Երեքշաբթի, Սեպտեմբերի 25, 2018

Ազատ ամբիոն

Բանակցություններ հանուն բանակցությունների՞...

Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը մտել է փակուղի: Դա պաշտոնապես հաստատում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները, որոնք շեշտում են «խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառությունների հանդեպ կողմերի հավատարմության կարեւորությունը», ինչպես եւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ որերորդ անգամ հայտարարելով, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով»: Բայց ո՞րն է բանակցությունների իմաստը: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը լիակատար իրավական հիմք ուներ ճանաչելու Արցախն իբրեւ անկախ պետություն, ինչպես այդ մասին հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն բանակցությունները հետագայում կրկին շարունակվեցին նույն ոգով:

Արցախի ճակատագրի հետ կապված հարցեր բարձրացնելիս՝ Հայաստանն այդ բանակցություններում մեծ առավելություն ուներ: Նույնիսկ բացարձակապես կրավորական քաղաքականության պայմաններում` Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում պայմանավորվածություն էին ձեռք բերվել շփման գծում վստահության ամրապնդման համար սարքավորումների տեղադրման հարցի շուրջ, որոնք կարող էին ֆիքսել հրադադարի պայմանակարգի խախտումները եւ միջազգային դիտորդների տեղակայումը, ինչը նախատեսվում էր Ադրբեջանի, ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ 1994թ. ստորագրված համաձայնագրով: Սակայն անգամ դրանից հետո միջնորդները չեն կարողանում (թե չե՞ն ցանկանում) ստանալ Ադրբեջանի համաձայնությունը հակամարտության գոտում ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ շփման գծում միջազգային դիտորդների տեղակայման հացերում:

Միեւնույն ժամանակ՝ ավելի քան մեկ տասնամյակ արտգործնախարարների կամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակի յուրաքանչյուր հանդիպման դեպքում շփման գծում ադրբեջանական դիպուկահարները սպանում են մեկ կամ մի քանի հայ զինվորներ կամ կազմակերպում լայնածավալ սադրանք՝ հայկական կողմին վախեցնելով եւ ստիպելով գնալ հերթական մեծ զիջումների: Նման բանակցություններից անմիջապես հետո կամ դրանց ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առկայության դեպքում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «տեղեկացնում» է մեր զինվորների հերթական սպանությունների մասին: Արցախի ճակատագրի շուրջ բանակցություններում Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների նման վարքագիծը բնավ չի համապատասխանում ստեղծված իրողություններին: Տպավորություն է ստեղծվում, որ նախքան Արցախի խնդրի վերաբերյալ լուրջ բանակցությունների սկիզբը, հայկական կողմը կանխամտածված կերպով Ադրբեջանին իրավունք է տալիս սպանել: Մեր զինվորների սպանությունների կապակցությամբ շփման գծում յուրաքանչյուր սադրանքի դիմաց Արցախի ինքնապաշտպանական ուժերը հակառակորդին բավարար եւ կոշտ արձագանք տալու փոխարեն, որպեսզի շփման գծում կանգնած ադրբեջանական դաշտային հրամանատարները վախենան իրենց հանցագործությունների անխուսափելի պատժից, ստանում են «սադրանքներին չպատասխանելու» հրաման: Նախ՝ մեր զինվորների սպանությունների լուռ համաձայնության մարտավարությունը դանդաղ, բայց հստակ ահաբեկում է Արցախի պաշտպանության բանակին, քանի որ զինվորները սկսում են հասկանալ, որ իրենցից ոչինչ կախված չէ, եւ հաջորդ զոհը կարող է լինել իրենցից ցանկացած մեկը: Երկրորդ՝ Հայաստանի իշխանությունների հենց այս ջայլամային քաղաքականությունը հանգեցրեց 2016-ի չորսօրյա պատերազմին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա արցախյան հակամարտության ողջ ընթացքում նա չի փոխել իր դիրքորոշումը. Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Սա նրա իրավունքն է: Ավելին, ըստ Ալիեւի՝ «ամբողջ Հայաստանը, այդ թվում՝ Էրիվանը եւ Սյունիքը, ադրբեջանական տարածքներ են, որոնք մենք կազատագրենք»: Պե՞տք է արդյոք ուշադրություն դարձնել այս խոսքերին: Իհարկե, արժե, քանի որ ադրբեջանական կողմի իրական նպատակն է բոլոր միջազգային կառույցներին համոզել, որ ունի այդ տարածքների նկատմամբ բոլոր իրավունքները, քանզի բոլորը՝ այդ թվում Հայաստանը, ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Եվ, հետեւաբար, տրամաբանական հարց է առաջանում. արժե՞ արդյոք, որ նման իրադրությունում Հայաստանն ընդհանրապես բանակցությունների գնա: Հենց հանուն նման «բանակցությունների» Հայաստանի իշխանությունները խուճապահար վախենում են ճանաչել Արցախը եւ ԶԼՄ-ների միջոցով ներշնչում են հայ հասարակությանը, որը եթե ճանաչեն Արցախը, ապա անմիջապես կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը եւ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես 1915-ին: Արդյո՞ք այս բանակցությունները չեն խաթարում Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Եթե ​​Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի բանակցությունների արդյունքները, եւ Ադրբեջանն անգամ չի էլ ստորագրել այդտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների տակ, ապա ո՞րն է Մինսկի խմբի արդյունավետությունը: Այնպիսի տպավորություն է, որ ՄԽ հովանու ներքո ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ռուսաստանն իրենց ազգային շահերն են առաջ մղում տարածաշրջանում: Կարծում ենք՝ ստեղծված իրադրությունում Հայաստանը, որպես բանակցային գործընթացում Արցախի պետությունը ներկայացնող կողմ, պարտավոր է հնչեցնել երկու կարեւոր նկատառում պարունակող հետեւյալ հայտարարությունը.

  1. Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունն այդպես էլ հստակ լուծում չստացավ ինչպես 1990-ականների սկզբին, այնպես էլ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Հայաստանին, որպես բանակցություններում ԼՂՀ ներկայացուցիչ, որը համաձայն էր անգամ Մադրիդյան սկզբունքներին, այսինքն՝ խաղաղության դիմաց տարածքների փոխանակմանը, չհաջողվեց համոզել միջազգային հանրությանը, որ Արցախի ժողովուրդը հռչակել է իր ինքնիշխանությունը՝ համապատասխան բոլոր միջազգային իրավունքի նորմերին, եւ ունի ամեն իրավունք պաշտպանելու այս ինքնիշխանությունը, նույնիսկ եթե Ադրբեջանն իր դեմ սանձազերծի ռազմական գործողություն:
  2. Հայաստանը դուրս է գալիս Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացից եւ ճանաչում է Արցախի ժողովրդի իրավունքը` Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում լուծելու իր խնդիրները: Միեւնույն ժամանակ՝ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Սա փակուղուց առավել անցավ ելքն է, որը չի պահանջում ԼՂՀ-ի «աղետալի» (Աստված մի արասցե) ճանաչում: Ժամանակն է վերջ տալ ուրիշների ձեռքում խաղալիք լինելու եւ ցանկացած մեկի, բայց ոչ Հայաստանի ու Արցախի շահերին ծառայելու գործելակերպը: Եթե ​​նման հայտարարություն չլինի, ապա ՀՀ նախագահը եւ արտաքին գործերի նախարարը պետք է մեղադրվեն ազգային շահերի դավաճանության մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Անընդունելի է հայ զինվորների արյան գնով վարվող «բանակցություններ՝ հանուն բանակցությունների» սխեման: Եթե՝ ​​ոչ, ուրեմն թող որպես թնդանոթի միս, առաջնագիծ գնան Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու նրանց նմանները: Միայն «Ազգ-բանակ» կարգախոսով բանակը չես ամրապնդի: Մեր զինվորները չպետք է դառնան Հայաստանի այդօրինակ գիտակցված քաղաքականության զոհ:

 

Կարապետ Կալենչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am