Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

Վերլուծական

Կուսակցությունների մասին օրենքի հայեցակարգային մոտեցումները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Նախաբան 

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունվել է «Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը», որն, ի տարբերություն նախորդ օրենքի, ավելի է ազատականացվել, իսկ կուսակցություն գրանցելու կարգը` դյուրացվել։ Առաջին հայացքից պետք է տարօրինակ թվար, թե իշխանության կենտրոնացման ժամանակաշրջանում ինչու էին ազատականացնում այդ հույժ կենսական օրենքը, սակայն հարցի մեջ խորանալով` հասկանալի է դառնում, որ այն ժամանակվա իշխանությանը պետք էր օրենք, որը նվազագույն պահանջներ դներ կուսակցությունների առջեւ: Այնինչ ժողովրդավարական երկրներում կուսակցություններին ներկայացվող պահանջները շատ ավելի խիստ են, իսկ որոշ եվրոպական երկրների օրենքներում նշվում է, որ երկրում ժողովրդավարական կարգերի հաստատման գլխավոր երաշխավորներից մեկը կուսակցություններն են։

1995-ից սկսած` ազատ եւ արդար ընտրությունների մեխանիզմը Հայաստանում խաթարված էր: Մարդկանց այն խմբերը, որոնք գրանցվել էին որպես կուսակցություններ, չկարողանալով դիմադրել անօրինականությունների վրա կառուցված ընտրությունների մեխանիզմներին, հիմնականում ստիպված են եղել հարմարվել գործող քաղաքական դաշտին: Մասնավորապես` ընդունելով խաղի գործող կանոնները, ստվերային պայմանավորվածությունների են գնացել իշխանությունների հետ` նրանց մատուցելով տարբեր անօրինական ծառայություններ: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն ընդունել խաղի այդպիսի կանոնները, հայտնվել են լուսանցքում:

Հայաստանի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ մի խումբ մարդկանց միջոցով իշխանությունը բռնազավթելու համար, առաջին հերթին, պետք է բռնազավթել իշխանությունը որեւէ կուսակցությունում: Նման ավտորիտար մոդելով գործող կուսակցությունները, իշխանության մաս կազմելուց հետո, իրենց ավտորիտար, ոչ ժողովրդավար կառուցվածքը տարածում էին ողջ պետության ու, որպես հետեւանք, նաեւ տնտեսության կառուցվածքի վրա: Սա մեր պատմական դառը փորձն է, որի համար մեր երկիրը թանկ գին է վճարել։

1996-ին ընդունված` Կուսակցությունների մասին օրենքն ավելի էր խորացրել քաղաքական համակարգի ճգնաժամը: Ընտրությունների արդյունքում մանդատներ ստացած կուսակցություններն օրենսդիր իշխանության մաս կազմելու դեպքում հասարակության առջեւ որեւէ սկզբունքային պարտավորություններ չէին ունենում: Այդ իրավիճակի հետեւանքով շատ կուսակցություններ վերածվել են կլանների կամ «կլանների» բիզնես շահերը սպասարկող «մարդ-կուսակցությունների»։ Ստեղծված իրավիճակի հետեւանքով, անգամ արդար ընտրությունների դեպքում, իշխանության են գալու այնպիսի կուսակցություններ, որոնք սպասարկելու են իրենց կլանային շահերը` հասարակության առջեւ չունենալով լուրջ պարտավորություններ։

Կուսակցությունների մասին նոր օրենքը կարող է ունենալ հեղափոխական ազդեցություն պետությունը նոր ուղղությամբ զարգացնելու համար, որը թույլ չի տա գրանցել ավտորիտար, հակաժողովրդավարական կուսակցություններ: Նույն պատկերը մենք ունենք 2016-ին ընդունված` Կուսակցությունների մասին գործող օրենքում։

 

Հիմնավորում 

Նոր սահմանադրության համաձայն` մեծամասնական ընտրական համակարգը վերացվել է, համապետական ընտրությունների արդյունքում իշխանությունը ձեւավորում են միայն կուսակցությունները: Հայաստանում իշխանությունն ընտրությունների արդյունքում պատկանում է հաղթող կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին, սակայն կուսակցությունների առջեւ նման վճռորոշ դեր ստանձնելու հավանականության դիմաց գործող օրենքում նրանց նկատմամբ պահանջները զուտ տեխնիկական են: Նոր օրենքի նպատակը պետք է լինի հետեւյալը. կուսակցությունների առջեւ դնել պարտավորեցնող պահանջներ, որոնք կհանդիսանան Հայաստանում ժողովրդավարական համակարգի ստեղծման ու ամրապնդման երաշխիքները` ապահովելով երկրի հետագա ժողովրդավարացումը, անկախ նրանից, թե որ պահին որ կուսակցությունը կդառնա իշխող ուժ: Օրենքը պետք է լինի այն զտիչ մեխանիզմը, որը թույլ չի տա որեւէ կուսակցության` ծառայել մարդկանց փոքր խմբի կամ մեծ կապիտալի շահերին եւ, որպես հետեւանք, չի դառնա պետությունը նմանատիպ խմբակի շահերին ծառայեցնող գործիք։

 

Սահմանում

Կուսակցությունների կարգավիճակ կարող են ստանալ միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն այնպիսի գաղափարախոսություն, սոցիալական հայեցակարգ, ծրագիր եւ կանոնադրություն, որոնք խստորեն համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաեւ մինչ այդ հանդես չեն եկել Սահմանադրությանը հակասող գործողություններով կամ դիրքորոշմամբ։ Գոյություն ունեցող կուսակցությունների սահմանումներից, Հայաստանի բացասական պատմական փորձը հաշվի առնելով, ամենահամապատասխանող ձեւակերպումը հետեւյալն ենք համարում.

«Կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, որն ընտրություններում  մասնակցելու ու հաղթելու դեպքում իրավունք է ստանում ձեւավորելու կառավարություն եւ ապահովում է կապը պետության ու քաղաքացիական հասարակության միջեւ: Կուսակցությունները քաղաքացիական հասարակության կարեւորագույն կառույցներից են եւ գործում են ժողովրդավարական սկզբունքներով»:

 

Կուսակցությունների պարտավորությունները

Կուսակցությունները պետք է ունենան սոցիալական հայեցակարգ ու ծրագրեր, եւ նրանց կանոնադրությունն ու գործունեությունը պետք է համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին եւ ՀՀ Սահմանադրությանը:

Կուսակցությունները պետք է հանրայնացնեն իրենց

  • նպատակը,
  • ծրագիրը,
  • սոցիալական հայեցակարգը,
  • հասարակության եւ պետության զարգացման ռազմավարությունը:

 

Կուսակցությունների մասին օրենքի ընդհանուր դրույթները

Հիմնական պահանջներն են`

  • Ներկուսակցական կյանքում ժողովրդավարական մեխանիզմների ներդրում՝ որոշումների ընդունման թափանցիկ մեխանիզմներ, ղեկավար կազմի պարտադիր ռոտացիա սահմանված ժամանակահատվածի ընթացքում:
  • Կուսակցությունների համագումարները պետք է լինեն բաց, իսկ անդամությունը եւ անդամության դադարեցումը՝ կամավոր։ Կուսակցությանն անդամագրվելիս երդում տալը արգելվում է, քանի որ դա հակասում է կուսակցությունը լքելու կամավորության սկզբունքին։
  • Ընտրացուցակներում ընդգրկված անձանց նկատմամբ սահմանվում են որոշակի պահանջներ, օրինակ՝ համապետական ընտրություններին մասնակցող անձինք պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ նախկինում դատված չլինեն ծանր հանցագործությունների համար (նման պահանջներ կան կայացած ժողովրդավարական երկրների օրենքներում):
  • Առաջարկում ենք նաեւ նշել ցուցակում հայտնված անձի բարոյական կերպարի մասին դրույթ, ինչպիսին կա, օրինակ, Իտալիայի օրենքում, որը մասնավորապես պայմանավորված է եղել իտալական մաֆիայի հետ կապերի առկայությամբ, Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմի գաղափարների հետ առնչակցությամբ եւ այլն (այս հնարավոր դրույթը, թերեւս, ամենավիճարկվողը լինի)։
  • Ընտրացուցակների կազմման թափանցիկ, վարկանիշային մեխանիզմների ներդրումը։ Ցուցակները պետք է կազմվեն փակ քվեարկության միջոցով։ Քվեարկության ժամանակ լրատվամիջոցները պետք է ազատ լինեն գործընթացի լուսաբանման համար։
  • Կուսակցությունները պարտավոր են հռչակել իրենց սոցիալական հայեցակարգը եւ ծրագիրը։ Երկու անգամ անընդմեջ համապետական կամ տեղական ընտրություններում չմասնակցելու դեպքում կուսակցությունն ինքնաբերաբար լուծարվում է:
  • Կուսակցության շարքային անդամները պետք է հնարավորություն ունենան ազդելու կուսակցական վերնախավի վրա, ինչպես նաեւ տեղյակ լինելու ֆինանսական շարժին ու արդյունավետությանը:
  • Իրենց կանոնադրության եւ Ընտրությունների մասին օրենսգրքի կանոնների խախտման, ընտրությունների ժամանակ անօրինական գործողությունների (ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, վարչական ռեսուրսների կիրառում, հանրության ապակողմնորոշում) հիմնավորման դեպքում կուսակցությունը կարող է հանվել ընտրական գործընթացից` ընդհուպ մինչեւ օրենքի պահանջներին համապատասխան լուծարվելը։

 

Քաղաքական համակարգը

Կուսակցությունների մասին օրենքը պետք է նպաստի Հայաստանի կայուն քաղաքական համակարգի ձեւավորմանը` զերծ պահելով քաղաքական ծայրահեղական ուղղություններից կամ սահմանադրական կարգին հակասող գործողություններից կամ կոչերից:

Ցանկացած երկրի կայունությունը եւ զարգացման հնարավորությունը պայմանավորված են կայուն ու կանխատեսելի քաղաքական համակարգի գոյությամբ, եւ ընտրությունների արդյունքում այս կամ այն կուսակցության հաղթանակը չպետք է հանգեցնի սոցիալական, ներքաղաքական ու արտաքին քաղաքական ցնցումների: Լեգալ քաղաքական կուսակցությունները չեն կարող դիտարկվել որպես ինքնաբավ միավորներ, նրանք պետք է դիտարկվեն որպես ընդհանուր քաղաքական համակարգի մասնիկներ, որոնք գրանցվելիս` պարտավորվում են  ենթարկվել օրենքներից բխող պարտավորություններին:

Այս առումով կարեւոր է, որ օրենքի միջոցով կարգավորվի կուսակցությունների սոցիալական հայեցակարգի ու ծրագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը եւ ՀՀ օրենսդրությանը:

 

Օրենքի ընդունման ընթացակարգը

Կուսակցությունների մասին օրենքը սահմանադրական ակտ է, եւ ԱԺ-ում ընդունվում է ձայների 2/3-ով: Օրենքն ընդունվելուց հետո բոլոր կուսակցությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել նոր օրենսդրությանը եւ վերագրանցվել։

 

Մանվել Սարգսյան
Ստեփան Դանիելյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am