Tuesday, 25 September 2018

F Free Platform

Ժողովրդավարական եւ տնտեսական հաստատությունների կայացման հրամայականը

Ժողովրդավարացումը սահմանվում է որպես ինքնիշխան պետությունում  քաղաքական վարչակարգի փոփոխություն՝ ոչ ժողովրդավարությունից անցում դեպի  ժողովրդավարության: Ինչպես հայտնի է, ժողովրդավարության տարրերը նպաստում են երկարաժամկետ տնտեսական աճին: Այս տարրերն, առաջին հերթին, ընդգրկում են խոսքի ազատություն եւ կրթություն` նորարարությունը խթանելու համար, եւ օրենքի գերակայություն՝ ներդրողների համար կանխատեսելիությունը բարձրացնելու, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով: Ի վերջո, ժողովրդավարությունը բոլոր խմբերի համար արդարությունը հավասարապես մատչելի է դարձնում: Հավասար հնարավորությունների պայմանները ցանկացած երկրի համար տնտեսության զարգացման հիմնարար առաջմղիչ են:

Ժողովրդավարացման գործընթացի ճիշտ ընթացքը հանգեցնում է փոխլրացնող եւ փոխկապակցված ամուր քաղաքական ու տնտեսական հաստատությունների կայացմանը: Տնտեսական ինստիտուտները, ինչպիսիք են՝ սեփականության իրավունքը, մակրոտնտեսական կայունացման, սոցիալական ապահովագրության հաստատությունները եւ այլն, տնտեսական աճի հիմնական աղբյուր են: Ի թիվս այլ գործոնների՝ տնտեսական ինստիտուտները վճռորոշ ազդեցություն ունեն ֆիզիկական եւ մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների եւ արդյունաբերական արտադրանքի ներդրումների վրա: Տնտեսական աճի կարեւոր խթան լինելուց բացի, տնտեսական ինստիտուտները կարեւոր դեր են կատարում նաեւ ռեսուրսների բաշխման հարցում:

Հետեւաբար, որոշ խմբեր կամ անհատներ հնարավորություն ունեն տնտեսությունից ավելի շատ օգուտներ քաղել, քան մյուսները՝ հաշվի առնելով նախապես գոյություն ունեցող տնտեսական պայմանները եւ ռեսուրսների բաժանումը: Այլ կերպ ասած՝ տնտեսական հաստատություններն արտացոլում են տարբեր խմբերի եւ անհատների միջեւ տնտեսական ինստիտուտների ընտրության եւ ռեսուրսների բաշխման շարունակական շահերի բախումը:

Այսպիսով՝ տնտեսական հաստատությունների ինստիտուցիոնալ դիզայնը հիմնականում կախված է ընտրախավի խմբերի միջեւ քաղաքական ազդեցության տեղաբաշխումից: Քաղաքական հաստատությունները՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ, որոշում են ինչպես տվյալ հասարակության հիմնական դերակատարների առջեւ ծառացած խոչընդոտները, այնպես էլ խթանները: Հաշվի առնելով քաղաքական հաստատությունների առանձնահատկությունները եւ իշխանության ռազմավարական բաշխումը, դրանք ի վիճակի են նպաստել վստահելի մեխանիզմների զարգացմանը, որոնք կարող են նվազեցնել քաղաքական եւ տնտեսական խաղացողների օպորտունիստական վարքագծի հնարավոր ռիսկերը: Այլ կերպ ասած՝ քաղաքական հաստատությունները պետք է խրախուսող միջոցներ առաջարկեն քաղաքական գործիչներին, որպեսզի վերջիններս ցանկություն ունենան շարունակաբար ենթարկվել այդ ինստիտուտներին:

Քաղաքական հաստատությունները սկզբունքորեն կարեւոր են նոր ժողովրդավարացած պետությունների համար: Նման պետություններում անհրաժեշտ է քաղաքական ինստիտուտների արդյունավետ եւ հստակ ներկայությունը: Այնուհետեւ ժողովրդավարության հաստատումն աստիճանաբար պակասեցնում է քաղաքական ինստիտուտների կարեւորությունը տնտեսական գործունեության հետ կապված, քանի որ ներդրումների համար բարենպաստ ինստիտուցիոնալ պայմաններ են առաջանում, եւ քաղաքական միջամտության անհրաժեշտությունն աստիճանաբար նվազում է:

Նախնական փուլում քաղաքական հաստատությունները չափազանց կարեւոր են ցածր եկամուտ ունեցող երկրների տնտեսական աճի համար: Մասնավորապես, երբ նույն քաղաքական ընտրախավն է երկար տարիներ իշխում, կուսակցական համակարգն ավելի մասնատված է լինում, եւ որքան ավելի մեծ թվով կուսակցություններ են ընդգրկված կառավարող կոալիցիայում, այնքան ավելի կուսակցակենտրոն է ընտրական համակարգը, ինչն էլ հանգեցնում է ցածր տնտեսական աճի, հատկապես աղքատ երկրներում:

Հայաստանը շատ ծանր բեռ է ժառանգել նախկին վարչակարգից. իշխանության եւ բիզնեսի սերտաճման արդյունքում առաջացած քրեաօլիգարխիայի վարած քաղաքականությունը հանգեցրել էր պետության լիարժեք դիսֆունկցիոնալությանը: Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ինստիտուտները կաթվածահարվել էին եւ դրանց հնարավոր կայացման բոլոր տարբերակները զրոյացվել: Հայաստանի նոր ժամանակավոր կառավարության առջեւ շատ մեծ մարտահրավեր է համակարգային փոփոխությունների համար այնպիսի նախադրյալների ստեղծումը, որոնք կբացառեն հին համակարգի կրկնօրինակումը եւ նպաստավոր հիմքեր կդնեն իրական ժողովրդավարական եւ տնտեսական ինստիտուտների կայացման համար: Զուտ քաղաքական կամքը եւ վերահսկողական որոշ մեխանիզմների ներդրումը բավարար չեն նախկին արատավոր համակարգի վերակենդանացումը բացառելու համար:

 

Մարինա Մուրադյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am