Շաբաթ, Ապրիլի 20, 2024

Խմբագրական

Պանթյուրքիզմը եւ ուժերի հավասարակշռությունը մեր տարածաշրջանում

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Եթե 20-րդ դարում մեծ տերությունները միմյանց հետ իրենց հարաբերությունները պարզում էին Եվրոպայում, ապա այսօր Մեծ մերձավոր արեւելքն է հայտնվել աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում, որին մաս է կազմում նաեւ Հարավային Կովկասը: Այս զարգացումները չեն կարող շրջանցել Հայաստանը, իսկ եթե ավելի հստակ ձեւակերպենք, ապա Հայաստանի ներկան ու ապագան փոխկապակցված են տեղի ունեցող գործընթացների հետ։

Աշխարհաքաղաքական զարգացումների հիմնական հասկացություններից մեկը «ուժերի հավասարակշռությունն» է (բալանս), որը քաղաքական լեզվամտածողություն մեջ է մտել 1648 թվականից հետո, երբ Եվրոպայում գերիշխանության համար մղված պայքարն ավարտվեց Վեստֆալյան պայմանագրով։ Շրջանառության մեջ մտած «ուժերի հավասարակշռություն» հասկացությունը կարելի է հաճախ լսել երկրների մասնակցությամբ ընթացող գագաթաժողովների ժամանակ, ինչպես նաեւ մեծ ղեկավարների ելույթներում, երբ միմյանց մեղադրում են քաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերի մեջ։

Վերադառնանք մեր տարածաշրջան։ Սիրայի քաղաքացիական պատերազմը, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ, տարածաշրջանի հավասարակշռության խախտում է, որը կարող է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծել, եւ որի շուրջը երկրների նոր ժամանակավոր կոալիցիաներ են ձեւավորվում, նաեւ՝ արագ փլուզվում։ Դրանք մարտավարական կոալիցիաներ են, սակայն ռազմավարական դաշինքներ չեն ձեւավորվում։ Ռազմավարական դաշինքները կայունացնում են համաշխարհային քաղաքականությունը, իսկ մարտավարականները՝ ընդհակառակն, անորոշության ցուցիչ են։

Ռուսաստանի նախագահի, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ բարձրաստիճան այլ ղեկավարների այցերը Հայաստան, նրանց հայտարարությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ Էրդողանի խուսանավումները պետք է դիտարկել այս համատեքստում։ Նույնը վերաբերում է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, Էրդողանի՝ Վաշինգտոն այցի նախօրյակին Սենատի օրակարգում նույն հարցի ընդգրկմանը, իսկ այցի ընթացքում նույնիսկ ԱՄՆ սենատորի ժխտողական վետոյի քննարկմանը: Փաստորեն՝ Սենատի օրինագիծը իրատեսական քաղաքականության առեւտրի մաս է դառնում:

Պարզ է, որ քաղաքական առեւտրի համար օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները, եւ մեծ քաղաքականության մեջ բարոյական խնդիրների մասին մտածում են միայն քաղաքական ռոմանտիկները։ Աշխարհաքաղաքական անորոշությունը, որն առաջացել է Սիրիայի դեպքերի կապակցությամբ, երկրներին ստիպում է մտնել խարդավանքների, երկակի խաղերի եւ այլ գործարքների մեջ։

Կարող է հարց առաջանալ՝ իսկ ի՞նչ կապ ունի այստեղ պանթյուրքիզմը: Կամ՝ համաթյուրքականությունը։ Բանն այն է, որ այդ հոսանքն իր գաղափարախոսական «եղբայրների»՝ պանարաբիզմի, պանսլավոնիզմի, պանգերմանիզմի, պանիսլամիզմի եւ 19-րդ դարում ծնված մյուս նմանատիպ գաղափարախոսությունների մեջ այն եզակիներից է, որը 21-րդ դարում տակավին պահպանվում է։ Ավելին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով ստեղծվել են թյուրքական երկրները միավորող քաղաքական կառույցներ, ձեւավորվել են աշխատանքային խմբեր։

Առհասարակ՝ նման գաղափարախոսությունները հարակից երկրների համար վտանգ են ներկայացնում։ Համաթյուրքականությունը վտանգավոր է Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի, անգամ Չինաստանի համար, բնականաբար նաեւ՝ Հայաստանի ու Վրաստանի։ Նման գաղափարախոսությունները սպառնալիք են դեռեւս գոյությունը պահպանող աշխարհաքաղաքական հավասարակշռության համար։

Պանթյուրքիզմն, առաջին հերթին, վտանգ է ներկայացնում սահմանակից երկրների տարածքային ամբողջականության համար, իսկ Հայստանի դեպքում այն ուղղակի գոյության սպառնալիք է: Սակայն կա նաեւ մեդալի հակառակ երեսը։ Ըստ «ուժերի հավասարակշռության» եւ Նյուտոնի օրենքի՝ գործողության ուժը հավասար է հակագործողության ուժին։ Ցանկացած գաղափարի հիմքով միավորված երկրների կոալիցիան ձեւավորում է նաեւ ընդդիմացող երկրների կոալիցիա։ Այս առումով պետք է դիտարկել Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը եւ մեր նկատմամբ տարբեր երկրների վերաբերմունքը։

Բնականաբար, այստեղ կան ինչպես ռիսկեր, այնպես էլ՝ հնարավորություններ։ Մնում է ճիշտ հաշվարկներ կատարելով՝ գտնել «ոսկե» միջինը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: