19 նոյեմբերի 2024թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) նշեց իր հիմնադրման 30 ամյակը այստեղ՝ կենտրոնական գրասենյակում կազմակերպված ընդունելությամբ։
Ռազմավարական հետազոտությունների եւ վերլուծության Հայաստանի առաջին անկախ ինստիտուտի` ՌԱՀՀԿ-ի հիմնադրման տոնակատարությանը մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը, բարձրաստիճան դիվանագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ռումինիայից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ՌԱՀՀԿ ներկա եւ նախկին աշխատակիցներ, պատգամավորներ, եւ մամուլի ու հանրության հետ կապերի պատասխանատու գործընկերներ:
«Որպես ռազմավարական մտքի եւ քաղաքականության վերլուծության յուրօրինակ դրոշակակիր՝ ՌԱՀՀԿ-ն հավատարիմ է մնացել բարեվարքության եւ անկախության իր սկզբունքներին ամենադժվար ժամանակներում եւ մեր պայքարող երիտասարդ երկրում շարունակում է ձգտել ինստիտուցիոնալ քաղաքականության կերտման մշակույթին, այլ ոչ թե անհատապաշտության վրա հիմնված քաղաքականությանը»,-բացման խոսքում ասաց հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:
https://www.acnis.am/hy/center-activity/191124#sigProIdd37554eb6b