Օրը հազար անգամ երանի եմ տալիս Արցախի մեր ապրած կյանքին, որտեղ ոստիկանը նույնպես հայ էր, մեր բարեկամը, ընկնողին վեր բարձրացնողը, մեզ խոնարհաբար բարեւողը, մեզ ճանապարհ ցույց տվողը, մեր կարգուկանոնը պահպանողը:
Արցախում երբեւէ չտեսանք իշխանականների սադրանքներ եկեղեցու կամ հոգեւորականի հանդեպ, երբ հավատ կար, հույս Աստծո տան ծառաների հանդեպ։ Երբ հավատքը մեծ էր` խոնարհումի արժանի։
Դեռեւս Արցախում էինք, որ ասում էին՝ անօրեն թշնամին ազատամարտով անցած արցախցիների համար կալանավայրեր է կառուցում։ Ինչ Հայաստանում ենք՝ ականատեսն ենք դարձել ամենօրյա տեղի թե անտեղի ձերբակալությունների, որոնց սկիզբն ու վերջը չեն երեւում։ Երեւի թե վաղը-մյուս օրը բանտախցերն էլ չհերիքեն։
Արցախը մի սրբավայր էր, որտեղ չէին սահմանափակում մեր ազատությունը, չէին արգելում խոսել ազգային արժեքներից, մեր հինավուրց պատմությունից, հայրենիքից, հայրենասիրութունից, մեր հոգեւոր հուշարձաններից… Ու նաեւ մեզ չէին սովորեցնում, թե ինչ լեզվով խոսենք, որ նորաձեւ դառնանք։
Արցախում հայրենիքի նվիրյալների հիշատակին խոնարհվում էին, նրանց մարտական ուղին հավերժացնում, սգավոր մայրերի առջեւ ակնածանք ապրում, այնտեղ զոհվածների հայրերին անտեղի չէին բանտարկում:
Արցա՛խ, մեր կարոտի երկիր, անկախությունդ չճանաչեցին, բայց որքա՜ն անկախ էինք ու ազատ, թեպետ շրջապատված էինք բորենիներով, եւ որքա՜ն մաքուր էինք, անբիծ, որ գաղտնալսումների կարիք չկար այնտեղ եւ ոչ էլ՝ զգույշ խոսելու, երբ մեր կամքն ազատ էր, մեր խոսքը՝ բարձրաձայն: Ուղղակի ափսոս, որ քեզ դավաճանեցին՝ հայրենազուրկներիս թողնելով իշխանատենչների ատելության թիրախում։
…Երեւանում մի երկու անգամ առիթ եմ ունեցել պատահաբար առնչվելու ոստիկանների հետ։ Դեռ լավ չէի ճանաչում քաղաքը, հանրային տրանսպորտին էլ չէի տիրապետում։ Այդ օրը պետք է տաքսի պատվիրեի, բայց չգիտեի՝ ինչպես։ Դիմացս տեսա մեկ տասնյակի չափ ոստիկաններ։ Մոտեցա, խնդրեցի՝ տաքսի պատվիրել նշածս հասցեով։ Թվաց` բոլորը պատրաստ են ինձ ձեռք մեկնելու, բայց նրանցից մեկն ասաց, որ կարիք չկա պատվիրել, երբ փողոցից այն կողմ տաքսի կա կանգնած։ Նա ինձ առաջարկեց՝ մոտենալ տաքսու վարորդին։
Շուտով տաքսիստն առաջարկեց նստել իր մեքենան, երբ իմացավ, թե որտեղ պիտի հասցնի ինձ։ Մի երեք կանգառի չափ մեքենան վարելուց հետո նորից հարցրեց իմ հասցեն։ Ասացի։ Հանկարծակի կանգնեցրեց մեքենան ու հարցրեց՝ այսքան ճանապարհը ճի՞շտ ենք եկել։ Զարմացած ասում եմ՝ որտեղի՞ց իմանամ, երբ անծանոթ եմ տեղանքին։ Նա էլ թե` ես էլ չգիտեմ, ուրեմն՝ իջե՛ք մեքենայից։
Անակնկալի եկա... Դժգոհ ասացի՝ ոստիկանի հետ գործ ունենալն էլ սա է… Ու իջա մեքենայից։ Ճիշտ է, կեսճանապարհին չմնացի, բայց մեկ ուրիշ օր նորից երկու ոստիկանի կողքով անցնելիս հարցրի, թե ինչպես հասնել «այսինչ» փողոցը։ Միմյանց երեսի նայեցին, ապա ձեռքով ցույց տվին, թե ինչպես գնալ։ Այդ ուղղությամբ գնացի բավական ճանապարհ։ Պատահական անցորդի հարցնում եմ, նրա պատասխանից մնում զարմացած, երբ ասում է` հետ պիտի դառնաք։ Պարզվում է՝ հենց փնտրածս փողոցում էին հերթապահում այն երկու ոստիկանը, երբ այդ օրն էլ հանրահավաքի էին շտապում շատերը։
Բոլոր ոստիկանների վրա չէի տարածի իմացության թե ընկալունակության խնդիրը, որին առնչվեցի երկու անգամ, բայց որտեղի՞ց այն ուժայինների մոտ այնքան կոպտություն, որ երբեմն մեզ տեսանելի է դառնում հանրային միջավայրում ոչ ընդունելի բռնությունների տեսքով:
Նատաշա Պողոսյան

