Tuesday, 29 September 2020

F Free Platform

Հայ-ադրբեջանական սահմանային բախումները ցույց տվեցին, թե ով ով է

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների պատճառների ու հարակից մյուս հանգամանքների մասին դեռ շատ կգրվի: Հանգամանորեն վերլուծության կենթարկվեն հուլիսյան իրադարձությունները եւ պատերազմական իրավիճակի տրամաբանությունը աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ավելի լայն համատեքստում: Կարծարծվեն այն հարցերը, թե ով ինչպիսի մարտական ու տեխնիկական պատրաստվածություն ունի, ով էր մեղավոր կատարվածի մեջ եւ ով ինչ խնդիր էր դրանով փորձում լուծել:

Այդ տեսակետից հետաքրքիր է դիտարկել, թե տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ ինչպես արձագանքեցին սահմանային սրացումներին, եւ միանգամից կերեւա, թե ով ինչ դիրքորոշում, շահեր ու նպատակներ ունի մեր տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական առճակատումն աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի` Կովկասում ստեղծված ուժերի հավասարակշռության խախտումը կառաջացնի աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ, որոնց չեն կարող չխառնվել տարածաշրջանային եւ համաշխարհային առանցքային կենտրոնները: Առաջին համաշխարհային պատերազմը նույնպես սկսվել էր առաջին հայացքից աննշան թվացող մի միջադեպից, որը, սակայն, ուժգին պայթուցիչի (դետոնատոր) դեր է կատարել անլուծելի հակասություների կծիկում հզոր ցնցումներ առաջացնելու համար:

Պարզ է, որ բոլոր կողմերը պետք է դատապարտեին ռազմական գործողությունները, ինչպես նաեւ հանդես գային խաղաղ կարգավորման կոչերով: Այդպես էլ, ըստ էության, եղավ, բայց կարեւորն այստեղ նրբություններն ու տոնայնությունն են:

Ինչպես եւ սպասվում էր, պաշտոնական Թուրքիան միարժեքորեն աջակցություն հայտնեց Ադրբեջանին եւ, նույնիսկ, ռազմական օգնություն առաջարկեց «մեկ ազգ` երկու պետություն» բանաձեւի շրջանակում: Ռուսաստանը` ի դեմս այդ երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, անուղղակիորեն կոչ արեց Թուրքիային` որպես Մինսկի խմբի անդամ երկիր, զսպվածություն դրսեւորել եւ իր հայտարարություններով չշիկացնել մթնոլորտը: Դրանով Ռուսաստանը փորձում էր հասկացնել, թե ով է Կովկասում իսկական «տանտերը» (միաժամանակ հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելով երկու երկրների նկատմամբ իր ազդեցությունը պահպանելու համար): Իրանը խաղաղ բանակցությունների կոչ արեց կողմերին եւ առաջարկեց իր միջնորդական ծառայությունները, սակայն ներքին լսարանի համար, ավելի ցածր դիրքի պաշտոնյաների շուրթերով, ադրբեջանամետ դիրքորոշում հայտնեց` ըստ երեւույթին Իրանի բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնքին հանգստացնելու կամ սիրաշահելու համար։

Կովկասում այս երեք հիմնական խաղացողների հայտարություններից կարելի է եզրակացնել, թե կողմերից որին է ձեռնտու «ստատուս քվո»-ի պահպանումը եւ որին` դրա փոփոխությունը։ Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի «ստատուս քվո»-ի փոփոխությունը ձեռնտու է միայն Թուրքիային։

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ չի կարելի Կովկասում տեղի ունեցող դեպքերը քննարկել առանց հաշվի առնելու Մերձավոր Արեւելքում` մասնավորապես Սիրիայում եւ Լիբիայում ընթացող զարգացումները, որտեղ մրցակցում են նույն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Այսինքն` այդ գործընթացները, ինչպես նաեւ «սեղանի տակից» միմյանց հասցվող հարվածները պետք է դիտարկել ողջ տարածաշրջանի համատեքստում։

Հետաքրքիր է նաեւ Ուկրաինայի եւ Մոլդովայի պահվածքը, որոնք անվերապահորեն հանդես եկան ադրբեջանամետ դիրքորոշումներով։ Դա նույնպես կանխատեսելի էր, քանի որ իրենք եւս ունեն սեփական «Արցախի» խնդիրները. առաջինի դեպքում` դա Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններն են, երկրորդի դեպքում` Մերձդնեստրը։

Ինչպես տեսնում ենք, ժողովրդավարական երկրներ համարվող Ուկրաինան եւ Մոլդովան դաշնակից են հակաժողովրդավարական Ադրբեջանին։ Նման օրինակներ էլի կան, ինչից կարելի է եզրակացնել, որ միջազգային հարաբերություններում առաջնայինը ոչ թե քաղաքակրթական սկզբունքներն են, այլ երկրների շահերը, ինչն առանց այդ էլ հայտնի փաստ է, սակայն` ոչ բոլորի համար։

 

Դ. Ստեփանյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.