Շաբաթ, Ապրիլի 10, 2021

Շաբաթվա անցուդարձ

30 հունվարի - 6 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Փետրվարի 1-ից մեկ ամսով բացվել է օդային թռիչքուղին Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն: Առաջին օրն իրականացվել է 6 չվերթ, այդ թվում 4-ը՝ Մոսկվա: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները: Ռուսաստան մեկնելու համար Հայաստանի քաղաքացիներն այլեւս չեն կարող ավիատոմս գնել 80 հազար ՀՀ դրամով. տոմսերի գներն անհամեմատ բարձրացել են։

NEWS.am-ի հետ զրույցում «Գլոբուս տուռս» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Նարինե Բաբայանը պարզաբանել է, որ որքան թռիչքի օրը մոտենում է, այնքան մատչելի տարբերակները սպառվում են, այսինքն՝ մնում են բարձր գնի ավիատոմսերը։

Այդ օրը «Զվարթնոցում» բուռն իրարանցում էր՝ Հայաստանից մեկնողների թիվը աննկարագրելիորեն մեծ էր: Տեսարանն ավելի շուտ տարհանման տպավորություն էր թողնում: Հազարավոր մարդիկ, ըստ երեւույթին, անհամբեր սպասում էին այդ օրվան՝ ՌԴ օդային սահմանի բացմանը: Նրանք չունեն աշխատանք եւ, բնականաբար, ընտանիք պահելու միջոցներ: Անգամ ավիատոմսերի բարձր գները, որոնք թելադրված են աճած պահանջարկով, խոչընդոտ չեն հեռանալու որոշում կայացրած մարդկանց համար: Մեկնողներից ոմանք իրենց ընտանիքներն ապահով ու անվտանգ վայրեր են տանում, քանի որ չեն հավատում վաղվա օրվան, չեն վստահում իշխանություններին: «Հայաստանը մնալո՞ւ տեղ է, սաղ ազգին թալանեցին, սպանեցին, մորթեցին»,- բարձրաձայն բողոքում էր ուղեւորներից մեկը՝ միջին տարիքի մի քաղաքացի: Մեկ ուրիշն էլ աշխատանքն էր կորցրել եւ չէր կարողանում այլ գործ գտնել. «Մենք անգամ տոմսի փող չունեինք, տոկոսով փող ենք պարտք վերցրել, ընտանիքով գնում ենք մեր բախտը փորձելու»,- դառնացած ասում էր երիտասարդ տղամարդը:

Հայաստանից արտագաղթը նոր երեւույթ չէ: Այն միշտ եղել է՝ թե՛ խորհրդային տարիներին, թե՛ անկախության երեսնամյա շրջանում: Թերեւս բացառություն էին 2005-2006 թվականները, երբ 20 հազարի չափ ներգաղթ արձանագրվեց: Արտագաղթի հիմնական դրդապատճառը բոլոր ժամանակներում եղել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, մարդիկ մեկնում էին արտագնա աշխատանքի՝ ինչ-որ առումով թեթեւացնելով նաեւ պետության հոգսը: 2020-ին՝ պայմանավորված COVID-19-ով, աշխատանքային միգրանտների թիվն անհամեմատ պակաս էր, հետեւաբար պակաս եղան նաեւ դրսից ստացվող դրամական հոսքերը՝ տրանսֆերտները, որոնցից Հայաստանը մեծ կախում ունի: Այդպիսով՝ տրանսֆերտների անկումը խիստ բացասաբար է անդրադարձել տասնյակ հազարավոր այն ընտանիքների վրա, որոնց հույսը դրսից ստացվող դրամն է: Նման շատ ընտանիքներ 2020-ի ընթացքում սպառել էին իրենց խնայողությունները, նոր պարտքեր կուտակել, որոնք մարել է պետք: 

Այս տարի սովորական ֆինանսական հոգսերին գումարվել է նաեւ պատերազմով պայմանավորված անվտանգային խնդիրը, եւ ժողովրդի մի պատկառելի հատված ստիպված է դարձյալ բռնել արտագաղթի ճանապարհը՝ օտար ափերում փնտրելով աշխատանք եւ ապահովություն: Ցավալի է, որ հայի համար ամենաանպաշտպան վայրը այսօր Հայաստանն է, որտեղից փախչում են՝ ոմանք իրենց հետ փախցնելով դեռահաս որդիներին, որպեսզի թուլամորթ իշխանությունը վաղը-մյուս օրը նրանց չուղարկի նոր «կրակի բերան»: Ի՞նչ կարող ես ասել այդպիսի ծնողին: Թերեւս դժվար է մեղադրել նրան, ով հացի խնդիր ունի եւ ամենաահավորը՝ վստահ չէ, որ զորակոչային տարիքին մոտեցող իր զավակի վաղվա զինծառայությունն անվտանգ է լինելու։ «Հպարտ քաղաքացիները տասնյակ հազարներով լքում են իրենց հայրենիքը, փախնում են, որ փրկվեն: Փրկվեն այն աղետից, որ իրենք իրենց ձեռքով բերեցին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը: 

Դատելով արտագաղթի տեմպերից, րոպեների ընթացքում սպառվող ավիատոմսերի քանակությունից, հերթերից ու Ռուսաստան մուտք գործելու շուրջ ծավալված այլ զարգացումներից, հասկանում ես որոշ դիտորդների այն մտահոգությունը, որ ներկայիս արտագաղթը հայոց ամենամեծ գաղթն է լինելու: Եվ պետք չէ զարմանալ, եթե Ռուսաստանի կողմից արտոնված մեկ ամսում Հայաստանը լքածների թիվը նույնպես հայտարարվի պետական գաղտնիք, ինչպես՝ զոհերինը, անհայտ կորածներինն ու վիրավորներինը:

 

…Փետրվարի 2-ին տեղի ունեցած՝ «Սահմանագոտի» («Пограничная ZONA») նախագծի առցանց խորհրդաժողովում, որին մասնակցում էին նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել: Նա, մասնավորապես, ասել է. «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին, թե ով է առաջինը հարձակվել, ում պատմական հողն է, որովհետեւ, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին եւ գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, եւ դա մեզ բերել է պատերազմի»,- ասել է նա:

…Հանրությունը չի դադարում զարմանալ իշխող քաղաքական մեծամասնության աղմկոտ հայտարարություններից, որոնցից մեկը դեռ «չմարսված»՝ հրապարակ են նետում երկրորդը, երրորդը, չորրորդը… Դիտավորությո՞ւն է սա, տգիտությո՞ւն, թե՞ երկուսը միասին՝ դժվար է ասել, բայց բովանդակային առումով հստակ է, որ բոլոր այդ արտահայտություններն ունեն մեկ ընդհանրական գիծ՝ դա, խոշոր հաշվով, հակահայկականությունն է: Անուշ Բեղլոյանն, իհարկե, բացառություն չէ ընդհանուր կանոնից, սակայն հետագա իր արդարացման համար մի փոքրիկ տեղ, ամեն դեպքում, թողնում է, երբ ասում է. «…ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին եւ գրողներին հղում անելու հարցում»:

Ամեն օր մի նոր անհեթեթություն ասելով, հետո մի ամբողջ շաբաթ արդարանալով, թե իրեն սխալ են հասկացել, «Իմ քայլը» դրանով նսեմացնում է ազգային արժեքները, ստվերում երկրի հեղինակությունը, սասանում անկախ պետականության հիմքերը: Իշխող քաղաքական ուժի նպատակը պարզ է՝ հանրության շրջանում ամրապնդել այն հայեցակարգը, թե մենք հողեր չենք կորցրել, Ադրբեջանը վերատիրացել է իրեն պատկանող տարածքներին, հետեւաբար պետք է համատեղ խաղաղ կյանք վարելու մասին մտածենք: Այդ թեմայով յուրայիններին բաց արտահայտվելու առաջին օրինակը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը՝ Շուշի քաղաքի ադրբեջանական պատկանելիության մասին իր հայտնի արտահայտությամբ, հետո ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը զարգացրեց խաղաղության ու քիրվայության միտքը, եւ գործընթացը տեղից շարժվեց:

Բեղլոյանի մոտ ուղղակի գաղափարն ավելի փափկանկատորեն մատուցելու ձեւը վատ ստացվեց: Չէր կարելի գոնե հավասարության նշան դնել Արցախի դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ լայնածավալ ագրեսիա ձեռնարկած, նրա տարածքի 75 տոկոսը զավթած, խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական ու կասետային զենք կիրառած եւ պատերազմական այլ հանցանքներ գործած Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ: Այնուհետեւ խոսելով ռուս խաղաղապահների ներկայության մասին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասել է. «Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի եւ ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ եւս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:

Դարձյալ հանգեցինք այդ քաղցր բառին՝ խաղաղությանը, չփորձելով հասկանալ՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է դրան, ուզո՞ւմ է, որ խաղաղություն լինի: Եթե ուզում է, ապա ինչո՞ւ է հետպատերազմյան այս երեք ամիսներին սաստկացրել Հայաստանին ուղղված սպառնալիքները, ատելության քարոզը, մեր մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը: Այս ամենը հաստատող փաստեր մեր հրապարակումներում բազմիցս բերվել են, կրկնելու անհրաժեշտություն չենք տեսնում: Ադրբեջանն այսօր զորավարժություններ է անցկացնում Կարսում, նախատեսում է հաջորդ զորավարժանքներն անցկացնել Նախիջեւանում, այդ երկիրը նոր ավելի արդիական զինատեսակներ է ձեռք բերում: Նրա ռազմական հռետորաբանության թիրախում դարձյալ հայկական տարածքներն են՝ Զանգեզուրը, Սեւանը, նույնիսկ Երեւանը: Ուրեմն ո՞ւմ դեմ են այդ սպառնալիքներն ուղղված: Հաստատապես՝ ոչ Թուրքիայի, Ռուսաստանի կամ Իրանի: Հարգելի պատգամավորուհին գոնե այդքանը պետք է լավ իմանար խաղաղություն քարոզելուց առաջ: 

Սակայն թշնամու ներկայությամբ «իմքայլականը» նախընտրում է բոլորովին այլ թեմա՝ ՀՀ-ում հնչող «ռեւանշիստական», «ազգայնական» հայտարարությունների թեման՝ ասելով. «Հայաստանը դեմոկրատական երկիր է, եւ մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ նացիոնալիստական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում են ՀՀ արտգործնախարարությունը, խորհրդարանը, իշխող կուսակցությունը եւ Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռեւանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»: Այսպիսի ականջահաճո, վախվորած ուղերձ է ոխերիմ թշնամուն հղում իշխող կուսակցությունը: Ճի՞շտ է վարվում, թե՞ սխալ՝ թող որոշի ընթերցողը: 

Անուշ Բեղլոյանը, բնականաբար, չի ընդունում իր անխոհեմությունը՝ պնդելով, որ խորհրդաժողովի ընթացքում արած իր հայտարարությունները խեղաթյուրվել են: «Որեւէ» մեկը չի կարող ինձ համոզել, որ իմ սերը դեպի իմ հայրենիք իրական չէ, քանզի ես աշխատում եւ ապրում եմ իմ հայրենիքի համար»,- հայտարարել է նա: Պատերազմից շաբաթներ առաջ մոտավորապես նման պաթետիկ հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ հանուն Հայրենիքի պատրաստ է զոհվել: Հետո ի՞նչ եղավ… Նա ոչ միայն չզոհվեց, այլեւ հանուն Հայրենիքի նույնիսկ հրաժարական չտվեց:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան ԱԺ 2018թ. ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները։ Ըստ այդմ՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 9,1 միլիոն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 7 միլիոն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 5,2 միլիոն եւ ՀՅ Դաշնակցությունը` 4,3 միլիոն դրամ։

Կառավարությունը նման որոշում կայացրեց` հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջը։

Ազգային ժողովը փետրվարի 3-ին արտահերթ նիստ էր գումարել։ Առաջարկը կառավարությանն էր, ներկայացուցիչը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Օրակարգում ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն էր:

Հայտարարելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության եւ նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը»՝ «Հայրենիքի փրկության շարժումը» նույն ժամին բողոքի ակցիա էր իրականացնում խորհրդարանի շենքի մոտ։ Շարժումը պահանջում էր վարչապետի հրաժարականը։

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 2-ի որոշմամբ Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։

Լինելով «Մոսսթոն էնջինիերինգ»-ի ղեկավար, Դավիթ Գալստյանը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել էր պայմանագիր, պարտավորվել 2018թ.-ին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Սակայն մատակարարել էր 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջում էր մարտավարական հատկանիշներով եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Գալստյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Մարտի 27 2021
Մարտի 20 2021
Մարտի 13 2021
Փետրվարի 27 2021
Փետրվարի 20 2021
Փետրվարի 12 2021

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Նիշքեր

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: