Շաբաթ, Նոյեմբերի 17, 2018

Վերլուծական

«Մարտի 1»-ը եւ սեփականության մոլուցքը

2008-ի «Մարտի 1»-ի արյունալի դեպքերից հետո, որի ժամանակ զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հանրության առջեւ տակավին  կանգնած է այդ ողբերգության իրավաքաղաքական գնահատականը տալու խնդիրը: Ո՞վ էր մեղավոր եւ ինչո՞ւ դա տեղի ունեցավ:

Անցել է 10 տարի, սակայն հիմնական մեղավորի կամ մեղավորների մասին տարբեր տեսակետներ են հնչում: Ոմանք որոնում են հրաման տվողին, ոմանք՝ հրաման կատարողին: Սակայն ի պաշտոնե նման որոշում կայացնելու իրավասու անձը՝ Ռոբերտ Քոչարյանը, լիազորությունների ժամկետն ավարտվելու պատճառով, դեպքերից շատ չանցած, լքել էր պաշտոնը, իսկ հաջորդ շահառուն` Սերժ Սարգսյանը, եւ ողջ դատաիրավական համակարգը մեղավորներին չգտան կամ, որ ավելի հավանական է, չցանկացան գտնել, քանզի խնդիրը ոչ թե անձնական, այլ համակարգային տիրույթում է: Եթե որեւէ մեկը պատժվեր, ապա այդ դատական գործընթացը կարող էր վերածվել դատավարության՝ գործող ողջ քաղաքական համակարգի նկատմամբ: 2008-ին ոչ միայն նոր նախագահ էր ընտրվում: Փոխվում էր համակարգի երաշխավորը, եւ միայն նա կարող էր ապահովել նախկին երաշխավորի անվտանգությունը, առանց որի նման հրաման չէր կարող լինել: Սակայն խնդիրն այստեղ անձերը չեն, այլ այդ ամենի խորքային պատճառները:

«Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ փետրվարի 27-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումներում (https://www.azatutyun.am/a/29060340.html) նախկին Փաստահավաք խմբի ղեկավար եւ տվյալ գործով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանն իր ելույթում նշեց, որ  «Մարտի 1»-ի հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ: Ըստ նրա, նախընտրական քարոզարշավի «դաժան մրցակցության» իրադրությունում հնչած ելույթներն էին հանգեցրել այդ ողբերգությանը: Իսկ ավելի կոնկրետ՝ այդ ելույթների հետեւանքով ստեղծված անբարյացակամության եւ փոխադարձ անվստահության իրավիճակը, որում հայտնվել էր հանրությունը: Թվարկելով այդ իրավիճակի բնորոշ գծերը՝ ընտրական համակարգի նկատմամբ անվստահություն, իրենց օրենքից դուրս դնելու՝ շատ իշխանավորների ամբարտավան պահվածք եւ այլն, Նիկոյանը հասավ 2008-ի նախընտրական իրավիճակի, իր կարծիքով, ամենատիպական կողմին. «ընտրությունների միջոցով սեփականությունը պահելու կամ սեփականություն ձեռք բերելու, վերաբաշխելու այդ մոլուցքը, որն, ըստ էության, բոլորի հրապարակային ելույթներում առկա էր»: Ահա թե որն է մեզանում իշխանության կրողների, ինչպես նաեւ դրան ձգտողների թե՛ գերնպատակը եւ թե՛ միաժամանակ «աքիլլեսյան գարշապարը»: Հենց այդ մասին բացեիբաց հայտարարեց կամ, միգուցե, բերանից թռցրեց իշխանական խոհանոցին մոտ կանգնած գործիչը:

Ընդհանրապես՝ սեփականության հանդեպ վերաբերմունքը ցանկացած հասարակության կենսական խնդիրներից է: Սեփականությունը վերացական երեւույթ չէ, այն մարդկանց փոխհարաբերությունների հիմնական գործոններից մեկն է: Մյուս կողմից՝ սեփականությունը փոխկապակցված է «իշխանություն» երեւույթի հետ, եւ այդ փոխկապակցվածությունը տարբեր քաղաքակրթական ու իրավական մշակույթներում տարբեր կերպ է դրսեւորվում: Արեւմուտքի եւ Արեւելքի հիմնական տարբերություններից մեկը հենց սեփականության հանդեպ վերաբերմունքի մեջ է: Արեւմուտքում այն անձեռնմխելի է, իսկ Արեւելքում սեփականությունն ու իշխանությունը միահյուսված են: Ունես իշխանություն՝ կունենաս սեփականություն, եւ կորցնելով իշխանությունը, կարող ես կորցնել նաեւ սեփականությունը: Այս ամենին գումարվում է խոշոր սեփականության հանդեպ նախկին խորհրդային երկրներում եղած հատուկ վերաբերմունքը, որը հանրության կողմից, հաճախ հիմնավորված, համարվում է անօրինական: Պահպանել իշխանությունը՝ նշանակում է պահպանել սեփականությունը, ինչպես նաեւ պատասխանատվություն չկրել նախկինում կատարված բազմաթիվ անօրինականությունների համար:

ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանն անկեղծության պահին հատկապես այդ խնդիրը մատնանշեց որպես «Մարտի 1»-ի ողբերգության «ամենակարեւոր» դրդիչ: Իզուր չէ, որ բանակի, իրավապահ համակարգի, դատավորական անձնակազմի, կառավարության ներկայացուցիչները միաժամանակ խոշոր կամ միջին սեփականատերեր են` ըստ աստիճանակարգի, իսկ մամուլը ողողված է նրանց չհայտարարագրված կամ սխալ հայտարարագրված ունեցվածքի մասին բացահայտումներով: Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, իշխող վերնախավին նման հրապարակումները ձեռնտու են: Ինչքան մեծ լինի անօրինական սեփականատերերի խավը, այնքան կմեծանա գործող իշխանության հնարավորությունը՝ ընդյալնելու իր սոցիալական բազան, ինչպեսեւ հանրությանը տեղեկացնելու նրանց մասին:

«Մարտի 1»-ին այդ խավի ներկայացուցիչները, որոնք զգալի քանակ են կազմում ուժային կառույցների եւ արդարադատության ոլորտի վերնախավում, «ատամներով» պաշտպանում էին իրենց սեփականությունը եւ բովանդակային առումով այնքան էլ կարեւոր չէ, թե ով էր տվել հրամանը: Պատահական չէ, որ այդ դեպքերի ժամանակ կարեւոր դերակատարություն ունեին հայտնի օլիգարխների զինված խմբավորումները: Իսկ ինչ վերաբերում է «հրաման տվողին» կամ «տվողներին», ապա նրանք ընդամենը անձնավորում են համակարգը, ուստիեւ նրանց վրա է երաշխավորի, այսինքն՝ նման դեպքերի համար պատասխանատվություն կրողի «խարանը», ինչի համար հատուկ որակներ են անհրաժեշտ: Նման մարդիկ հետդարձի ճանապարհ չեն ունենում:

 

Ստեփան Դանիելյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am