- Որքան շատ հաջողություններ են ունենում ռուս զինվորները պատերազմի դաշտում ու որքան շատ տարածքներ է Ուկրաինայից գրավում Ռուսաստանը, այնքան ավելի մոլեգին է Արեւմուտքը զինում Ուկրաինային եւ ավելի շատ է տարածվում Ռուսաստանի նկատմամբ ատելության քարոզչությունը։ Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ մնացյալ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Ուկրաինայի մասին չեմ ասում, քանի որ այդ երկիրն արդեն կործանված ու մասնատված է։
Ռուսաստանի եւ Արեւմուտքի այս կատաղի դիմակայության կողքին ծավալվում է Իրանի ու ԱՄՆ-ի կործանարար պատերազմը, որին մասնակցում են նաեւ տարածաշրջանային այլ երկրներ։ Այս ամենը ստիպում է մտածել, որ առաջիկայում կարող է լինել համաշխարհային ուղիղ պատերազմ կամ այնպիսի բախում, որտեղ հնարավոր չի լինելու խուսափել ոտնատակ ընկնելուց։
Առաջիկայում Հայաստանի նման երկրների առջեւ հստակ հարց է դրվելու՝ կողմնորոշվել։ Իսկ դա աղետալի է լինելու մեզ համար։ Չէի ցանկանա, որ 6-րդ աշխարհակարգը մեր երկրի համար դառնա բախտորոշ, բայց աշխարհի վերաբաժանման ժամանակ կամ պետք է լինել «երկաթե շերեփով», կամ կործանվել։ ՀՀ իշխանության այս ճանապարհը լավագույն դեպքում մեզ տանելու է որեւէ մեծ երկրի ենթակայության տակ։ Ինչ երկիր էլ լինի, մեզ համար վատ է։ Ինքնիշխանություն ասելով՝ քանդում են Հայաստանի անկախությունը։
- …Ռուսաստանի տարբեր մեծ ու փոքր բնակավայրերում ուշադրությունս անընդհատ գրավում են շենքերի պատերին ռուս զոհված զինվորների մեծադիր լուսանկարները։ Միշտ չէ, որ այդ նկարները գեղագիտական արվեստի գործեր են, բայց այդ նկարներն աչքի լույսի պես պահում են ինչպես բնակիչները, այնպես էլ իշխանությունները։ Ռուսաստանում ոչ ոք չի ջնջում զոհված զինվորների նկարները՝ իբր թե դրանք չեն համապատասխանում քաղաքային ճարտարապետությանը։ Եթե մի պաշտոնյա նման շանտղություն անի, երկրով մեկ կխայտառակեն ու կուղարկեն գրողի ծոցը։
Ընդհանրապես՝ Ռուսաստանում ազգային քարոզչությունը բավական լայնածավալ է, եւ դա միավորում է մարդկանց պետականության ու ազգի գաղափարի շուրջ։ Զոհվածների եւ նրանց ընտանիքների նկատմամբ մեծ հարգանք կա։ Կրասնոդարի երկրամասում զրուցեցի մի զոհված ռուս զինվորի հուղարկավորությունից եկած մարդկանց հետ։ Հիանում էի ռուսների հայրենասիրության բանաձեւերով։ Ու նրանց համար հոգ չէ, թե հարեւան երկրներում հայրենիք ուրացած ու եվրոպական քարոզի տակ մնացած մարդիկ կծիծաղեն իրենց վրա։ Ռուսները գիտեն, թե ինչ են ուզում ու համառորեն գնում են դրա հետեւից:
Նաիրի Հոխիկյան

