Tuesday, 13 November 2018

E Editorial

Դոնալդ Թրամփը երկար չսպասեցրեց

Այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները նոյեմբերի 11-ին համաձայնության եկան Սիրիայի հիմնախնդրի շուրջ, աշխարհում դիվանագիտական բուռն ​​գործընթացներ ծավալվեցին, որոնց նպատակն էր հստակեցնել միջազգային իրավիճակը: Մերձավոր Արեւելքի, հետխորհրդային տարածքի ու Եվրոպայի բոլոր երկրները փորձում էին պարզել, թե ինչ կարող էր նշանակել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ սիրիական խնդիրը ռազմական լուծում չունի: Այդ երկրների կոնկրետ հայտարարություններն ու գործողությունները վկայեցին, որ շատ քչերն են հասկացել տեղի ունեցածի էությունը: Հնարավոր է՝ այդ իրավիճակի խորհրդանիշը ՀԱՊԿ գագաթաժողովն էր, որտեղ նրա անդամները լռելյայն ընդունեցին Հայաստանի առաջարկը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան խնդրի առնչությամբ իր բոլոր սկզբունքներով ու մոտեցումներով հանդերձ: ՀԱՊԿ անդամ երկրների ինքնավստահ ավտորիտար առաջնորդների համար այս ամենը այլ կերպ, քան ցնցակաթված, չես անվանի: Բոլորը հանդարտվեցին՝ զգալով, որ մի բան այն չէ:

Մարդիկ հասկացան, որ իսլամական պետության եւ սիրիական ճգնաժամի երկամյա դյուցազներգությունն ավարտված է, եւ աշխարհը թեւակոխել է զարգացման մեկ այլ փուլ: Բայց շատ քչերն ըմբռնեցին այս արյունալի էպոպեայի իմաստը: Իսկ իրական արդյունքը քրդական գործոնի արդիականացումն էր եւ Ռուսաստան-Իրան-Թուրքիա քաղաքական եռանկյունու ձեւավորումը: Նորությունը միայն դա էր, մնացյալը մնաց իր տեղում: Բոլորը մոռացան իսլամական պետության մասին՝ հայտարարեցին, որ հարցը լուծված է:

Պարզ է՝ հոգու խորքում բոլորը մտածում էին, թե հետո ինչ է լինելու: Եվ երկար սպասելու հարկ չեղավ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին նոր խնդիր դրեց համայն աշխարհի առջեւ՝ ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայել պետության միակ ու անքակտելի մայրաքաղաք եւ հանձնարարեց Պետքարտուղարությանը սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Սուրբ քաղաք տեղափոխելու աշխատանքները: Ի պատասխան առաջին ծագած հարցի, Թրամփը պատասխանեց. «Ճանաչված է սոսկ այն, ինչ իրականությունն է»: Հենց սրանում էր աշխարհի առջեւ դրված խնդրի էությունը:

Աշխարհն ասես միանգամից պայթեց: Թրամփի այս որոշման դեմ դուրս եկան բոլորը` Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը եւ այլք: Իսկ Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հայտարարեց, որ հրավիրում է արտակարգ խորհրդակցություն: Բոլոր կողմերից լսվեցին բացականչություններ, թե ԱՄՆ նախագահի այս որոշումն աղետալի հետեւանքներ կբերի ողջ աշխարհին:

Սկզբունքորեն բոլորը ճիշտ հասկացան ձեռնարկված քայլի էությունը: Սակայն առեղծվածը հենց դրանում է. ինչո՞ւ հարկ եղավ ապակառուցողական երեւույթների նոր շղթա առաջացնել աշխարհում: Ինչ-որ նպատակ պետք է չէ՞, որ լինի: Առայժմ նկատելի է, որ քչերն են այդ մասին խորհում. ավելի շատ նկատելի են միմյանց ինչ-որ վերջնագրեր ներկայացնելու մտադրություններ: Ասենք՝ Թուրքիան, ինչպես միշտ, այս երթում առաջինը սպառնաց դիվանագիտական ​​հարաբերությունները խզել Իսրայելի հետ եւ դադարեցնել թուրք-ամերիկյան համատեղ տնտեսական ծրագրերը: Նմանատիպ գործողությունների, թերեւս, կդիմեն նաեւ ավտորիտար վարչակարգերի այլ ինքնավստահ առաջնորդներ:

Ռուսաստանը, ինչպես միշտ, նոր առաջարկների է սպասում իր հավակնոտ հարեւաններից, եւ ահա Թուրքիայի նախագահ Էրդողանը հասցրեց հայտարարել, որ տեղի ունեցածի մասին կխոսի Հռոմի Պապի ու Ռուսաստանի հետ: Պետք է սպասել ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Իրանի նախագահների մոտալուտ այցերին Ռուսաստան՝ Պուտինի մոտ: Այդ երկրների համար «քրդական ռումբին» ավելացավ «Երուսաղեմի ռումբը», որը մեկ ակնթարթում փոխեց սեփական երկրների եւ աշխարհի վերաբերյալ ունեցած պատկերացումները: Առայժմ նրանք ոչ ոքից օգնություն չեն կարող ակնկալել, բացի Ռուսաստանից: Բայց արդյո՞ք այնտեղ են նրանք փնտրում փրկությունը:

Այս իմաստով Թրամփի քայլը խիստ չափած-ձեւված էր: Երբ ի հայտ կգան խորհրդակցող երկրների նաեւ այլ ճամբարներ, Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ նախագահի որոշման իմաստը թափանցիկ կդառնա: Այս ճամբարներն են ստիպված լինելու որոշել, թե ինչպես վարվել քարացած պատկերացումների ու կարծրատիպերի այժմյան աշխարհի հետ: Հին աշխարհն այլեւս չի լինի՝ կճանաչվի այն, ինչը քարացած կարծրատիպերի աշխարհ չէ, այլ առաջադիմական քաղաքակիրթ իրականություն: Իրավիճակը հիշեցնում է միջնադարում առաջին տպագրական հաստոցի ի հայտ գալու ժամանակաշրջանը, որը թաղեց հնացած ավանդական աշխարհը: Այն ժամանակ նույնպես ցնցակաթվածը համընդհանուր էր:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am