Sunday, 23 September 2018

E Editorial

Ինչո՞վ են Հայաստանում զբաղվում ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո

Նոյեմբերի 24-ին Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւընդլայնվածգործընկերությանհամաձայնագրի ստորագրումից հետո լայն բանավեճեր էին ծավալվել երկրի ներքին իրավիճակի ու անվտանգության վրա այդ համաձայնագրի ազդեցության հեռանկարների շուրջը: Իրավիճակը նոր է, եւ դեռ անիմաստ է գնահատել բազմաթիվ հակասական կարծիքների բանականության աստիճանը: Սակայն իմաստ կա դիտարկելու երկրում եւ նրա սահմաններից դուրս տարբեր միավորների միանգամայն սպասելի որոշակի շարժերը: Ինչպես կարելի էր ակնկալել, առաջինն ի հայտ եկան քաղաքական ամենաարդիական թեմայի բաղադրիչները:

Առաջին հերթին՝ «պայթեցին» ռուսական ԶԼՄ-ները: Այդ երկրի հանրությունը իր վրդովմունքը հայտնեց Հայաստանի վարքագծի հանդեպ: «Ուկրաինայի սինդրոմն» իր ուժագիծը արագ տեղափոխեց Հայաստանի ուղղությամբ: Ռուսաստանի իշխանությունները ստիպված էին միջամտել իրավիճակին՝ չնայած պայմանագրի ստորագրումից առաջ պաշտոնական Մոսկվան բարեհաճություն էր ցուցաբերում, իսկ ստորագրումից հետո Հայաստան ժամանեց իշխող՝ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձրաստիճան մի գործիչ եւ անձամբ վստահեցրեց Սերժ Սարգսյանին, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստան-ԵՄ համաձայնագրին: Ավելի շուտ՝ պետք էր, որ դա արվեր ռուս հասարակայնության համար: Բուն Ռուսաստանում նպատակահարմար չէր այդպիսի հայտարարություն անելը. ռուս հայրենասերներին հո չէի՞ն ասելու, որ Հայաստանի մասով համաձայնության են եկել ԱՄՆ նախագահի հետ: Ռուսաստանում բոլորը միանգամից հասկացան ու անմիջապես լռեցին:

Հայաստանի իշխանությունների համար իրական գլխացավանքն այլ տեղ էր. Եվրամիության հետ համաձայնագիր, այո, ստորագրեցին, բայց լավ կյանքից չէր, որ ստորագրեցին եւ ոչ էլ սեփական կամքով էր: Երկրի կենսագործունեությունը պահելու միջոցները սպառվել էին, իսկ արտաքին պարտքն աճում է: Փող է հարկավոր: Բայց դրա դիմաց չափազանց թանկ պետք է վճարել. ինչպե՞ս դուրս գալ դատական ​​համակարգի ժողովրդավարացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ստանձնած պարտավորությունների բեռան տակից: Եվրոպացիներն ասացին, որ գումար կտան եւ այն էլ՝ բավական պատկառելի, բայց միայն պայմանով՝ եթե Հայաստանը կատարի իր հանձնառությունները: Այստեղ էլ առաջ եկավ գլուխկոտրուկը, ու պետք էր մի բան մտածել: Եվ, ինչպես արդեն նկատելի է, Հայաստանի իշխանությունները կրկին գործի դրեցին ժամանակի քննությունը բռնած ռազմավարությունը` «թափ տալ» հայ ազգին ու Եվրոպային:

Կոռուպցիայի դեմ պայքարի բեմականացմանը ձեռնամուխ եղավ անձամբ Սերժ Սարգսյանը: Որպես նախաբան՝ նա հրապարակավ ընդունեց, որ «Հայաստանում կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է»՝ բացեիբաց կրկնելով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ներկայացուցիչների բազմիցս հնչեցրած թեզը: Հետո հավաքեց տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին եւ բացատրեց նրանց, թե ժողովրդի ու երկրի համար ինչքան վատ բան է գողանալը: Բայց ամենից շատ նա սկսեց խոսել ապագայի մասին ու միայն՝ ապագայի: Հեռավոր եւ մոտակա: Խոսում էր այնպես, ասես ինքն է արդեն ղեկավարում այդ ապագան: Համենայն դեպս՝ բոլորին հասկանալ էր տալիս, որ ինքը չի տեսնում երկրի այդ ապագան առանց իրեն: Մնացյալ մասը հասարակությանն ու աշխարհին բացատրեցին ՀՀԿ-ի իր ռահակիցները՝ Սերժ Սարգսյանը միակն է եւ անփոխարինելին, ու առանց նրա... ոչ մի քայլ:

Իր մտադրություններին լրջություն տալու համար Սարգսյանը բանակային բարձր պաշտոնից հեռացրեց տհաճ մի գեներալի, ընդ որում՝ հասկացնելով բոլորին, որ դա միայն ինքը կարող է անել. երկրում չկա ուրիշ մեկը, ով ի զորու է տեղից շարժել նման թունդ կաշառակերի: Կառավարությունում կազմավորեցին կոռուպցիայի դեմ պայքարի հերթական հանձնաժողովը: Եվ էլի բաներ... մամուլում տեղեկություն տարածեցին, թե «նախագահը դաստիարակել է» մի քանի պատգամավորների, ովքեր հանդգնել են ոտնձգություն կատարել երկրի չունեւոր քաղաքացիների արժանապատվությանը: Եվ այսպես շարունակ...

Սակայն բոլորին «թափ տալը» մի տեսակ չի ստացվում, նախագահության տասը տարիների ընթացքում հասարակությունը իմունիտետ է ձեռք բերել նրա այդօրինակ գործողությունների եւ խոսքերի նկատմամբ: Հասարակության վստահությունը նվաճելու միայն մեկ միջոց կա`հեռանալ երկրի կառավարման համակարգից եւ մարդկանց հնարավորություն տալ վերացնելու կոռուպցիան: Այս ամենը Սերժ Սարգսյանը եւս լավ է հասկանում, բայց հեռանալ չի ուզում: Նշանակում է՝ նրա ամբողջ հույսն այն է, որ միգուցե ստացվի էլի ծառայել ամենազորեղներից որեւէ մեկին: Բայց այստեղ էլ պաշարամիջոցները պակասում են: Առայժմ հրապարակային ընդամենը մեկ ձեռնարկ են իր մունետիկները հղացել` պաշտպանել օլիմպիական խաղերին մասնակցելու՝ ռուս մարզիկների իրավունքները: Բայց մի տեսակ մանր բան է... ժամանակը ծավալուն գործողություններ է պահանջում, իսկ «անփոխարինելիի» երեւակայության աղբյուրն արդեն ցամաքել է:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am