Կիրակի, Նոյեմբերի 18, 2018

Խմբագրական

Հայաստանի անվտանգության միջավայրը փոխվում է

Մարտին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ անմիջապես Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերը շոշափող միջազգային հարաբերություններում շարունակվում է խորացող ճգնաժամը: Առաջին հերթին դա վերաբերում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմական հռետորաբանության խստացմանը:

Տարածաշրջանային առանցքային ուժերի` Թուրքիայի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հիմնական դիրքորոշումներում ոչ պակաս կոշտություն է նկատվում: Դամասկոսի Ղութայի արվարձանում Սիրիայի բանակի հարձակողական գործողությունները, ինչպես նաեւ Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական բանակի դիրքերի խորացումը հանգեցրին բոլոր դերակատարների՝ միմյանց նկատմամբ բազմակողմանի պնդումների ու պահանջների: Բանը հասավ նրան, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարեցին զենք կիրառելու իրենց պատրաստակամության մասին, եթե իրավիճակը չզարգանա իրենց կամքով: Պակաս անհանգստացնող չեն երեւում Թուրքիայից Իրանի ու Սաուդյան Արաբիայի պահանջները՝ Աֆրինում գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Արդեն կարելի է պնդել, որ Սիրիայում իրավիճակը կարգավորելու՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի համագործակցության եռակողմ ձեւաչափը փլուզման վտանգի տակ է: Նման միտման շարունակության դեպքում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կարող է լուրջ փոփոխություններ կրել: Դա ուղղակիորեն կանդրադառնա տարածաշրջանային բոլոր ուժերի քաղաքականության վրա:

Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրներին, կարելի է ասել, որ նկատվում է Հարավային Կովկասի երկրների հետ ռազմաքաղաքական համագործակցության հարցերում Ռուսաստանի եւ արեւմտյան ուժերի դիրքերի բեւեռացում: Այստեղ անհրաժեշտ է առանձնացնել վերջին ժամանակների մի շարք կարեւոր հայտարարություններ: ԱՄՆ-ը պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կունենան ռուսական զենք ձեռք բերելու նշանակալի գործարքներ: ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ պատերազմի դեպքում այս կազմակերպությունը չի օգնի Լեռնային Ղարաբաղին: Այս հայտարարություններին հետեւեց երկու կարեւոր իրադարձություն: Մարտի 14-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում ՌԴ Դաշնային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կ.Կոսաչեւը հայտարարել է, որ «2016 թվականից հետո Ռուսաստանը լրջորեն փոխել է իր ռազմական քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ռուսաստանը միայն կատարում է մինչեւ 2016թ. ապրիլը կնքված պայմանագրերը»: Մի քանի օր առաջ`մարտի 12-ին, ադրբեջանական բանակն անցկացնում է լայնածավալ ռազմական զորավարժություններ` մարտական կրակոցներով եւ «հակահարձակողական» ծրագրով: Լեռնային Ղարաբաղը նույնպես տանկային զորավարժություններ է սկսել: Այսինքն՝ տարածաշրջանում բոլորը ցուցադրում էին իրենց դիրքերը:

Բայց ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելեց ԱՄՆ Կոնգրես եւ ընդունելության ժամանակ հայտարարեց. «Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը եղել է, կա եւ կլինի մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»: Եվ, ինչը ոչ պակաս հետաքրքիր է, մարտի 12-13-ը Լոնդոնում կայացան հայ-բրիտանական ռազմական եւ քաղաքական խորհրդակցություններ, որից հետո կողմերը 2018-ի համար ստորագրեցին գործակցության ծրագիր երկու ռազմական գերատեսչությունների միջեւ, որը նախատեսում է ավելի քան 20 համատեղ միջոցառումների իրականացում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության կրթօջախներում: Այս իրադարձությունները տեղի ունեցան Ռուսաստանի նկատմամբ Բրիտանիայի նոր խիստ պահանջների խորապատկերի վրա: Խոսքը վերաբերում է Ս.Սկրիպալին թունավորելու գործում առնչակցության համար Ռուսաստանին «պատժելու» միջոցառումների մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թ.Մեյի մարտի 14-ի հայտնի հայտարարությանը:

Ինչպես ասում են, ամեն ինչ շրջվեց եւ վերջնականապես խճճվեց: Կարելի էր ակնկալել Ադրբեջանի կտրուկ արձագանքը եւ Ռուսաստանի հերթական խաղերը: Այդպես էլ եղավ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվեց Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտան՝ ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտին: Մարտի 15-ին ադրբեջանական կողմը ցուցադրաբար ԵԱՀԿ առաքելությանը դուրս չբերեց զորքերի շփման գծում ԵԱՀԿ պլանային մշտադիտարկմանը: Իսկ Ռուսաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարեց, որ Մոսկվայում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն չկա: Այսինքն՝ Ռուսաստանն ամսվա ընթացքում եւս մեկ անգամ «լվաց ձեռքերը» Լեռնային Ղարաբաղից:

Հայաստանն ու Արցախը ակամա պետք է խորացնեն հարաբերությունները Արեւմուտքի հետ. Ռուսաստանն իր գործողություններով ինքն է նրանց դրդում դրան: Սկզբունքորեն Ռուսաստանը շահագրգռված է այդ միտումներով, քանի որ դրանք լրացուցիչ հնարավորություններ են տալիս ամրապնդելու ազդեցությունն Ադրբեջանի վրա: Բայց դեռեւս այդ միտումներն անսովոր են բոլորի համար: Տարածաշրջանի բոլոր երկրների համար անվտանգության մթնոլորտը լղոզվում է. թե ով իրեն ինչպես կպահի հետագայում, ամբողջովին պարզ չէ: Մինչ այժմ տեսնում ենք միայն փոփոխությունների կանխարգելման ընդհանուր ցանկություն: Օրինակ է հանդիսանում մարտի 15-ին Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի կողմից արված չորս պետությունների պետական սահմանների ինքնիշխանության եւ անձեռնմխելիության մասին համատեղ հայտարարությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am