Sunday, 18 November 2018

F Free Platform

Հայրենադարձի հայացք. նվնվացող վարորդներ եւ անշուք, ապակողմնորոշող հասցեներ

Աշխարհի համարյա բոլոր երկրների (թե՛ զարգացած, թե՛ զարգացող) տաքսիների վարորդները տվյալ երկիր այցելած մարդկանց սպասարկելիս՝ ամենից առաջ նրանց բարի գալուստ ու կեցություն են մաղթում, ինչը պարզապես քաղաքավարական վարքագիծ է հյուրի նկատմամբ:

Իսկ Հայաստանո՞ւմ... Այստեղ տաքսիների՝ հաճախ չսափրված, փնթի, անբարեհամբույր վարորդները երկրի հյուրերին, հատկապես Սփյուռքից ժամանած հայրենակիցներին, տեղ հասցնելու ընթացքում սկսում են բացել դժգոհությունների կծիկը բնակչության, այդ թվում իրենց ծանր սոցիալական վիճակի, չարքաշության մասին, նվնվալ, սեւացնել ամեն ինչ՝ երկիրը ներկայացնելով որպես դժոխք: Նույն նվնվոցն են դնում նաեւ քաղաքում որեւէ սփյուռքահայի փոխադրելիս (ասենք, որ այդ վարորդները զարմանալի հոտառություն ունեն, անմիջապես ջոկում են սփյուռքահային՝ թեեւ վերջիններս իրենց հագուկապով եւ արտաքինով տեղացիներից գրեթե չեն զանազանվում): Ավելին՝ առանց ամոթի ու խղճի խայթի կշտամբում են այդ անծանոթ մարդուն, թե ինչու է իր ապրած երկիրը թողել, հաստատվել Հայաստանում՝ այս դժոխային վայրում:

Վարորդների այդ ծայրահեղ հոռետեսությունը ծանր ու տհաճ տպավորություն է թողնում: Երբ այդ կարգի վարորդին հարցնես, թե ինչպես է ապրում, սովորաբար կտրտնջա՝ ասելով, որ շատ ժամեր է վատնում չնչին վաստակի համար: Մի անգամ նման զրույցի ժամանակ հետաքրքրվեցի, եւ վարորդն ասաց, որ երկու զավակ ունի, համալսարան են հաճախում եւ այլն: Իսկ երբ զավակների համալսարանական կրթություն ստանալը խրախուսեցի՝ իբրեւ դրական երեւույթ, այդ վարորդը դարձյալ սկսեց քրթմնջալ, եւ ես հասկացա, որ դժգոհությունն ուղղակի նրա մեջ հաստատված կայուն վարքագիծ է:

Երբ խոսում ենք այդ կարգի տաքսու վարորդների մասին, պետք է նկատի ունենալ նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք նույնքան հոռետես են: Նրանք չեն գիտակցում, որ այդ հիվանդագին երեւույթն առաջին հերթին հենց իրենց է վնասում: Ավելի զարգացած ու հարուստ երկիր գաղթած մի քանիսին գիտեմ, որոնք իրենց արտաբնակությունն արդարացնելու համար նախ՝ մեր երկրի նկատմամբ ունեցած հոռետեսությունն են փոխանցում Սփյուռքի հայ համայնքներին, ապա փորձում այդ համայնքներին «թունավորել» Հայաստանի նկատմամբ:

Մի քանի խոսք ընդհանրապես տաքսու վարորդների եւ մեր աչքի չընկնող հասցեների մասին: Սկսեմ նրանից, որ շատ վարորդներ մեր քաղաքների նույնիսկ նշանավոր վայրերը լավ չգիտեն: Մյուս կողմից էլ՝ շատ շենքեր ուղեզուրկ են, չունեն համարանիշ կամ գտնվում են այնպիսի փողոցներում, որոնց անունները նշված չեն: Այդ պատճառով երբեմն վարորդները ուղեւորներին իջեցնում են՝ որտեղ պատահի, ուղեւորի փնտրած վայրի հետ կապ չունեցող տեղերում:

Այս դժվարություններին վերջ տալու համար նախ տաքսիների վարորդները պետք է հաճախեն քաղաքապետարանների կազմակերպած հատուկ դասընթացների եւ այնտեղ ծանոթանան մեր քաղաքների՝ հանրային նշանակություն ունեցող վայրերին, փողոցներին ու պողոտաներին: Ընդ որում՝ դա պիտի անեն նախքան տաքսիի վարորդ դառնալը: Իսկ քաղաքապետարաններն ու թաղապետարանները յուրաքանչյուր պողոտայի, փողոցի եւ, նույնիսկ, փակուղու անունը կրող ցուցանակ պետք է տեղադրեն ճանապարհներին եւ համապատասխան համարներ փակցնեն շենքերին, որպեսզի վարորդներն ու ուղեւորները չշփոթվեն:

Իհարկե, երկիրն ունի բազմաթիվ ու բազմապիսի դժվարություններ, եւ մենք այդ դժվարությունները զգում ենք մեր մաշկի վրա, փորձում ենք հաղթահարել դրանք՝ ընտրելով համակարգային փոփոխությունների ներկայիս ճանապարհը, որը գլխավորապես երիտասարդ սերնդի ընտրությունն է: Սա էլ հայկական կյանքի մյուս երեսն է՝ պրպտող ու նորի ձգտող, ազատության, արդարության եւ իր իրավունքների համար պայքարող, խորամիտ ու արարող: Բայց ցավալին այն է, որ սեփական իրավունքների, աշխատանքի լավագույն պայմանների համար պայքարող թեկուզ հենց նույն տաքսու վարորդներն այսօր մոռանում են իրենց պարտականությունների, իրենց պահվածքի, սպասարկման մշակույթի մասին:

Գաղտնիք չէ, որ հայերս՝ իբրեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, իբրեւ ամբողջական ժողովուրդ, մեր թվաքանակի համեմատ, աշխարհի ամենակարող, բազմահմուտ ժողովուրդներից ենք: Մենք գիտության ու գիտնականների, ռազմական գործի խորագիտակների, արվեստների ու արհեստների մարդկանց, գործարարների, բազմապիսի մասնագետների, ինչպես նաեւ դրամական-նյութական միջոցների պակաս չունենք: Մեկ հոդվածի սահմաններում դժվար է թվարկել բոլոր նշանավոր հայերի անունները, մատնանշել, գնահատել մեր ազգային ներուժը, մարդկային, գիտատեխնիկական ու ֆինանսական պաշարամիջոցները: Դա վիճակագիրների գործն է, եւ վստահաբար կարելի է ասել, որ եթե համապատասխան վիճակագրություն պատրաստվի ու հրապարակվի, յուրաքանչյուրս կհամոզվի, որ մենք իսկապես աշխարհի ամենակարող ժողովուրդներից ենք:

Ինչ վերաբերում է մեր «իրական-առարկայական դժուարութեանց», ասեմ,  որ դրանք իրականում արդյունք են ենթակայական մոտեցումների եւ մտածելակերպի, ինչպիսիք են՝ հիվանդագին հոռետեսությունը, նվնվոցը, որը փորձեցի ցույց տալ տաքսու վարորդների օրինակով, անպատասխանատվությունը, քաղաքացիական տհասությունը, նպատակասլացության պակասը եւ այլն:

Գալով Հայաստանի զարգացման բնագավառում սփյուռքյան գործիչներին, գիտնականներին, գործարարներին եւ նշանավոր այլ անհատներին ներգրավելու հարցին, ասեմ, որ Հայաստանը՝ մանավանդ ժողովրդավարական վերջին գործընթացների հենքին, կարող է լայնորեն գործակցել արտերկրի ոչ միայն հայազգի ներդրողների, այլեւ ցանկացած ազգի ներկայացուցիչների եւ ընկերությունների հետ: Անշուշտ՝ հավասար գործընկերային մասնակցության եւ արդարության սկզբունքով միայն, ինչի մասին Սոչիում մի քանի օր առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Համոզված եմ, որ կյանքի բարելավմանը, ժողովրդի կենսամակարդակի աճին, ժողովրդավարական արժեհամակարգի հաստատմանը զուգընթաց՝ մեր հիշատակած վարորդների, եւ ոչ միայն նրանց, հոգեկերտվածը հետզհետե կփոխվի: Հային վայել արժանապատիվ պահվածքը կդառնա վարքագծի ու ապրելակերպի նորմա:

 

Այվազ Գրիգորյան
Ավստրալիայի նախկին քաղաքացի

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am