Հինգշաբթի, Փետրվարի 13, 2025

Շաբաթվա անցուդարձ

4-11 հունվարի 2025թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Նոր տարվա մեկնարկը նշանավորվեց Ամանորի կապակցությամբ երկրի գործող ղեկավարի տարեմուտյան ուղերձի շուրջ հանրային քննարկումներով: Ի դեպ, նախորդ անգամվա պես «Հ1»-ը դարձյալ շրջանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսների ամանորյա ուղերձների հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ելույթը տեղափոխելով անպատեհ ժամի, ինչին Մայր աթոռը, բնականաբար, չհամաձայնվեց, եւ Կաթողիկոսի ուղերձը հեռարձակվեց Ամանորի գիշերվա ընտել ժամին՝ Հայոց եկեղեցուն հասանելի լրատվամիջոցներով:

Ինչի՞ մասին էր իր ուղերձում խոսում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Կարելի է այս հարցին շատ կարճ ու դիպուկ պատասխան տալ. «Ամեն ինչի եւ ոչնչի»: Եթե երկրի ամենապատասխանատու պաշտոնյան, որի գլխավերեւում դամոկլյան սրի պես կախված է պատերազմի վտանգը, պետականորեն կարեւոր գործերը դրած մի կողմ՝ աշխատանքային ժամերը վատնում է հեծանիվ քշելով, ձվածեղ պատրաստելով, անգլերեն սերտելով կամ կորոնավիրուսով վարակված լինելու կեղծ պատրվակով հրաժարվում է միջազգային գագաթաժողովի մեկնելուց, ինչի՞ց կարող է խոսել, բացի այդ օրը հեծանվով կտրած-անցած երթուղու երկարությունից, ձվածեղի համից, անգլերենը յուրացնելու դժվարություններից եւ այլն:

Փաշինյանի ամանորյա շնորհավորանքի առանցքում կարմիր թելով անցնում է երկու հիմնական թեմա. ա/ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ բ/ Խաղաղության օրակարգը: Ամբողջ խոսքը կառուցված է այդ երկու մանիպուլյատիվ հայեցակարգերի վրա, որոնցով արդեն քանի տարի փորձում է ազդել մարդկանց մտքերին ու սրտերին՝ նրանց ուշադրությունը շեղելով օրախնդիր թեմաներից ու ՀՀ նորանկախ պետականությանը սպառնացող գոյութենական վտանգներից: Բավական է նկատել, որ համակարգչային ընդամենը երկուեւկես էջանոց ուղերձում «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» արտահայտությունն օգտագործված է 12 անգամ, «Խաղաղության օրակարգինը»՝ 8 անգամ:

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ըստ Փաշինյանի, հայոց պատմության շրջադարձային կետերից է, որովհետեւ դրանով առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլեւ մեր ապագային: «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին եւ արտաքին հարաբերություններին, այլ դիտանկյունից նայել ինքներս մեզ՝ որպես հավաքական ամբողջություն, եւ մեզնից յուրաքանչյուրն՝ ինքն իրեն»,- նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է, եւ առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է: Ահա այսօրինակ գաղջ, իրենց սպառած դատողություններ:

Ուղերձի շարունակության մեջ Փաշինյանն այնուհետեւ խոսում է Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում կատարված սահմանազատման մասին, ինչն, իր գնահատմամբ, «ճակատագրական գործընթացի» մեկնարկ է, հաջողության պատմություն, «պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարեւորագույն անկյունաքար»: Նա անգամ խորհուրդ է տալիս գնալ, սեփական աչքերով տեսնել սահմանազատված Կիրանցը, «եւ պարզ կդառնա, թե ինչ ասել է՝ անկախություն ու անվտանգություն, Իրական Հայաստան ու Խաղաղության օրակարգ»:

Ժողովուրդը կասեր՝ «լեզվի տակ ոսկոր չկա»: Այս մարդուն միշտ հաջողվում է խոսքով «սարեր շուռ տալ», վառ գույներով ներկայացնել այն ամենը, ինչը գործով չի ստացվում գլուխ բերել: Միայն իրեն է հայտնի, թե այդ երբվանից Տավուշի չորս գյուղերի հանձնումը դարձավ բարեբախտություն, թշնամուն արվող զիջումները՝ «պատմական հաջողություն»: Նա հպարտանում է՝ ասելով, որ ամանորյա իր բոլոր ուղերձների հիմքում դրված է եղել մեկ ռազմավարական նպատակ՝ գտնել մեր պետականության, անկախության, ինքնիշխանության զարգացման ու հարատեւության բանաձեւը: Եվ համոզված է, որ այն արդեն գտնված է՝ դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է:

 

Բայց մինչ Նիկոլը գործողության մեջ կդներ իր գտած գաղափարախոսությունն ու բանաձեւը, որոնք թույլ կտային իրագործել հայկական պետականության, անկախության, հարատեւության օրակարգը, նրա «կիրթ» ու «կառուցողական» գործընկերը հունվարի 7-ին «սառը ցնցուղ» մատուցեց՝ հարցազրույց տալով Բաքվի ԶԼՄ-ներին: Ալիեւը Հայաստանին «ֆաշիստական պետություն» անվանեց եւ խոսեց ֆաշիզմը վերացնելու հրատապության մասին: Նրա խոսքով՝ եթե դա չանի ՀՀ գործող վարչախումբը, ապա կանի ինքը: Բաքվի սուլթանը նորից պահանջների մի մեծ շարան ներկայացրեց՝ ընդհուպ մինչեւ ձեռք բերած զենք-զինամթերքի վերադարձ ու լիակատար ապառազմականացում, իսկ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ակնարկեց բացել ուժով:

Ալիեւի ռազմական հռետորաբանության աննախադեպ սաստկացումը եւ Փաշինյանի ու նրա ԱԳ նախարարի թույլ, անատամ արձագանքները, որոշ վերլուծաբանների կարծիքով, վկայում են պատերազմի բարձր հավանականության եւ խաղաղության պայմանագրի թեականության մասին, ինչի առնչությամբ առաջին անգամ պարզորոշ ասաց նաեւ Ալիեւը հունվարի 7-ի հարցազրույցում: Այնպես որ, Փաշինյանը չի ստանա բաղձալի «թուղթը», ինչի մասին «Հայացքը» բազմիցս գրել է: Ի դեպ, հայ քաղաքագետներից ոմանք համոզմունք են հայտնում, որ Ադրբեջանի նախագահն իր կոշտ հռետորաբանությամբ, ըստ էության, միացավ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին, որին վերջինս լծվել է բավական վաղուց:

Ամեն դեպքում Փաշինյանի՝ իշխանության պահպանումը ձեռնտու է թե՛ Ալիեւին, թե՛ Էրդողանին, որոնց շահերի սպասարկուն է նա արդեն 7-րդ տարին: Հետեւաբար՝ նրան պարբերաբար ստորացնելով հանդերձ, Ալիեւը պատրաստ է ամեն կերպ սատարել, որպեսզի Նիկոլի «մազը չծռվի»: Եվ պատահական չէ, որ Ալիեւը ֆաշիզմի ու ռեւանշիզմի մեջ մեղադրում է Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարներին, բայց ոչ Փաշինյանին: Նրա ռազմատենչ ճամարտակությունները հենց նախկիններին են ուղղված, որոնցից ամենաշատն է վախենում, ինչու չէ՝ նաեւ ՀՀ ժողովրդին, թե՝ «խելոք մնացեք, ապավինեք Փաշինյանին, հակառակ դեպքում ինձնից պատերազմ կստանաք»:

 

Հայաստանի դեմ կոշտ քարոզչության նոր փուլը Ապշերոնի միապետը մեկնարկեց Նոր տարվա ուղերձով: Նա հայտարարեց, որ Ադրբեջանի համար անցնող տարվա ամենատագնապալի պահը Հայաստանի սպառազինումն է, ինչը, ըստ նրա, զուրկ է տրամաբանությունից, քանի որ տարածաշրջանում որեւէ ուժ ռազմական ոլորտում չի կարող իրենց հետ մրցակցել: «Ես նրանց բազմիցս զգուշացրել եմ՝ խուսափել վտանգավոր ճանապարհից։ Հայաստանի լայնածավալ եւ արագացված սպառազինումը, նրան մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, որի հնարավորությունը կա»,- ասել է Ալիեւը, սակայն մեկ շաբաթ անց ուղիղ հակառակը պնդել, թե խաղաղության պայմանագիր չի լինելու:

Ամանորյա շնորհավորանքի իր ուղերձում սա Իլհամի միակ անդրադարձը չէ: Նրա ելույթի «առյուծի բաժինը Հայաստանի հասցեին հնչեցրած հոխորտանքներն էին: Ալիեւի կարծիքով՝ Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը եւս մեկ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար: «Հայաստանն իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվել է կատարյալ ֆիասկոյի։ Նրանց ռազմական պարտությունները 2020-ին, ապա 2023-ին պետք է ցույց տային, թե որն է ճիշտ ուղին… Նրանց թիկունքում չեն կանգնի օտար երկրները, որոնք հրահրում են կրկին հարձակվել Ադրբեջանի վրա»,- հայտարարել է նա՝ կեղծելով հայ-ադրբեջանական պատերազմների պատմությունը. իրականում հարձակվողը միշտ Ադրբեջանն է եղել:

Հեյդարօղլու խոսույթն անսխալ մատնում է՝ նա եւ մեր Քաջնազարը մի սանրի կտավ են, երկուսն էլ ստախոս, վախկոտ ու մանիպուլյատիվ: Հայտարարում է, թե 2024-ին Ադրբեջանի համար ամենատագնապալի պահը Հայաստանի սպառազինումն է եղել: Չլինի՞ վախենում է տարածաշրջանում ամենաուժեղ բանակն ունեցող երկրի նախագահը: Փաստեր չբերենք՝ բոլորին լավ հայտնի է, որ Ադրբեջանի համեմատ Հայաստանը գրեթե չի զինվում, առավել եւս՝ լայնածավալ ու արագացված տեմպով: Ալիեւը ստորաբար ստում է:

Եվ երկրորդ՝ Հայաստանին, ինչպես ցանկացած ինքնիշխան պետության, արգելված չէ զինվել՝ պաշտպանելու համար իր սահմանները: Ի տարբերություն Ադրբեջանի, որը Հայաստանի տարածքը դիտարկում է որպես «Արեւմտյան Ադրբեջան», Հայաստանը հարեւանների հողերի վրա աչք չի դնում, Հատուկ նշանակության ուժերի թվաքանակը չի ավելացնում, հարձակողական զինատեսակներ չի գնում, պատերազմով չի սպառնում, անգամ զորավարժանքներ չի անցկացնում: Ուղղակի Ալիեւը սովոր է իրողություններն աշխարհին ներկայացնել իր օգտին գլխիվայր շուռ տված վիճակում, խորամանկել, կեղծել հայոց պատմությունը, արվեստը, յուրացնել մշակույթը, մյուս հոգեւոր արժեքները, ադրբեջանական վայրագությունները վերագրել Հայաստանին եւ խաբել, խաբել, խաբել…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը. 301 թվականից՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր, ամեն տարի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ ողջ աշխարհասփյուռ հայությունը նշում է տարվա հոգեւոր 5 տաղավար տոներից առաջինը՝ Հիսուսի հրաշափառ ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» ավանդական ավետիսով։ Այն արդեն հնչել էր հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի պատարագի ավարտին։ Ճրագալույցի պատարագը մատուցվում է տարին միայն 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին նախորդող երեկոյան:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը հունվարի 5-ին երկու ամսով կալանավորվել է. նա մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանական թիմի տեղեկացմամբ՝ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունը լիովին հիմնավորվեց շուրջ 5 ժամ տեւած դատական նիստին: Նախկին բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կալանքը, ըստ փաստաբանների, կիրառվեց նրան «իր ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաեւ պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով»:

Ադրբեջանի ՊՆ-ը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարում է հայկական ռազմական գերատեսչությունը։ Ըստ այդմ՝ հունվարի 6-ին, ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն, իբր, կրակ են բացել «սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», ինչը չի համապատասխանում իրականությանը։ Բաքուն այդ օրն արդեն երկրորդ կեղծ հաղորդագրությունն է տարածել՝ մեղադրելով Հայաստանի զինված ուժերին «ադրբեջանական բանակի դիրքերի վրա կրակելու մեջ»։ ՀՀ ՊՆ-ն նաեւ հիշեցրել է, որ Երեւանն առաջարկել է հրադադարի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը մինչեւ օրս չի արձագանքել:

«2025-ին ԱՄՆ-ից լուրջ աջակցություն ստանալու՝ Հայաստանի փորձերն անհաջողության կմատնվեն», - հունվարի 7-ին այդ մասին հայտնել են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները՝ նոր մեկնարկած տարվա հիմնական աշխարհաքաղաքական կանխատեսումներին նվիրված զեկույցում։ Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ՝ «Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ են Բաքվի հետ սերտ կապերը՝ որպես տեղական հակակշիռ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը։ 2025-ին Հարավային Կովկասը, ըստ Stratfor-ի, շարունակելու է մնալ աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը «բանակցային գործընթացում իրենց դիրքերն ամրապնդելու համար կշարունակեն արտաքին աջակցություն որոնել»։

Հունվարի 8-ին Երեւան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: Նախօրեին՝ հունվարի 7-ին, Ալի Աքբար Ահմադիանին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախ «շնորհավորել է Ադրբեջանին՝ իր տարածքներն օկուպացիայից ազատելու կապակցությամբ եւ ասել, որ իրենք շատ ուրախ են դրա համար»:

Փետրվարի 08 2025
Հունվարի 25 2025
Հունվարի 18 2025
Հունվարի 11 2025
Դեկտեմբերի 29 2024
Դեկտեմբերի 21 2024
Դեկտեմբերի 14 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: