Չորեքշաբթի, Հունիսի 03, 2020

Ազատ ամբիոն

Ինչ ընդհանուր բան կա Արցախի եւ Պուերտո Ռիկոյի միջեւ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Պուերտո Ռիկոյի նահանգապետ Վանդա Վասկեսը ստորագրել է օրենք` կղզին, որպես նոր նահանգ, ԱՄՆ-ին միացնելու հարցով 2020 թվականի նոյեմբերի 3-ին հանրաքվե անցկացնելու մասին: Սակայն հանրաքվեն չի նախատեսում, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի քվեարկության արդյունքները: Վերջնական որոշումը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, պետք է ընդունի ԱՄՆ Կոնգրեսը:

Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ի կազմակերպված տարածքն է, որը ներառված չէ նրա կազմում: Պուերտո Ռիկոյի եւ Միացյալ Նահանգների միջեւ քաղաքական փոխհարաբերությունները Նախագահի վարչակազմի իրավասության ներքո են: Կղզին ունի 78 համայնքապետարան: Սահմանադրությունը վավերացվել է 1952 թվականի մարտի 3-ին, ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության է արժանացել 1952-ի հուլիսի 3-ին եւ ուժի մեջ է մտել նույն թվականի հուլիսի 25-ին: Ընտրություններում կարող են քվեարկել 18 տարին լրացած քաղաքացիները; կղզու բնակիչներն ունեն ԱՄՆ քաղաքացիություն, սակայն իրավունք չունեն մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին: Կղզու արժույթը ԱՄՆ դոլարն է: Գերագույն իշխանությունը պատկանում է ԱՄՆ Կոնգրեսին: Նրա կառավարմանն են ենթակա արտաքին քաղաքականության, պաշտպանության, տեղական օրենսդրության հարցերը: Կղզին ԱՄՆ դաշնային բյուջեից բավական մեծ օգնություն է ստանում: Ընդ որում` գործադիր իշխանությունը Պուերտո Ռիկոյում նահանգապետի ձեռքում է:

Եթե ուշադիր հետեւենք վերը նկարագրվածին, ապա նկատելի կդառնա Պուերտո Ռիկո-ԱՄՆ եւ Արցախ-Հայաստան քաղաքական կապերի որոշակի նմանությունը: Արցախի դրամական արժույթը, ինչպես որ Հայաստանում, դրամն է: Արցախի բնակչությունը պաշտոնապես ունի Հայաստանի քաղաքացիություն` բոլորն ունեն հայկական անձնագրեր: Արցախը բավականաչափ օգնություն է ստանում Հայաստանից, վերջինիս քաղաքացիները ծառայում են Արցախի զինված ուժերում: Ինչպես Պուերտո Ռիկոյում, Արցախի քաղաքացիները չունեն Հայաստանում ընտրելու իրավունք` թեպետ ՀՀ վերջին երկու նախագահները պատվիրակված էին Արցախից: Վերջինս` որպես չճանաչված (անգամ Հայաստանի կողմից) պետություն, չունի միջազգային կառույցներում մասնակցության իրավունք` նույնիսկ եթե այնտեղ որոշվում է իր ճակատագիրը, եւ նրա փոխարեն բոլոր հարցերը լուծում է պաշտոնական Երեւանը: Արցախի Սահմանադրությունը հավանության էր արժանացել Հայաստանի կողմից: Ինչպես Պուերտո Ռիկո-ԱՄՆ կապի դեպքում, փաստացի ՀՀ-ի կառավարման ներքո են Արցախի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ տեղական օրենսդրության հարցերը:

Մի փոքր ետ նայելով` հարկ է ընդգծել, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանում` 1989-91 թվականներին, Արցախը (այն ժամանակ` ԼՂԻՄ), միջազգային իրավունքի բոլոր կանոններին եւ ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան, դուրս էր եկել Ադրբեջանի կազմից: Ընդ որում` նկարագրված ժամանակաշրջան Հայաստանը թեւակոխել էր` իրավաքաղաքական իր զինանոցում ունենալով վերամիավորվելու մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը: Այդ փաստաթղթի առաջին կետում ասված է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է ինքնորոշման փաստը, որը հաստատվել էր ԼՂԻՄ մարզային խորհրդի կողմից` 1988 թվականի փետրվարի 20-ին: Համատեղ որոշման երրորդ կետում նշված է, որ զույգ խորհուրդները «հռչակում են Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը», եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում է ՀԽՍՀ քաղաքացիության իրավունքը: Փաստաթուղթն ընդունվել էր Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի օրինականորեն ընտրված իշխանությունների կողմից:

Սակայն հետո ընդունվեց Գերագույն խորհրդի 1990 թվականի Հռչակագիրը; անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն, ինչպես նաեւ ընդունվեց անկախության հռչակման մասին ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը: Ընդ որում` Անկախության հռչակագրի եւ 1991 թվականի հանրաքվեի գործողության միջեւ արդեն կտրուկ հակասություն կար անկախ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ: Դժբախտաբար` հանրաքվեի գործողությամբ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն հրաժարվեց Անկախության հռչակագրի դրույթներից (վերամիավորվելու մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումից): ՀՀ-ն նաեւ չճանաչեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ տարածքում անցկացված հանրաքվեի արդյունքները: Հետեւաբար` միջազգային բոլոր առաջին պայմանագրերը ՀԽՍՀ-ն ստորագրել է իր հակասական իրավաքաղաքական բազային լիակատար համապատասխան:

Պետք է նշել, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ որոշումը ոչ ոք չի չեղարկել: Չկա պաշտոնական փաստաթուղթ առ այն, որ հիշյալ որոշումը կորցրել է իր իրավաբանական ուժը: Դրա համար ԱՄՆ-ի հետ վերամիավորվելու հարցով Պուերտո Ռիկոյում հանրաքվեի անցկացումը եւ Հայաստանի ԳԽ-ի ու ԼՂԻՄ-ի համատեղ որոշումը տրամաբանորեն պետք է ունենան նույն իրավաբանական ուժը: Եվ եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Պուերտո Ռիկոյի հանրաքվեի արդյունքները, ապա Հայաստանը եւս լիիրավ իրավունք կունենա օգտվելու վերոնշյալ փաստաթղթից: Սույն հոդվածի հեղինակը միջազգային իրավունքի ոլորտի մասնագետ չէ: Սակայն արժե, որ այս ուղղությամբ համատեղ մտածենք բոլորս` ոչ միայն կառավարությունը դիվանագիտական իր չափազանց թույլ անձնակազմով, այլեւ միջազգային իրավունքի ոլորտի իրական հայ մասնագետները թե´ Հայաստանում ու Արցախում, թե´ Սփյուռքում: Առավել եւս, որ արդեն բոլորի համար պարզ է, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում Մինսկի խումբը ոչմիտեղ տանող ճանապարհ է:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: