Monday, 16 September 2019

F Free Platform

Երբ քաղաքականությունը տափակ խեղկատակություն է

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայաստանում անկախացումից ի վեր ստեղծված վարչակարգերը նենգափոխել են պետության ողջ իմաստը՝ այն ամբողջությամբ հարմարացնելով սեփական նեղ խմբային շահերին ու կարիքներին: Նրանց հիմնական նպատակը յուրացրած իշխանության շարունակական ամրապնդումը եւ կուտակած ապօրինի կապիտալի անձեռնմխելիության ապահովումն էր: Այդ նպատակների իրագործման համար նախկին վարչակարգերը քաղաքական գործընթացներն օգտագործում էին ըստ անհրաժեշտության՝ զուտ որպես գործիքակազմ: Դրա հետեւանքով ականատեսն ենք եղել պետության կայացման եւ զարգացման առանցքային ինստիտուտների համատարած կաթվածահարությանը եւ դրանց հիմնարար արժեզրկմանը:

Քաղաքացիները` մշտապես օտարված լինելով պետության կառուցման աշխատանքներից, որեւէ կերպ չէին կարողանում ներազդել քաղաքական գործընթացների ձեւավորման վրա. իշխող վարչակարգերը երբեք հարկ չէին համարում քաղաքացիների որեւէ մասնակցություն ապահովել, քանզի նպատակահարմարություն չէին տեսնում, առավել եւս, որ հանրության՝ որպես իրավազուրկ, կամակատար զանգվածի, դերն ու տեղը իրենց կառավարման գծապատկերում նախապես հստակ կանխորոշված էր:

Ընդդիմադիր հորջորջվող կուսակցությունները, ընդհակառակն, ականջալուր էին հանրային բողոքի բոլոր ալիքներին, սակայն ոչ թե քաղաքացիների ձայնը քաղաքական հարթակ բարձրացնելու եւ դրա հիման վրա քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով. դրանք մրցակցում էին միմյանց հետ՝ բողոքի ալիքն իշխանությունների ականջին հնարավորինս բարձր լսելի դարձնելու համար: Ում հաջողվում էր հանրության ավելի մեծ զանգված համախմբել ու ավելի բարձր ձայն հանել, նրան էլ խորհրդարանում մի քանի տեղ էր հատկացվում՝ այդ զանգվածի դժգոհությունը կառավարելիի սահմաններում պահելու եւ մերթընդմերթ բողոքավոր հանրույթին տարբեր ակցիաներով լիցքաթափելու համար: Ամեն բան կառավարելի եւ խիստ կանխատեսելի էր:

Պարզ է, որ նման պայմաններում գաղափարական հայեցակարգերի ձեւավորման մասին խոսք անգամ լինել չէր կարող: Ամբողջ խնդիրն իշխանության, կուտակված կապիտալի եւ անվերահսկելի ազդեցության որոշակի մասնաբաժին պոկելու մեջ էր: Քաղաքականությունը վերածվել էր տափակ խեղկատակության:

Հինը քանդվեց, որովհետեւ մի պահ հանրությունը գիտակցեց, որ այդպես սխալ է եւ այլեւս անհնար է այդկերպ շարունակելը, սակայն թե որն է ճիշտը եւ ինչպես պետք է շարժվել՝ մինչ այժմ, կարծես թե, հասկանալի չէ ո՛չ հանրության, ո՛չ էլ առավել եւս նոր օրինակարգ իշխանությունների համար:

Թվում էր` հին համակարգի կազմաքանդումը եւ նոր իրողությունները դրական դաշտ կստեղծեն տարբեր գաղափարախոսությունների ի հայտ գալու, դրանց կառուցողական բանախոսությունների համար, ինչն էլ կնպաստի տարբեր քաղաքական միավորների շրջանում նոր հավակնոտ քաղաքական ծրագրերի առաջացմանը: Սակայն այդպես չեղավ: Քաղաքական բեւեռներ չձեւավորվեցին: Մինչ իշխող կուսակցությունը հավակնում է վերածվել իրարամերժ գաղափարների եռարանի», «ընդդիմությունը» փորձում է իր սեփական ապագաղափարականությունը եւ մտավոր ներուժի բացակայությունը փոխարինել էքսցենտրիկությամբ ու անհարկի թատերական էքսպրեսիայով: Արդյունքում քաղաքականության մեջ կրկին գերիշխող է մնում տրիվիալ ֆարսը:

Միգուցե կուսակցությունները կարող են գաղափարապես ամուլ մնալու շքեղություն իրենց թույլ տալ այնքան ժամանակ, մինչեւ հասարակությունն ինքը կարողանա հստակ ձեւակերպել, թե ինչպիսի պետություն է ցանկանում ունենալ: Հասարակությունը դեռ շարունակում է տրոհված մնալ հնի ու նորի խաչուղիներում: Չի նշմարվում ինքնիշխան պետություն կառուցելու համապարփակ տեսլականը եւ դրա իրական անհրաժեշտության համընդհանուր գիտակցումը:

Այդ գիտակցումը մեկ օրում չի ձեւավորվելու, բայց դրա ձեւավորումը սկսվելու է այն պահից, երբ հասարակությունը կհասկանա, որ նախկին հանցավոր վարչակարգերի մնացուկների եւ հետեւանքների դեմ չէ իր պայքարը, այլ հանուն այնպիսի համակարգի ստեղծման, որը կբացառի հետայսու իշխանության գլուխ այնպիսի անձանց գալը, ինչպիսիք են ռոբերտքոչարյաններն ու սերժսարգսյանները:

Մարինա Մուրադյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am