Շաբաթ, Հոկտեմբերի 31, 2020

Վերլուծական

Ամուլսար. Հայաստանի բնության մխացող ցավը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին երկուսուկես տարում Ամուլսարի շուրջ զարգացումները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ տագնապի ու անորոշության օղակից: Ժամանակ առ ժամանակ իրար հաջորդող պարբերափուլերով կրքեր են շիկանում, կրքեր են մարում, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված` արժանանալով թե´ բնապահպանների ու Ջերմուկի տարածագոտու բնակչության ցասումին, թե´ իրավիճակով մտահոգ մասնագետների եւ հանրության սուր քննադատությանը: Իսկ իրավիճակն իսկապես բավական խնդրահարույց է` կշեռքի մի նժարին դրված է երկրի տնտեսությունն անկումից փրկելու հրամայականը, մյուսին` ողբերգական հետեւանքներով հղի բնապահպանական աղետի վտանգը: Ինչպե՞ս վարվել` թույլատրե՞լ հանքավայրի շահագործումը, թե չթույլատրել: Ինչպես կասեր դասականը` ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:

Թեման չափազանց տարողունակ է, կփորձենք հնարավորինս սեղմ քննության առնել հանքի շահագործման կողմնակիցների եւ հակառակորդների շահագրգռությունները, մոտեցումներն ու փաստարկները: Կողմնակիցներ ասելով` պետք է նկատի ունենալ Կառավարությանը եւ, առհասարակ, կառավարող շրջանակներն ամբողջապես, որոնք հակված են Ամուլսարի ոսկու շահագործման գաղափարին: Հակառակորդների շարքում են մտավորականներ, բնապահպաններ, հասարակական-քաղաքական առողջ ուժեր, ոլորտի մասնագետներ եւ այլք: Առանձին-առանձին կդիտարկենք այս խմբերից յուրաքանչյուրի հավաքական մտածողությունը, ընկալումները, խնդրի լուծման տեսլականը` գոնե ընդհանուր գծերով հասկանալու համար, թե ինչ է կատարվում պաշարների մեծությամբ Հայաստանի 2-րդ հանքավայրում, ինչպիսի շահեր են բախվում այդտեղ եւ կողմերն ինչպես են պատկերացնում խնդրի հանգուցալուծումը:

Բայց մինչեւ բուն նյութին` կողմերի դիրքորոշումներին ու գործողություններին անդրադառնալը, արձանագրենք մի քանի ընդհանուր տվյալներ եւ նկատառումներ: Ամուլսարի հանքի մասին հայտնի է դեռեւս ԽՍՀՄ գոյության ժամանակներից: Այդ տարիներին շահագործումն աննպատակահարմար էր համարվել: 2005-ին հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոթիմ» ընկերությունը` «Լիդիան Արմենիայի» իրավանախորդը: Վերջինիս տարածած տեղեկատվության համաձայն` հաստատված ընդհանուր պաշարներն այդտեղ կազմում են 89.376,3 հազար տոննա հանքաքար, 73,7 տոննա ոսկի, 294.367 տոննա արծաթ: Ամուլսարի նախագիծը ՀՀ-ի ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է. հանքի շինարարության ընթացքում արդեն ներդրվել է շուրջ 400 մլն դոլար: Ընկերությունը պատրաստվում է 1300 աշխատեղ ապահովել շինաշխատանքների ընթացքում, իսկ հանքի շահագործման հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընթացքում կստեղծվի 650-700 մշտական աշխատատեղ: «Լիդիան Արմենիան» Հայաստանի 9-րդ ամենախոշոր հարկատուն է` գտնվելով տակավին շինարարության փուլում։

Ավելի քան մեկ տարի առաջ` 2019-ի օգոստոսի սկզբներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիրը լուծվելու է բացառապես փաստերի հիման վրա, ինչի ուսումնասիրությամբ ավելի վաղ զբաղված էր կառավարությունը: Խոսքը, մասնավորապես, Ջերմուկի ջրային համակարգի, Արփի, Որոտան, Դարբ գետերի եւ Սեւանա ջրերի հնարավոր աղտոտվածության բացառումը հիմնավորող փաստերի մասին է: Այդ ուղղությամբ ուսումնասիրությունը վաղուց ավարտվել է, լիբանանյան «Էլարդ» փորձագիտական խումբը ներկայացրել է իր եզրակացությունը, ՀՀ քննչական կոմիտեն` իրենը: Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, բայց կառավարությունը չի շտապում որոշում կայացնել, ինչը կարող է մի քանի պատճառ ունենալ` ընդունելիք որոշման ճշմարտացիության մեջ թերահավատությունը, ավելորդ զգուշավորությունը, վարկանիշի անկման մտավախությունը այլն: Որպես լուծման այլընտրանքային ճանապարհ, առաջարկվել էր անգամ հանրաքվեն, որն իշխանությունները լռելյայն շրջանցել էին` հասկանալով, որ «դեմ»-երի թիվն անհամեմատ մեծ է լինելու: Եվ այդպես անորոշությունը մնացել էր չփարատված:

Այդ առնչությամբ սեպտեմբերի 3-ին` պատասխանելով լրագրողների հարցերին, Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասել է. «Այս հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ հավաստիացնում եմ, որ կոնկրետ գործողություններ են իրականացվում, այդ թվում` իրավական դաշտը կարգավորելու ուղղությամբ… մասնավորապես` քննչական մարմիններում գործեր են քննվել դեռ 2019-ից մինչ օրս, եւ դրանով է պայմանավորված որոշում կայացնելու զգուշավորությունը»: Բայց արդյո՞ք զգուշավորություն է դա, թե իշխանության ձեռքերի «կապվածության» վկայություն: Ի վերջո, խնդիրն ունի ոչ միայն ներհայաստանյան երանգ` կառավարող ուժի հանդեպ վստահության կորստի մտավախությամբ, այլեւ արտաքին քաղաքական բովանդակություն` միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակազրկման ու խոշոր ներդրումների ձախողման վտանգով: Կամ, միգուցե, կա այնպիսի մի հանգամանք, որն իր մեջ Ամուլսարի շահագործմանը չխոչընդոտելու պարտավորվածություն ունի: Չի բացառվում նաեւ, որ որոշումն արդեն ընդունված է, ուղղակի ժամանակը նպաստավոր չէ այն հրապարակելու համար: Նպաստավոր չէ այն իմաստով, որ Հայաստանում, ըստ որոշ լուրերի, շրջում է «թեժ աշնան» ուրվականը:

Չմոռանանք, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը դեռեւս երկու տարի առաջ համոզմունք էր հայտնել, թե ոսկու հանքի շահագործման որոշումը վարչապետն արդեն ընդունել է: Ամեն դեպքում Փաշինյանը եւ նրա շրջապատը մի գլուխ վստահեցնում են, որ շահագործումը բնապահպանական ռիսկեր ու վտանգներ չի պարունակում: Նրանք համարում են, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը ինքնուրույն, կշռադատված քաղաքական որոշում է` ի հակակշիռ ժողովրդի զգացմունքային եւ իռացիոնալ վախերի: Նիկոլ Փաշինյանն անձամբ` ասես կամավոր ստանձնելով «Լիդիան»-ի փաստաբանի դերը, ամեն ճիգ գործադրում է հավատացնելու, որ ոչ մի լիտր ջուր թե´ Ջերմուկում եւ թե´ Սեւանում չի կարող թունավորվել, քանզի ամեն ինչ վերահսկելի է: Վարչապետը հիմք է ընդունում հանքարդյունաբերության ոլորտում զրո փորձառություն ունեցող «Լիդիան Արմենիա»-ի հետազոտությունները: Այնինչ միջազգային շատ ավելի հեղինակավոր փորձագետներ շատ ավելի հիմնավոր փաստարկներով ապացուցում են, որ ջրերի աղտոտման հետ կապված` «Լիդիան»-ի ու նրա խորհրդատուների մոտեցումները պարզունակ են եւ ոչ ճշգրիտ, իսկ առաջարկած միջոցները, որոնց մասին, ի դեպ, մեր վարչապետը հիացմունքով է խոսում, անհամաչափ են` կանխելու համար աղտոտման արտահոսքը բնական միջավայր:

Տրամագծորեն հակառակ պատկերն են նկարագրում միջազգային հայտնի գիտնական-փորձագետները: Ավստրալացի, կանադացի ու ամերիկացի չորս ճանաչված մասնագետներ` դոկտոր Անն Մաեսթը, դոկտոր Ռոջեր Սմարթը, դոկտոր Անդրե Սոբոլեւսկին եւ դոկտոր Անդրեա Գերսոնը, 2017-ի հուլիսից սկսած` շուրջ մեկ տարի ուսումնասիրելով «Լիդիան Ինտերնեյշնլ»-ի կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթերը, 2018-ի մայիսի 20-ին հանդես են եկել Ամուլսարի ոսկու ծրագրի բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հատուկ զեկույցով, որտեղ, ի մասնավորի, ասված է. ««Լիդիանի» թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ կորզումից հետո մնացած ապարներից, կոշտ թափոններից արտահոսքում առկա կլինեն ծարիրի, մկնդեղի, պղնձի, բարձր խտացուկներ, ինչպես նաեւ ամոնյակի, կադմիումի, կապարի, սնդիկի, նիտրատի եւ սելենի աղտոտիչներ, որոնք թունավոր են մարդկանց կյանքի ու ջրային կենսաբազմազանության համար»: Նրանց եզրահանգմամբ` ծրագիրն այս վիճակով բարձր ռիսկ է պարունակում «տասնամյակներ տեւող թթվային դրենաժի առաջացման եւ աղտոտիչների արտազատման առումով», ուստի հորդորում են ՀՀ կառավարությանը եւ քաղաքացիներին` «դադարեցնել ծրագրի առաջխաղացումը մինչեւ մատնանշված բացթողումները չշտկվեն»:

Արդեն երկու տարի Ամուլսարի ոսկին օտար կորզողից փրկելու, մեր ընդերքը, հողն ու ջուրը օտար ապականողից պաշտպանելու առաքելությունն իրականացնում են Ամուլսարում վրաններ խփած եւ այնտեղ շուրջօրյա հերթապահություն սահմանած բնապահպանները: Տպավորություն է, թե ոլորտի պաշտոնյաները բնապահպանների հետեւում թաքնված` ուղղակի ժամանակ են շահում: Անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Ամուլսարի հետ կապված իրավիճակը դարձյալ ահագնացել էր` բողոքի ցույցեր Կառավարության շենքի դիմաց, հանքավայր տանող ճանապարհների արգելափակում, ըմբոստության ինքնաբուխ ակցիաներ եւ այլն, որոնք ուղեկցվում էին ոստիկանական բռնություններով: Ամուլսարի համար պայքարողները դժգոհում էին, որ վարչապետը չի արձագանքում վերջին օրերին ընթացող բողոքի գործողություններին: Եվ, ընդհանրապես, վաղուց խուսափում է Ամուլսարի թեմայից: Բնապահպանների համար, սակայն, ամենամեծ գլխացավանքը «Լիդիան Արմենիա»-ի վարձակալած պահնորդական խումբն է, որը ժամանակ առ ժամանակ խնդիրներ է ստեղծում իրենց համար, դիմում սադրանքների ու բռնությունների: Վերջին այդպիսի միջադեպը սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը տարածքում հերթապահող բնապահպանների եւ պահնորդական ծառայողների միջեւ տեղի ունեցած ծեծկտռտուքն էր, որի համար կողմերը մեղադրում էին մեկմեկու: Իսկ գործադիրը լուռ է, ինչպես ձուկը:

Կաշկանդվա՞ծ է Կառավարությունը պարտավորեցնող ինչ-ինչ հանգամանքներով, թե` ոչ, դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ այս ամբողջ ընթացքում նա մատը մատին չխփեց` հստակեցնելու Ամուլսարի հանքի շահագործման անհրաժեշտության հաշվարկը: Ո՞րն է, ի վերջո, լինելու մեր պետության օգուտը կորզվելիք այդ 73,3 տոննա ոսկուց, որը «Լիդիանի» կողմից գնահատված է 3 միլիարդ դոլար, թեեւ մասնագետները մի քանի անգամ ավելի մեծ թիվ են նշում: Լավ, ի՞նչ հիմքով կամ հանուն ինչի՞ է ՀՀ կառավարությունը գնում այդ քայլին, ինչպե՞ս է համաձայնում Սահմանադրությամբ ողջ ազգին պատկանող հարստությունն ինքնագլուխ օտարել ինչ-որ «լիդիանների»: Մի՞թե հանուն մի քանի հարյուր ժամանակավոր աշխատատեղի ու մուծվելիք 498 միլիոն դոլար հարկի: Իսկ բնությանը, մարդկանց առողջությանը, երկրի եւ սերունդների ապագային սպառնացող անդառնալի կորուստնե՞րը… Ո´չ, տիկնայք եւ պարոնայք, ժողովուրդն այդպիսի արկածախնդրություն ոչ ոքի երբեք թույլ չի տա:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: