր հայտարարված:
Օրվա կապակցությամբ հունվարի 27-ին Եռաբլուր էին այցելել ՀՀ վարչապետը, Կառավարության անդամներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: ԱԺ երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այդ օրը Եռաբլուր չայցելեցին՝ փոխանցելով, որ զինվորական պանթեոն կայցելեն վաղը՝ Բանակի օրվա առիթով: Այնպես որ, իշխանական խունտան ինքն իրենցով էր, անգամ լրագրողների մուտքն էր արգելված դեպի պանթեոն: Միայն զոհվածների հարազատներն էին վերահսկում իրենց զավակների հոգիների անդորրը, որպեզի Փաշինյանը նրանց չմոտենա:
Որդեկորույս ծնողները, բնականաբար, նրան են մեղադրում, համարում, որ նրա վարած անխոհեմ քաղաքականության պատճառով ծագեց պատերազմը՝ բերելով այսքան մահեր, ավերածություններ, դժբախտություններ ու կորուստներ: Վաղ առավոտից հարյուրավոր ոստիկաններ «սանրել» էին ողջ տեղանքը, մանրազնին ստուգել Եռաբլուրի շուրջն ամեն ծառ ու թուփ, փոս ու խրամ: Անվտանգությունն են ապահովում ինքնագոհ, երեսպաշտ մի անձի, որը բազմաթիվ մարդկանց անվտանգությունը թողել է բախտի քմահաճույքին: Մի մարդու, ով իր աթոռի սիրույն՝ պատրաստ է կոխկրտել-անցնել համայն հայ ազգի վրայով, բայց խոսքով հրեշտակ ձեւանալ:
Զոհվածների հիշատակի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում ասված է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այն կողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակն՝ ավելանում է, որպեսզի մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն։ Զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանն է զոհերի հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը: Եվ մենք այսօր կենտրոնացած ենք հենց այս խնդրի վրա, այն է՝ Հայաստանի Հանրապետության հարատեւությունը, մեր պետականության ու նրա ինստիտուտների ուժեղացումը»:
Ինչպիսի՜ փարիսեցիություն՝ խոնարհվելը մեր պա՜րտքն է… հիշատակի պետական օր է սահմանվել, բայց դրանից մեր պատասխանատվությունը չի նվազել… ուժեղ, երջանիկ Հայաստան… մեր պետականության ու նրա ինստիտուտների ուժեղացում… այս վերջին երկուսն էլ՝ հատուկ Կարապետյանների «Ուժեղ Հայաստան» նորաստեղծ կուսակցության ջգրու: Լավ, ինչպե՞ս է ստացվում, որ զոհվածների հիշատակի առջեւ խոնարհվում եք, բայց միաժամանակ հրահանգում կարմիր բերետավորներին՝ Եռաբլուրում կոպտորեն քաշքշել որդեկորույս մայրերին: Ասում եք, իբր, ջանքեր եք գործադրում, որպեսզի նահատակների զոհողություններն իզուր չլինեն, բայց, կներեք, ձեր ընտանիքը բազմիցս հայտարարել է, թե զոհողությունները եղել են հանուն ոչնչի:
Խոսում եք պետականության եւ նրա հաստատությունների ուժեղացման մասին, բայց փոքրիշատե կայուն հաստատությունների եւ բուն պետականության հիմքերը թուլացրել եւ շարունակում եք թուլացնել: Խոսքը, մասնավորապես, Սահմանադրական կարգի, Զինված ուժերի, դատաիրավական համակարգի, հանրակրթական եւ բուհական կրթության ոլորտի ու էլի մի շարք այլ ինստիտուտների մասին է, որոնց մեծ մասը գրեթե քայքայման եզրին է: Երկրի վիճակն օրհասական է. մատդ ինչի վրա դնում ես, ձախողում է՝ լինի բարդագույն ռազմավարական խնդիր, թե տոնացույցերի ու հիշատակների հանգույն թեթեւակի օրակարգ, ինչպիսին է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա սահմանումը:
Ահավասիկ մեր դեպքը. իշխանությունն ընտրում է հունվարի 27-ը՝ որպես զոհվածների հիշատակի օր, իսկ ընդդիմությունը նախընտրում է սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյայի առաջին օրը, երբ բոլորը, այսպես թե այնպես, այցելում են Եռաբլուր՝ զոհված մեր հայորդիների շիրիմներին: Իշխանությունն ընտրել է չեզոք մի օր (ի դեպ՝ հունվարի 27-ը նաեւ հրեաների Հոլոքոստի օրն է), որպեսզի այն վերաբերելի լինի նաեւ Արցախյան առաջին՝ 1991-1994թթ. պատերազմի նահատակներին: Թե որն է նմանատիպ զգայուն հարցի շուրջ գեներացվող տարակարծությունների իմաստը, պետք է հարցնել նախեւառաջ գործող իշխանությունից, ով անընդհատ ազգը պառակտելու պատրվակներ է փնտրում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականների ուղեկցությամբ Բանակի օրն այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն: Աղոթքից եւ հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո Վեհափառը հեռացավ: Լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին վերջին ամիսներին ՀՀ իշխանությունների եւ եկեղեցու ղեկավարության միջեւ սրված հակասություններին, ինչպես Վեհափառը, այնպես էլ նրան ուղեկցող հոգեւորականները հրաժարվեցին պատասխանել: «Սիրելինե՛ր, եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջեւ եւ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար: Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը ավելորդ հարցումներով»,- լրագրողներին հորդորեց Գարեգին Երկրորդը:
TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու. այս մասին հունվարի 29-ին հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահը: «TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է»,- նշել է Քոչարյանը: Ըստ նրա, ԱՄՆ-ն այս ծրագրում 0 տնտեսական շահ ունի: Միակ հետաքրքրողը Իրանն է, որին ԱՄՆ-ը փորձում է վերահսկողության տակ վերցնել: «Այս ծրագիրը կարող է չեզոքացնել Իրանի մտահոգությունը, եթե դրան միանան այլ երկրներ»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ԱՄՆ-ն ու ՀՀ-ն հրապարակեցին համատեղ հայտարարություն TRIPP-ի վերաբերյալ: Այն պաշտոնապես հաստատում է, որ Երեւանը ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ։
Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 26-ին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորելով Հնդկաստանի իր գործընկերոջը, նշել է. «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ երկրների ու ժողովուրդների»։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ՝ շնորհավորելով Հնդկաստանի իր պաշտոնակցին, X-ում գրել է. «Հայաստանը պատրաստ է բոլոր ոլորտներում առաջ մղել նոր, հավակնոտ նախաձեռնություններ եւ մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»:
Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ «Որոշումն ընդունվել է հունվարի 28-ին, ԵՄ խորհրդի նիստում»,- Բրյուսելից փոխանցում են «Ազատության» աղբյուրները։ Հայաստանը երկրորդ անգամն է աջակցություն ստանում եվրոպական հիմնադրամից։ Առաջինը տրամադրվել էր 2024թ. հուլիսին՝ 10 միլիոն եվրո՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաեւ մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպեսեւ համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ Այս անգամ՝ որպես առաջնային ուղղություն, նշվել է ՀՀ զինված ուժերի եւ պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ լոգիստիկայի ու բժշկական սարքավորումների, անհրաժեշտ տեխնիկական ուսուցում տրամադրելու միջոցով։
Հայաստանում խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այս մասին նա հայտարարել է հունվարի 27-ին՝ կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում: «Ես ուզում եմ, որ ԱԺ-ում ամբողջությամբ արեւմտյան արժեքներ դավանող որեւէ ուժ ներկա լինի, որ չլինեն սոսկ ռուսամետներ եւ բալանսավորողներ»,- նշել է Սարգսյանը։ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձեւով» քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն լինելու է նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը, ՀԱԿ-ինը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, իսկ ՀՅԴ-ն իր թեկնածուի ով լինելը դեռ չի հայտնում:

