Կիրակի, Ապրիլի 20, 2025

Ազատ ամբիոն

Կեցցե հեծանի՞վը…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սիրիայում թրքացեղերը աշխարհի աչքի առաջ սպանդի են ենթարկում ալեւվիներին, քրիստոնյաներին՝ բոլոր նրանց, ովքեր չեն ուզում մասնակցել իրեց սանձազերծած նախճիրին։ Իսկ մեր իշխանությունները շարունակում են ազերաթուրքերի հետ բարեկամության կոչեր անել։

Ի՞նչ է սրանց ուզածը։ Չե՞ն տեսնում, որ Ալիեւը բացահայտ, ամենավիրավորական խոսքերով ձեռ է առնում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, դրանով իսկ՝ մեր ժողովրդին, եւ բնավ էլ բարեկամություն անելու մտադրություն չունի։ Ի՞նչ է, սրանք մոռացա՞ն անցյալ դարի 20-ականներին Շուշիի ջարդերը, դարավերջին՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերը։ Իբր թե ուզում են ժամանակ շահել։

Եվ ինչպե՞ս են «շահում» այդ ժամանակը. հեծանիվ քշելո՞վ, տիկնոջ հետ անիմաստ եւ անարդյունք արտասահմանյան ուղեւորություններ կատարելո՞վ, ինչ-որ «ակադեմիական քաղաքի» կառուցման սին գաղափարներ տարածելո՞վ, իրենց խոհարարական ունակությունները ցուցադրելո՞վ, թե՞ սփյուռքահայերի սերունդների մոտ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելով։

Ժամանակին երիտթուրքերին էլ ծափերով ողջունեցին, բայց նրանք եկան 1,5 միլիոն հայ կոտորելու։ Հիմա միայն զինվել ու զինվել է պետք, եթե կարող ենք՝ անգամ ավելի գերհզոր զենք ստեղծել, անգամ արգելված զինատեսակներ, միավորվել՝ միավորելով նաեւ սփյուռքի ուժերը։ Մանավանդ որ, դրա հնարավորությունն ու ներուժը մենք ունենք։

Հիմա աշխարհը տեր չունի, ամենքն իր «գլխի ճարն» է տեսնում, իր շահի գերին է։ Եվրոպան էլ մերժեց հայերին՝ իր «աշխարհաքաղաքական շահերից» ելնելով։ Մնացել ենք մեն-մենակ։ 20-րդ դարասկիզբը կրկնվելու հավանականություն ունի։ Ահա թե ինչի  հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի վարած ապաշնորհ, վախվորած եւ ոչ արհեստավարժ քաղաքականությունը։

Գարուն է եկել, օրերը տաքացել են, եւ վարչապետը բացել է հեծանիվ քշելու նպաստավոր շրջանը։ Կեցցե՛ հեծանիվը: Կեցցե՛ ազգի ցավերով «տապակվող» ղեկավարը: Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի…

 

Սերգեյ Աբազյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: