Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ եկեղեցական ժողովների, համարվում է հերձվածք (հերձվածող): Սոցցանցերում եկեղեցականներին վարկաբեկող տեսանյութեր են տարածվում, ինչից հարց է առաջանում, թե ինչպես մենք պետք է վերաբերվենք այդ երեւույթին: Շարքային քաղաքացին, ով չի տիրապետում իրավական ու եկեղեցաբանական տեսություններին, ինչպե՞ս պետք է գնահատի այս ամենը:
Ինչ վերաբերում է տեսանյութերին, որոնց քանակն ու տեսականին, ինչպես երեւում է, շատանալու են, դրանց իսկությունը չենք կարող հավաստել կամ կասկածել, դա թողնենք համապատասխան մասնագետներին, իսկ մենք փորձենք հասկանալ, թե իրավական ու եկեղեցաբանական առումներով ինչպես դրանց վերաբերվենք:
Ա. Իրավական մոտեցումներ
Այն, որ գործող իշխանությունը՝ օգտագործելով իր վարչարարական, այդ թվում՝ հատուկ ծառայությունների հնարավորությունները, գաղտնալսում ու տեսանկարահանում է մարդկանց մասնավոր կյանքը, քաղաքական դրդապատճառներով հանրայնացնում դրանք, իրավական առումով հանցագործություն է եւ խախտում է մարդկանց մասնավոր կյանքի իրավունքը: Սա հանցագործություն է, որի քրեական պատասխանատվությունն ընկնում է քաղաքական իշխանության, այդ թվում՝ այդ ծառայությունների ղեկավարների վրա: Ավելի հիմնավոր գնահատականը թողնենք համապատասխան մասնագետներին:
Բ. Եկեղեցաբանական մոտեցումներ
Եկեղեցաբանությունը՝ Էկլեզիոլոգիան, Աստվածաբանության մի մասն է, որը եկեղեցու էությունն ու կառուցվածքն է ուսումնասիրում: Խորանանք եկեղեցականի բարոյական կերպարի խնդրի մեջ կոնկրետ մի դրվագի միջոցով եւ փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում գործող կառավարության հարձակումը եկեղեցու վրա:
Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք՝ 301-311, հատկապես 303-305 թվականներին, քրիստոնյաների հանդեպ դաժանագույն հալածանքներ էին տեղի ունենում, որի ժամանակ կտտանքների միջոցով հոգեւորականներին ստիպում էին հանձնել Սուրբ Գրքերն ու մասնակցել հեթանոսական ծեսերին՝ դրանով, ըստ սահմանման, ուրանալով քրիստոնեությունը: Շատ հոգեւորականներ՝ չդիմանալով հալածանքներին, տեղի էին տալիս:
Հետագայում, երբ Հռոմն ընդունում է քրիստոնյաների հավատքի իրավունքը, Աֆրիկայում Դոնաթոս եպիսկոպոսը հզոր շարժում է սկսում՝ պահանջելով, որ այդ հոգեւոր սպասավորների օծումները, մկրտություններն անվավեր ճանաչվեն եւ արարողությունները նորից կատարվեն: Դոնաթոսականները պահանջում էին, որ՝
1. հոգեւորականի բարոյական վիճակն անմիջականորեն ազդում է եկեղեցական սուրբ խորհուրդների վավերականության վրա, ինչը պետք է շտկել;
2. եկեղեցին պետք է կազմված լինի բացառապես սրբերի համայնքից (ecclesia sanctorum), եւ մեղավորները չպետք է մնան նրա կազմում;
3. հալածանքների ժամանակ դավաճանած եպիսկոպոսներն ու քահանաները պետք է հեռացվեն, եւ նրանց գործողություններն ու ձեռնադրություններն անվավեր ճանաչվեն:
Դոնաթոսականների հուժկու շարժումը մի քանի տասնամյակ ալեկոծում էր քրիստոնեական աշխարհը, անգամ կայսրերը ստիպված էին ուժի միջոցով սանձել նրանց: Եկեղեցաբանական այդ վեճի վրա մեծ ազդեցություն է ունեցել Օգոստինոս Երանելու հետեւյալ ձեւակերպումը, որը հետագայում դառնում է կանոն: 395 թվականից սկսած՝ նա սկսեց պաշտպանել Եկեղեցու նշանակալիությունը՝ Աստծո Շնորհի ներգործողության անկախությունը ծառայողի սրբությունից եւ Եկեղեցու փրկարար ուժն՝ անկախ նրա անդամների սրբությունից, անձնական հավատքից եւ բարոյական որակներից։
Իմաստն այն էր, որ ծիսակատարությունները կատարվում են Հիսուսի կողմից, իսկ եկեղեցու սպասավորներն ուղղակի փոխանցում են Փրկության շնորհը: Դոնաթոսականությունը Քրիստոնեական Ժողովների կողմից ճանաչվում էր հերձվածք, արգելվում էր կրկնակի մկրտությունը, իսկ կարգալույծ քահանաներին թույլ չէր տրվում արարողություններ կատարել:
Գ. Նիկոլականությունը եւ Դոնաթոսականությունը
Անկախ ամեն ինչից՝ Դոնաթոսը եպիսկոպոս էր, քրիստոնյա ծայրահեղական եւ ուներ խորքային Աստվածաբանական գիտելիքներ, սակայն մեր դեպքում ունենք ինքնակոչ մեկին, ով ո՛չ գիտելիքներ ունի, ո՛չ հոգեւոր որակներ, ո՛չ կարգ, իսկ իրականում՝ ճիշտ հակառակը. լինելով հերձվածող, ներկայանում է որպես Հայ Առաքելական եկեղեցու «հավատավոր հետեւորդ»: Այսինքն՝ ընդամենը անձնական խնդիրներ է փորձում լուծել, վերարտադրել իր իշխանությունը հանուն ինքնափրկության, ինչի համար փորձում է Հայ Եկեղեցին դարձնել Դոնաթոսական հերձվածքի կրող:
Ինչ վերաբերում է եկեղեցուն՝ այնտեղ, ինչպես ցանկացած կրոնական կառույցում, կան բազմաթիվ խնդիրներ եւ դրանց մասին պետք է խոսել, սակայն՝ հանուն բարեփոխության, այլ ոչ թե եկեղեցին ոչնչացնելու դիտավորությամբ:
Դանիել Փանյան

