Կիրակի, Հուլիսի 21, 2024

Ազատ ամբիոն

Վա՛յ մեզ, այս ո՞ւր հասանք…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երեւանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը՝ դա դիվանագիտական եւ բարոյական գրված ու չգրված նորմերով Արցախն է։ Համայն հայության Արցախը։ Հուսամ՝ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց եւս մեկ անգամ կրկնեմ՝ այդ տարածքը Արցախ է՝ իրավական, բարոյական եւ մյուս բոլոր առումներով։

Այդ տարածքի ուղղությամբ որեւէ նախահարձակ գործողություն նշանակում է հարձակում Արցախի վրա։ Ստացվում է, որ Արցախի դեմ, բացի ադրբեջանա-թուրքական ոխերիմ հարեւաններից, էլի կան թշնամաբար տրամադրված ուժեր եւ, որքան էլ դա տարօրինակ թվա, ի դեմս Հայաստանի իրավապահ համակարգի, որի մի խումբ ծառայողներ հունիսի 21-ին առանց բացատրության, նախազգուշացման եւ առանց իրավական որեւէ հիմքի, ներխուժեցին տարածք՝ ջարդելով դարպասը եւ բռնագրավելով հիմնարկի գույքը։

Մի պահ փորձեք պատկերացնել նման միջադեպ ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատների կամ հյուպատոսական ծառայությունների նկատմամբ։ Անպատկերացնելի է: Հատուկ այդ երկրների անունները հիշատակեցի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների։

Այս մի կարմիր գիծն էլ անցանք։ Արցախի երաշխավորից հասանք Արցախի վրա հարձակվողի աստիճանի։ Իրավացի էր մեր ազգային հերոսը, երբ ասաց, որ կորցնելով Արցախը, շրջելու ենք Հայոց պետականության վերջին էջը։

Ազգի երկու հատվածների միջեւ ատելություն, թշնամանք եւ երկպառակություն սերմանելու վերջը սա պիտի լիներ՝ ո՞ր մեկը ասես: Օրենքի պահապանին խոսեցնես, կասի՝ հրաման ենք կատարում: Հրաման կատարելը նույնպես պետք է պատվաբեր լինի, ապօրինի հրաման պետք չէ կատարել, հատկապես երբ երդում եք տալիս, տղերք…

Տեսնես՝ քանիսդ եք այդ դարպաս ջարդողներից Հայրենիքի արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը եւ, միգուցե, նույնիսկ հերոսություններ եք գործել։ Վա՛յ մեզ, այս ո՞ւր հասանք։ Ո՞նց կարողացաք հարձակվել Արցախի վրա։

 

Թեւան Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: