Երեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2018

Վերլուծական

Ովքե՞ր են Հայաստանի ժողովրդավարության երաշխավորները

Երեւանի ավագանու ընտրությունները կարեւոր քաղաքական նշանակություն են ձեռք բերել։ Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, եւ քաղաքական կուսակցությունները դա համարում են ԱԺ ապագա ընտրությունների գլխավոր վարժանքը։ Այս ընտրություններում հնարավորինս շատ ձայն հավաքելը «կենացմահու», այսինքն՝ քաղաքական դաշտում պատշաճ դերակատարություն ստանձնելու խնդիր է։

Ընտրություններն անցնում են անգամ Հայաստանի համար աննախադեպ թշնամական մթնոլորտում։ «Սեւ տեխնոլոգիաների» ամբողջ զինապաշարը, կարծես թե, գործի է դրված։ Փոխադարձ մեղադրանքներից կառանձնացնենք մեկը, որը ներկայիս Հայաստանի համար չափազանց կարեւոր է եւ ունի համակարգային բնույթ։

ԲՀԿ-ՔՊ հանրային նախընտրական լեզվակռվի ընթացքում, երբ անսքող կերպով փոխադարձ սպառնալիքներ էին հնչում, գործող կառավարության կողմնակիցներից մեկը, ով մինչեւ վերջերս կառավարությունում պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում, իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր կատարել, որը սոցցանցերում լայն տարածում գտավ․ «Բոցաշունչ ելույթներ ունենալուց ու հեղափոխական #իմքայլը դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշեցե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչեւ «դու սուս կաց» հրահանգը»։

Գրառման հեղինակն ակնարկում էր մի քանի տարի առաջ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ծագած հակամարտությունը, որն ավարտվեց ԲՀԿ-ի «լռությամբ», երբ ՀՀԿ-ի ակտիվը հրապարակային վիրավորանքներով հանդես եկավ ԲՀԿ-ի առաջնորդի դեմ։ Իսկապես, ինչպես հնարավոր եղավ իր մեծությամբ խորհրդարանական երկրորդ խմբակցությունն ունեցող ու մեծ ռեսուրսների տիրապետող կուսակցությանն այդքան հեշտ լռեցնել։ Կարծում եմ՝ պատճառը մեր քաղաքական կուսակցությունների բնույթն է, ու կապ չունի դերակատարների անձնական որակների հետ։ Հայաստանի կուսակցություններին, որոնք մեծիմասամբ ժողովրդավարական կառույցներ չեն, ընդամենը առաջնորդին ճնշումների ենթարկելու միջոցով հնարավոր է լռեցնել: Հակառակ դեպքում ողջ կուսակցության դիրքորոշման փոփոխության համար անհրաժեշտ կլիներ հրավիրել համագումար, որտեղ կհնչեին ելույթներ, հնարավոր է՝ մարտական կոչերով համեմված, ինչը կհանգեցներ խորհրդարանական ճգնաժամի: Հաշվի առնելով ԲՀԿ խմբակցության կշիռը, գործընթացին կմասնակցեին նաեւ մյուս ընդդիմադիր կուսակցությունները՝ փորձելով քաղաքական շահաբաժիններ կորզել:

Այս օրինակն ուսուցողական դրվագ է. այն ցույց է տալիս, որ ներկուսակցական ժողովրդավարությունը ոչ միայն թուլացնում է կուսակցությունների կառավարելիությունը կուսղեկավարության կողմից, այլեւ, որոշ դեպքերում, կարող է այդպիսի իրավիճակներում պաշտպանիչ համակարգ լինել նրանց համար։ Ոչ ոք չէր համարձակվի ճնշել որեւէ կուսակցության ղեկավարի՝ իմանալով, որ կուսակցության ներսում կան ժողովրդավարական մեխանիզմներ, եւ որոշումներ կայացնողը մեկ մարդ չէ։

Նման օրինակները Հայաստանի քաղաքական կյանքում շատ են: Մասնավորապես՝ երբ Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից ճնշման ենթարկվելով, մեկ գիշերվա ընթացքում ԵՄ-ի հետ կնքվելիք  համաձայնագրից հրաժարվելու միջոցով վերջինիս հետ սերտաճումը փոխարինեց ԵԱՏՄ-ի անդամագրմամբ, Հայաստանն այդ պատճառով ԵՄ-ի կողմից ենթարկվեց տնտեսական պատժամիջոցների: Սակայն այդ պատժամիջոցների թեման Հայաստանում մնաց չլուսաբանված։

Սա մեկ այլ օրինակ է, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ներկուսակցական ժողովրդավարությունից զուրկ կազմակերպությունների առկայությունն արդեն միջազգային ասպարեզում։

Նմանատիպ պահելաոճ է զգացվում նաեւ իշխող ՔՊ-ում, որտեղ որոշումները, կարծես թե, կախված են մեկ անձի կարծիքից:

Այսօրվա Հայաստանի գուցեեւ թիվ մեկ խնդիրը «Կուսակցությունների մասին» նոր օրենքի ընդունումն է, որի հանդեպ հեղափոխական իշխանությունը նույնպիսի անտարբերություն է ցուցաբերում, ինչպես նախկին իշխանությունները։ Մինչդեռ Հայաստանի բնականոն զարգացումը պայմանավորված է ժողովրդավարական գործիքակազմերով օժտված կուսակցությունների առկայությամբ:

Ստեփան Դանիելյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am